Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Երևան-Անկարա հարաբերությունները հայ-թուրքական հարաբերություններ չեն

Երևան-Անկարա հարաբերությունները հայ-թուրքական հարաբերություններ չեն
03.07.2009 | 00:00

ԱԶԳԱՅԻՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
«Իրավունքը de facto»-ն «Ազգային, քաղաքական, պետական մտածողություն» նոր խորագրի շրջանակներում շահագրգիռ բանավեճի է հրավիրում հայաստանաբնակ և սփյուռքահայ քաղաքագետների, հասարակական, քաղաքական, պետական գործիչների, մտավորականների, մի խոսքով` բոլոր նրանց, ովքեր թեմային առնչվող ծանրակշիռ ասելիք ունեն։ Մոսկվաբնակ հրապարակախոս Կարեն Միքայելյանի այս հոդվածը բանավեճի առաջին հրավերն է։
Երևույթն իր անունով չկոչելը, թյուրիմացությամբ կամ միտումնավոր, առաջացնում է շփոթություն, որից օգտվում են դեստրուկտիվ ուժերը` մոլորության մեջ գցելով հասարակությանը: Երևան-Անկարա հարաբերությունների մեկնաբանությունները գրեթե ամբողջովին այսպիսի շփոթությունների արտահայտություն են:
Թուրքիայի Հանրապետությունը ներկայացնում է թուրք ժողովրդին և խոսում է նրա անունից: Հայաստանի Հանրապետությունը չի ներկայացնում հայ ժողովրդին, համայն հայությանը, այլ ներկայացնում է միայն Հայաստանի բնակչությանը և կարող է հանդես գալ միայն նրա անունից, ինչպես արտոնում է ՀՀ Սահմանադրությունը, ըստ որի` նրա իրավասությունները տարածվում են մոտ 30 հազար քառակուսի կմ տարածքի և մոտ երեք միլիոն բնակչության վրա:
Այս թյուրիմացության սկզբնաղբյուրներից է նաև ՀՀ Սահմանադրությունը, որի պրեամբուլում սևով սպիտակի վրա գրված է. «Հայ ժողովուրդը... ընդունում է ՀՀ Սահմանադրությունը»: Հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը որևէ առնչություն չի ունեցել ՀՀ Սահմանադրության ընդունման հետ: Խոսքը կարող է վերաբերել միայն ՀՀ բնակչությանը: Սա մոտավորապես նույն մտածելակերպի և գործելակերպի արդյունք է, ինչպես 1919-ին, երբ ՀՀ իշխանությունները, շտապելով, այն վերակոչեցին «Ազատ Անկախ Միացյալ Հայաստան», իսկ դրանից առաջ Անդրկովկասում 12 հազար քառակուսի կմ տարածքի վրա դրեցին «Հայաստան» անվանումը, երբ համեստ, իրատես, բովանդակալից և քաղաքականապես հեռատես կլիներ անվանել «Արևելյան Հայաստանի Հանրապետություն»։ Նույն (ան)տրամաբանությունը` 1991-ին: Հիշենք, որ երբ հայերը վերականգնեցին իրենց պետականությունը Միջերկրականի ափերին, այն ընդամենը համեստորեն անվանեցին Կիլիկյան հայկական պետություն:
Նման մոլորությունը շարունակվեց խորհրդային ժամանակներում, երբ Ստալինը հայտարարեց, որ Հայկական հարցն ընդմիշտ լուծել են բոլշևիկները` Խորհրդային Հայաստանը հռչակելով «միակ հայրենիքը համայն հայության», հիմք դնելով երևանակենտրոն մտածողության, առողջ և հիմնավորված ռուսամետությունը (երբ մինչև 1917 թ. հոկտեմբերյան հակահեղափոխական հեղաշրջումը կար ազատարար, քրիստոնյա Ռուսաստան) փոխարինելով կույր խորհրդամետությամբ, հիմք դնելով միջհայկական հակամարտությանը, հատկապես սառը պատերազմի ժամանակ, որ մինչև հիմա վերջնականապես դեռ չի հաղթահարված:
