Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Չերչիլն էլ է ճամբար փոխել, բայց դրա համար բանտ չի նստել»

«Չերչիլն էլ է ճամբար փոխել, բայց դրա համար բանտ չի նստել»
03.07.2009 | 00:00

«ՍԱ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՉԷ, ԱՅԼ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏՎԵԼՈՒ ՔԱՅԼ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ»
Հայ ազգային կոնգրեսի գործունեության, վերջին շրջանում իշխանություն-ընդդիմություն հարաբերություններում զարգացումների վերաբերյալ իր տեսակետն է հայտնում ՀԱԿ-ի համակարգող ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ
-Պարոն Զուրաբյան, քաղաքային ավագանու ընտրությունների վերաբերյալ ՀԱԿ-ի գնահատականը հայտնի է։ Այնուհանդերձ, 2008-ի նախագահական ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանը Երևանում ստացավ 152 հազար ձայն, այս անգամ ՀԱԿ-ի օգտին քվեարկեց 70 հազար ընտրող։ Սա այն դեպքում, երբ, Ձեր պնդմամբ, երկու ընտրություններն էլ կեղծվել էին։ Սակայն թվերի տարբերությունն ընտրազանգվածի հուսախաբության դրսևորում չէ՞։
-Բացարձակապես։ Ընդհանրապես, ես այդ թվերը վերլուծելն անիմաստ եմ համարում, որովհետև դրանք կեղծված թվեր են։ Գրել են այն, ինչ ուզեցել են։ Ընդ որում, սա միայն մեր կարծիքը չէ, որ վերջին ընտրությունները համատարած կեղծիքներով են անցել։ Այդ իրողությունն արձանագրված էր ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի պատվիրակության հայտարարության մեջ, նշված էր, որ եղել են համատարած կեղծիքներ ոչ միայն ընտրակաշառքների, այլև լցոնման, ձայները սխալ հաշվելու, տեղամասերում ընդդիմության վստահված անձանց ահաբեկելու միջոցով։ Տեղամասերում մշտապես գտնվելու իրավունք չունեցող մարդիկ են անընդհատ ներկա եղել, և այդ փաստերն էլ հաստատված են։ Այսպիսով, 2008-ի մարտի 1-ից Հայաստանում ձևավորված է ամբողջատիրական, անհատական ահաբեկման համակարգ, որը, օգտագործելով պետական լծակներն ու ռեսուրսները, իդենտիֆիկացիայի է ենթարկում մարդկանց բոլոր խոցելի կողմերը և օգտագործում իրեն անհրաժեշտ արդյունքին հասնելու համար։ Մարտի 1-ից սկսած` մեր բոլոր հանրահավաքները նկարահանվել են, որպեսզի հետո մասնակիցներին հայտնաբերեն, ճշտեն նրանց խոցելի կողմերը և համապատասխան ճնշում գործադրեն։
-Բայց, այնուհանդերձ, ձայների կրկնակի տարբերությունը երկու ընտրությունների միջև դժվար է միայն իշխանության գործողություններով բացատրել։ Եթե ձեր համախոհների վրա ճնշում է գործադրվում, ընդդիմությունը պետք է կարողանա նրանց համախմբել և պաշտպանել։
