Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԱՆԱՌԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ

ԱՆԱՌԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ
18.03.2011 | 00:00

(«Որդյա՛կ, մեռած էիր և կենդանացար, կորած էիր և գտնվեցիր»)
«Եվ այս բանի համար իսկ ամեն ջանք գործադրելով՝ ձեր հավատով առաքինություն ձեռք բերեք, առաքինությամբ՝ գիտություն, գիտությամբ՝ ժուժկալություն, ժուժկալությամբ՝ համբերատարություն, համբերատարությամբ՝ աստվածապաշտություն, աստվածապաշտությամբ՝ եղբայրասիրություն, եղբայրասիրությամբ էլ՝ սեր»,- խրատում է սուրբ Պետրոս առաքյալը:
Այսինքն, ճշմարիտ սերը սուտ սերերից տարբերվում է այս լուրջ չափանիշների` հավատի, առաքինության, գիտության, ժուժկալության, համբերատարության, աստվածապաշտության և եղբայրասիրության հանրագումարով:
Այս բոլոր չափանիշներից, որ մեկից էլ մենք մեզ դուրս եկած տեսնենք, հարկ է վերադառնալ, որովհետև, եթե մենք հասու չենք Աստծուն և միմյանց սիրելուն, ապա ինչ էլ ունենանք, դեռ ոչնչություն ենք կամ կիսատ-պռատներ, թերատ մարդիկ: Ճշմարիտ է, թվարկված չափանիշները մեծամեծ շնորհներ են` առանձին վերցրած, ո՞վ կարող է ծուռ նայել, եթե չարամիտ չէ, ճշմարիտ հավատ ունեցողին, առաքինուն, գիտունին, ժուժկալ մարդուն, համբերատարին, աստվածապաշտին, եղբայրասեր մարդուն: Իրավ, սրանք մեծամեծ, վերերկրային, ակնածելի շնորհներ են, սակայն սրանք մեկը մյուսին հենվելով են առողջ աճի մեջ լինում, և եթե դեռ չենք հասել այդ ամենի ներդաշնությանը և հանրագումար պտղին` սիրուն, ապա հարկ է կրկին ու կրկին վերադառնալ մեր բացթողումներին, այնքան, մինչև այդ աստիճանները Աստծո օգնությամբ լավագույնս էլ հաղթահարենք:
Այս ճշմարիտ և մեծ սիրո մասին է, որ անմահությունն է մեր մեջ, և որի մասին Պողոս առաքյալը հետևյալն է գրում. «Եթե խոսեմ մարդկանց բոլոր լեզուներով և հրեշտակների, բայց սեր չունենամ, կնմանվեմ մի պղնձի, որ հնչում է, կամ՝ ծնծղաների, որ ղողանջում են: Եվ եթե մարգարեություն անելու շնորհ ունենամ և հասկանամ բոլոր խորհուրդներն ու ամբողջ գիտությունը, և եթե ունենամ ամբողջ հավատը՝ մինչև իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց սեր չունենամ, ոչինչ եմ: Եվ եթե իմ ամբողջ ունեցվածքը տամ աղքատներին և իմ այս մարմինը մատնեմ այրվելու, բայց սեր չունենամ, ոչ մի օգուտ չեմ ունենա: Սերը համբերող է, քաղցրաբարո. սերը չի՛ նախանձում, չի՛ ամբարտավանանում, չի՛ գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա. ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, մշտապես հույս է տածում, ամեն բանի համբերում: Սերը երբե՛ք չի անհետանում. թե մարգարեություններ են, պիտի չքանան, թե լեզուներ՝ պիտի լռեն. թե գիտություն՝ պիտի անցնի, քանզի, շատից քիչը գիտենք և շատից քիչն ենք մարգարեանում: Իսկ երբ գա կատարյալը, շատից քիչը կանհետանա»:
Այսինքն, ո՛չ թե շնորհներով պիտի պարծենանք կամ մեծամեծ գործերով, այլ ամենքս էլ պիտի ջանանք այդ շնորհները գործադրելով հասնել այն չափանիշին, որ սերն է, որի մեջ բոլոր շնորհներն իսկ, երբ որը որ հարկ է, սկսենք ծառայեցնել միմյանց կյանքի համար, որպես մեր` անմահության մեջ գտնվողների բնական և բանական գործ-արտահայտություններ:
Վերում հիշատակածս` Պետրոս և Պողոս առաքյալների դիտումները քրիստոնյաներիս համար ամենօրյա հայելի են` ինքներս մեր ընթացքները տեսնել-ճանաչել և ուղղելու: Դրանք ողջ մեր այսաշխարհային կյանքի համար են օգտակար հայելիներ:
Անառակի շաբաթվա մասին խոսելուց առաջ, գիտակցորեն է, որ քրիստոնեական այդ հայելիները դրեցինք, որպեսզի առավել պարզ տեսնենք, թե ինչ դժվար, անամոք թվացող, անառակ վիճակներ կան մեր հայրենիքում, որոնց հանդեպ անտարբեր մնալը, պարզապես անբան ու անմիտ լինել է նշանակում կամ թերմիտ կամ կեղծ հայրենասիրություն:
Պետրոսի բերած արքայական ութ աստիճանակարգերից առաքինությունը, ընդամենը, դեռ երկրորդն է: Իսկ մենք մեր երկրում, արդեն երկրորդ այդ լուրջ աստիճանում, արդեն լուրջ էլ խնդիրներ ունենք: Եվ երրորդ աստիճանի առջև լիարյուն ճամփա չի բացվի, եթե այս երկրորդը չլուծենք: Որովհետև առանց առաքինության գիտությունը կործանարար կլիներ: Մեր իշխանությունները և ընդդիմությունը շատ անելիքներ ունեն այս աստիճանակարգից ժողովրդին առաջ տանելու, որովհետև մեր առաքինության ավանդները, որ ԽՍՀՄ-ի անհավատության հաշմությամբ էր` մեր անկախության առաջին իշխանություններից սկսած` որոգայթվեց դրսի ուժերի ճարպիկ ու խաբեական ցանցերով, և մինչև այժմ այդ որոգայթներից դուրս չենք եկել: Իսկ դուրս գալու փորձերն էլ, ցավոք, դեռ լիարժեք չեն:
Կյանքի ծառի երկրորդ աստիճանակարգը, վերստին հիշենք, որ հավատով առաքինություն ձեռք բերելու մասին է: Իսկ չառաքինությունը, որ կամա-ակամա չարափառություն է իր գործով` բռնատերերի միջոցով, դրսից է ժողովուրդների մեջ սերմնացանվել ու սերմնացանվում, այդ մասին դեռ 1945-ին ԱՄՆ-ի սենատին՝ Սովետական Միության կազմաքանդման նպատակով Ալեն Դալլասի (հետագայում` ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզության վարչության ղեկավար) քաղաքական ծրագրի մեջ կարդում ենք, մի բան, որն այսօր գործվում է մեր նահապետական, փոքր երկրի դեմ.
