ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Թալիշական հարցի լուծման տարբերակները

Թալիշական հարցի լուծման տարբերակները
26.06.2009 | 00:00

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
Հարավային Կովկասում թվակազմով 4-րդ ժողովուրդը` թալիշները, շարունակում են մնալ ադրբեջանական լծի տակ և ենթարկվել էթնոքաղաքական, տնտեսական, սոցիալ-մշակութային խտրականության։ Ադրբեջանական իշխանությունները շարունակում են թալիշների գոյությունը չընդունելու քաղաքականությունը, պնդելով, թե թալիշները վաղուց ինտեգրացված են ադրբեջանական ազգի մեջ, ինչպես Արևելյան Կովկասի իրանական ծագում ունեցող այլ ժողովուրդները` մուղանցիները, սալիանցիները, թաթերը։

Տարբեր երկրների որոշ ազգագրական ինստիտուտներ, ելնելով ադրբեջանական գործակալների և էմիսարների հետ իրենց կապերից, թալիշների թվակազմը մատնանշում են ոչ ավելի, քան 220-300 հազար մարդ։ Այդ ժողովրդի հյուսիսային ճյուղը, բնակվելով Արաքսի և Կուրի միախառնման շրջանից 150 կմ շրջագծով, զգալիորեն ուծացված է, կորցրել է իրանական ինքնագիտակցությունը, և այդ պատճառով էլ թալիշական ինտելեկտուալների շրջանում ընդունված է համարել, որ թալիշների թվաքանակը 800 հազարի սահմաններում է։ Միաժամանակ այդպիսի սահմանափակ գնահատականները բացատրվում են նաև սուբյեկտիվ պատճառներով, քանի որ որոշ թալիշներ, ամենից առաջ թալիշական քաղաքական շարժման ներկայացուցիչները, չեն ցանկանում թալիշական էթնոսի շրջանակներում տեսնել այն թեյփերը (ցեղախմբերը), որոնք բնակեցվում են այդ շրջաններում և տարաբաժանված են «հարավային» ու «միջին» գոտիներում բնակվող թալիշներից։ Հավանաբար, այստեղ առկա են զուտ տեղային շահեր, ինչը պայմանավորված է լայն հասարակական-քաղաքական մտածողության բացակայությամբ։
Ընդ որում, չկան օբյեկտիվ գնահատականներ, թե որքան թալիշներ են բնակվում Բաքվում ու նրա շրջակայքում։ Խորհրդային տարիներին Ադրբեջանի իշխանությունները Մոսկվայի թողտվության պայմաններում իրագործում էին թալիշներին, որպես առանձին ժողովուրդ, չճանաչելու քաղաքականություն` համարելով նրանց առանձին ազգագրական խումբ։ 1996-ին թալիշ մտավորականների մի խումբ դիմեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ազգագրության ինստիտուտին և ստացավ քիչ թե շատ օբյեկտիվ գնահատական թալիշների իրական թվաքանակի մասին։ Իրականում թալիշների թվակազմն Ադրբեջանում առնվազն 1,5 մլն է, թալիշները զոհ են դարձել խորհրդային ռեժիմին, որը նպատակամղված անտեսել է թալիշների գոյությունը որպես ազգի, ազերիներին հաճոյանալու նպատակով։ Թալիշներից խլվել են նրանց լեզուն, ինքնագիտակցությունը, մշակույթը և անգամ ազգային անվանումը։ Չնայած դրան, թալիշները մեծ ներդրում են ունեցել այն տնտեսության ու մշակույթի ստեղծման մեջ, որ կոչվել է ադրբեջանական։ Ազգային գոյության արգելման այդպիսի կոշտ պայմաններում բազմաթիվ թալիշներ հարկադրված էին կոնֆորմիստական պահվածք որդեգրել` հաշտվելով ճակատագրի հետ։