Հայ ժողովրդի, համաշխարհային հայության միայն մեկ երրորդն է ՀՀ քաղաքացի, մյուս մասը հայկական սփյուռքն է, տարագիր հայությունը, որ հիմնականում հետևանք է Մեծ եղեռնի, Արևմտյան Հայաստանի հայաթափման, անընդմեջ կոտորածների, դեպորտացիաների: Նախկին Օսմանյան կայսրության կենդանի մնացած հայ քաղաքացիների ժառանգները` արևմտահայերը, որ այսօր աշխարհում (այդ թվում և` ՀՀ-ում) մոտ յոթ միլիոն են, ունեն իրենց յուրահատուկ շահերը, իրավունքները, պահանջատիրությունը: Հայոց ցեղասպանության լիարժեք դատապարտումը, ում և ուր ինչպիսի մեղադրանք և ինչ պահանջներ ներկայացնելն արևմտահայության լիազոր ներկայացուցիչ մարմինների գործն է, երբ նրանք կհիմնադրվեն մոտ ապագայում Արևմտահայերի ազգային համագումարում, Փարիզում (Սևրում), որը նախապատրաստվում է այդ նպատակով ստեղծված Միջազգային կազմակերպչական կոմիտեի կողմից:
Շատերը, թե՛ ՀՀ-ում, թե՛ սփյուռքում, շփոթության մեջ են, երբ ՀՀ իշխանությունները բանակցություններ են վարում առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար: Կա սխալ ընկալում, իբր ՀՀ-ն կարող է հանդես գալ համայն հայության անունից, հետապնդել համահայկական նպատակներ և համապատասխան պահանջներ ներկայացնել Թուրքիային:
ՀՀ-ն կարող էր դա անել, եթե վերահաստատեր (նոր սահմանադրությամբ) իրավահաջորդությունը 1918-1920 թթ. Հայաստանի առաջին Հանրապետությունից, տեր կանգներ և վերակենդանացներ Սևրի դաշնագիրը, ստանար արևմտահայերի պահանջների լիազորությունները: Այդպես էր 1919-ին, երբ Հայաստանի Հանրապետության իշխանական կառույցների շրջանակներում իրենց խնդիրները լուծելու նպատակով արևմտահայերի երկրորդ համագումարի փետրվարի 13-ի նիստում ստեղծված գործադիր մարմնի ընտրած 12 արևմտահայ պատգամավորներ տեղ ունեցան Հայաստանի Հանրապետության Ազգային խորհրդում։
Եվ եթե ՀՀ-ն դա չի անում, պահանջներ չի ներկայացնում Թուրքիային նույնիսկ Կարսի նկատմամբ և Ադրբեջանին` Նախիջևանի նկատմամբ, կամ Վրաստանին` Ջավախքի նկատմամբ, դա պետք է դիտել իբրև գիտակցված ու հիմնավորված գերագույն զիջում ՀՀ իշխանությունների կողմից: Նրանց կողմից այդպիսի զիջում կարելի է համարել նաև այն, որ պահանջներ չեն ներկայացվում Ադրբեջանին դեռ նրա կազմում գտնվող արցախյան մնացյալ տարածքների նկատմամբ: Պահանջներ չեն ներկայացվում հայ փախստականներին Ադրբեջան վերադարձնելու հարցում: Պահանջներ չեն ներկայացվում դատապարտելու համար հայերի ցեղասպանությունն Ադրբեջանում:
Այս բոլորն ահռելի զիջումներ են, որոնց վերաբերյալ կարելի է կարծիքներ հայտնել, տարբեր դիրքորոշումներ ունենալ, գիտական քննարկումներ անցկացնել: Բայց իրողությունն այս է, ՀՀ այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությունն այսպիսին է: Եվ պետք է իրատեսորեն գնահատել, թե ինչու է այսպես, և որ դեպքում կարող է այլ կերպ լինել: Կա՞ արդյոք մեկ ուրիշ, այլընտրանքային քաղաքական մտածողություն, ուրիշ ուղղություն և քաղաքական ուժ, որպեսզի հասարակայնորեն քննարկվի, թե որ զիջումներն են պատճառաբանված, ընդունելի և արդար, որը` ոչ:
Ակնհայտ է, որ Երևանում առայսօր ուրիշ լուրջ, իրական, գործունյա ուժ, բացի իշխանությունից և նրա հանրապետական կուսակցությունից, չկա: Եվ դժվար էր հուսալ, որ ավելին կարող էր լինել, նկատի ունենալով այն իրադարձությունները, պայմանները, ճանապարհը, որ անցել է հայությունը, հատկապես նրա խորհրդային հատվածը: Լիարժեք քաղաքացիական հասարակարգի ձևավորումը դեռ ժամանակ է պահանջում: Փառք Աստծո, որ այսքանն էլ հաջողվեց պահպանել, որ բավարար եղավ անկախության գործընթացը կառավարելի դարձնել (շատ կորուստներով հանդերձ) և