Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Գիտության զարգացումը հնարավոր է միայն պետության կողմից ցուցաբերվող հոգատարության պայմաններում»

«Գիտության զարգացումը հնարավոր է միայն պետության  կողմից ցուցաբերվող հոգատարության պայմաններում»
25.01.2013 | 13:47

«Իրատես de facto»-ի հյուրն է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան, դոցենտ ՄԱՐԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:


Թեև զրույցը հիմնականում առնչվում է զրուցակցիս մասնագիտական հարցերին, սակայն այն չի շրջանցել նաև առաջիկայում սպասվող նախագահական ընտրությունների թեման: Բնական է, որ ուսանողական և պրոֆեսորադասախոսական մեծ կոլեկտիվ ղեկավարող անձնավորությունը շահագրգիռ է հանրապետությունում արդար ընտրություններ անցկացնելու խնդրով և իր տեսակետներն ու մոտեցումներն ունի այս առումով:

-Պարոն Գրիգորյան, քանի՞ տարի է, որ զբաղեցնում եք ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանի պատասխանատու պաշտոնը:
-1960-ին ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետը, ավարտել եմ այն գերազանցության դիպլոմով: Կարճ ժամանակ աշխատել եմ նախկինում գոյություն ունեցող երկրաբանական վարչությունում` որպես երկրաֆիզիկոս: Ապա հրավիրվել եմ ԵՊՀ, եղել երկրաբանության ֆակուլտետում ասիստենտ: Սովորել եմ ասպիրանտուրայում, վերապատրաստվել Մոսկվայում: 1976-ին ընտրվել եմ երկրաֆիզիկայի ամբիոնի վարիչ, 1980-ին` երկրաբանության ֆակուլտետի դեկան: Մեկ-մեկ կատակով ասում եմ. «Ես աշխատել եմ կոմունիստների ժամանակ, ՀՀՇ-ականների ժամանակ և աշխատում եմ ներկայիս իշխանությունների ժամանակ»:
-Համարյա Իլֆի և Պետրովի «Ոսկե հորթի» հայտնի հերոսի` ծերուկ Ֆունտի խոստովանությունն է հիշեցնում. «Ես նստել եմ ազատարար Ալեքսանդր 2-րդի օրոք, խաղաղարար Ալեքսանդր 3-րդի օրոք, արյունարբու Նիկոլայ 2-րդի օրոք...»:
Իսկ ե՞րբ միավորվեցին աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետները:
-2008-ին միավորվեցին աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետները, և ես ընտրվեցի միացյալ ֆակուլտետի դեկան:
-Ի՞նչ կոնտինգենտ է դիմում ձեր ֆակուլտետ: Հայտնի է, որ մերօրյա ինտելեկտուալ երիտասարդները նախընտրում են օտար լեզուները, տնտեսագիտությունը, միջազգային դիվանագիտությունը, իրավաբանությունը:
-Երկրաբան մասնագետների պահանջարկը Հայաստանում դեռ նախկին Խորհրդային Միության շրջանից մեծ է եղել: Երկրաբանական ծառայությունն ընդերքի շահագործման ոլորտում մեծ հեռանկարներ է բացում Հայաստանի արդյունաբերության զարգացման համար: Եվ այսօր էլ ընդերքը, երկրի բնական հարստությունները, հանածոները մեծ եկամուտ են բերում պետական բյուջեին: Այսինքն` ընդերքի ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետների մեծ պահանջ կար և՛ երեկ, և՛ այսօր: Հետևաբար, հայ երիտասարդի համար հետաքրքրություն է ներկայացնում երկրաբանի մասնագիտությունը: Իսկ երբ երկու ֆակուլտետները միավորվեցին, ավելի մեծացավ ֆակուլտետի գիտական, մասնագիտական պոտենցիալը: Ընդերքի, առհասարակ բնության ուսումնասիրման հրատապ, կարևոր խնդիրներն է՛լ ավելի են մեծացրել ֆակուլտետով հետաքրքրվողների թիվը: Ֆակուլտետում ուսուցանվում են բազմաթիվ մասնագիտություններ` կապված ջրաօդերևութաբանության, երկրաբանության, աշխարհագրության, քարտեզագրության և կադաստրային գործի հետ: ՈՒնենք նաև սերվիս մասնագիտության նորաբաց բաժին, որը պատրաստում է մասնագետներ սպասարկման, զբոսաշրջության ոլորտի համար: Մեծ հեռանկար ունեցող մասնագիտություն է: Այնպես որ, դիմորդների պակաս չունենք, իսկ որոշ մասնագիտությունների գծով դիմորդների միջև անգամ լուրջ մրցույթներ են լինում:
-Այսօր ընդերքի շահագործումը, հանքարդյունաբերության գործառույթները Հայաստանում բավական վիճահարույց թեմաներ են: Ձեր համակրանքն ո՞ւմ կողմն է` հանքարդյունաբերողների՞, թե՞ բնապահպանների:
-Մենք մասնագետներ ենք պատրաստում նաև բնապահպանության բնագավառի համար: Մեր մեջ չկա հակասություն այս հարցերում: ՈՒղղակի կա դիրքորոշման, հարցադրումների պարզաբանման խնդիր: Մենք տարբեր առիթներով մեր տեսակետներն ենք հայտնում և պաշտպանում. այն է` ընդերքը պետք է շահագործվի համալիր: Բայց կարծում եմ, որ բնապահպանների գոյությունը խիստ անհրաժեշտ է մեր երկրին: Նրանց ասածները պետք է լսել, բայց ոչ բոլորը պետք է կատարել: Որովհետև շատ դեպքերում նրանք հասնում են ծայրահեղությունների: Պատճառն այն է, որ նրանք որոշակի հարցերում հեռու են մասնագիտական դաշտից: Իհարկե, լավ է ունենալ մաքուր օդ, մաքուր ջուր, անվնաս անտառներ: Բայց այդ դեպքում չենք ունենա տնտեսություն: Մենք ուղղակի պետք է այնպես շահագործենք մեր ընդերքը, վարենք մեր տնտեսությունը, որ հնարավորինս քիչ կորուստներ պատճառենք բնությանը, հնարավորինս մաքուր պահենք մեր կենսոլորտը, չաղտոտենք այնպես, որ այնտեղ ապրելն այլևս անհնարին դառնա: Իսկ կյանքի փորձը ցույց է տալիս, որ մենք այդ հնարավորությունն ունենք: Եվրոպական այն երկրներում, որոնցում նախկինում օգտագործում էին ընդերքը, արժեքավոր հանածոներ դուրս բերում, մեծ ուշադրություն չէին դարձնում էկոլոգիական խնդիրներին: Բայց այսօր այլ է: Օրինակ` Գերմանիայում, Չեխիայում, Լեհաստանում այժմ կատարվում է ընդերքի շահագործում` առանց մեծ վնաս հասցնելու բնությանը: Եթե մենք ընդերքի շահագործումից ստացված եկամուտներից ներդնենք բնապահպանական նպատակների վրա, բնությանը պատճառված վնասների վերականգնման նպատակների վրա, ապա այդ խելացի մոտեցմամբ կկրճատենք մեր կորուստները և միաժամանակ կզարգացնենք տնտեսությունը: Մենք չենք կարող մեր ընդերքը չօգտագործել: Դա բացառված է: Դա նույնն է, որ մարդն ունենա հարստություն և չօգտվի դրանից: Բոլոր երկրները զարգանում են իրենց բնական ռեսուրսների հաշվին: Մենք ևս պիտի դա անենք:
-Եվ դա անելիս, փաստորեն, պիտի յուրացնենք Եվրոպայի փո՞րձը, որի մասին խոսեցիք:
