Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Մարդը, որը պատրաստվում է դառնալ ՀՀ նախագահ, պարտավոր է այսօրվանից ևեթ տիրապետել ողջ անցուդարձին»

«Մարդը, որը պատրաստվում է դառնալ ՀՀ նախագահ, պարտավոր է այսօրվանից ևեթ տիրապետել ողջ անցուդարձին»
19.06.2009 | 00:00

«ԵՍ ՀՈ «ՆԱՐԻՄԱՆՈՎԸ», «ՍԱՐԴԸ», «ՍՈԿՐԱՏԵՍԸ», «ՅՈՒՊԻՏԵՐԸ» ԿԱՄ «ՄԱՍԻՍԸ» ՉԵ՞Մ»
«Ինչպե՞ս եք վերաբերվում այն իրողությանը, որ ժամանակ առ ժամանակ ասպարեզում թարմացվում են թափառող նույն խոսակցությունները` Դուք «Հայաստանի քաղաքական դաշտում ներդրված ռուսական շպիոն» եք, մտերիմ կապերի մեջ եք «ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ»,- հարցադրեցինք «Իրավունքը de facto»-ի հյուրին` «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ։
«ԵՍ ՈՐԵՎԷ ԵՐԿՐԻ ԳՈՐԾԱԿԱԼ ՉԵՄ»
-Նախ` նշեմ,- մանրամասնեց պարոն Կարապետյանը,- որ վկայակոչված բամբասանքները նորություն չեն, ապա փաստեմ, որ դրանք ինձ չեն անհանգստացնում։
-Ինչո՞ւ։
-Առաջին անգամ փորձեմ բացատրել այդպիսի վարկաբեկումների տեխնոլոգիան։ Նկարագրեմ մի սցենար։ Ասենք, Հայաստանում ձևավորվել է մի ոչ ֆորմալ կառույց, որը ռեալ կառավարում է երկիրը։ Շատերը դա անվանում են կլան, եկեք մենք անվանենք, ասենք, օթյակ։ Անունն էլ, ենթադրենք, դնենք «Ռոբերտո»։ Սրա մեջ մտնում են տարբեր տրամաչափի քաղաքական ու պետական բարձր այրեր, մտավորականներ, լրագրողներ, դերասաններ, հատուկ ծառայության, իրավապահ այլ մարմինների ներկայացուցիչներ, թերթերի խմբագիրներ, գործարարներ և տարբեր տեսքի այլ տարրեր։ Ահա հայտնվում է քաղաքական դաշտում մեկը, ով իրենցից չէ, բայց ուժեղ է, վայելում է ժողովրդի սերը և կարողանում է դիմագրավել իրենց հարվածներին։ Այս կառույցը տարբեր ուղիներով հասարակության մեջ սկսում է տվյալ մարդու վարկաբեկման գործընթացը։ Հետագայում ես կպատմեմ, թե ինչպես է դա արվում տեխնիկապես։ Եվ այսպես. սկսում են մարդու վարկաբեկումը, նպատակը` կա՛մ դարձնել իրենցից մեկը, կա՛մ քաղաքական դաշտից դուրս բերել։ Քանի որ այդ կառույցն ինստիտուցիոնալ կապեր ունի ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և այլ երկրների նմանատիպ կառույցների հետ, ապա նրանք փորձում են օգտագործել նաև նրանց հնարավորությունները Հայաստանից դուրս` այդ գործընթացը շարունակելու համար։ Գումարենք դրան նաև հատուկ ծառայությունների հնարավորությունները քաղաքական դաշտում, և կունենանք ամբողջական պատկերը։ Սա նոր երևույթ չէ, և սրան պետք է հանգիստ վերաբերվել։ Քաղաքական գործիչը, ըստ իս, պետք է այս ամենն իմանա, սակայն շարունակի իր հիմնական գործը։
