Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Երբ տիտղոսներն ամայացնում են գիտության բնագավառը

Երբ տիտղոսներն ամայացնում են գիտության բնագավառը
22.01.2013 | 18:00

ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի ԳՏԿ-ի ավագ գիտաշխատող Հարություն Կարապետյանը բաց նամակ է հղել Սերժ Սարգսյանին և հրաժարվել ՀՀ նախագահի մրցանակից, որը նա ստացել էր 2007թ. բնական գիտությունների բնագավառում ձեռքբերումների համար: Նման դեպքերում նախատեսված կարգի համաձայն` գիտնականը վերադարձնելու է նաև դափնեկրի վկայագիրն ու մեդալը, ինչպես նաև` համապատասխան դրամական պարգևը:

«Հայաստանում քրեաօլիգարխիկ համակարգի կողմից, փաստորեն, պատերազմ է հայտարարված գիտական գործունեության դեմ` ընդհուպ մինչև ոլորտի արմատախիլ անելը և նրա անվերադարձ վարկաբեկումը:
Երկրի իշխանությունները բացահայտ կերպով խրախուսում են «ուղեղների արտահոսքը», մեզանում սովորական են դարձել կասկածելի եղանակներով գիտական աստիճանների ձեռքգցումը պետական «բազմազբաղ» պաշտոնյաների և այլ դուրսպրծուկների կողմից, ինչպես նաև ակնհայտ զեղծարարություններով ակադեմիական տիտղոսներին տիրանալու հաջողված դեպքերը: Եվ այդ ամենն իրականացվում է իշխանությունների` գիտության հանդեպ խիստ «մտահոգ» կեցվածքով` տարատեսակ շոուներ կազմակերպելով, խրախուսանքի և պարգևների արժանացնելով գիտության բնագավառն ամայացնող գործընթացների հեղինակներին: Նշված երևույթները զուտ «ներհամքարային» հարցեր չեն: Այդ երևույթները մսխում և քայքայում են երկրի կարևորագույն ռեսուրսներից մեկը` գիտության բնագավառը»,- իր նամակում նշել է Հարություն Կարապետյանը: Գիտնականն իր մտահոգությունն է հայտնել, որ գիտության ոլորտում ծաղկում են կոռուպցիան, հովանավորչությունը, բյուջետային միջոցների չարաշահումներն ու խմբակային մոտեցումները: Իհարկե, Հարություն Կարապետյանի բարձրաձայնած մտահոգությունները նորություն չեն, և խնդիրներն էլ չեն կուտակվել մեկ կամ երկու-երեք տարում, այլ բյուրեղացել են տևական ժամանակ, դարձել համակարգային արատ: Խնդիրն այն է, որ հիմա, այն էլ ՀՀ նախագահի ընտրությունների նախընտրական թոհուբոհում է գտնվում մի համարձակ գիտնական, որը մերժման, իր ստացած պարգևը վերադարձնելու տարբերակը նախընտրում է կոմֆորմիզմից: Հայաստանում մտավորականի` քաղաքացիական անհնազանդության այսօրինակ ակցիաները եղել են խիստ հազվադեպ: Մեկ էլ համաշխարհային ճանաչում ունեցող դիրիժոր, մաեստրո Օհան Դուրյանն էր ժամանակին Ռոբերտ Քոչարյանին վերադարձրել իր ստացած պարգևները: 2004-ի ապրիլի 12-ին ժողովրդի նկատմամբ կիրառված բռնություններից և ծեծ ու ջարդից հետո բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանն էր ի նշան բողոքի նույն Ռոբերտ Քոչարյանին վերադարձրել պետական պարգևները:
Տվյալ դեպքում Հարություն Կարապետյանն իր մրցանակը վերադարձնելով` ուշադրություն է հրավիրում գիտության ոլորտում տիրող բարձիթողի իրավիճակի վրա, ահազանգում, որ այսօր գիտական կոչումներն էլ են դարձրել առուծախի առարկա, և դրանք անխնա կերպով շնորհվում են ինքնահաստատվելու ձգտում ունեցող միջին կարգի չինովնիկներին ու փողատեր դուրսպրծուկներին: Հայաստանում փոքրիշատե կայացած, իր վաստակը արժևորող գիտնականը պետք է որ վաղուց վիրավորված լիներ այսօրինակ երևույթներից, պայքարեր, որ պնակալեզությունը չդիտվեր որպես գիտական կոչում ստանալու նախապայման: Սակայն ակնհայտ է, որ նման ծայրահեղ քայլի դիմող յուրաքանչյուր անհատ Հայաստանում հայտնվում է համակարգից դուրս վիճակում, չի գտնում իր քայլը բացահայտ սատարողների ու համախոհների և հետագայում էլ կանգնում է լուրջ խնդիրների առջև: Այդ իսկ պատճառով էլ մեր մտավորականության շրջանում շարունակում են գերիշխող մնալ կոնֆորմիզմը, լռությունը:
Ի՞նչ կհետևի Հարություն Կարապետյանի կատարած քայլին: Հուսով ենք, որ կգտնվեն անկաշառ, սրտացավ գիտնականներ, ովքեր կփորձեն այս փուլում բողոքի ալիք բարձրացնել, ահազանգել գիտության ոլորտի կործանարար երևույթների մասին: Եվ դա հատկապես երիտասարդ գիտնականներին պետք է մտահոգի, որոնք կայանալու, իրենց ճանապարհը գիտության ոլորտում հարթելու համար բախվում են ամենօրյա ճղճիմ խոչընդոտների: Հիմա, ինչպես ասում են, գնդակը գիտնականների դաշտում է:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2432

Մեկնաբանություններ