Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՊԻ՛ՆԴ ԿԱՑ

ՊԻ՛ՆԴ ԿԱՑ
18.03.2011 | 00:00

Էս ի՜նչ նշանավոր օր ենք հանդիպում նշանավոր Սոս Սարգսյանի հետ. այսօր Զորավար Անդրանիկի ծննդյան օրն է։ Մեկ շաբաթ առաջ մեծն Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն էր։ Շատ չէ` երկու շաբաթ առաջ Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն էր։ Մի անգամ Սոսն ասաց. «Այտա, չգիտեմ` Հրանտն ինձ ասաց, թե ես Հրանտին ասացի` արի մեր Լոռու բառ ու բանով խոսենք, տենանք որ մեկս կհաղթի։ Կռվեցինք, հաղթեց մեր լեզուն»։ Փետրվարի 5-ին էլ ծնվել է Հրանտի հետ սովորած, բանաստեղծ, քառյակաբան, Թումանյանով տարված Լիպարիտ Սարգսյանը։ Մի խոսքով` փետրվարը կարճ, բայց լիքը ամիս է։ Հենց լիքն է քեզնով, բեմի ու գրչի նվիրյալ Սոս Սարգսյան։ Տարիներ առաջ մի պուճուր հոդված էի գրել քո մասին, համեմատել էն գետի հետ, որն իր ափերի հետ զրուցելով է հոսում։ Մեր բոլոր գետերը չեն, որ իրենց ափերի հետ խոսել գիտեն։ Փախած գնում են։ Զրուցասերը մնում է Դեբեդը։ Մեր ձորի գետն էլ, երևի, Թումանյանից է զրից անել սովորել, իսկ դու` Թումանյանից, Դեբեդից ու Թումանյանի ժողովրդից։ Եվ ի՜նչ համով զրուցակից ես թե՛ հարազատ օրրան բեմում, թե՛ գրքերիդ էջերում ու թե՛ քեզ վայել իմաստուն լռության ծլթոցներում։ Էս պահին ես հիշում եմ Վահրամ Փափազյանին. մեր բեմի մոգը հրաշալի մայրենիով զարդարեց մեր գրականությունը` ի՛ր` փափազյանական գրականությունը։ Գալիս են` կան, Միքայել Մանվելյան, Լևոն Թուխիկյան, ոչ քիչ դերասան-գրողներ, ապա փառահեղ Սոս Սարգսյան, որ բեմում էլ դու ես որպես քերական, և քերական ես որպես տեսանող արձակագիր, մարդաճանաչ, լեզու իմացող գրող։ Քեզ տրված կյանքը դառը դեր է ու ի՜նչ նամուսով, մաճկալի քո քրտինքով, անտրտունջ ո՜նց ես տանում ու մեր աչքի մեջ ձուլում քո կերպարը, որ ընդամենը հայ մարդու կերպար է` վայել և՛ ռանչպարին, և՛ գիտնականին, և՛ զինվորին, և՛... անցած ու գալիք ու ներկա մեր ժամանակներին։ Էդ դառնության մեջ ի՜նչ անուշ ես, ոնց որ մեր ծաղկած բլուրները, մեր խանձված սարերը բուրեն։ Եվ էնքան խաղաղ ես ու փոթորկուն, որ թվում է, թե գնում ես Թումանյանի հետ կիսատ զրույցդ շարունակելու։ Տարիներ առաջ քեզ պատմվածք էի նվիրել` «Պինդ կաց» վերնագրով։ Այն հետո դարձավ գրքի վերնագիր։ Հրատարակիչը` անվանի պոլիգրաֆիստ Մեխակ Սարգսյանը, վերնագրի խմբագիր դարձավ` «Պինդ կացը» դարձրեց «Պինդ կացեք» և կայծակահարեց «պինդ» բառը։ Հենց տպարանում ընծայագիրս նորից շարադրեցի` Սոս Սարգսյանին, Հենրիկ Մալյանին, Մհեր Մկրտչյանին, Աղասի Այվազյանին` սարերի ու դարբնոցի տղերքին։ Մտածում էի` տղերքն ապրում են Սոսի մեջ, Սոսի հետ։ Եթե բախտ լինի նորից տպագրելու, սիրով կավելացնեմ նաև Հրանտի անունը։ Հիմա, սիրելի՛ Սոս, քեզ եմ նվիրում «Պինդ կացեք» հենց քեզնով լեցուն գիրքս և մաղթում բեմական, գրողական երկարակեցություն ու... քո ափերի հետ երկա՜ր-անվերջ զրուցելով հոսես, ինչպես մեր ալեհեր Դեբեդը։ Պինդ կենանք։ Տես` Լոռի մեծ աշխարհում ընկած ծառն է մատղաշ շիվին ասում` պի՛նդ կաց, ծառեր օրորած սարը սար ու ձորերին է ասում` պինդ կացեք, գնացողը մնացողին է ասում` պինդ կաց, մնացողը գնացողին է ասում` պի՛նդ կաց։ Պի՛նդ կաց, որովհետև լեզու ունես, Լոռի ունես, լեզու ունես ու գրիչ։ Երկիր ունես, իսկ մենք ունենք քեզ` Սոս Սարգսյանին։ Իսկ հիմա քեզ նվիրած երեք քառյակից մեկը կարդամ.
Կտրատվում ենք գերան-գերան,
Լուռ հառաչում բերան-բերան,
Թողած տուն, տեղ ու հայրենիք,
Հեռանում ենք երամ-երամ։
Պի՛նդ կաց, սիրելի՛ Սոս, մեր բեմի և մեր արձակի քերական։
Պինդկացեքյան սիրով` Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1701

Մեկնաբանություններ