Ես որևէ երկրի գործակալ չեմ ու չեմ էլ ցանկանում լինել։ Ես հո «Նարիմանովը», «Սարդը», «Սոկրատեսը», «Յուպիտերը» կամ «Մասիսը» չե՞մ։ Եթե նման նպատակ ունենայի, հավատացնում եմ Ձեզ, կյանքի այսքան դաժան շղթայով չէի անցնի և վաղուց արդեն մաս կկազմեի բուրգին։
-Կարելի՞ է փաստել, որ Դուք իրազեկ եք հիշյալ կառույցների կազմին, գիտեք նրանց գործելաոճը, նպատակները։
-Այո՛, շատ բաներ, իհարկե, հայտնի են, սակայն այդ ամենի մասին ես հիմա դեռ խոսում եմ որպես սցենարի։ Մանրամասներին ավելի հանգամանալից կանդրադառնամ նախագահական ընտրությունների ժամանակ` ցույց տալու համար Հայաստանի քաղաքական դաշտում ստեղծված ռեալ իրավիճակը։
Իմ փաթեթը, որն ահռելի քանակությամբ փաստացի նյութ է պարունակում, կարծում եմ, կհրապարակեմ ՀՀ նախագահական ընտրություններին ընդառաջ, որպեսզի ամեն բան միանգամից իր տեղն ընկնի։
-Ի դեպ, խորհրդավոր այդ փաթեթի, իմա` ինչ-ինչ կառույցների, ոլորտների ու դրանց ներկայացուցիչների վերաբերյալ որոշակի «դոսիե-կոմպրոմատների» գոյության Ձեր կատարած փաստումը ոմանց պնդումներն ավելի ճշմարտանման կդարձնի այն առումով, որ եթե հատուկ ծառայությունների հետ չունի հստակ կապեր ու առնչություններ, ապա ինչպե՞ս է կարողացել այդ ծավալի ինֆորմացիա հավաքել, այն էլ, ինչպես Դուք եք վկայում, փաստերով հագեցած։
-Երբ հրապարակեմ իմ ձեռքի տակ եղած նյութերը, գուցե թե Ձեր նշած անձինք հասկանան, որ մարդը չի կարող լինել այնպիսի կառույցի (իմա` հատուկ ծառայությունների) ներկայացուցիչ, որի մի հատվածը 20 տարի շարունակ փութաջանությամբ փորձել է խանգարել նրա, տվյալ պարագայում, Արամ Կարապետյան քաղաքական գործչի կայացմանը։ Իմ գաղտնազերծումները հագեցած են լինելու փաստերով, ու եթե բամբասանքի ժանրի սիրահարները դրանից հետո էլ կառաջնորդվեն իրենց արատավոր տրամաբանությամբ, ուրեմն, ես ընդամենը կեզրակացնեմ` նրանք դժբախտ են։ Ցավով եմ նշում, որ հիշյալ ձեռագիրը (որը բնորոշ է հետխորհրդային տարածքի գրեթե բոլոր երկրներին) մեզ մոտ առավել այլանդակ դրսևորումներով է ի հայտ գալիս։ Այն է` եթե իսկապես ունակ և կարող անձնավորություն ես, ուրեմն անպայման պետք է պիտակավորեն։ Մի՞թե քաղաքական գործիչը չի կարող ունենալ առողջ տրամաբանություն, ծանոթ լինել հատուկ ծառայությունների գործողությունների փիլիսոփայությանը։ Հիշեցնեմ, որ տվյալ հարցերի շուրջ ԽՍՀՄ փլուզումից հետո տպագրվել է մոտ տասը հազար գիրք, և եթե դրանից գոնե մեկ տասնյակի հետ իրենք ծանոթ լինեին, ապա նման հարցադրումներով չէին դիմի։