-Պարզաբանեմ, որ մենք ինստիտուցիոնալ կապի մեջ չենք մեր ամբողջ ընտրազանգվածի հետ, որովհետև նրանք հարյուր հազարավորներ են։ Կա շարժման բազմահազարանոց ակտիվ, որի հետ ինստիտուցիոնալ կապն առկա է։ Նրանց նկատմամբ ճնշում գործադրվելու դեպքում մենք, շնորհիվ իրավական ակցիաների, մամուլի հետ կատարվող աշխատանքի, միջազգային կառույցների և դեսպանատների հետ մեր մշտական շփումների, կարողանում ենք այդ ակտիվին ինչ-որ չափով պաշտպանել։ Բայց այդ համակարգը չի բավարարում մեր բոլոր համախոհներին պաշտպանելու համար։ Մանավանդ որ մեր հասարակության մեջ իրավագիտակցության պակասի խնդիր կա, քչերն են իրենց իրավունքը պաշտպանելու համար մինչև վերջ պայքարում։
Ահա այս խնդիրներն օգտագործելով և կիրառելով ահաբեկչական ամբողջական համակարգը` իշխանությունն ընտրություններում հասավ նրան, որ մեր կողմնակիցներին զրկեց ակտիվությունից։ Բազմաթիվ են դեպքերը, երբ քվեարկության օրը ընտրական տեղամասերի մոտ հավաքված քրեական տարրերը մարդկանց ահաբեկել են, չթողնելով քվեարկել և միաժամանակ ընտրատեղամաս են բերել քաղաքացիների այն խմբերին, որոնց քվեարկությունը ընտրակաշառքի արդյունքում կանխորոշված էր։
-Սակայն ՀԱԿ-ն էլ ընտրություններից առաջ իր համախոհներին կոչ արեց հավաքվել ընտրատեղամասերի մոտ և անհրաժեշտ ճնշում ապահովել ձեր դիրքերը պահպանելու համար։ Այդ կոչը, փաստորեն, արձագանք չունեցա՞վ։
-Ոչ ոք միամիտ չպիտի լինի, կարծելով, որ եթե իշխանությունը ողջ պետական համակարգն օգտագործում է ընտրակեղծիքների համար, դրա դեմը հեշտ է առնել։ Մենք արել ենք այն, ինչ հնարավոր է։ Նաև հստակ «մեսիջ» ենք հղել իշխանությանը, որ ընտրությունների արդարությունն ապահովելն ամենից առաջ իրենց շահերից է բխում։ Եթե իշխանության մեջ մի քիչ քաղաքական մտածելակերպ ու կամք լիներ, դա կհասկանային։ Բայց հաղթանակեց «պախանական», պրիմիտիվ գողական հոգեբանությունը, իշխանությունը դիմեց համատարած կեղծիքների, որը վնասեց պետությանը, հասարակությանը, վերջին հաշվով` նաև իրենց։
-Կարծում եք` միջազգային ատյաններից ինչ-որ հետևանք կլինի՞ այս առումով։
-Խնդիրն այլ հարթության վրա պետք է դիտարկել։ Այսօրվա իշխանությունն ի սկզբանե պրոբլեմ ունի, որովհետև ինքնահաստատվել է մարտի 1-ով։ Մայիսի 31-ի ընտրությունները հոյակապ շանս էին Սերժ Սարգսյանի վարչակազմի համար` մարտի 1-ից մաքրվելու առումով։ Այսինքն, այդ իրադարձությունները վերագրելու նախորդ ռեժիմին` Ռոբերտ Քոչարյանին և ցույց տալու, որ իրենք ի վիճակի են ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ կազմակերպելու։ Եթե ցանկանային, կօգտվեին այս հնարավորությունից։ Չցանկացան, պատճառների մեջ ես խորամուխ լինելու նպատակ չունեմ, որովհետև ցանկացած դեպքում տուժելու է նույն ռեժիմը` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։
-ՀԱԿ-ը հայտարարեց, որ չի մասնակցելու ավագանու աշխատանքներին։ Բայց, այնուհանդերձ, կոնգրեսի ներսում տարակարծություններ կան, մասնավորապես Դավիթ Հակոբյանն այլ դիրքորոշում ունի։
