Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

ՀԱՅՈՑ ԲՐԵՆԴԻ ԲՈՐԲՈՍԸ (ընդառաջ գալիք մերկասառույցներին)

ՀԱՅՈՑ ԲՐԵՆԴԻ ԲՈՐԲՈՍԸ   (ընդառաջ գալիք մերկասառույցներին)
25.11.2011 | 00:00

«…Կյանքումս մի քանի տաճար եմ տեսել, որ ցնցել են երևակայությունս։ Երևակայություն, բառի այն իմաստով, որ դեռ տարանջատ չէր իրականությունից, այլ խորհրդանշում էր մտապատկերի արագությունը... Ո՛չ ֆանտազիան, այլ հենց երևակայությունը։ Պատկերը հառնում էր իմ առջև»։
«Հիշողություն առ Հաղարծին», Անդրեյ ԲԻՏՈՎ


ԾԱՌԵՐԻ ՎՐԱ` ԾԱԼԱՊԱՏԻԿ
(ազգայնամոլի նվնվոցը)

Գուցե սա սկիզբ առավ նախորդ դարի կեսերից։ (Երբ մայրաքաղաք Երևանում բացվեցին առաջին «հանճարանոցները»` «Պապլավոկը», «Կոզիրյոկը», «Սկվոզնյաչոկը»... Լենինականի առաջադեմ ջահելներն էլ սիրահետում էին Ռյազանից, Նիժնի Տագիլից, Սամարայից ժամանած և «Չուլոչնիում» պլանները գերակատարող ճերմակալանջ ռուսաթաթար, չուվաշառուս և այլ երանգի աղջիկներին, նաև Տերեշկովա Վալյային` ապագա տիեզերագնացին)։ Կամ երբ գործարկվեց Շիրկանալը։ Կամ երբ Հովիվյանի կորագիծ հարվածը բարոյահոգևոր ցնցակաթվածի ենթարկեց Թբիլիսիի «Դինամոյի» խաղացողներին և, առհասարակ, ողջ ֆուտբոլասեր Վիրքը։ Գուցե երբ Պետրոսյանը (Տիգրան), նաև Վարդանյանը (Յուրի), ի վերջո, Փափազյանը (Վահրամ Քամերովիչ) ծնկի բերեցին Երկիր մոլորակի ճատրակային սեղանիկները, ծանրաձողային հարթակներն ու շեքսպիրյան բեմերը։ Գուցե թե սույնը ծագեց Վուդրո Վիլսոնի երջանկահիշատակ Իրավարար պայմանագրից ե՞տքը։ Գուցե թե։ Սակայն խորհրդային կյանքում ինսպեկտոր (այժմ` ՃՈ) աշխատած, նախկին կյանքում էլ նավահանգստային կուրտիզանուհի, ներկայումս գրպանահատ-այլախոհ տիար Բրուցելոզը համոզված հակաճառում է. «Էդիկ սկսվավ, երբ մեր Հայկոն Բելի մայրիկը լացացրեց և վարտիքը թացացրեց»։ «Էդիկ», այսինքն` ազգայնամոլական մեր բխկոցն ու տռճիկը։ «Երբ որ դրանք ծառից կախ բանան էին լափում ու քորվում, մեր թատրոններում Արտավազդ արքան...», «Հլը դեռ է՜ն ժամանակներում, երբ էդ տհասները քոսափառով պատված ջայլամի ձուն թերխաշ էին զխկտվում, մեր չարուխը արտահանվում էր Եգիպտոս...»։
Հասկանալի է, «դրանք + էդ տհասները» անվանակարգում աշխարհն է` օվկիանոսից օվկիանոս։ (Օվկիանոսների իններորդ ալիքները թավալվեցին «Լճիցլճերի» ծովախորշերում, և կոսմոպոլիտ կապույտ կետը զուգավորվեց մեր ազգային շերեփուկների հետ)։
Հասկանալի և տեսանելի է մարդկության զարգացման տատասկոտ մայրուղին։ Ծառից կախված ազգերը բանանից լիացան, քորից ձանձրացան, վայր իջան ծառերից ու բռնեցին զարգացման ուղին։ Նրանց վարակիչ օրինակը ստիպեց քոսափառով պատված ցեղերին ևս լքել քարանձավները, քոսափառն ախտահանել ջայլամահավկիթի սպիտակուցով և քայլել առաջ, ո՛չ լալահառաչ։ Իսկ Նոյյան տապանի առաջին հետնորդներս (հազար ու 131 ներողագրեր), որ բրիտներ ենք արտահանել մառախլապատ կղզիներ ու կայսրություն կերտել, որ Բյուզանդիա աշխարհակալ տիրակալության սասանվող սյուների առաջին նեցուկն էինք, որ Օսմանյան աշխարհակուլ յաթաղանապետության կրթարանն ու բարեշինողն էինք, երբեմն դեռ քորվում ենք, դեպքից դեպք էլ` քոսափառվում։