-Ժամանակին, եթե, իհարկե, չեք մոռացել, հայտարարում էիք, որ ունեք պրոֆեսիոնալներից կազմված թիմ, որը Ձեզ անհրաժեշտ ինֆորմացիաներ է տրամադրում։ Պե՞տք է ենթադրել, որ տարիներ առաջ Ձեր հրավերն ընդունած անհատները շարունակում են իրենց ստվերային գործունեությունը, և գուցե հենց նրա՞նք են որոշակիորեն օգնում Ձեզ անհրաժեշտ «դոսիեների» համալրման գործում։
-Իսկ ինչո՞ւ «գուցե»... Իհարկե, տարբեր մարդիկ տարբեր ոլորտներում են աշխատում, մեծ քանակությամբ ինֆորմացիա են կուտակում քաղաքական, նաև իշխանական դաշտերի վերաբերյալ։
-Եվ կուտակված ինֆորմացիան ժամանակ առ ժամանակ տրամադրում են Ձեզ։
-Ճիշտ նշանակետին խփեցիք։
-Հավաքում եք ամեն կարգի ինֆորմացիա անխտի՞ր։
-Մենք ուղղակի հրաժարվում ենք գաղտնի ինֆորմացիաներից, պետական գաղտնիքներ պարունակող ինֆորմացիա ձեռք բերել չենք ուզում, երբևէ չենք ունեցել և չունենք այդպիսի միտում։
-Այդ դեպքում անհասկանալի է մնում, թե ինչ որակի և ինչպիսի ինֆորմացիայի եք տիրապետում, որի հրապարակումը, այն էլ նախագահական ընտրություններից առաջ, համաձայն իմ ընկալման, ցունամիի ազդեցություն է թողնելու քաղաքական դաշտի ու հասարակության վրա։
-Մեր աշխատանքը, իմա` անհրաժեշտ փաստերի հավաքումը, լիովին հիմնված է եղել հստակ դիտարկումների, ինչպես նաև պաշտոնյաների 90 տոկոսի գործողությունների վերլուծության վրա։ Ասել է` կա պրոֆեսիոնալների բավականին ստվար խումբ, որն ինֆորմացիոն դաշտում լրջորեն օգնում է մեզ։ Իսկ վերլուծություններն ու համադրությունները կատարում ենք մենք։
-Եթե, իսկապես, տիրապետում եք պայթյունավտանգ փաստերի, ապա շատերի համար, կամա թե ակամա, սպառնալիք եք դառնում։ Հետևապես, ինչո՞ւ եք նման բարձրաձայնումներ կատարում։
-Այդ ե՞րբ պայթյունավտանգ կամ, ինչպես Դուք եք ասում, սպառնալիք չեմ եղել, որ։ Ես զգուշանալու խնդիր չունեմ։
Փաստեմ մի նրբություն ևս. ստանում եմ նաև անձնական բնույթի ինֆորմացիաներ։ Բայց ես կողմնակից եմ, որ այդ կարգի բոլոր տեղեկություններն ընդմիշտ փակ մնան ու չքողազերծվեն։ Որովհետև մեզնից յուրաքանչյուրն էլ ունի իր կյանքի փակ էջերը, որոնք ամենևին էլ հարկ չկա դարձնելու հանրության սեփականությունը։ Ասել է` ես կտրականապես դեմ եմ այդ կարգի ինֆորմացիա օգտագործելուն։ Հավատացեք, եթե դրանք սկսենք շրջանառության մեջ դնել, քաղաքական դաշտում շատերի համար իսկապես ողբերգական վիճակներ կստեղծվեն։
-Հստակեցնենք` ո՞րն է Ձեր հեռահար նպատակը, ինչո՞ւ եք փաստահավաք գործունեություն ծավալել։
-Մարդը, որը պատրաստվում է դառնալ ՀՀ նախագահ, պարտավոր է այսօրվանից ևեթ տիրապետել ողջ անցուդարձին։ Այլապես ապագայում ինչպե՞ս կկառավարի այդ ողջ դաշտը։
