Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՄԵԾ ՏՈՆ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՄԵԾ ՏՈՆ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ
25.11.2011 | 00:00

Երեքշաբթի ու չորեքշաբթի կայացան ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոնների լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրի հանդիպումները, և հարցերի իննսուն տոկոսն ստացավ իր ակնկալած պատասխանը:
«ՌԵԱԼԸ» ԶՎԱՐՃԱՆՈՒՄ Է, «ՎԱԼԵՆՍԻԱՆ»` ԴԱՄ ՊԱՀՈՒՄ
Եվրոպական գրանդ ակումբներից մրցումային ոչ մի նշանակություն չունեին Մադրիդի «Ռեալի» ու Մյունխենի «Բավարիայի» հանդիպումները մրցակիցների` Զագրեբի «Դինամոյի» ու իսպանական «Վիլյառեալի» հետ, քանի որ երկու թիմերն էլ (ինչպես և միմյանց հետ մրցող «Բարսելոնն» ու «Միլանը») վաղօրոք լուծել էին մեկ ութերորդ եզրափակիչ դուրս գալու խնդիրը: Այդուհանդերձ, նրանք անկարող եղան չպահպանելու համազգեստի պատիվը. «Ռեալը» հաղթեց 6:2, «Բավարիան»` 3:1 հաշվով: D խմբում հավաքած ութ և «Ռեալին» յոթ միավորով զիջող Ամստերդամի «Այաքսը», արտագնա խաղում Լիոնի «Օլիմպիկի» հետ մրցավեճն ավարտելով գոլազուրկ ոչ-ոքիով, շարունակում է զբաղեցնել երկրորդ հորիզոնականը: A խմբում ութ միավորով («Բավարիային» զիջում է հինգ միավոր) երկրորդը իտալական «Նապոլին» է, որը սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության հասավ անգլիական «Մանչեստր Սիթիի» նկատմամբ:
Ինչպես Մադրիդի «Ռեալի» և Մյունխենի «Բավարիայի» պարագայում է, B խմբի անվիճելի առաջատարի խնդիրը լուծել է նաև Միլանի «Ինտերը», որը 1:1 հաշվով ավարտեց թուրքական «Տրաբզոնսպորի» հետ հանդիպումը մրցակցի հարկի տակ: «Ինտերն» ունի 10, երկրորդ տեղում գտնվող «Տրաբզոնսպորը»` 6 միավոր: Այս խմբում ֆրանսիական «Լիլը» արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին:
Սկզբունքային մրցավեճ ծավալվեց C խմբում հանդես եկող «Մանչեստր Յունայթեդ»-«Բենֆիկա» խաղում: Գրանցվեց գոլառատ` 2:2 հաշիվը, ինչը շվեյցարական «Բազելին» (նա ռումինական «Օցելուլի» դաշտում մրցակցի նկատմամբ առավելության հասավ 3:2 հաշվով) հնարավորություն տվեց պայքարը շարունակելու հաջորդ փուլ դուրս գալու համար:
E խմբում գերմանական «Բայերը», 2:1 հաշվով առավելության հասնելով անգլիական «Չելսիի» նկատմամբ, 9 միավորով տեղափոխվեց աղյուսակի առաջին հորիզոնական: Հակառակորդի հանդեպ առանձնակի դաժան եղավ իսպանական «Վալենսիան»` 7 անպատասխան գնդակ ուղարկելով բելգիական «Գենկի» դարպասը, ու հավաքած ութ միավորով հավասարվեց անգլիական ակումբին:
F խմբում անգլիական «Արսենալը», 2:1 հաշվով հաղթանակ տոնելով Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ, հնարավորություն ստացավ խմբից առաջին տեղով անցնելու փլեյ օֆ: Այստեղ անակնկալ գրանցվեց «Օլիմպիկ»-«Օլիմպիակոս» հանդիպումում: Հունական թիմը կարողացավ Մարսելում խաղը շահել 1:0 հաշվով ու տեղափոխվել երրորդ հորիզոնական` ստանալով ոչ միայն Եվրալիգայի խաղերին մասնակցելու լավ հնարավորություն:
ՈՒնենալով տարածքային ու խաղային բացահայտ առավելություն` G խմբում հանդես եկող Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» չկարողացավ առավելության հասնել կիպրական «ԱՊՕԵԼ»-ի նկատմամբ (0:0) և էապես բարդացրեց մեկ ութերորդ եզրափակիչ դուրս գալու իր հնարավորությունները, քանի որ պորտուգալական «Պորտուն» Դոնեցկում 2:0 հաշվով պարզապես պատվազուրկ արեց տեղի «Շախտյորին»` վերջինիս զրկելով անգամ Եվրոպայի լիգայում հանդես գալու աղոտ հեռանկարից:

«ԲԱՐՍԵԼՈՆԸ» ՀԻԱՑՆՈՒՄ Է, ԻԲՐԱՀԻՄՈՎԻՉԸ` ՀԱՍԿԱՆՈՒՄ
Իտալական «Սան Սիրո» մարզադաշտ «Բարսելոնը» դուրս էր եկել ոչ միայն սեփական հարկի տակ «Միլանի» հետ խաղացած ոչ-ոքիի համար «վրեժխնդիր» լինելու, այլև իր նախկին ֆուտբոլիստ Իբրահիմովիչին փոքրիկ դաս տալու նպատակով, որքան էլ «Բարսայի» նման բարձրակարգ թիմերն արտաքուստ ցույց չեն տալիս իրենց փոքրիկ վիրավորվածությունները:
Ինչում էր մեղանչել Իբրահիմովի՞չը:
Պարզապես գիրք էր գրել իր անցած մարզական ուղու մասին և մեծ ու փոքրիկ կսմիթներ արել «մեծ բռնակալ» Պեպ Գվարդիոլայի հասցեին` հընթացս փոքր-ինչ թանաքոտելով նաև Մեսիին, Չավիին, Ինիեստային, ովքեր մարզչի մոտ իրենց «պահում են որպես դպրոցական աշակերտներ»: Ասել, թե «Բարսելոնն» առանձնապես կենտրոնացել էր վիրավորվածության վրա ու հենց դրա համար խաղաց թե՛ գեղեցիկ, թե՛ ուժեղ, սխալ կլինի, որովհետև այս թիմը միշտ է գեղեցիկ և ուժեղ խաղում:
«Աշակերտներից» «Սան Սիրոյում» ներկա չէր միայն Ինիեստան, և նրա հաշվին, բնականաբար, գոլ չգրանցվեց, ու «ներկա» ստացան ընդամենը երկուսը` Մեսին ու Չավին: Ճիշտ է, խփած մեկ գոլով ներկա ստացավ և ինքը` Իբրահիմովիչը, սակայն նրա էներգիան լիարժեք բավարարեց միայն մեկ խաղակեսի, իսկ «Բարսելոնում» բոլոր ֆուտբոլիստները, այդ թվում և` «աշակերտները», գիտեն, որ խաղը շարունակվում է ամբողջ իննսուն րոպե:
Այնպես որ, նեղանալը հզորների զենքը չէ, ինչպես տրաք-տրաքոցով, հարայ-հրոցով խաղ շահել չի լինում: Այս վերջինը այլ «օպերայից» է և վերաբերում է մասնավորապես «Զենիթ»-«ԱՊՕԵԼ» հանդիպմանը, որտեղ ռուս ֆուտբոլասերները դրսևորեցին ոչ քաղաքակիրթ պահվածք` կիպրոսցիներին փորձելով «վերցնել» ճայթուկներով, ծխարձակումներով, սպառազինության այլ ձևերով: Սեփական թիմի հանդեպ «սիրո» այս յուրօրինակ դրսևորումը հանգեցրեց խաղի հարկադիր երկու դադարի, որը երրորդ անգամ կրկնվելու դեպքում թիմին կարժենար պարտություն: Բնականաբար, ՖԻՖԱ-ն իր համարժեք պատասխանով չի ուշանա, որովհետև ֆուտբոլը բարձրակարգ ակումբների կատարմամբ արվեստ է, մեկ աստիճան ցածր կանգնածների համար` մրցախաղ, իսկ գլադիատորական կրքերն անցյալի էջերում փոշու թանձր շերտի տակ թաղված բաներ են` քաղաքակիրթ աշխարհի համար վաղուց ի վեր խորթ: Այդ աշխարհն արդեն այնքան է առաջ գնացել, որ կարողանում է ծափահարել օտար ուժեղին ու ներողամիտ լինել սեփական պակաս ուժեղի նկատմամբ: Չպետք է մոռանալ, որ այսպես վարվելն էլ առավելություն է:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1429

Մեկնաբանություններ