Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Դաշնակցությունը Սերժ Սարգսյանի գրպանային ընդդիմությունն է»

«Դաշնակցությունը Սերժ Սարգսյանի գրպանային ընդդիմությունն է»
19.06.2009 | 00:00

«ԱՅՍՕՐ ԲՈԼՈՐՆ ԵՆ ԽՈՍՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՍԽԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, քաղաքագետ ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑՆ օրերս տեսակետ էր հայտնել, որ եթե ընդդիմությունը բոյկոտում է իշխանության մարմիններին, ապա պարտավոր էր քաղաքացիական անհնազանդության շարժում սկսել։ Ի՞նչ նկատի ունեիք` հարցրինք:
-Խնդիրը հետևյալն է. եթե մենք խզում ենք իշխանության հետ մեր բոլոր հարաբերությունները, այդ դեպքում հասկանալի չէ այն մեծ դադարը, որի մասին հայտարարեց նախագահ Տեր-Պետրոսյանը վերջին միտինգի ընթացքում,- ասաց քաղաքագետը:- Իսկ եթե մեծ դադար ենք հայտարարում, ապա պետք է բոլորովին այլ հարաբերություններ ունենանք քաղաքական սուբյեկտների, այդ թվում և` իշխանությունների հետ: Այսինքն, ես հակասություն եմ տեսնում Կոնգրեսի մարտավարության մեջ, ինչի մասին էլ բարձրաձայնել եմ: Միևնույն ժամանակ ինքս կողմնակից եմ այն տակտիկային, որը որդեգրել է Լևոն Տեր-Պետրոսյանը վերջին միտինգի ընթացքում:
-Իսկ ինչի՞ հետ համաձայն չեք:
-Հունիսի մեկին հայտարարվածի, երբ Տեր-Պետրոսյանը խոսում էր արմատական ընդդիմություն դառնալու մասին: Ինքնին հասկանալի է, չէ՞, որ արմատական ընդդիմության վարքագիծը թայմ-աուտներ, մեծ դադարներ չի կարող ենթադրել։ Պետք էր սկսել պերմանենտ շարժում, իսկ այդպիսի հնարավորություն ես այսօր չեմ տեսնում:
-Ապահաշվա՞րկ է թույլ տրվել:
-Չգիտեմ: Հնարավոր է` որոշակի սպասումներ-հաշվարկներ իսկապես կան` աշխարհաքաղաքական իրադարձությունների, նաև ներքին զարգացումների հետ կապված: Ես հրաշալի հասկանում եմ, որ քաղաքական գործիչն իրավունք չունի զգացմունքային որոշումներ կայացնելու, և, լինելով Լևոն Տեր-Պետրոսյանի ջատագովներից, ողջունեցի երկարատև պայքարի տակտիկային առնչվող նրա վերջին ելույթը։ Սակայն, մյուս կողմից, կա հասարակություն, որին բացարձակապես չեն հետաքրքրում տակտիկական խնդիրները, և այս առումով ընդդիմության ու հասարակության միջև որոշակի խզում կա:
-Իսկ գուցե Տեր-Պետրոսյանն այդ երկու հանրահավաքների միջակայքում սպասում էր ինչ-որ աջակցությա՞ն։ Նկատի ունեմ միջազգային կառույցների, Արևմուտքի ժողովրդավարական-արդար գնահատականները` ավագանու ընտրություններին առնչվող:
-Եթե անկեղծ, ապա կարծում եմ` ընդդիմության ամենամեծ սխալն էլ հենց այն է, որ հույսը դրել է Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության բացթողումների վրա: Մենք մեր հույսը պետք է դնենք Հայաստանի քաղաքացու և ոչ թե փաստացի նախագահի հնարավոր ձախողումների վրա:
-Դուք հնարավոր համարո՞ւմ եք քաղաքացու վրա դրած հույսով ինչ-որ բանի հասնելը Հայաստանում։ Քանի՞ դար հետո կարող ենք հասնել դրան:
-Այդ դեպքում, ուրեմն, պետք չէր հասարակությանը հեղափոխական տարբեր տեսակի ձևակերպումներով կոնսոլիդացնել: Պետք էր հասարակության հետ շատ ավելի անկեղծ լինել և ասել, որ մեր պայքարը տևական է, այդ պայքարը չի ենթադրում մեկ քայլանոց կոմբինացիաներ: Գիտե՞ք, այդ առումով Տեր-Պետրոսյանի որդեգրած տակտիկան հիմնականում եղել է արդարացված, նպատակային: Խնդիրն այն է, որ Հայ ազգային կոնգրեսը, իր ձևավորման օրվանից մինչև այսօր, չկարողացավ փաստարկել իր ղեկավարի քաղաքական իդեաները, ծրագրերը, որովհետև կա Տեր-Պետրոսյան, բայց տակավին չկա այն թիմը, որը կկարողանար ռեալիզացնել շարժման արդյունքները:
-Բայց, մյուս կողմից էլ, կա Տեր-Պետրոսյան, ով իր քայլերի, արդարացված նպատակների մասին ոչ միշտ է, որ տեղյակ է պահում թիմին, և թիմը մեծ մասամբ, ասենք` միտինգներում, բոլորիս հետ մեկտեղ, լսում-իմանում է` «իր քունն է տանո՞ւմ, թե՞ սոված է»։ Ասել է` ինչ քայլեր են արվելու:
-Գիտե՞ք, Հայաստանի ամենամեծ ողբերգությունն այն է, որ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունն անձնակենտրոն համակարգ են: Իսկ անձնակենտրոն համակարգում առանձնապես հաշվի չեն նստում, այլ քեզ պարզապես տեղյակ են պահում:
-Պարոն Սուրենյա՞նց, աչքիս այսօր Դուք ամբողջապես «белая ворона» եք։ Չե՞ք վախենում «շարքերում» «դեզերտիր» համարվելուց:
-Ո՛չ, որովհետև որպես քաղաքական գործիչ ես մշտապես ասել եմ այն, ինչ մտածում եմ: 2004-ին էլ, երբ ընդդիմության սխալների մասին ընդունված չէր խոսել, ես խոսեցի, և բոլորը կարծում էին, որ կսկսեն ինձ «հալածել»։ Էդպես չեղավ: Իսկ այսօր բոլորն են խոսում ընդդիմության սխալների մասին: Լևոն Տեր-Պետրոսյանի ամենամեծ արժանիքը պետք է լինի հանդուրժողականությամբ մոտենալ այդ կարծիքներին և հարգել այլակարծությունը` հենց իր թիմի ներսում:
-Կա՞ նման բան:
-Կարծում եմ` այո։ Ես մի քանի անգամ հրապարակավ հակադրվել եմ իր տեսակետներին, և դա որևէ ձևով իմ կարգավիճակի վրա չի ազդել:
-Հուսամ` սա վերջին հակադրումը չի լինի: Ու քանի որ, պարոն Սուրենյանց, հակադրման «կալի» վրա ենք, խոսենք Տեր-Պետրոսյանի վերջին ելույթում հնչած Ռուսաստան-Արևմուտք «փոխառնչությունների» մասին: Շատ հետաքրքիր, եթե չասեմ` ուղղակի զարմանալի մտքեր հնչեցին, մասնավորապես Ռուսաստանին առնչվող. «Ռուսաստանը բացարձակապես երբեք չի խառնվել մեր երկրի ներքին գործերին։ Ռուսաստանը, ի տարբերություն Արևմուտքի, երբեք չի ասել, որ Հայաստանն արժանի է Սերժ Սարգսյանի պես նախագահի», և այդպես շարունակ։ Կիսո՞ւմ եք այդ տեսակետները:
-Բնական է, որ ժողովրդավարության առումով մեր սպասումներն ու ակնկալիքներն Արևմուտքից շատ ավելի մեծ պետք է լինեին։ Մյուս կողմից, այսօրվա իշխանությունը, ինչպես և Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը, իր հիմնական քաղաքական «սնուցումը» ստանում է Ռուսաստանից, ինչն ուղղակի անթույլատրելի է:
-Գիտե՞ք, պարոն Սուրենյանց, այնպես է ստացվել, որ մեր սերունդը դաստիարակվել է լիբերալ արժեքների վրա, որի նախակարապետը Տեր-Պետրոսյանի թիմն էր` 90-ականներին: Բայց, ահա, վերադարձավ Տեր-Պետրոսյանը, և նրա պայքարի հետևում մենք անընդհատ նկատում էինք Ռուսաստանի ականջները` տարբեր ձևաչափերով (օրինակները շատ են, չթվենք): Իսկ Ռուսաստանը, մանավանդ վերջին տարիներին, առաջնորդվում է մեկ հիմնական սկզբունքով. «Замoчить в сoртире»։
-Լևոն Տեր-Պետրոսյանն ունի տեղեկատվություն, որը մենք չունենք, այդ իսկ պատճառով երբեմն նման մարտավարություն է կիրառում: Բայց ես գիտեմ, որ մենք Ռուսաստանին ենք «պարտական» ապօրինի իշխանությունների այսքան երկարատև գոյության համար, և իշխանափոխությունն ինձ համար նշանակում է ռուսական դեստրուկտիվ ազդեցության վերացում: Ես հրապարակավ անհամաձայնություն եմ հայտնել նախագահ Տեր-Պետրոսյանի` ռուս-վրացական պատերազմին տված գնահատականին: Եվ չեմ ափսոսում, որովհետև հիմա էլ կարծում եմ, որ այդ գնահատականն ադեկվատ չէր ստեղծված իրավիճակին:
-Իսկ հնարավո՞ր է, որ Տեր-Պետրոսյանի այդքան խոր դժգոհությունը պայմանավորված էր հանգամանքով, որ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը գալիս է Հայաստան և գործող ընդդիմության հետ հանդիպելու փոխարեն «մթության քողի տակ» հանդիպում է «Ժառանգության» «շարքային անդամի» (այդպես է իր մասին արտահայտվում Րաֆֆի Հովհաննիսյանը) հետ, իսկ այդ հանդիպումից ոչ ոք տեղյակ չէ, այդ թվում և` «Ժառանգության» վերնախավը:
-Ֆիլիպ Գորդոնը, թերևս, ինքն է որոշում` ում հետ հանդիպել: Ամերիկյան քաղաքականությունը, ըստ ամենայնի, որոշակի ճշգրտման փուլ է ապրում:
-Անկեղծ ասած, Ձեզ հետ չպիտի համաձայնեմ, որովհետև ամերիկյան քաղաքականությունը, ինչպես և ռուսականը, եղել և մնում է կոնյունկտուրային` մշտապես սեփական փոքր ու մեծ շահերը հետապնդող: Տեր-Պետրոսյանը, բոլոր դեպքերում, նույն «Ժառանգությանը» և մյուս ընդդիմադրին` ՀՅԴ-ին, քաղաքական համագործակցության ռեալ պլատֆորմ առաջարկեց: Կաշխատի՞ այդ պլատֆորմը:
-Պլատֆորմ իրականացնելու է միմիայն Հայ ազգային կոնգրեսը: «Ժառանգությունն» ու դաշնակցությունը երբեք այդ պլատֆորմին չեն միանա: «Ժառանգությունն» այն պատճառով, որ ուղղակի շահագրգռված չէ արտահերթ ընտրությունների կայացմամբ, և նրա վերջին քայլերը հուշում են, որ սրընթաց պատրաստվում է նախագահական ընտրությունների` Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ: Իսկ դաշնակցությունը Սերժ Սարգսյանի գրպանային ընդդիմությունն է, և այդ գրպանում նա շատ լավ ու հարմարավետ տեղավորվել է:
-Ինչպես կասեր դասականը, ինչ-որ բան ինչ-որ տեղ սխալ է: Նկատի ունեմ հանգամանքը (ինչը բավականին ցավեցնող է), որ էս երկիրը չկարողացավ անցնող տարիների ընթացքում ճիշտ գնահատել, ինչու չէ, նաև օգտագործել առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի քաղաքական հզոր ներուժը` մղելով նրան ընդդիմադիր դաշտ:
-Առաջին նախագահի ընդդիմություն լինելու հանգամանքը բավականին նորմալ է: Աննորմալ է, որ առայսօր` անկախությունից գրեթե քսան տարի անց, արժևորված չէ առաջին նախագահի ինստիտուտը, ինչն իսկապես շատ ցավալի արձանագրում է: Ցավալի է, որ Տեր-Պետրոսյանի հսկայական պոտենցիալը, որպես պետական-քաղաքական գործչի, չի օգտագործվել այս բոլոր տարիների ընթացքում: Բայց ես կարծում եմ, որ պատմությունն արդեն իսկ արժևորել է Լևոն Տեր-Պետրոսյանին: Եվ եթե նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանն այլևս չգա իշխանության, նրան հաջողվեց անցած երկու տարիների ընթացքում անչափ մեծ ձեռքբերում արձանագրել. նա կարողացավ ձևավորել քաղաքական նոր մշակույթ, որն անպայման Հայաստանին օգտակար է լինելու հետայսու ևս: Համենայն դեպս, նա բանավիճային հարթակ ստեղծեց բազմաթիվ գործիչների, քաղաքական ուժերի, նաև իշխանությունների համար: Միայն այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է ներքին և արտաքին գրեթե բոլոր խնդիրներում նմանվել Տեր-Պետրոսյանին, ինքնին արդեն շատ բան է ասում:
Իսկ ընդհանրապես, Տեր-Պետրոսյանի ամենամեծ արժանիքն այն է, որ նրան հաջողվեց քաղաքացիական հասարակության հիմքերը դնել. ասել է` ինչը նա չհասցրեց անել իր իշխանության տարիներին, արեց որպես ընդդիմության առաջնորդ:
Զրուցեց Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 1379

Մեկնաբանություններ