-Ասել է` այսօրվանից ևեթ ՀՀ նախագահական առաջիկա ընտրություններում Ձեր մասնակցության հայտն եք ներկայացնում։
-Սրա մասին խոսելուց առաջ, նախ, եկեք ձերբազատվենք այսօրվա իշխանությունից։ Պատասխանելով Ձեր հարցին, կարող եմ ասել` այո՛, այսօրվանից ես նման հայտ եմ ներկայացնում և համոզված եմ, որ այս անգամ «էլեմենտար» թվաբանությունը կաշխատի, և ինձ չեն ասի, որ Հայաստանում ապրել եմ տասը տարի, բայց չեմ ապրել հինգ տարի կամ հակառակը։ Ես հասկանում եմ, որ վախի մթնոլորտն իմ առնչությամբ այնքան մեծ է, որ ամեն անգամ փորձում են մտացածին ինչ-որ բան գտնել, որպեսզի իմ մուտքն արգելեն նախագահական ընտրարշավ։
«ՄԵՐ ՇՓՈՒՄՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԵԼ ԵՆ ԱՅՆ ՊԱՀԻՆ, ՈՐ ՊԱՀԻՆ ՎԵՐՋԱԿԵՏ Է ԴՐՎԵԼ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐԻՆ»
-Անդրադառնանք զրույցի սկզբում հնչած հարցադրման 2-րդ հատվածին` Աղվան Հովսեփյանի պարագային։
-Այնքան, ինչքան ես եմ հեռուստաեթերից պարոն Հովսեփյանին դիմահար, այսպես ասած,
-...«գնդակահարել»...
-...այո՛, «գնդակահարել», թերևս, ոչ ոք այդքան չի քննադատել նրան։
-Ինչպես ընդունված է ասել, «տետ ա տետ» հանդիպում չի՞ եղել Ձեր և ՀՀ գլխավոր դատախազի միջև։
-Երկու անգամ հանդիպել եմ նրան և այդ մասին բացահայտ ասել եմ։
-Եվ ի՞նչ վերջաբան են ունեցել այդ հանդիպումները։
-Դրանք ամեն անգամ ավարտվել են բավականին լուրջ քաղաքական բանավեճով ու նրա հորդորով` ամեն ինչ միտինգի մի՛ վերածիր։ Մեր շփումներն ավարտվել են այն պահին, որ պահին վերջակետ է դրվել քրեական գործին վերաբերող հարցերին։ Այսօր որևէ շփում Աղվան Հովսեփյանի հետ չունեմ։ Անկեղծ ասած, նաև չեմ հասկանում, թե ինչու պետք է շփումներ ունենամ երկրի գլխավոր դատախազի հետ։
-Թեկուզև ՀՀ քաղաքական և իշխանական հատվածներին առնչվող Ձեր թղթապանակը հարստացնելու նկատառումով։
-Դրա կարիքը չկա։ Որոշակի փակ ինֆորմացիային տիրապետելը, գեոքաղաքական դաշտում առկա կողմնորոշումներին իրազեկ լինելը դեռևս չի նշանակում որևէ պաշտոնյայի հետ փոխհամաձայնեցված գործունեության ծավալում։
«ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉԿԱ ԼԻՈՎԻՆ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ»
-Անդրադառնանք լրատվական դաշտում առկա այն շշուկներին, թե Ձեզ հաճախ են տեսնում այս կամ այն պաշտոնյայի հետ։
-Ինչ վերաբերում է իմ շփումներին ընդհանրապես, ապա ես առնչվել եմ ուժային կառույցների ներկայացուցիչների հետ` իմ քրեական գործի բերմամբ։
-Եթե չեմ սխալվում, խափանման միջոցը Ձեր նկատմամբ փոխվեց 2008-ի հունիսին, և կալանքից ազատ արձակվեցիք...