Սակայն նրանց լեզուն, ինքնանվանումն ու ինքնագիտակցությունը չանհետացան։ Խորհրդային ռեժիմի գոյության տասնամյակների ընթացքում թալիշական շարժման ակտիվիստները ստեղծում էին գաղտնի կազմակերպություններ ու հայրենասերների միություններ։ Թալիշ ուսուցիչը, բռնադատման ենթարկվելու վտանգից չվախենալով, երեխաներին սովորեցնում էր մայրենի լեզուն` օգտագործելով այն սահմանափակ դասագրքերի պատճենները, որոնք խորհրդային իշխանության առաջին տարիներին հրապարակվել էին թալիշերենով։ Թալիշստանի լեռնային շրջաններում պահպանվում էին ավանդույթներն ու շիա մահմեդականությունը, թալիշերենն ու թալիշական սովորույթները։ Մեծ նշանակություն ունեցավ բանավոր ստեղծագործության ու երաժշտության առկայությունը, որոնք պահպանեցին թալիշ ժողովրդի ոգին։ 1960-ականներին Բաքվում և Լենքորանում ստեղծվեցին թալիշների կազմակերպված խմբեր, որոնք, սակայն, շատ արագ ջախջախվեցին ադրբեջանական ՊԱԿ-ի կողմից, և տասնյակ մարդիկ, մեղադրվելով սովորական քրեական հանցագործությունների մեջ, դատապարտվեցին ու ընդմիշտ կտրվեցին հայրենիքից։ 1980-ականների վերջին Լեռնային Ղարաբաղում հայերի ապստամբության ազդեցությամբ թալիշներն էլ ազգային ինքնորոշման անհմուտ փորձ կատարեցին, թալիշական մտավորականների մի խումբ փորձեց ստեղծել Թալիշա-Մուղանական Հանրապետությունը։ Նախաձեռնությունը ջախջախվեց ադրբեջանական շովինիստների կողմից` ռուսական, իրանական և արևմտյան հասարակությունների լուռ համաձայնության պայմաններում։ Սա օրինաչափ էր, քանի որ թալիշական ակտիվիստները չունեին քաղաքական փորձ, չկարողացան հաստատել արտաքին շփումներ և ապահովել խոշոր տերությունների աջակցությունը։ Հարկ է նշել, որ այդ փուլում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կարող էր օգնության գալ թալիշներին` թույլ տալով հայկական զորքերին ճեղքում իրականացնել Լենքորանի ուղղությամբ։ Սակայն հայկական իշխանությունները ցանկություն չունեին լուծելու այդ պատմական խնդիրը, թեպետ, եթե դա տեղի ունենար, աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում այսօր շատ կողմերով այլ կլիներ։
Արևմուտքի և Ռուսաստանի բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ գործնականում մոռացության մատնեցին այն բռնությունները, որոնց ենթարկվեցին թալիշ ժողովուրդը և թալիշական շարժման ակտիվիստները` Թալիշա-Մուղանական Հանրապետության ջախջախումից հետո։ Շարժման ակտիվիստների տվյալների համաձայն, ձերբակալվեց մոտավորապես 2800 մարդ, որոնց անուններն ու տվյալները հայտնի են, և որոնցից 169-ը կա՛մ սպանված են, կա՛մ համարվում են անհետ կորած։ Այս ռեպրեսիաներն ավելի զգալի կլինեին, եթե իրանական հասարակությունն իր բողոքը չարտահայտեր` այդ իրադարձությունների հետ կապված։ Այդ փուլում Իրանի պաշտոնական շրջանակները հասարակական ֆոնդերի ու մեջլիսի որոշ պատգամավորների միջոցով հասկացրին Ադրբեջանի ղեկավարությանը, որ այդ իրադարձությունները չեն կարող ազդեցություն չունենալ իրանա-ադրբեջանական հարաբերությունների վրա։ Եվ, այնուհանդերձ, ավելի քան 3 հազար թալիշներ` ներառյալ հասարակական ակտիվիստներն ու նրանց ընտանիքի անդամները, ստիպված եղան հեռանալ Ադրբեջանից` ռեպրեսիաներից խուսափելու համար։