-Այո՛, մենք այսօր և՛ սովորում ենք Եվրոպայից (և ոչ միայն Եվրոպայից), և՛ կիրառում սովորածը: Մենք կապեր ունենք եվրոպական տարբեր համալսարանների հետ, կատարում ենք ուսանողների փոխանակում միմյանց հետ և՛ մագիստրատուրայի ծրագրով, և՛ առանձին ծրագրերի գծով: Ներկայումս մեր երկու ուսանողները պատրաստություն են անցնում Գերմանիայում` Շտուտգարդում: Մի խումբ ուսանողներ վերապատրաստում են անցել Շվեդիայում` կադաստրի գործ մասնագիտությամբ: Փոխադարձ կապեր ունենք Իտալիայի կրթական հաստատությունների, Գերմանիայի Ֆրայբերգի լեռնային ակադեմիայի, Լիոնի, Մարսելի համալսարանների հետ: Մեծ կապեր ունենք նաև Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Վորոնեժի երկրաբանական, աշխարհագրական մասնագիտական բուհերի հետ:
-Մեր օրերում մեծ ժողովրդայնություն է վայելում վիճակագրություն երևույթը, որը երբեմն զավեշտի հասնող տվյալներ է հրապարակում: Օրեր առաջ լսեցի, որ Նոբելյան մրցանակի առավել շատ արժանանում են այն երկրները, որոնց բնակիչների սննդակարգում գերակշռում են շոկոլադը և կաթը: Կա՞ վիճակագրական որևէ հետազոտություն, որը հուշում է հաջող երկրաբան, աշխարհագրագետ պատրաստելու գաղտնիքը:
-Ընդհանրապես հասարակությունն այնպիսի լարված հոգեվիճակում է, որ ցանկացած անհեթեթ գուշակության կարող է շատ լուրջ և բուռն արձագանքել, ասենք` հավատալ, թե աշխարհը պիտի կործանվի:
-Ինչպես որ հավատաց և սպասեց դրան օրեր առաջ` դեկտեմբերի 21-ին:
-Այո՛: Մարդը միշտ պատրաստ է սենսացիաներ լսելու: Բայց դժվար թե շատ շոկոլադ ուտելով կամ շատ կաթ խմելով կարելի է Նոբելյան մրցանակի արժանանալ: Դա կարող է օգնել, որ մարդն առողջ մեծանա: Լավ գիտնական պատրաստելու համար առաջին հերթին անհրաժեշտ է ունենալ լավ դպրոց: Հայաստանն ուներ և ունի երկրաբանների, աշխարհագետների լավ դպրոց: Միջազգային մասշտաբով խոշոր գիտնականներ, ակադեմիկոսներ ունեինք երկրաբանության և աշխարհագրության ոլորտում: Այդ դպրոցի հիման վրա են զարգացել ու զարգանում աշխարհագրությունը, երկրաբանությունը Հայաստանում: Ցանկացած գիտության ճյուղ այդպես է զարգանում: Մեզ մոտ ո՞ւմ շնորհիվ զարգացավ աստղագիտությունը: Շնորհիվ Վիկտոր Համբարձումյանի և նրա ստեղծած դպրոցի: Մաթեմատիկան զարգացավ Շահինյանի, Ջրբաշյանի, ուրիշ անվանի գիտնականների շնորհիվ: Ինչո՞վ է պայմանավորված մեր` լավ շախմատիստներ ունենալը: Տիգրան Պետրոսյանի գոյությամբ, նրա դրած հիմքերով, Հայաստանում շախմատի զարգացման գործին նրա ցուցաբերած աջակցությամբ: Առանց տաղանդավոր անհատների, հիմնադիր գիտնականների, ուսուցիչների հնարավոր չէ լավ մասնագետներ պատրաստել, լավ դպրոց ունենալ: Այդ պատճառով էլ ես երկրի զարգացումը տեսնում եմ գիտնականների ակտիվ աշխատանքի, դպրոցների հիմնադրման մեջ: Գիտության զարգացումը հնարավոր է միայն պետության կողմից ցուցաբերվող հոգատարության պայմաններում: Իհարկե, գիտություն ֆինանսավորելը թանկ հաճույք է: Չես կարող սուղ միջոցներով գիտությամբ զբաղվել: Մեծ ծախսեր են ենթադրվում: Բայց և դրա դիմաց այնպիսի մեծ փոխհատուցումներ են ստացվում, որ այդ ծախսերը լիովին արդարացվում են: Վերցնենք հենց երկրաբանության բնագավառը: Խորհրդային Միության շրջանում երկրաբանական հետազոտությունների համար նախատեսվում էին հսկայական գումարներ: Եվ հայտնի չէր` տվյալ վայրում հանքանյութեր կգտնե՞ն, թե՞ ոչ: Կարող էին տարիներով ուսումնասիրել տարածքները, միլիոններ ծախսել և ոչինչ չգտնել: Բայց բավական էր մեկ տեղում որոնածը գտնել, և դրանով փոխհատուցվում էին բոլոր ծախսերը, ու ձեռք էին բերվում մեծ եկամուտներ: Այդպիսին է գիտության բնագավառը: Դա առևտուր չէ, որ շահույթդ ստանաս մեկ օրում կամ էլ մեկ տարում կատարված նախահաշվարկների չափով:

-Իսկ գիտությունից, մասնագիտական հարցերից զատ` ինչո՞վ եք հետաքրքրվում:
-Սիրում եմ զբաղվել այգեգործությամբ, ծառ տնկել, խնամել, աճեցնել, բարիք ստեղծել: Ես կասեի, որ դա ինձ հաջողվում է: Իհարկե, հետաքրքրվում եմ նաև մեր երկրում կատարվող անցուդարձով: Այսօր մեր երկիրը նախապատրաստվում է նախագահական ընտրությունների: Դասախոսները և ուսանողները նույնպես այս երկրի քաղաքացի են և նախապատրաստվում են դրան` հույսով, որ առաջիկա ընտրություններն ավելի լավ հեռանկարներ կբացեն մեր երկրի, մեր ժողովրդի համար: Կարծում եմ, որ այս ընտրությունները մեզ ոչ թե կբաժանեն, այլ կմիավորեն մեկ ընդհանուր գաղափարի` երկրի հզորացման, սոցիալական արդարության հաստատման գաղափարի շուրջ: Ես` որպես այս երկրի քաղաքացի, հետևում եմ նախագահի թեկնածուների ընտրապայքարին և ինչ-որ տեղ լավատեսությամբ եմ լցվում: Ինձ թվում է, որ այս ընտրություններում չկա այն չարացած ոգին, որը տարբեր ժամանակահատվածներում և նախկին ընտրություններում մեր ժողովրդի որոշ հատվածին միշտ տարել է փորձության: Ես բոլոր թեկնածուների մեջ տեսնում եմ այն միտումը, որ նրանք ոչ թե պատրաստվում են սևացնելու մեկմեկու, այլ իրենց ծրագրերը, հարցադրումները ներկայացնելու հասարակության դատին: Իհարկե, մրցակցային դաշտը տարբեր կերպ է աշխատում թեկնածուների օգտին: Եվ եղած թեկնածուների մեջ ես այսօր ամենամեծ հույսերը կապում եմ գործող նախագահի հետ, բնականաբար: Նա իր անցած ճանապարհով, կատարած աշխատանքով հավատ է ներշնչում ընտրողների մեծ մասին: Ես մտածում եմ, որ գալիք ընտրություններում հաղթողը հնարավորություն կընձեռի լուծելու մեր երկրի առջև ծառացած բազում խնդիրներ` երկրի անվտանգության ապահովումը, երկրի տնտեսական զարգացումը, սոցիալական արդարության հաստատումը: Համոզված եմ, որ այս ընտրությունները լինելու են ավելի արդար:
-Տա՛ Աստված:
-Այո՛, տա՛ Աստված: Որովհետև առանց արդար ընտրությունների ոչ մի ղեկավար չի կարող հասնել որևէ հաջողության: Իմ կարծիքով` բոլորն են այսպես մտածում, և բոլորը կձգտեն արդարության, անաչառության հաղթանակին: Դա էլ հիմք կհանդիսանա, որ մեր հանրապետության առջև ծագած խնդիրները, իսկ դրանք բազում են և չափազանց կարևոր ու լուրջ, ստանան դրական լուծում: Ըստ իս` ներկայիս նախագահության թեկնածուներից ոչ ոք այնպես խոր չի տիրապետում երկրի առաջ ծառացած խնդիրներին, ոչ ոք չի կարող ավելի ճիշտ տալ այդ խնդիրներն անվտանգ լուծելու ուղիները, ինչպես Հայաստանի Հանրապետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2700

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