Միջանկյալ բառաչ։ Երկրի տնտեսական աճը եռանիշի փոխարկելու հայրենաբորբոք մղումով և նվազագույն աշխատավարձը քառապատկելու մորմոքով առաջարկում եմ ընդառաջ գնալ իրանցի գործընկերոջս, ով կամենում է լրջորեն թեժացնել իրանահայկական «քիրվա-նամեն» և նորհայկական մեր բրածո թափթփուկներին փոխանակել պարսկական ավելցուկի հետ։ Օրինակ, գրանտալափ ազգագրագետին, ով վստահ է, որ Հայաստանի միջնադարյան բաղնիքներն ուսումնասիրման նյութ չեն, զի հայերս առանձնապես մաքրակենցաղ չենք և թուրքերից ենք քիչումիչ լոգանք ընդունելու մշակույթը յուրացրել, փոխանակել մի զույգ ազնվացեղ ջորու հետ։ Ջորիներն էապես կխթանեն ուղևորափոխադրող նոր միջոցների առաջացմանը նախալեռնային շրջաններում։ Օրինակ, մեկ ջորին հզորությամբ չի զիջում երկու «Գազել» մակնիշի միկրոավտոբուսին։ Բացի այս, խիստ օգտակար է բնապահպանական և տնտեսական տեսանկյունից։ Բնապահպանականը հասկանալի է, գազ ու բենզինի մրածուխ չի արտանետվի մթնոլորտ։ Տնտեսականի մասով էլ խոսք չկա։ Ջորային յուրաքանչյուր երթուղագծի շահագործումից չորս գյուղական համայնք կապահովվի գերարդյունավետ և անվճար վառելիքով, այսինքն` աթարով։ Զուգահեռաբար ռազմավարական գործընկեր Ռուսաստանն այլևս վախվորած ակնածանքով կվերաբերվի մեզ, զի կդադարի մեր գազային կախվածությունը նրանցից։ Միաժամանակ խիստ կզարգանա հայրենի զբոսաշրջությունը, զի ջորային մետրոպոլիտեն, օրինակ, չկա աշխարհում։
Մի խոսքով, հավակնենք այս գերհավակնոտ ծրագրին։ Բայց ո՞ւր մնաց ազգագրագետը, պատեպատ են խփվում լճափնյա իմ հովանավորները։ Անցել է սահմանը, և այս դեպքում էլ չարաչար խաբվեցինք։ Զի նրան (ի դեպ ազգագրագետ-ուհուն) որպես հակաամերիկյան և ընդդեմիսրայելյան զենք են օգտագործելու։ Այսինքն, օգտագործելու են նրա քանդիչ-քայքայիչ, ապազգային, հացկատակային պաշարները։ Մի խոսքով, պատմությունը շարունակվում է, վերոնշյալ «ուհին» կբարոյազրկի ամերիկյան հանրությանը (այնտեղի երկնագույնները, օրինակ, իսլամը կընդունեն և սենատում կձևավորեն արևելամետ-ասիապաշտ նոր խմբակցություն)։ Իրանը կշահի էապես։ Մենք երջանիկ կթռչկոտենք և Բ. Վ.-ի անվան ցայտաղբյուրներ կցուցանենք ջորային մետրոպոլիտենի յուրաքանչյուր կայարանում։

«ՄԱՐԳԱՐԵՆ ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ՉԻ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ»
(ժամանեց Ֆիլիպը և ասաց...)