-Այո՛, բայց քրեական գործը կարճվեց 2009-ի ապրիլի 15-ին։ Հետաքրքիր է, չէ՞, մոտ տասն ամիս անց։ Հարց է ծագում` ինչո՞ւ։ Որովհետև փորձել են ինչ-որ բան գտնել, բայց չեն գտել։ Դրա համար էլ գործը կարճել են։ Այս պարագայում ոմանք պնդում են, թե պայմանավորվածություններ կան իշխանության հետ։ Այդպիսի բան չկա։ Եվ եթե այդպես լիներ, ուրեմն ինձնից ավելի շուտ կարճված գործերը, որոնք վերաբերում էին Արարատ Զուրաբյանին, Գուրգեն Եղիազարյանին, Արամ Սարգսյանին, Կարապետ Ռուբինյանին և այլոց, նույնպես պիտի լինեին պայմանավորվածության շրջանակում։ Ի՞նչ կարող եմ ասել` հիմարություն է։ Հետաքրքիր է նաև, որ տվյալ հարցերի շուրջ հաճախ փիլիսոփայում են մարդիկ, ովքեր նույնիսկ բանտի պատի տակ կվախենային կանգնել։ Էլ չեմ ասում մեզ նման այնտեղ հայտնվել։
-Իսկ ինչո՞ւ դատարանում չեք բողոքարկում Ձեր նկատմամբ հարուցված գործի օրինականությունը։
-Ես համարում եմ, որ եթե հեղափոխական զարգացումների պարագայում որևէ քաղաքական գործիչ ձերբակալվում է, դա նորմալ է, որովհետև նա հեղափոխական գործընթացների մեջ է։ Քաղաքական տեսանկյունից դա հասկանալի է։
-...քաղաքական գործչի ձերբակալությունը նորմալ բա՞ն եք համարում։
-Կրկնում եմ` քաղաքական տեսանկյունից։ Իրավական տեսանկյունից ձերբակալությունը, միանշանակ, անընդունելի երևույթ է։ Այդ մասին այսօր չեմ ուզում խոսել, միայն կարձանագրեմ. քանի ուժի մեջ էր իմ քրեական գործը, կային և շփումներ իրավապահների հետ։ Երբ այդ գործը վերջացավ, էլ ի՞նչ շփում։ Իսկ ընդհանրապես մենք ունենք լայնածավալ շփումներ տարբեր մարդկանց հետ։
-Ընդդիմության ներկայացուցիչների հետ և՞ս։
-Բավականին սահմանափակ։
-Ինչո՞ւ։ Մտաբերեք, որ ընդդիմության շարքերից բանտ գնացիք։
-Ընդդիմության այդ հատվածն իր որոշումները կայացնում է ինքնուրույն։ Մենք, մաս չկազմելով ՀԱԿ-ին, մեր իսկ ցանկությամբ մի փոքր կողմ քաշվեցինք, ու համոզված եմ, որ ճիշտ վարվեցինք։ Եթե ընդդիմության մեջ որևէ մեկը շատ լուրջ հայտ է ներկայացնում, չպետք է խանգարել։
-Նկատի ունեք Տեր-Պետրոսյանի՞ն։
-Նրան։ Լևոն Տեր-Պետրոսյանը բավականաչափ ձայներ էր հավաքել, ըստ իս, հաղթել էր, և մենք որևէ մեկին խանգարելու կամ ինչ-որ ձևով արատավորելու նպատակ չունեինք։ Փաստեմ, որ լրատվական դաշտի հետ նույնիսկ դադարեցրինք մեր շփումները։
-Ի՞նչ փոխվեց, ուրեմն, ինչո՞ւ որոշեցիք նման լայնածավալ հարցազրույց տալ։
-Ընդդիմադիր դաշտում տեղի ունեցավ այն, ինչ կանխատեսել էինք։
-ՈՒզում եք ասել` ընդդիմությունը պարտվեց։
-Քաղաքականության մեջ չկա՛ լիովին պարտության գաղափարը։ Եթե մարդը պայքարի կողմնակից է, նշանակություն չունի, թե ինչպիսի ձայների է տիրապետում, որովհետև քաղաքական դաշտում նա միշտ էլ դերակատարություն ունի` մեծ թե փոքր։
-Չեմ ընկալում Ձեր ակնարկը։
-Մենք ժամանակին ասացինք, որ ՀԱԿ-ը սխալ վարվեց` մասնակցելով ավագանու ընտրություններին, որովհետև մայիսի 31-ի ընտրությունները, ինչպես կանխատեսել էինք, անցան ծանոթ սցենարով։ Ընդդիմությունը, ըստ էության, հնարավորություն տվեց իշխանություններին մեկ անգամ ևս հաստատելու «մեր դեմ խաղ չկա» ծանոթ սկզբունքը։ Այն է` ընդդիմությունն իր մասնակցությամբ մեկ անգամ ևս հաստատեց աշխարհում ձևավորված այն կարծիքը, թե իշխանությունն անում է այն, ինչ ուզում է։ Իսկ իշխանությունն էլ (թե՛ ներկա, թե՛ նախորդ) ասում է` արեցինք այն, ինչ կարողացանք, ու լավ արեցինք։ Իշխանությունը դաշտում իրեն այնքան ազատ ու անկաշկանդ է զգում, որ այլևս որևէ մեկի հետ չի ուզում հաշվի նստել, անտեսում է անգամ ընդդիմությանը։ Սակայն, նույնիսկ այս պարագայում, ՀԱԿ-ը շարունակում է իր պայքարը` քաղաքական տարբեր ուժերի առաջարկելով համագործակցության պլատֆորմ։
-Ի՞նչ երաշխիք ունեք, թե նույն պատկերը չի լինելու նախագահական հաջորդ ընտրություններում։ Իսկ Դուք այսօրվանից արդեն փորձում եք մասնակցության հայտ ներկայացնել։
-Եթե նկատել եք, Հայաստանում նախագահական և խորհրդարանական ընտրությունները մեծ բախումներով են անցնում։ Այդ ընտրությունների ընթացքում հասարակական կարծիքն այնքան է եռում, որ բախվում է իշխանության նետած մարտահրավերներին։ Դրա համար էլ այդ ընթացքում թե՛ ներքին քաղաքական կյանքն է այլ տրամաբանությամբ շարժվում, թե՛ գեոքաղաքական դաշտն է այդ ամենին այլ հայացքով նայում։
-Պարոն Կարապետյան, կարծես, մեր զրույցի ընթացքում անտեսեցիք հանրությանն իսկապես հուզող կարևոր մի խնդիր. Ռոբերտ Քոչարյանն այսօր և.... վաղը։
-Մարտի 1-ի սպանդից հետո բոլորս էլ համոզված էինք, թե Ռոբերտ Քոչարյանը քաղաքական դաշտից մեկընդմիշտ կհեռանա, որովհետև նրա տասը տարվա կառավարման գնահատականը մարտի 1-ն էր։ Շատերը համոզված էին, թե Սերժ Սարգսյանն էլ որոշակի քայլեր կանի այդ ուղղությամբ։ Ցավոք, Քոչարյանի հիմնական ռեսուրսները թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական դաշտում մնացել են անսասան։ Համոզված եմ, որ հասարակությունը երբևէ է՛լ չի ընդունի Ռոբերտ Քոչարյանին, և նրա վերադարձը բացառում եմ։ Սակայն, հաշվի առնելով, որ վերը նշված ռեսուրսներին նա դեռ տիրապետում է, չեմ կարծում, որ քաղաքական դաշտում նա իր սեփական թիմով չի փորձի ստանձնել որոշակի դերակատարություն։
-«Թիմ» ասելով կոնկրետ ո՞ւմ նկատի ունեք։
-Վարդան Օսկանյան, ՀՅԴ-ի մի մասը, Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն, Հովիկ Աբրահամյան, Արմեն Գևորգյան, իրավապահ կառույցների մի հատված։ Բացի այն իրողությունից, որ հիշատակվածները համարվել ու համարվում են քոչարյանականներ, այսօր նրանք ինչ-որ առումով նաև ինքնուրույն խաղ են սկսել։ Միանշանակ, կարող եմ ասել, որ այս թիմի որոշ անդամներ դրսում շատ լուրջ աջակցություն են փնտրում։
(շարունակությունը` հաջորդիվ)
Զրույցը` Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 1619

Մեկնաբանություններ