նույնիսկ պատերազմ շահել, ընդսմին գիտակցելով, որ լիարժեք հաղթանակը դեռ առջևում է: Սփյուռքում, թերևս, ավելին կարող էր լինել կազմակերպվածության և հատկապես քաղաքական մտածողության ասպարեզում: Կան պատճառներ, բայց արդարացում չկա, որ մինչև հիմա սփյուռքում քիչ թիվ են կազմում հայազգի քաղաքական, պետական գործիչները, դիվանագետները, միջազգային իրավաբանները, բանկիրները, այլ մասնագետներ, որոնք ներգրավված են ազգային կյանքում: Հիմնականում գոյատևման բարդույթն է դեռ գերակշռողը:
Հաղթանակը կարելի է կռել միայն միացյալ ուժերով: Այնինչ առայժմ պատերազմում է հայության միայն մեկ երրորդը (այնպես, ինչպես կարող է):
1914-1918 թթ., 1920-21 թթ. պարտությունների դասերը դեռ լրիվ չեն գիտակցված, դեռ գերակշռում են առասպելները և խեղաթյուրումները: Հայոց Մեծ եղեռնը, Հայաստանի առաջին Հանրապետության կործանումը, 1991 թ. Բաքվի, ադրբեջանահայության հայաթափումը և այլն անխուսափելի չէին: Մեր պարտություններում մեր մեղավորության չափի ուրացումը կործանարար է: Դատապարտվածության և անելանելիության, «մեր սև բախտի» բարդույթը դեռ իշխում է:
Համայն հայության մասնակցությունը հայկական պետականության վերականգման գործընթացին աննշան է: Այն օգնությունը, որը գալիս է դրսից, հատկապես Ռուսաստանից, որի շնորհիվ հազարավոր ընտանիքներ ՀՀ-ում և Արցախում գոյատևում են, տարերային բնույթ է կրում, և որոշիչ նշանակություն չի կարող ունենալ պետության տնտեսության, քաղաքականության, դիվանագիտության և, ամենակարևորը, ռազմական հզորացման գործում: Այդ գործին լիարժեք մասնակից կարող է լինել միայն համապատասխան կերպով վերակազմավորված հայկական սփյուռքը, հայության միակ իրական և էական ռեսուրսը: Այսօրվա դրությամբ դրա համահավաք պատկերն է ներկայացնում «Հայաստան» հիմնադրամը, որի դրամական ֆոնդը տարեկան ընդամենը մի քանի միլիոնի է հասնում: Այնինչ պետք է մի քանի միլիարդ լիներ: Եվ կարող է, պարտավոր է լինել, եթե հրամայական անհրաժեշտություն է, որ հայության մեծ և կարևոր հատվածը կատարի իր պատմական առաքելությունը, մասնակցություն բերի հայրենիքի վերաստեղծման սուրբ գործին: Այն գործին, որ Կիլիկյան հայկական թագավորության անկումից հետո հայկական պետականությունը վերականգնելու առաջին առիթը կորցրինք անցյալ դարի սկզբին:
Այս իրավիճակում, ոգեղեն և նյութական այս ուժերով ինչի՞ կարող ենք հասնել, ի՞նչը պահպանել, ի՞նչը և ինչպե՞ս զարգացնել, ի՞նչ ուժ և կորով կարող են հայերը ցուցաբերել, որպեսզի այլևս չլինեն նոր պարտություններ, նոր կորուստներ:
Տեսնելով հայերի համընդհանուր վիճակը, ազգային համերաշխության աստիճանը, կազմակերպվածությունը, մարտունակությունը, դիմադրողականությունը, մրցունակությունը, ոգին` ընթացող բանակցություններում հայկական կողմին փորձում են ստիպել գնալ նոր զիջումների:
Նոր զիջումներ սպասելը հայկական կողմից, հատկապես ղարաբաղյան հակամարտության բանակցություններում, որտեղ հայերը ոչ միայն արդար են, այլև հաղթանակած (ի տարբերություն հայ-թուրք հարաբերությունների, ուր արդար էինք, բայց ոչ միշտ ճիշտ և պարտված) անօրեն է, անիրական է, անբարոյական է, կարող է ճակատագրական ու կործանարար լինել: Ավելին: Ադրբեջանի հետ Արցախի կարգավիճակի կապակցությամբ բանակցություններ վարելը պատճառաբանված չէ, անիմաստ է և անարդյունավետ: Նրա հետ բանակցություններ կարելի է վարել միայն հարաբերություններ հաստատելու հողի վրա, պայմանով, որ նա ընդունի կայացած իրավիճակն իբրև անվերականգնելի իրականություն, փաստ և հրաժարվի իր անօրեն ու անիրականանալի պահանջներից:
Ադրբեջանը հայկական տարածքներ չի գրավել: Այդ տարածքները` Արցախը և Նախիջևանը, գրավվել են Խորհրդային Ռուսաստանի կարմիր բանակի կողմից և հանցագործ կերպով հանձնվել Ադրբեջանին 1921-ի Կովբյուրոյի տխրահռչակ որոշումներով: Երբ Խորհրդային բանակը հեռացավ Ադրբեջանից ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, Ադրբեջանը, զրկվելով Կրեմլի հովանավորությունից, պարտություն կրեց իր իսկ սկսած պատերազմում, և հայերը մասամբ ազատագրեցին զավթված հայկական տարածքները:
Այդ իսկ պատճառով բանակցություններն անհրաժեշտ է վարել ՌԴ իշխանությունների հետ, որն իրավահաջորդն է Խորհրդային Ռուսաստանի, Խորհրդային Միության, և առաջին հերթին մի գլխավոր նպատակով հասնել նրան, որ այդ իշխանությունները դատապարտեն նախկին վարչակարգի հանցագործություններն ու աջակցեն այդ հանցագործությունների հետևանքների ուղղմանը: Հակամարտությունը, այսպես կոչված, ղարաբաղյան հակամարտությունը, սկսվել է ոչ թե 1988-ին, այլ 1921-ին, երբ հայերը պարտություն կրեցին քեմալա-բոլշևիկյան արշավանքից հետո, երբ Հայաստանի առաջին Հանրապետությունը բռնի խորհրդայնացվեց, զրկվեց անկախությունից ու մասնատվեց: Այս իմաստով այդ լոկալ հակամարտությունը կարելի է համարել ավարտված Արցախի` դեֆակտո ՀՀ-ին միացումով, ՀՀ-ի տարածքային մասնակի ամբողջականության վերականգնմամբ, երբ կարելի կլինի դեյուրե այդ միացումն ընդունելի դարձնել համաշխարհային հանրությանը, առաջին հերթին Մոսկվային, հետո մյուսներին: Ինչո՞ւ սկզբում Մոսկվային: Որովհետև Կրեմլի հորինվածքն է հետխորհրդային մինի-կայսրությունների, այդ թվում և` Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» անձեռնմխելիությունը: Մյուսները կրկնօրինակում են Մոսկվային: Պաշտպանում են Լենինի, Ստալինի` մեծ մասամբ հանցավոր կերպով գծած խորհրդային սահմանները: Սա աբսուրդ է, հատկապես Արևմուտքի դիրքերից: Եվ սա բացատրել միայն «կրկնակի ստանդարտների» քաղաքականությամբ, պարզունակ է, ինքնարդարացման հնարք է: Բայց սա մեր հանցանքն է: Ալիևը, Սաակաշվիլին և մյուսները կարողացել են օգտագործել մերօրյա դեռ թույլ և խոցելի Ռուսաստանի այդ սխալ կեցվածքը: Այդպիսի կեցվածքն ակնհայտ դարձավ, երբ Կրեմլը վերջապես ճիշտ և արդարացի վարվեց, երբ ազատագրեց Աբխազիան ու Հարավային Օսիան վրացական մինի-կայսրության գերությունից, բայց չհաջողեց մինչև այսօր դա այնպես ներկայացնել, ինչպես, օրինակ, Արևմուտքը ներկայացրեց իր դիրքորոշումը Կոսովոյի դեպքում: Կրեմլը միայն մի միջոցով կարող է իր արարքն արդարացի և ընդունելի դարձնել, եթե դատապարտի նախկին վարչակարգի հանցագործությունները և նպատակ դնի վերացնելու հետևանքները: Ոչ թե արդարանա այն պատրվակով, որ պատերազմ սկսեց Վրաստանի դեմ, իբր, նպատակ ունենալով պաշտպանել իր միջնորդ խաղաղապահներին և քաղաքացիներին: Դրա հետևանքով վրացիները խորամանկորեն կարողանում են (առնվազն մինչև հիմա) հարցն այնպես ներկայացնել, որ պատժվում են Մոսկվայի կողմից իրենց արևմտամետ լինելու և ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկության համար: Եվ Մոսկվայի դեռ վերջնականապես ապախորհրդայնացված չլինելու կացությունը, նախկին