Անկասկած, խոսքը չի վերաբերում ռուսական էստրադայի «մեգապոլիս» Կիրկորով Ֆիլիպին։ Զի սույն սուբյեկտը «Լճիցլճերում» դոդոշ է որսալու օրնիբուն, որսալու է, մորթազերծ է անելու, ճաշակելու... Զի զարմանահրաշ երևույթ է սույն Ֆիլիպը, ունի բոյ-բուսաթ, արտիստական սեթևեթանքի բուռն հակումներ և տաղանդ։ Բայց չունի ազգային պատկանելություն։ Ավելի շուտ` ունի, սակայն այստեղ զարմանալի խառնաշփոթ է, մայրը զտարյուն ռուս է, հայրը` զտարյուն հայ, ինքը` գերզտված բուլղարացի։
Տվյալ պարագայում մենք նկատի ունենք աշխարհահռչակ մարկետոլոգ Ֆիլիպ Կոտլերին, ով ժամանեց ՀՀ, լիկբեզի ենթարկեց հայ մարկետինգային միտքը և շա՜տ զարմացավ մեր գավառական կրակոտ անտարբերությունից։ Զարմացավ և զարմանահրաշ (գավառացիներիս համար) մի միտք շեփորեց. «Հայաստանը գեղեցիկ երկիր է, պարզապես պետք է այն հետաքրքիր դարձնել օտարների համար Արարատ լեռով, որի վրա Նոյյան տապանն է»։
Է, ո՞վ է խանգարում, եկեք դարձնենք։ Բայց դարձնելուց առաջ նախ դարձի գանք և ըմբռնենք կարևոր մի բան. մենք աշխարհին հետաքրքիր ենք մեր ինքնությամբ-առանձնահատկությամբ-խենթությամբ։ Ինչպես, ի դեպ, բոլորը։ Օրինակ, էսկիմոսները հանրահայտ (և գրավիչ) են աշխարհի համար իրենց եղջերվամսի ապուրով և սպիտակ արջերի հետ խնամիաբարեկամական կայֆերով։ Մի բան, որ չկա աշխարհքումս։ Իսկ մենք շարունակ և անփառունակ աշխարհքին զարմացնում ենք աշխարհքի հրաշալիքներով։ Այսինքն, չարուխ-մարուխով, գավառական իշխանիկների բացսիրտ հյուրընկալությամբ (որից միջազգային պատվիրակությունները բարոյահոգևոր և կենսաբանական ցնցակաթվածի մեջ են հայտնվում, ասենք, խաշախեղդ են լինում կամ քյաբաբասպան), ամենաերկարը, ամենախորը, ամենահինը... հասկացանք, չշարունակենք։
Վերջերս Երևան-մայր ոստանն է դարձել հայոց նորհայկական բրենդը։ Աշխարհքին «բլդուղ» ենք անում Հյուսիսային պողոտայով, որպես քաղաքաշինական անկախության փայլաշող դրսևորույթ։ Բայց սա դեռ ամենը չէ։ 2010-ին Չինաստանում կազմակերպված «Էքսպո-2010 Շանհայ» համաշխարհային ցուցահանդեսում Հայաստանը ներկայացավ «Եկեք, մեզ մոտ կառուցեք ձեր քաղաքը» հանելուկային վերտառությամբ գրոհ-նախագծով։
Եվ ալեկոծության ենթարկեցինք 21-րդ դարի քաղաքացուն։ Եկան-տեսան-զարմացան, մենք Երկիր մոլորակի դարդերով ենք խորովվում, թքա՛ծ, թե սեփական խնդիրների առատությունից շուտով ծառերը գլխիվայր կաճեն, Սևանում էլ կոկորդիլոսներ կբուծվեն։ Նաև տեսան մի երկիր, որը ներկա չունի և աղաչում-պաղատում է ալամ աշխարհքին իր հողի վրա քաղաք կառուցել:
Բայց դեռ 2000-ին «Էքսպո-2000 Հանովեր» համաշխարհային ցուցահանդեսում պատվով ու շուքով ներկայացանք «Նոյյան տապան, նորովի հայտնաբերենք Հայաստանը» նախագծով, որի հաջողությունն աննախադեպ էր, և որի իրականացման խմբի ղեկավարն էր Կարեն Աղամյանը։