1990-ականներին, թալիշ ժողովրդի համար ամենաբարդ փուլում, Ռուսաստանի իրավապահ մարմիններն իրենց ամոթալի ներդրումն ունեցան այդ ռեպրեսիաների իրականացման մեջ` Ադրբեջանին հանձնելով թալիշական շարժման ակտիվիստներին, ինչը թալիշներն այսօր էլ չեն մոռացել։ Նույնպիսի քաղաքականություն Ռուսաստանն իրականացնում էր լեզգիական քաղաքական շարժման ակտիվիստների նկատմամբ։ Ներկայումս գոյություն ունի համաձայնագիր Ռուսաստանի և Ադրբեջանի միջև` այդ կարգի մարդկանց ձերբակալելու և հանձնելու վերաբերյալ։ Մինչդեռ Ադրբեջանն այդպես էլ չկատարեց իր համարժեք պարտավորությունները` չեչենական դիմադրության ներկայացուցիչներին Ռուսաստանին հանձնելու վերաբերյալ։ Հարկ է ընդգծել, որ Ադրբեջանը փորձեց Ռուսաստանում հաստատել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին հանձնելու պրակտիկա, և Ռուսաստանը պատրաստ էր ընդունելու այդ պայմանները։
Թալիշական համայնքի առաջնորդ Իսմայիլ Շաբանովը Մոսկվայում անցկացված կոնֆերանսում, որ կոչվում էր «Թալիշական սփյուռք», քննադատեց Ադրբեջանի իշխանություններին, ընդգծելով, որ նրանք օրինակ պետք է վերցնեն բազմազգ Ռուսաստանից, թե ինչպես պետք է ապահովել տարբեր ժողովուրդների իրավահավասար ու խաղաղ գոյակցությունը մի պետության մեջ։ «Ադրբեջանի ղեկավարությունը շատ կոշտ քաղաքականություն է իրականացնում ազգային փոքրամասնություններին ճնշելու ուղղությամբ։ Ադրբեջանի հարավային շրջաններում, որոնց բնիկ բնակչությունը թալիշներ են, իրականացվում է քրդերի զանգվածային վերաբնակեցում։ Միայն Լենքորանում վերաբնակվել է մոտ 5 հազար, իսկ գյուղերում` 500-1000 մարդ։ Իշխանությունների նպատակն է այդ գործընթացը խրախուսելու միջոցով ոչնչացնել թալիշական հին քաղաքակրթությունը։ Նրանք ցանկանում են փոխել ոչ միայն ժողովրդագրական իրավիճակը, այլև բնական լանդշաֆտը։ Օրինակ, կտրվել են Թալիշստանում միշտ էլ տարածում ունեցող երկաթի ծառերը։ Տեղական բնակչության համար անտանելի պայմաններ են ստեղծվում, նրանք չեն կարող հող գնել, սեփական գործ սկսել։ Յուրաքանչյուր փռշտոցի համար թալիշները պետք է Բաքվից թույլտվություն ստանան, մինչդեռ եկվորների համար առավելագույն նպաստավոր պայմաններն են ստեղծվում։ Որպես թալիշական սփյուռքի ղեկավար` ես ցանկանում եմ Ադրբեջանի իշխանությունների հետ տրամաբանության շրջանակներում արդար երկխոսություն սկսել։ Մենք լարվածության մեծացում չենք ցանկանում, թեպետ թալիշներին ոչնչացնում են ամեն քայլափոխի։ Իմ ընկերոջից պահանջել են դիմում գրել, որ ինքը քուրդ է, իսկ երբ հրաժարվել է, ստիպված է եղել հեռանալ աշխատանքից։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին` հրաժարվել այդպիսի քաղաքականությունից։ Իրենց գործողություններով նրանք ուզում են թալիշներին վերածել գայլերի, տարածաշրջանից հեռացել է ամբողջ երիտասարդությունը»,- հայտարարել է Շաբանովը (Bakililar.AZ)։
