Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ՀՍԿԱ ԿԱՌՈՒՅՑԸ, ՈՐԸ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՈՒՆԻ 55 ՀԱԶԱՐ ՆՍՏԱՏԵՂ, ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՏՆՎԱԾ ԿՄՆԱ

ՀՍԿԱ ԿԱՌՈՒՅՑԸ, ՈՐԸ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՈՒՆԻ 55 ՀԱԶԱՐ ՆՍՏԱՏԵՂ, ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՏՆՎԱԾ ԿՄՆԱ
18.03.2011 | 00:00

Մարտի 26-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում կհյուրընկալի խմբի առաջատարին` Ռուսաստանի հավաքականին: Քիչ ժամանակ է մնացել մինչև այդ հանդիպումը, և արդեն հայտնի է, որ Հայաստանում ոչ բոլոր ցանկացողները կարող են տոմսեր ձեռք բերել ու ներկա գտնվել սկզբունքային այդ խաղին: Պատճառն ամենևին էլ այն չէ, որ տոմսերը թանկացել են: Մասնավորապես, եթե Հայաստանի հավաքականի մասնակցությամբ խաղերի տոմսերը նախկինում վաճառվում էին 2-6 հազար դրամով, ապա այժմ դրանց արժեքը 3-7 հազար դրամ է: Իսկ որ դեֆիցիտ կա, ակնհայտ է:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տարբեր կազմակերպություններից տոմսերի շուրջ 65 հազար հայտ է ստացել, մինչդեռ այն մարզադաշտը, որտեղ կայանալու է հանդիպումը, շուրջ 14 հազար 5 հարյուր նստատեղ ունի: Ի դեպ, մի քանի հազար տոմս հատկացվելու է Հայաստանի հավաքականի ջերմեռանդ երկրպագուներին, ֆուտբոլի մարզադպրոցների ներկայացուցիչներին և այլն: Նաև սահմանված կարգով շուրջ 1400 տոմս է տրամադրվելու Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, այդ երկրի մարզասերներին: Նրանք տեղեր են զբաղեցնելու արևելյան և արևմտյան տրիբունաներում: Ընդ որում, անվտանգության նկատառումներով արևելյան տրիբունայում արգելապատնեշ է սարքավորված, որը բացառելու է երկու հավաքականների մոլի երկրպագուների բախումը: Սակայն սահմանափակումները դրանով չեն ավարտվել: Բանն այն է, որ ռուս ֆուտբոլասերներին չի թույլատրվելու, նախատեսվածից բացի, այլ նստատեղերի տոմսերով մարզադաշտ մտնել: Այսպիսի խտրականությունը կարող է դժգոհությունների տեղիք տալ: Ի դեպ, սահմանափակվել է նաև մեկ անձին հատկացվող տոմսերի թիվը: Առավելագույնը կարելի է գնել 4 տոմս, միայն անձնագրային տվյալների ներկայացման պայմանով: Պատճառաբանվում է, որ դա արվում է տոմսերի վերավաճառքի դեմն առնելու համար: Բայց երեք տոմս գնողին այդպես էլ չեն հարցնում, թե նա ով է: Ստացվում է, ամեն մեկը կարող է մի քանի անգամ մոտենալ տոմսարկղին և 3-ական տոմս գնել: Այնպես որ, դժվար է ասել, թե այդ նորամուծությունն ինչքանով է հիմնավորված:
Թվում էր, թե Երևանի «Հրազդան» մարզադաշտի կառուցումից հետո հայկական ֆուտբոլում խաղերին ներկա գտնվելու իրավունք տվող տոմսերի ձեռքբերման հետ կապված որևէ խնդիր չի առաջանա: Բայց հսկա այդ կառույցը, որը վերանորոգումից հետո ունի 55 հազար նստատեղ, պարզապես, անգործության մատնված կմնա: Մասնավորապես, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը Հայկական առաջին հեռուստաալիքով իր ելույթի ժամանակ հրապարակավ հայտնեց, որ «Հրազդանից» խուսափելու պատճառն այն է, որ այդ մարզադաշտն անվտանգ չէ, նաև խոտածածկն է վատը: Այսինքն, ցանկության դեպքում հնարավոր էր այդ բացերը շտկել, երբ գաղտնիք չէր, որ կարող է այսպիսի իրավիճակ առաջանալ: Նշվեց, որ ֆուտբոլում սնահավատություն կա` շարունակել հանդես գալ այն մրցավայրում, որտեղ թիմի խաղն ստացվում է:
Ինչևէ, մեր ժողովուրդն այդ խաղում Հայաստանի հավաքականից ամեն գնով միայն հաղթանակ է սպասում, այնպես որ` առայժմ ոչ մի անհարմարությունից դժգոհություն չկա։
Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1678

Մեկնաբանություններ