Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Պայմանավորվածություն չկա, բայց գները բարձրանում են

Պայմանավորվածություն չկա, բայց գները բարձրանում են
05.06.2009 | 00:00

ԴԵՂԵՐԻ ՇՈՒԿԱ
ՀՀ տնտեսական մրցակցության հանձնաժողովը սկսել է իր ուսումնասիրությունները դեղերի շուկայում, ինչը շատ օրինաչափ է, քանի որ 3-4 ամիս է, ինչ դեղերի գները կտրուկ աճում են։ Մեր ուսումնասիրությունների համաձայն` բարձրացել են հատկապես սրտանոթային, երիկամային հիվանդությունների համար ցուցված և այլ դեղամիջոցների գները` միջին հաշվով 25-30 տոկոսով։ Այս գործընթացն առկա է նաև Ռուսաստանում, և տեղի իշխանությունները փորձում են խնդիրը կարգավորել, քանի որ, բացի ֆինանսատնտեսական ճգնաժամից, շուկայում նկատվում է նաև գործարարների միջև գների բարձրացմանը միտված պայմանավորվածություն։ Իսկ ինչո՞վ է պայմանավորված մեզ մոտ գների բարձրացումը։ Հարցին պատասխանում են դեղորայք ներկրող ու մատակարարող մի քանի ընկերությունների ղեկավարներ։
«Որպես մասնագետ չեմ կարող համաձայնել Ձեզ հետ, որ դեղերի գնագոյացումը շուկայում ներմուծողների պայմանավորվածության արդյունք է»,- ասաց «Ֆարմէքս» ընկերության ղեկավար ԱՐՏԱՇԵՍ ԲԼՈՒՐՏՅԱՆԸ։ Գուցե Ռուսաստանում դա հնարավոր է, բայց մեզ մոտ` ոչ։ Գների պայմանավորվածության մասին մտածողները, կարծում եմ, խիստ կսխալվեն կամ էլ մտածված չպետք է նկատեն դրամ-դոլար փոխարժեքի 20-21 տոկոս բարձրացումը, ինչը տեղի ունեցավ մարտ ամսին։ Բնականաբար, փոխարժեքի բարձրացման հետևանքով դեղ մատակարարող ընկերությունները բարձրացրին իրենց գները, ինչի արդյունքում մանրածախ շուկայում ևս գնի բարձրացում տեղի ունեցավ։ Եթե համեմատենք մարտ-հունիս ամսվա գները, ապա պետք է արձանագրենք, որ շուրջ 4 տոկոսով դրանք նվազել են։
Պատասխանելով մեր այն հարցին, թե ինչո՞ւ ՌԴ-ում հնարավոր է, որ մանրածախ և մեծածախ շուկայում գործարարները գնի բարձրացման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերեն, իսկ Հայաստանում` ոչ, Արտաշես Բլուրտյանն ասաց. «Այն պարզ պատճառով, որ մեզ մոտ մրցակցությունն ավելի առողջ է»։
«Անիս» ընկերության տնօրենի տեղակալ ՄԵՐԻ ՂԱՐԱԲԱԼԹՅԱՆՆ էլ հետևյալ պարզաբանումը ներկայացրեց։ «Մեր ընկերությունը չի զբաղվում դեղերի ներմուծմամբ։ Ընդհանուր առմամբ, դեղերի գների բարձրացումը պայմանավորված է նրանով, որ դեղ ներմուծող ընկերությունները շուրջ 20 տոկոսով բարձրացրել են դեղերի գները։ Դրանք չափից ավելի բարձրացան մարտ ամսին, այժմ նվազման տենդենց է նկատվում։ Ընդհանուր առմամբ շուկայում դեղերի գների քաղաքականությունը թելադրում են խոշոր ներմուծող ընկերությունները։ Համոզված եմ, որ վերջիններիս կողմից գների բարձրացումը կապ ունի փոխարժեքի կտրուկ բարձրացման հետ»։
Նույն հարցերով մենք դիմեցինք տարբեր դեղատների։ Իհարկե, կարելի է նրանց բոլորի խոսքը մեկ առ մեկ ներկայացնել, սակայն դժվար թե դա առանձնակի հետաքրքրություն ներկայացնի, քանի որ վերջիններս նույնությամբ վերը նշված կարծիքն էին արտահայտում։ Հետաքրքրական է, որ դեղատները միահամուռ ժխտում էին, որ գները շուկայում բարձրանում են պայմանավորվածության արդյունքում։ Աբսուրդն այն է, որ նույն այս գործոնն ընդունելի են համարում այլ երկրներում, այդ թվում` Ռուսաստանում։ Այլ կերպ ասած, ստացվում է, որ Հայաստանի դեղորայքային շուկան աշխարհում ամենամրցունակ, ամենաառողջ և ամենապարկեշտ գործարարներն ունի, իսկ թե որքանով են նրանք անկեղծ տվյալ պարագայում, կարծում ենք, առաջիկայում շատ ավելի պարզ կլինի, երբ տնտեսական մրցակցության հանձնաժողովն ամփոփի ուսումնասիրության արդյունքները։ Իսկ մինչ այդ մի քանի ներմուծող խոշոր ընկերություններից փորձեցինք ճշտել, թե ինչով է պայմանավորված իրենց կողմից գների բարձրացումը։