Ադրբեջանական իշխանությունները վերջին 15 տարիներին փորձեցին ոչ միայն ոչնչացնել թալիշական հասարակական-քաղաքական շարժման հիմքերը, այլև վերափոխել թալիշ ժողովրդի հասարակական ու էթնիկ գիտակցությունը։ Թալիշստանում տեղակայված են պետանվտանգության ու ներքին զորքերի ուժեղացված ստորաբաժանումներ, բանակային զորամասեր։ Բաքվում իրականացվում է թալիշական էլիտային կաշառելու և վախեցնելու որոշակի քաղաքականություն, ինչը հանգեցրել է որոշ արդյունքների։ 1990-ականների վերջին թալիշական միջավայրում ուժեղացան տրամադրությունները, թե ադրբեջանական պետության շրջանակներում թալիշները կկարողանան պահպանել իրենց ինքնությունը, լեզուն ու մշակույթը։ Ինչպես Ադրբեջանի ամբողջ ժողովուրդը, թալիշներն էլ հույսեր են կապել նավթային եկամուտներից իրենց բաժինն ունենալու հետ։ Անշուշտ, չի կարելի միամտության մեջ մեղադրել մի ողջ ժողովրդի ու նրա մշակութային ներկայացուցիչներին, ովքեր հայտնվել են զանգվածային ռեպրեսիաների մշտական վտանգի ներքո։ Սակայն արդյունքում, սոցիալական իրավիճակի բարելավման փոխարեն, տեղի ունեցավ թալիշների զանգվածային արտագաղթ Ռուսաստան, ՈՒկրաինա և այլ երկրներ, ուր հիմա բնակվում է մոտ 250 հազար թալիշ։
Միևնույն ժամանակ զանգվածային արտագաղթը դարձավ թալիշական քաղաքական շարժման վերակենդանացման կարևոր գործոն։ Ռուսաստանում և ՈՒկրաինայում գործող թալիշական սփյուռքում ազգային գիտակցության վերազարթոնք է, ավելի լայն կիրառում է գտնում թալիշերենը, ձևավորվում են թալիշական սփյուռքի կազմակերպությունները, որոնք տարաբաժանված են ադրբեջանական համանման կառույցներից։ Ռուսաստանի իշխանությունները թալիշների, ինչպես և լեզգիների նկատմամբ սկսել են վարել երկակի քաղաքականություն։ Մի կողմից շարունակվում է Ադրբեջանին ծառայությունների մատուցումը` նրանց Բաքվին հանձնելու միջոցով, մյուս կողմից` Ռուսաստանը շանտաժի է ենթարկում Ադրբեջանին` այդ գործոնների օգտագործմամբ։ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան մի պատասխանատու պաշտոնյայի բնորոշմամբ. «Ռուսները ոչ մի հնարավորություն բաց չեն թողնում էթնիկ խմբավորումների հավակնություններն օգտագործելու Ադրբեջանի նկատմամբ ճնշում գործադրելու համար։ Թալիշական կազմակերպությունները Ռուսաստանում կարելի է բաժանել երկու մասի։ Մի մասն իսկապես անկախ է և ունի տարաբնույթ դժվարություններ, մյուսները գտնվում են Ռուսաստանի հատուկ ծառայությունների վերահսկողության տակ»։ Այսպես թե այնպես, Ռուսաստանի իշխանությունների ազդեցությունը թալիշների վրա մեծանում է։ Կա ենթադրություն, որ Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետաքրքրվածությունը պայմանավորված է նրանով, որ տարածաշրջանի անվտանգության տեսանկյունից կարևոր նշանակություն ունեցող թալիշաբնակ տարածքները կարող են հայտնվել Իրանի վերահսկողության տակ։ Բացի դրանից, այդ տարածքում արդեն տեղակայված են ԱՄՆ-ի հետախուզական ռադարները, որոնք գործում են Իսրայելի մասնակցությամբ։
