Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Ընտրիր քո թալիսման քարը»

«Ընտրիր քո թալիսման քարը»
22.05.2012 | 01:14

ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի (ԵԳԻ) Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանում մայիսի 19-ին բացվեց «Աշխարհի քարերը» սրահը. ցուցադրվել է երկրագնդի տարբեր հանքավայրերից հավաքված մոտ 1500 միներալ:
Երկրաբանական թանգարանը հիմնադրվել է 1937-ին, որի համար հիմք են ծառայել Հովհաննես Կարապետյանի անձնական հավաքածուի 4150 նմուշները: Տարիների ընթացքում ԵԳԻ-ի գիտաշխատողների շնորհիվ թանգարանային ֆոնդի նմուշների թիվը հասել է 11 հազարի:
«Թանգարանում միներալները շատ փոքր հատված էին զբաղեցնում իրենց համեստ թվաքանակի և տեսակների պատճառով: Այսօր` թանգարանի բացումից 75 տարի անց, մենք հանրությանն ենք ներկայացնում բացառիկ հետաքրքիր և յուրահատուկ միներալների հավաքածու, որոնք հավաքված են աշխարհի տարբեր հանքավայրերից: Հավաքածուն ունի գիտական, ուսումնական և ճանաչողական կարևոր նշանակություն»,- մեզ հետ զրույցում ասաց թանգարանի վարիչ ԳԱՅԱՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:
Նորաբաց սրահի նմուշները դասակարգված են մի քանի խմբերով. բնածին միներալներ` ոսկի, արծաթ, պղինձ, քվարց (իր բոլոր տարատեսակներով), որոնք լայն կիրառություն են գտել ակնագործության մեջ, նռնաքարերի խումբ և այլն: «Յուրաքանչյուր նմուշ բնության անձեռակերտ հուշարձան է, ունի իր սեփական կենսագրությունը: Այս միներալները մեծ մասամբ թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր են»,- ասաց Գայանե Գրիգորյանը: Նրա տեղեկացմամբ` թանկարժեք քարերն իրենց գեղեցկությամբ, բացառիկությամբ և կարծրությամբ բարձր գնահատվող միներալներ են, դրանք կարելի է կրել որպես զարդ կամ օգտագործել արվեստի գործերում որպես դեկորացիա: «Քարերի առաջացման համար պահանջվում են ոչ թե հազարավոր, այլ միլիոնավոր տարիներ»,- ասաց նա, նշելով, որ հնում, ինչպես նաև այսօր, տարածված են թանկարժեք քարերի բուժիչ հատկությունների մասին հավատալիքները, այդ նպատակով հատկապես օգտագործվում են փիրուզը, սաթը, տոպազը, մալախիտը և այլն:
Նշենք, որ Երկրաբանական թանգարանը թեև չի պատկանում մշակույթի նախարարությանը, սակայն մասնակցեց մշակույթի նախարարության կազմակերպած «Թանգարանային գիշեր» ծրագրին, որի շրջանակում, «Ընտրիր քո թալիսման քարը» խորագրի ներքո, այցելուներին անակնկալ մատուցվեց: Յուրաքանչյուրը կարող էր վերցնել իր քարը, նաև 12 քար, որոնք խորհրդանշում են տարվա ամիսները: Սա հատկապես ճանաչողական նշանակություն ունի: Սեփական քարն իբրև հուշ ունենալուց զատ, այցելուները ծանոթանում են նաև քարերի 12 տեսակների:
«Ըստ հավատալիքների` քարերը բարերար ազդեցությամբ թալիսմաններ են դառնում նվեր կամ ժառանգություն ստանալու դեպքում: Քարի ընտրության առաջին նախապայմանը կրողին դուր գալն է,- ասաց Գայանե Գրիգորյանը, հավելելով, որ իր համար յուրաքանչյուր քար խորհուրդ ունի, այն պետք է կարդալ, ինչպես գիրքը:- Քարը միշտ գրավել է ուշադրությունս` լինի թափանցիկ, թե անթափանց, մեծ թե փոքր: Մասնագիտության բերումով ավելի հաճախ ուսումնասիրում եմ միկրոսկոպիկ միներալներ, և ինձ մշտապես հիացնում է բնության կատարելությունը` բյուրեղների գեղեցկությունը, միներալների զարմանահրաշ աշխարհը»:
Թանգարանն ունի շատ այցելուներ. Երևանի ՃՇՊ համալսարանի էկոլոգիայի ֆակուլտետի ուսանողները «Ընդհանուր երկրաբանություն» առարկայի դասախոսություններն ու գործնական պարապմունքներն այստեղ են անցկացնում: «Սա մի հագեցած լսարան է, որտեղ ուսանողը կարող է տեսնել, շոշափել, տարբերակել բնական պրոցեսների հետևանքով առաջացած օգտակար հանածոները»,- ասաց թանգարանի վարիչը, հավելելով, որ թանգարանը բոլորին է հրապուրում, ոչ միայն մասնագետներին: Նրա խոսքով` զբոսաշրջիկները նույնպես հրապուրված են Հայաստանի բնաշխարհով ու զարմացած` օգտակար հանածոների բազմազանությամբ:
Կա վարկած, որ համաշխարհային ջրհեղեղից հետո Հայաստանից է սկսվել մարդկության պատմությունը, և այդ մասին վկայում են հենց քարերը: Գայանե Գրիգորյանի համոզմամբ` դա վարկած չէ, այլ իրականություն: Դրա մասին են վկայում երկրաբանական մի շարք պրոցեսներ:
Հայաստանի սեյսմոլոգիայի և երկրաֆիզիկայի ասոցիացիայի նախագահ, երկրաբան ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ երկրաբանական թանգարանին ծանոթ է 60-ականներից: Նրա խոսքով` շատ բան է փոխվել այս տարիներին: Մութ ու ցուրտ տարիներին, երբ ամեն ինչ քանդվում էր, թանգարանն էլ մեծապես տուժեց, սակայն այս «տան» տերերն ամեն ինչ արեցին եղածը պահպանելու համար: «Ներկայիս վարիչ Գայանե Գրիգորյանը մեծ աշխատանք է անում և էլի մեծ աշխատանք ունի անելու,- ասաց նա:- Սա միայն թանգարան չէ, որտեղ կարելի է ցուցանմուշներ նայել, սա գիտական հիմնարկ է, շատ մեծ ու հարուստ տվյալների բազա, որը պետք է դնել ի սպաս գիտությանը»:
Քարերը, հատկապես գեղեցիկ սեռի համար, ընկալվում են որպես զարդեր: Երկրաբանի խոսքով` այս բոլոր նմուշները շատ կարևոր են, և, եթե հնարավոր լինի ստեղծել զարդեր արտադրելու պայմաններ, ինչը կհարստացնի թանգարանի բյուջեն, կավելացնի ցուցանմուշների քանակը, հոյակապ կլինի:
Թանգարանային գիշերը երկրաբանության թանգարանում ներկայացվեց Հայաստանի «Երկրաբանական հուշարձանները» ֆոտոնկարների ցուցադրությունը, իսկ պատանի երկրաբաններն այցելուներին տեղեկացնում էին, թե ինչ են պատմում աշխարհի քարերը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 8199

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