1. Քաոս սփռելով, մենք աննկատ նրանց իրական արժեքները կփոխենք կեղծերով, կստիպենք նրանց հավատալ այդ կեղծ արժեքներին։
2. Արվեստը թուլացնել, գրականությունը բարոյական պոռնոգրաֆիկ ձևերի բերել։
3. Գրականությունից և արվեստից մենք դուրս կմղենք նրա հասարակական էությունը, նկարիչներից դուրս կմղենք ժողովրդի ոգու խորքում կատարվող գործընթացների պատկերման և ուսումնասիրությունների ցանկությունը, իսկ գրականությունն ու կինոն պետք է պատկերեն և փառաբանեն միայն ամենազազրելի մարդկային զգացումները։
4. Նոր սերնդին թունավորել հակասական-բարոյական ազդեցություններով, անբարոյականությամբ։
5. Ռադիկալ թեորիաներով, բանաձևերով և գաղափարներով կարծիքները թունավորել, սոցիալական դասակարգերի միջև աղմուկ, իրարանցում, քաոս ստեղծել, ատելություն և անվստահություն սերմանել:
6. Անիմաստ գաղափարներ տարածել, ազգաբնակչությանը անիրականանալի գաղափարներով սխալ ուղու վրա դնել:
7. Անսահման ճոխությամբ, լյուքս կյանքով, գլխապտույտ առաջացնող նորաձևություններով խելակորույս մսխումներ պահանջել:
8. Մեծամասնության ժամանակը տոներով և խաղերով զբաղեցնել, ամեն լուրջ, դրական միտք, մտածում խանգարել:
9. Քայքայել ընտանեկան կյանքը։
10. Մենք պետք է օգնենք և բարձրացնենք այնպիսիներին, ովքեր կսկսեն սերմանել և ներարկել մարդկային գիտակցության մեջ սեքսի, բռնության, սադիզմի, դավաճանության, այլ խոսքով` ցանկացած անբարոյականության պաշտամունք։
11. Ներքևի խավի մարդկանց կառավարիչներ նշանակել:
12. Վերին խավի հոգևոր ուժն ամբողջովին տկարացնել և քայքայել:
13. Հարգանքը սրբությունների նկատմամբ քայքայել, հեղինակավոր, հարգանք վայելող անձնավորությունների մասին հորինել ստոր և վուլգար պատմություններ։
14. Մենք աննկատ, բայց ակտիվ և մշտապես կօժանդակենք հիմարությանը, կաշառակերությանը, անսկզբունքայնությանը: Ազնվությունն ու օրինավորությունը կծաղրվեն, կդառնան անցյալի մնացուկ ու ոչ մեկին այլևս պետք չեն լինի։ Ստահակությունն ու անամոթությունը, միմյանց նկատմամբ անասնական վախը, դավաճանությունն ու թշնամությունը մենք կսերմանենք աննկատորեն։ Միայն քչերը, շատ քչերը կենթադրեն կամ կհասկանան, թե ինչ է կատարվում, բայց նման մարդկանց մենք կդնենք անօգնական վիճակի մեջ, կդարձնենք խեղկատակ, կգտնենք միջոցներ նրանց զրպարտելու և հասարակության տականք հայտարարելու։
Պոռնոգրաֆիան ամեն բան է կազմաքանդում: Հիշենք Սոդոմ-Գոմոր քաղաքները, որ երկնքից իջած կրակով վերացան մեջտեղից` իրենց բնակիչներով հանդերձ, որովհետև պոռնկությունից էլ այն կողմ էին անցել և միասեռականներ էին: Նույն գլոբալացնող նոր բռնատերերի ծրագրերի մեջ նույնն ենք կարդում. «Պոռնկությունը, պոռնոգրաֆիան դիտել տալ որպես զվարճանք, և երկրները անկման մեջ կհայտվեն»: Ինչպես ասում են` սատանան անգիր գիտի Աստվածաշունչը` ի հակառակ Աստվածաշնչի, Աստծո դեմ ապստամբելու և ապստամբեցնելու համար գործածելով այն: Եթե մի փոքր ավելի ուշադիր լինենք, ապա այդ նույն ծրագրերն են դրսի ուժերն