«Գիտեք, որ մարտի 3-ից դրամն արժեզրկվեց,- ասաց «Ալֆա ֆարմ» ընկերության տնօրեն ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ։ Մենք դեղեր ներկրում ենք մի շարք երկրներից և, բնականաբար, փոխարժեքի կտրուկ բարձրացումը չէր կարող չազդել ներմուծման վրա։ Համենայն դեպս, մենք փորձեցինք ճկուն քաղաքականություն իրականացնել և ինչ հնարավոր էր` արեցինք, որպեսզի որոշ դեղերի գներ չբարձրացվեն։ Եթե դրամ-դոլար փոխարժեքի թռիչքից հետո մենք գները չբարձրացնեինք, ապա չէինք կարող ապահովել ներմուծման գործընթացի շարունակականությունը։ Միանշանակ բացառում եմ մեր և այլ ընկերությունների միջև գների բարձրացման պայմանավորվածության շուրջ խոսակցությունները։ Եվ եթե լուրջ ուսումնասիրություն իրականացվի, ապա կտեսնեք, որ մենք գները փոխարժեքի համեմատ շատ ավելի քիչ ենք բարձրացրել։ Ընդհանուր առմամբ, շուկայում մրցակցությունը մեծ է, և եթե գների հարցում պայմանավորվածություն լինի, ապա այն երկար չի կարող տևել»։
«Էսկուլապ» ընկերության տնօրեն ՀՐԱՉ ՄԻՆԱՍՅԱՆՆ էլ այսպիսի դիտարկում արեց. «Ներկրվող և վաճառվող դեղերի գներն ուղղակի կապ ունեն փոխարժեքի հետ։ Երբ մարտ ամսին 22 տոկոսով բարձրացավ փոխարժեքը, բնականաբար, ներմուծվող դեղերի գինը ևս բարձրացավ։ Մենք այդ ընթացքում դեղերի գինը բարձրացրել ենք միջինը 15-16 տոկոսով»։
Մեզ հետ զրույցներում դեղատները և դեղորայք ներկրող ընկերությունները չխոսեցին գնի վրադիրի մասին` համարելով այն կոմերցիոն գաղտնիք։ Սակայն դեղատներին մոտ կանգնած աղբյուրների համաձայն` մեծածախ շուկայից ձեռք բերված դեղի գնի վրադիրը մանրածախ շուկայում կազմում է 8-10 տոկոս։ Եթե նկատենք, որ հաճախ դեղատները (իրենց մասնաճյուղերով) պատկանում են ներկրող ընկերություններին, ապա դժվար չէ պատկերացնել, որ 8-10 տոկոս գնի վրադիրը փոքր թիվ չէ տվյալ ընկերության եկամտաբերությունն ապահովելու առումով։ Ընդգծենք, որ Հայաստանում դեղորայք ներկրող խոշոր ընկերությունների թիվը տատանվում է 7-8-ի շրջանակներում։ Բնականաբար, ՀՀ պետեկամուտների կոմիտեից փորձեցինք ճշտել, թե վերջիններիս կողմից վճարված հարկերի և ներմուծվող դեղամիջոցների ծավալների քանակը որքան է կազմում` անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Սակայն դեռևս ոչ մի պատասխան չենք ստացել։ Հուսով ենք, որ, այնուհանդերձ, նշված հարցն իր պատասխանը կունենա, քանի որ այն չի հակասում օրենսդրությանը և չի համարվում կոմերցիոն գաղտնիք։
Բոլոր դեպքերում նկատելի է, որ շուկայում գործող ընկերությունները միահամուռ նույն տեսակետն էին արտահայտում դեղամիջոցների գների բարձրացման առնչությամբ։ Եվ եթե վերջիններս նշում էին, որ Ռուսաստանում հնարավոր է ընկերությունների միջև պայմանավորվածություն ձեռք բերել, ապա նկատենք, որ նույն ՌԴ-ում պետության համար շատ ավելի հեշտ կլինի կարգավորել շուկայում առաջացած այդ խնդիրը, ինչը չի կարելի ասել Հայաստանի պարագայում։ Այն պարզ տրամաբանությամբ, որ դեղամիջոցների գների կարգավորումը դրված չէ ո՛չ ՀՀ առողջապահության նախարարության և ո՛չ էլ մեկ այլ կառույցի վրա։ Այլ կերպ ասած, պետությունն առանձնակի լծակներ չունի խնդրի կարգավորման համար։ Շատերը կարող են սա ճիշտ համարել ազատ շուկայական հարաբերությունների պարագայում։ Չենք ժխտում, սակայն միանշանակ է, որ այս շուկան առաջին հերթին կապված է սոցիալական բնույթի հարցերի հետ, և մեր բնակչության գերակշիռ հատվածին հասու չեն այն գները, որոնք ձևավորված են շուկայում։ Այս դեպքում, գուցե, տեղին կլինի պետական միջամտությունը, հատկապես երբ դեղորայքի գները բարձրանում են ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2385

Մեկնաբանություններ