-Այո՛, բայց նա մեկն է 165-ի մեջ։ Կարծում եմ, դա տարակարծություն համարելն ուղղակի լուրջ չէ։
-Ամեն դեպքում նա իր հայեցողությամբ մասնակցելո՞ւ է ավագանու աշխատանքներին։
-Աստված իր հետ։ Մենք այդտեղ քննարկման խնդիր նույնիսկ չենք տեսնում, որովհետև քննարկելու բան չկա։
-Ընտրություններին գրեթե անմիջապես հաջորդեց համաներումը։ Ձեր կարծիքով` սա իշխանությունների ներողամտության ցուցաբերո՞ւմ էր, ՀԱԿ-ի ճնշմա՞ն հետևանքն էր, թե՞ հասունացած պահանջ, որովհետև կալանավորների քանակը մեկուսարաններում սկսել էր գերազանցել թույլատրված մակարդակը, և համաներումն ուղղակի անհրաժեշտություն էր։
-Սկսենք նրանից, որ սա համաներում չէ, այլ քաղբանտարկյալների գոյությունից ազատվելու քայլ իշխանության կողմից։ Կասկած չունեմ, որ իշխանությունը կցանկանար հնարավորինս երկար պահել նրանց բանտում։ Եթե ընդդիմադիր շարժումը մարտի 1-ից հետո ջախջախվեր, հորինված շինծու գործերը հաջողվեր արմատավորել հասարակական գիտակցության մեջ, այդպես էլ կլիներ, և քաղբանտարկյալները բանտից դուրս չէին գա։ Բայց շարժումը դիմացավ շնորհիվ ժողովրդի անկոտրում կամքի, վերականգնվեց, վերսկսեց ակտիվ միջոցառումները, շատ գրագետ պայքար տարավ իրավական և դիվանագիտական ճակատում։ Փաստահավաք խմբի աշխատանքը բացարձակապես ի չիք դարձրեց իշխանության այն վարկածը, որի համաձայն ցուցարարներն իբր զենք են կիրառել, և իբր այդ հանգամանքն արդարացնում է ոստիկանության «պատասխան» գործողությունները։ Իշխանությունը փաստերի, ընդդիմադիր շարժման, Եվրախորհրդի ճնշման տակ, փաստորեն, վերանայեց մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ կառուցված պաշտոնական վարկածը։ Հանվեց հեղաշրջման մեղադրանքը, որից հետո այլևս բան չէր մնում, քան համաներումը։ Իսկ տասը մարդու մահվան հարցը մնաց իբրև իշխանությունների պատասխանատվության հարց, որովհետև ոչ մեկին այդ կապակցությամբ մեղադրանք առաջադրել չկարողացան։
Այլ կերպ ասած, իշխանությունը հարկադրված էր զիջել, բայց այդ նահանջին տրվեց կազմակերպված ձև։ Սկզբում փոխեցին քրեական օրենսգրքի 300 հոդվածը, այնուհետև 225-ը, մեղմացրին մեղադրանքները։ Այնուհետև շինծու դատավարություններ սկսեցին ու միանգամից համաներում կիրառեցին։
-Այսինքն` Դուք դա իշխանության բարի կամքի դրսևորում չեք համարում։
-Ո՛չ, որովհետև, իմ կարծիքով, իշխանությունը ձգտում էր գործը հասցնել շարժումը մարելուն։ Այսինքն, եթե չկարողանային առաջադրված մեղադրանքներով քաղկալանավորներին դատապարտել, ապա պետք է աշխատեին բաց թողնել այն ժամանակ, երբ նրանք իրենցից վտանգ չներկայացնեին։ Դա էլ չհաջողվեց, որովհետև ոչ մեկին չկարողացան կոտրել, իսկ շարժումը նախկինի պես հզոր է, մարդիկ նույնքան վճռական են պայքարելու այս համակարգը փոխելու համար։