Իրավիճակն այժմ փոխվել է, և միջազգային քաղաքականության ու աշխարհաքաղաքական իրադրության նոր զարգացումների արդյունքում Թալիշստանը գրավել է Ռուսաստանի ու Իրանի ուշադրությունը։ Թալիշական հայրենասերների շարժումը հետաքրքրել է նաև Եվրոպային։ Ադրբեջանի ղեկավարությունը մշտական քաղաքական դիսկոմֆորտ է ապրում Թալիշստանի պատճառով, որը դառնում է անվերահսկելի։ Թալիշստանի լեռնային շրջանները գործնականում ինքնավար են, ուր չեն համարձակվում նույնիսկ մտնել իշխանության ներկայացուցիչները։ Ռուսաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում առաջացել են թալիշական վտարանդիական խմբավորումներ ու կազմակերպություններ, որոնք փորձում են համախմբել թալիշների ներուժն արտասահմանում` հայրենիքի ազատագրման նպատակով։ Այդպիսի մի նոր կազմակերպություն ստեղծվել է Շվեդիայում և շուտով կվերածվի թալիշական վտարանդիության կենտրոնի։ Սակայն գլխավոր աջակցությունը թալիշ ժողովուրդը ստանում է Իրանից, որի պատմական հատվածն է հանդիսանում։ Իրանում բնակվող հարյուր հազարավոր հայրենակիցներ մասնակցում են թալիշական ազգային ազատագրական շարժման կայացմանը։ Իրանի կառավարությունն ու հասարակությունը Թալիշստանը, իսկ ավելի ճիշտ, ընդհանուր հայրենիքից կտրված Հյուսիսային Թալիշստանը, դիտարկում են իբրև իրանական աշխարհի մի բաղկացուցիչը։ Թալիշական ազգային շարժման կողմնորոշվածությունը դեպի աշխարհիկ քաղաքական արժեքները չի ժխտում Իրանի հետ համագործակցության հնարավորությունը, որովհետև աշխարհաքաղաքական շահերն ավելի առաջնահերթ են։ Նախկինում Իրանի հետաքրքրությունը Թալիշստանի նկատմամբ սահմանափակ էր, և երբ Բաքուն սկսում էր առանձնակի հետաքրքրություն դրսևորել Իրանի հյուսիս-արևմտյան ադրբեջանաբնակ շրջանների նկատմամբ, Թեհրանն անմիջապես զգուշացնում էր թալիշական շարժման ակտիվացման հնարավորության մասին։ Այս հնարքն օգտագործվել է Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեիի օգնականների, նախկին արտգործնախարար Վելայաթիի կողմից, երբ Բաքուն փորձեց միջազգայնացնել Իրանի հյուսիս-արևմտյան նահանգների խնդիրը։
Ներկայումս կան նախանշաններ, որ Իրանն անցել է Թալիշստանն Ադրբեջանից տարանջատելու քաղաքականության` դուրս բերելով այն ադրբեջանական իշխանությունների վերահսկողությունից։ Չճանաչված պետության մոդելի կիրառումն առայժմ իրատեսական չէ, բայց գործը դրան էլ կհասնի։ Բնութագրական է այն, որ եթե նախկինում Իրանը ցանկալի չէր համարում թալիշական թեմայի արծարծումը եվրոպական բեմահարթակներում, ապա այժմ ինքն է այդպիսի փորձեր նախաձեռնում։ Իրանը շահագրգռված է նաև այս հարցում Ռուսաստանի ուշադրության մեծացմամբ. վերջին շրջանում Թալիշստանով հետաքրքրվում են ռուսական քաղաքական գործիչներն ու Պետդումայի պատգամավորները։ Թեպետ վաղուց ժամանակն է այնտեղ ստեղծելու թալիշական բարեկամության խումբ. դրա համար քաղաքական պայմանները հասունացած են։
Աիլքրամ Գումբատովի` թալիշական ազգային հերոսի ազատումն ադրբեջանական բանտից միջազգային հանրության միջամտության շնորհիվ դարձավ թալիշական ազգային շարժման զարգացման կարևոր փուլերից մեկը, քանի որ ոգևորեց բազմահազար թալիշների` ամբողջ աշխարհում։ Ադրբեջանական ղեկավարությունն իզուր փորձում է Թալիշա-Մուղանական Հանրապետության ստեղծման փորձը բացատրել տեղական կլանների հավակնություններով։ Տոտալիտար համակարգի փլուզման արդյունքում փլուզվել է նաև Մոսկվա-Բաքու-Թալիշստան եռամիասնությունը, և թալիշական շարժման խնդիրները դարձել են հստակ ու որոշակի։ Առաջիկա տասը տարվա ընթացքում կստեղծվի թալիշա-մուղանական անկախ պետություն` Եվրամիությանն ինտեգրացվելու ձգտումով։ Ներկայումս թալիշները փորձում են առաջ քաշել ինքնավարության գաղափարը, ինչը քաղաքական հասունության ցուցանիշ է, եթե նկատի ունենանք, որ ցանկացած ինքնավարություն առաջին քայլն է դեպի անկախություն։ Թալիշական առաջնորդների մի մասը նախընտրում է խոսել ոչ թե ինքնավարության, այլ Ադրբեջանի քաղաքական կյանքում թալիշների ինտեգրացիայի, թալիշական կուսակցությունների ստեղծման և հանրագումարում Բաքվում իշխանությունը «վերցնելու» մասին։ Այսինքն, կա նաև Ադրբեջանի իրանացման գաղափարը։
Բոլոր այս գաղափարները փորձարկում պիտի անցնեն հասարակական երկխոսության միջոցով, սակայն ավելի կարևոր է, որ թալիշական շարժումը վերածնվել է և հայտարարում է իր մասին։ Թալիշական կազմակերպությունների ներկայիս ղեկավարները Ռուսաստանում միայն արտաքուստ են հրաժարվել անկախացման գաղափարից, որպեսզի ավելի բարենպաստ պայմաններ ստեղծեն պայքարը շարունակելու համար։ Թալիշստանը ձեռք է բերում նոր գեոռազմավարական նշանակություն, քանի որ Կասպից ծովի ավազանը դառնում է լայնածավալ մրցակցության դաշտ` կոմունիկացիոն ու էներգետիկ տեսանկյունից։ Ադրբեջանն ու ԱՄՆ-ը բավական վաղուց սերտ համագործակցում են Կասպիցի ավազանի և Իրանի հյուսիսային տարածաշրջանների վերահսկողության հարցում։ Ներկայումս, ոչ ամբողջական տվյալներով, երկու այդպիսի օբյեկտ կա Ադրբեջանում, որոնցից մեկը տեղակայված է Լերիկի շրջանում` համանուն գետի վերին հոսանքում, անմիջապես իրանական սահմանի վրա և հյուսիսային ու հյուսիս-արևմտյան Իրանի օդային տարածքը 1000 կմ շրջագծով հսկողության տակ վերցնելու նպատակ ունի։
Հարկ է ընդգծել, որ «Հյուսիս-Հարավ» կոմունիկացիոն նախագծի իրագործումը, որ ենթադրում է երկաթուղային հաղորդակցության հաստատում Ռուսաստանի ու Հնդկաստանի միջև Ադրբեջանի, Իրանի և գուցե Պակիստանի տարածքով, առայժմ բավարար տնտեսական հիմնավորումներ չունի։ Որովհետև բեռնափոխադրումների սպասվող ծավալը մեծ չէ, իսկ Հարավային Ասիայից դեպի Եվրոպա բեռնափոխադրումների իրականացումը Ռուսաստանի տարածքով բավական կասկածելի գաղափար է։ Բայց եթե դա իրագործվի, Աստարան երկաթուղային կարևոր հանգույց կդառնա, ու Թալիշստանը կհայտնվի լուրջ ուշադրության կենտրոնում` որպես կարևոր գեոռազմավարական նշանակություն ունեցող գոտի։ Այս հանգամանքները չեն կարող չպայմանավորել տարբեր տերությունների ուշադրությունն այդ տարածքի նկատմամբ, ինչը Իրանում ու Ռուսաստանում հանգեցրել է այն գիտակցության, որ անհրաժեշտ է ակտիվացնել իրենց ներկայությունն այդ գոտում և թալիշական էթնոքաղաքական դաշտում առհասարակ։ Կասկած չկա, որ Իրանի օրինակին հետևելով` Ռուսաստանը ևս մեծացնելու է ուշադրությունն ու գործունեությունն այս ուղղությամբ։ Անցել են 1990-ականները, երբ Ռուսաստանը զգուշանում ու գրգռվում էր այն տեղեկություններից, թե Իրանը Թալիշստանն Ադրբեջանից անջատելու ծրագրեր ունի, և այդ մասին զգուշացնում էր Ադրբեջանին։ Ռուսաստանն այլևս շահագրգիռ կողմ է, որպեսզի Իրանն ակտիվ դեր ունենա թալիշական հարցում։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1547

Մեկնաբանություններ