վարչակարգի գործած հանցագործություններից ձերբազատված չլինելը, նրա նոր իշխանությունների վարած ներքին և արտաքին քաղաքականությունը խոչընդոտում են ռուսներին իրենց ազգային շահերն արդյունավետ պաշտպանելու, միջազգային կյանքում պոզիտիվ և ակտիվ մասնակցություն ունենալու, համաշխարհային նոր, ավելի արդար, ավելի բարոյական համակարգ ձևավորելու գործընթացի մասնակիցը լինելու հարցերում: Բայց ռուսները բռնել են այդ դժվար ճանապարհը յոթանասունից ավելի տարիների մոլորություններից հետո, արդեն նշանակալի ուղի են անցել ազգային վերածննդի, ազգային պետականության վերականգնման գործընթացում: Եվ Մեդվեդևի վերջերս ընդունած Ռուսաստանի ազգային անվտանգության հայեցակարգը կարևոր ու հուսադրիչ քայլ է այդ ուղղությամբ, ապախորհրդայնացման, ռուսական նոր ազգային, առաջադիմական, քաղաքական մտածողության ձևավորման ճանապարհին: Ողջունելի է նաև Ռուսաստանի միացյալ դեմոկրատական կուսակցության նոր ընդունած քաղաքական դոկտրինը, որի համաձայն Ռուսաստանի արդիականացումն անհնարին է առանց նրա լրիվ և վերջնական ապաբոլշևիկացման, ապաստալինացման, ԽՍՀՄ-Արևմուտք հակամարտությունից, սառը պատերազմի հետևանքներից ազատվելու, դեպի նոր` Ռուսաստան-Արևմուտք համագործակցության ճանապարհին:
Ժամանակակից հայ ազգային քաղաքական մտածողության պակասի հետևանքը չէ՞ր, արդյոք, որ, ի հակադրումն «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման, ի հակադրումն 1991 թ. սեպտեմբերի 25-ի Հայաստանի անկախության հռչակագրի, Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգման գործընթացը վերափոխվեց «Ղարաբաղի հայերի ինքնորոշման» խնդրով, Արցախում երկրորդ հայկական պետության ճանաչման թույլ և անհեռանկարային հարցով: Այս մետամորֆոզը, պարտվողական (իբր խորամանկ, բայց իրականում վախկոտ) մտածելակերպը և գործելակերպը ներկայացվում է ՀՀՇ-ից ժառանգած իբրև իրատես քաղաքականություն: Այս հայեցակարգի վրա հիմնված բանակցությունները հակառակորդի դաշտում տանում են փակուղի, երբ Բաքուն, օգտվելով սրանից, մոլորեցնում է համաշխարհային հանրությանը, խոստանալով «Ղարաբաղի հայերին» ամենաընդարձակ ինքնավարություն: Բացի դրանից, այս դիրքորոշումն օգնում է հակառակորդին տեսականորեն հիմնավորելու պատերազմի միջոցով հարցը լուծելու իր իրավունքը, եթե հարցը ներկայացվում է ոչ թե որպես Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման հրամայական, որ այդպես է, այլ Ադրբեջանի, որ այդպես չէ:
Հայկական հարցի (արևելյան և արևմտյան ասպեկտներով) լուծումը կարող է անհամեմատ արդյունավետությամբ հետապնդվել, եթե միջազգային կյանքում ձևավորվի հզոր ինքնուրույն հայկական գործոն, որը հնարավոր կդառնա, երբ հայ սփյուռքը ներկայանա իբրև կազմակերպված ինքնակառավարելի մարմին` ի դեմս արևմտահայերի լիազոր ներկայացուցչական մարմինների (Արևմտահայերի Ազգային Ժողով, Ազգային խորհուրդ), որը հնարավոր կդարձնի համաշխարհային հայության երկու հատվածների միջև աշխատանքի բաժանումը, դերերի բաշխումը` լիարժեք համագործակցության պայմաններում, և երբ հնարավոր կլինի այնպիսի համահայկական ծրագրեր մշակել ու իրագործել, որոնք հայ ժողովրդի համար անվտանգ և հեռանկարային զարգացման ապագա կապահովեն:
Կարեն ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Հրապարակախոս
Մոսկվա

Դիտվել է՝ 1555

Մեկնաբանություններ