-Այ, Դուք ասում եք, որ մարտի 1-ի գործընթացների արդյունքում մեկուսարաններում հայտնված ձեր կողմնակիցները քաղկալանավորներ են։ Որքանո՞վ է դա կիրառելի նրանց նկատմամբ, ովքեր մարտի դեպքերից ոչ շատ առաջ գործող իշխանության մեջ էին, Սերժ Սարգսյանի թիմում։ Ազգանունները բոլորին էլ հայտնի են։
-Դա միայն ամրապնդում է այն հանգամանքը, որ նրանք դատապարտվել են քաղաքական շարժառիթներով։ Եթե մարդը մի քաղաքական ճամբարում է, իսկ հետո դրսևորում է այլ դիրքորոշում, նորմալ երկրում դրա համար չեն պատժում։ Չերչիլն էլ է ճամբար փոխել, բայց դրա համար բանտ չի նստել։
-Ընդունեք, որ Չերչիլի և Ձեր համախոհների միջև համեմատությունը սկզբունքորեն տեղին չէ, որովհետև նրանցից ոչ մեկը Չերչիլ չէ։
-Ես երևույթը նկատի ունեմ։ ԱՄՆ-ում բոլորովին էլ արտառոց բան չէ, երբ մարդիկ հանրապետական կուսակցությունից անցնում են դեմոկրատների ճամբարը կամ հակառակը։ Ոչ մեկին դրա համար բանտ չեն նստեցնում, որովհետև ժողովրդավարության պայմաններում դա սովորական երևույթ է։ «Պախանական» մտածելակերպով է, որ ճամբար փոխած մարդն անպայման ռեպրեսիաների պետք է ենթարկվի և հնարավորության դեպքում դատապարտվի։
-Կարծում եք Ձեր համախոհների ազատ արձակումը կնպաստի՞ ընդդիմադիր գործընթացների խթանմանը։
-Դա արդեն իսկ ակնհայտ է։ Ես դա ասում եմ` նկատի ունենալով ոչ միայն շարժման ակտիվի ոգևորությունը, այլև ժողովրդի։ Բոլորն էլ հասկանում են, որ սա շոշափելի առաջին հաղթանակն է, որ ՀԱԿ-ը տարավ իշխանության նկատմամբ անցած մեկ տարվա ընթացքում։
-Ըստ Ձեզ, ընդդիմության որքա՞ն ներկայացուցիչներ են դեռևս կալանքի տակ։
-18-ը դեռևս կալանքի տակ են, բայց, բնականաբար, մենք ակնկալում ենք նրանց ազատ արձակումը։
-Եթե համաներմամբ կամ այլ միջոցով նրանք ազատվեն, դա կարո՞ղ է հիմք դառնալ ՀԱԿ-ի և իշխանության միջև երկխոսություն սկսելու համար։
-Մարտի 1-ից սկսած մենք պատրաստ ենք եղել նման սցենարի, որ եթե բոլոր ձերբակալվածներն ազատ արձակվեն, չեղյալ հայտարարվի որոշ գործիչների նկատմամբ հետախուզումը կամ հետապնդումը, կարելի է երկխոսություն սկսել։ Իշխանությունը մեկ տարուց ավելի այդ «մեսիջներն» անտեսել է։ Ավելին, մեր առաջարկներն ընկալվել են որպես թուլության նշան, և ավելի է սաստկացել ճնշումը։ Համաներման որոշումը պարտադրված էր ընդդիմության կողմից, սա փոխադարձ քայլերի արդյունք չէ։ Վերջին ընտրությունների կեղծումը ցույց է տալիս, որ իշխանություններն ընդդիմության հետ հարաբերություններում կամուրջներ կապելու ցանկություն չունեն։ Եթե դա կա, ապա իրենք էլ պետք է նախաձեռնեն։ Երբ բոլոր քաղկալանավորներն ազատ արձակվեն, մենք դա կհամարենք իշխանության կողմից երկխոսության մեջ մտնելու անկեղծ ցանկություն և այդ ժամանակ էլ կորոշենք մեր անելիքը։
-Ընդդիմադիր դաշտում ՀԱԿ-ը միայնակ չէ։ Կան «Ժառանգությունը», ՆԺԿ-ն, վերջապես` ՀՅԴ-ն։ Ձեր կարծիքով` համագործակցության նախադրյալներ կա՞ն, կամ` պատրաստվո՞ւմ եք դրանք ստեղծել։