իրականացնում ոչ միայն մեր հայրենիքում, այլև ողջ աշխարհում: Իսկ մեր հայրենիքում` մեր իսկ միջոցով, որովհետև, երբ դրսից են չարիքը սերմանում, ապա թույլտվողները մենք ենք: Սատանայի ծրագրի մաս կազմող միասեռականներին օրենքով պատվար լինելը մեր խորհրդարանն արեց մեր հայրենիքում, որպես անպատվություն Օձնեցի, Մխիթար Գոշ, Սմբատ Սպարապետ, Շնորհալի, Լամբրոնացի համամարդկային մեծություն ունեցող մեր օրենսդիրների, որ հակառակ դրսի ապականությունների` միշտ խրատել ու խրատում են աստվածայինը: Մերոնք գուցե իրենց ավելի մե՞ծ դիտեցին մեր մեծերից և, խաբվելով, կամ իրենք իրենց խաբելով, որոգայթն ընկան, որոգայթի մեջ ներքաշել փորձելով և մեր փոքր ու հոտի նման ժողովրդին: Սուրբ գիրքն ասում է. «Ով չարիքին ողջույն է տալիս, մասնակից է դառնում նաև այն պատիժներին, որ չարիքների վրա են գալու»: Լեզվի գռեհը, որ այսօր հեռուստատեսությամբ հարձակվել է մեր ու մեր երեխաների վրա, այլ տեղից չէ, քան պոռնոգրաֆիկի ավելացման, դրանով հանցաշխարհի ավելացման, ի վերջո, հակամշակույթի` մշակույթին մաս կազմելու պատճառահետևանքով, որ դրսից է սարքվում` մեզ մեր իսկ հայրենիքում խամաճիկների տեղ դնելով: Թե` ձեր հայրենիքը ձերը չէ, և ինչ ուզենանք, կարող ենք անել ձեր իսկ ձեռքերով: Այս առումով, լավ է մեր իշխանությունների և խորհրդարանի համար, նաև ընդդիմության, Աստծուց վախ ունենալ և ապաշխարել, քան թե դրսի ակնհայտ չարիքները կանոնադրել կամ օրենսդրել, եթե ոչ, Աստծո դատաստանը երբևէ չի փոխվել և չի փոխվում` առանց ապաշխարության լուրջ գործերի, և ո՛չ մի պղծագործության թույլտվություն Նրա մոտ պատվի չի արժանանա, ինչպես որ Գրվածքն է զգուշացնում: Իսկ ընդդիմության անունը ևս հիշատակեցինք, որովհետև բազմաթիվ հարցերից ամենակարևորի` առաքինության վերականգնման համար լուրջ ու միաբան ձայն չեն բարձրացնում:
Ահա այս խոսքերից հետո միայն անդրադառնանք այն ոսկե բանալուն, որ Անառակի Կիրակին է` Քրիստոսի պատմած «Անառակ որդու առակով»: Այն, որ Աստված նախ կողմ է ապաշխարությանը և ոչ թե դատաստանին:
Մի քանի խոսքով վերապատմենք առակը: Մի ունևոր մարդ երկու որդի ուներ: Կրտսերը հորն ասաց` ինձ հասանելիք ժառանգությունը հիմա՛ եմ ուզում: Եվ վերցրեց ժառանգությունը, տարավ ու մսխեց պոռնիկների հետ ու կերուխումների մեջ և այնքան աղքատացավ, որ դարձավ խոզարած ու ցանկությամբ և նախանձով էր նայում անգամ խոզերի կերին: Ի վերջո, ասաց, վերադառնամ տուն և հորս ծառաներից մեկը դառնամ, որովհետև հայրս ծառաներին էլ է մարդավայել պահում: Եվ վերադարձավ: Ծերունի հայրը, լսելով, որ որդին վերադառնում է` վազելով գնաց նրան ընդառաջ, և որդին ծնկեց նրա առջև ու նրան ասաց. «Հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ ու քո առաջ և այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու, ինձ վերցրո՛ւ իբրև քո աշխատավորներից մեկը»:
Հայրը բարձրացրեց ծնկի եկած որդուն, գրկեց նրան և ապա հրամայեց. «Նրա նախկին պատմուճանը հագցրե՛ք նրան, մատանին նրա մատը դրեք և նրա ոտքերին՝ կոշիկներ. բերե՛ք պարարտ եզը, մորթեցե՛ք, ուտենք և ուրախ լինենք, որովհետև իմ այս որդին մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց». և սկսեցին ուրախանալ: Մեծ որդին լսելով, որ պոռնիկների վրա իր ողջ ունեցվածքը ծախսած անառակ եղբոր համար հայրը նման շքեղ ընդունելություն է կազմակերպել, տրտմեց, չմասնակցեց ուրախությանը և բողոքեց հորը, թե` վայել չէ անառակին նման պատվի արժանացնել: Իսկ հայրը նրան պատասխանեց այսպես. «Որդյա՛կ, դու միշտ ինձ հետ ես, և ամեն ինչ, որ իմն է, քոնն է. բայց պետք էր ուրախ լինել և ցնծալ, որովհետև քո այս եղբայրը մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց» (Ավետարան ըստ Ղուկասի, գլուխ 15):
Մենք` քրիստոնյաներս, ո՛չ թե դատաստան ենք որոնում, այլ ապաշխարությունը բոլոր նրանց, որոնց թույլտվությամբ անառակության չարիքը ներխուժեց նաև Հայաստան աշխարհ: Շնորհակալ ենք, և Աստված օրհնի, մեր իշխանություններն այսօր ժողովրդի ծանր սոցիալական վիճակը կարգավորելու համար, գոնե քննարկումներ են սկսել, սակայն որպես խորհուրդ համարձակվենք հիշեցնել Նժդեհ իմաստունի խոսքն այդ մասին, թե. «Սոցիալական խնդիրը բարոյական խնդիր է»: ՈՒստի առանց առաքինության կայուն ձեռքբերումների` դժվար կլինի սոցիալական խնդիրներ լուծել:
Եվ կամ. «Մեղքը չի մնում անպատիժ, առաքինությունը՝ չվարձատրված» (Նժդեհ, Երջանկության պրոբլեմը)։
Եվ կամ. «Առաքինությունը հզորություն է»։ (Նժդեհ, Երջանկության պրոբլեմը)։
Մենք փոքր ազգ ենք, և մեզ առավել է անհրաժեշտ հզոր լինել, ասել է` լինել առաքինի և առաքինության մեր կորցրած չափանիշները վերադարձնել` համահարթեցնող միասեռականների վարակներից հետ կանգնելով և դրանց հստակորեն մերժելով: Մատենադարան ունեցող ժողովուրդ ենք և հարկ է, որ մեր խորհրդարանը Մատենադարանից կյանքի բանալիներ վերցնի և ոչ թե դրսի մոլագարների ու սեռագարների առջև գլուխ խոնարհի: Հիշենք, որ Հա՛յկը Բելին հաղթեց, և մեր գենոֆոնդի արտահայտություն Սասունցի Դավիթը չանցավ Մսրա Մելիքի թրի տակով: ՈՒստի աղոթենք և՛ մեր իշխանությունների, և՛ մեր ժողովրդի համար, ըստ Աստծո կամքի առողջանալու և ուղղվելու, որ Աստծո՛ օրենքներով է, և ո՛չ թե դրսի մոլագար բռնատերերի որոգայթներին կուլ գնալով, որպեսզի լավագույնս կարգավորվի երկիրը Հայոց, և որպեսզի մի օր թե՛ Աստված, թե՛ մեր սուրբ հայրերի հոգիները ուրախանան` ասելով. «Որդյա՛կ, մեռած էիր և կենդանացար, կորած էիր և գտնվեցիր»:
Վերջում հիշեցնենք, որ Մեծ պահքի ողջ ընթացքում, ամեն օր երեկոյան ժամը ութ անց կեսից ինը աղոթում ենք Հայաստանի` մեր հայրենիքի դեմ ելած բոլոր անաստված դրսևորումները աստվածայինի վերափոխելու համար` Երկնքի Աստծուց այդ ամենն աղաչելով: Եվ ովքեր կամենան, բարի է, երբ կամեցողները շատ լինեն, կարող են այդ ժամին իրենց աղոթքներով միանալ մեզ, փնտրելով Աստծո ողորմածությունը հայրենյաց հոգևոր խնդիրների լուծման համար: Ամե՛ն:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1999

Մեկնաբանություններ