Այն ժամանակ հայկական տաղավարը հոգեզմայլ խորհրդանշական էր։ Աշխարհքս մեր ուշիմ սրտաբացությանը պատասխանեց վեհապանծ ըմբռնումով։ Եկան, տեսան, հիացան։ Եվ կարևորը` գնահատեցին։ Գնահատեցին մեր ինքնությունը, Նոյյան տապանը հյուրընկալելու մեր ինքնաբուխ պատրաստակամությունը, և յուրաքանչյուրն իրեն մի պուտ հայ զգաց, զի հիշեց, որ նախանախապապը, այնուամենայնիվ, Արարատյան դաշտավայրում է պորտը կտրել։ Օրինակ, մի խափշիկ փարվել էր լավաշ թխող հայ մամիկին և լալահառաչ իր բաժին լավաշի կարոտն էր առնում։ Այս ամենից զատ, ներկայացված էր հռչակավոր գիտնական Գրիգոր Գուրզադյանի ոչ պակաս նշանավոր տիեզերական հեռադիտակը, որը առաջինն աշխարհում ԽՍՀՄ տիեզերանավով հասցվեց տիեզերք: Մի խոսքով, ամեն բան բանական էր, բնական և բարոյական։ Զի գործի գլուխ գիտակ ու վարպետ մարդիկ էին։ Զորօրինակ, Արարատ լեռը` իր ողջ շքեղ պերճանքով, ի ցույց էր հանել պրոֆեսոր Աղամյանը։ Դիզայնի պրոֆեսոր։ Գուցե 2000-ի մոգականությունն էր ազդել, գուցե այլ մի բան, սակայն Հանովեր-2000-ի ժամանակ պրոֆեսորական կոչումը դեր խաղաց։ Այն էլ` վճռական։
2009-ին նույն պրոֆեսորն ու գեղանկարիչը, ստեղծագործական մի խումբ ի մի բերելով, առաջարկում է Չինաստանում Հայաստանը ներկայացնել Հանովերի էքսպոյի գաղափարական շարունակությունը հանդիսացող մեկ այլ նախագծով, ուր է՛լ ավելի վառ կբոցկլտար բուն հայկական բրենդը։ Սակայն մինչ Չինաստան, էքսպո է կազմակերպել 2005-ին` Ճապոնիայի Աիչի քաղաքում, որի արձագանքները մնացին անարձագանք։ Ի՞նչ էին տարել, ո՞վ, ինչպե՞ս ներկայացրին` մնացին անհայտ, ինչպես անհայտ է մեր տնտեսական երկնիշվող աճը։
Չեն համաձայնում։ Աշխարհքը, ախպեր ջան, վաղուց հոգնել է մեր հոգնած կարպետից ու մոթալ փափախից, մեր քոչարուց ու Քոչարից։ Վերջապես, էս ի՞նչ եք աշխարհի շլինքին փաթաթում։ Է, վերջապես հինգ կիլոմետր չի՞ փաթաթում։ Էդ սարի բոյը։ Մի տեսեք, թե աշխարհքումս ինչ բոյ-բուսաթի լեռներ կան, էլ Էլբրուս ու Կիլիմանջարո, է՛լ Ստալինի պիկ ու Էվերեստ։ Վերջ ենք տալիս մասիսամորմոքներին։ Մեր հաղթաթուղթը մեր էներգակիր երկրաշարժերն են, մեր պայծառ ուղեղները։ Թե չէ պարոն Կոտլերը ժամանում ու ուսուցանում է` դուք Մասիս ունեք և դատապարտված եք աշխարհքին Նոյյան տապանով շշմեցնելու:
Ահավասիկ, հարյուր հազար մարդ այցելեց մեր տաղավար։ Հետո ինչ, որ չհասկացան, թե էդ հայերն ինչ էին ուզում աշխարհքին ապացուցել։ Որ մարդը, կապկից սերվելով, մեկեն հանգրվանել է համակարգչի առջև՞։ Բայց ոչինչ, կարևոր մի բան կատարվեց, թե քիչ ու միչ բան էր տպավորվել մեր ազնվազարմ ցեղատեսակի մասին, Հանովերում կորսվեց։ Պատահում է։ ՈՒ եկեք ողբերգություն չսարքենք այս ամենից։ Կարևորն այլ բան է` աշխարհ տեսած շուկայաբանին կարողացանք զարմացնել մեր Արարատով։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1314

Մեկնաբանություններ