-Ոչ միայն փորձելու ենք, այլև աշխատում ենք այդ ուղղությամբ։ Շարժման առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից 12-կետանոց պլատֆորմի հրապարակումը հենց ցույց է տալիս, որ հնարավոր է համագործակցություն ընդդիմադիր ուժերի միջև։ Մենք, իհարկե, արագ արձագանք չենք սպասում, հասկանալով, որ քաղաքական ուժերին ժամանակ է պետք կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու համար։ Եթե անգամ ոչ ոք չմիանա ՀԱԿ-ին, ապա մենք մեր ներուժը բավարար ենք համարում հայտարարված նպատակներն իրագործելու համար։ Թեպետ, իհարկե, չենք հրաժարվի քաղաքական այլ ուժերի աջակցությունից, եթե նրանք որոշում կայացնեն միանալու մեր պայքարին։
-Իշխանության դաշտում նկատո՞ւմ եք խմորումներ, որոնք առիթ կամ հնարավորություն կտային իշխանության առանձին հատվածների, խմբերի հետ շփման մեջ մտնելու և դիրքորոշումներ ճշտելու։ Դա կարո՞ղ է դառնալ երկխոսության առաջին օղակը։
-Իմ խորին համոզմամբ, այս ռեժիմի ամրությունն ահաբեկման մեջ է։ Այսինքն, սա այնպիսի իշխանություն չէ, որի մեջ կան առանձին հատվածներ, որոնք կարող են կամ ի վիճակի են այլ կերպ նայելու խնդիրներին և ընդդիմության հետ շփման մեջ մտնելու։ Կարծում եմ, հրապարկային երկխոսության կգնա կա՛մ ամբողջ իշխանությունը, կա՛մ ոչ մեկը։ Նրանք միավորված են կերակրատաշտից զրկվելու վախի շուրջ, ինքնուրույն ուժեր չկան, որ կարողանան այդպիսի քայլի դիմել։
-Իսկ եթե Սերժ Սարգսյանը որևէ մեկին խրախուսի՞։
-Դա արդեն կնշանակի իր ներկայացուցչի նշանակում բանակցություններում։
-Դժվար է հավատալ, որ իշխանության կողմից երկխոսության գոնե թույլ ակնարկ չի եղել։
-Ռեժիմն ամեն կերպ փորձել է կոնգրեսի տարբեր ուժերի հետ ինչ-որ շփումներ հաստատել։ Բայց դրանք ուղղված են եղել ոչ թե երկխոսության հաստատմանը, այլ ՀԱԿ-ը պառակտելու նպատակ են ունեցել, ինչը չի հաջողվել առայսօր։ Աննախադեպ բան է, որ մեկ տարի չորս ամիս ամբողջ պետական համակարգը, ազգային անվտանգության մարմիններն աշխատեն ընդդիմադիր շարժումը պառակտելու ուղղությամբ ու ոչ մի էական հաջողության չհասնեն։ Սա նախադեպ չունի ամբողջ ԱՊՀ տարածքում։ Թեպետ երկրի համար դժբախտություն է, եթե ազգային անվտանգությունը պաշտպանելուն կոչված կառույցը, միջազգային մարտահրավերները թողած, զբաղված է ընդդիմության դեմ պայքարով։ Եվ չնայած այս ամբողջ ռեսուրսի գործադրմանը, ՀԱԿ-ը կարողացավ իր միասնությունը պահպանել։
Մենք, իհարկե, չենք բացառում անկեղծ երկխոսությունը։ Բայց այդպիսի առաջարկ չի եղել, և մենք իշխանության կողմից այդպիսի քայլ կհամարեինք բոլոր քաղկալանավորների ազատ արձակումն ու հետապնդման դադարեցումը նրանց նկատմամբ, ովքեր հետախուզման մեջ են։ Միայն դա կարող է լինել անկեղծ երկխոսության ուղերձ։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1655

Մեկնաբանություններ