Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ի՞նչ է կատարվում մեր երկրում. ո՞վ և ինչո՞ւ է պայքարում մեր գիտնականների ու գյուտարարների դեմ

Ի՞նչ է կատարվում մեր երկրում. ո՞վ և ինչո՞ւ է  պայքարում մեր գիտնականների ու գյուտարարների դեմ
06.06.2017 | 04:48

Սկսեմ նրանից, որ Երևանի ավագանու ընտրություններում ես հաջողություններ չունեցա։ Չէի էլ ունենա... Ինչևէ, Երևանի ավագանու անդամ չդարձա, ինչի համար գոհ եմ ու ինձ բավարարված եմ զգում։


Քարոզարշավի ընձեռած հնարավորություններից լիարժեքորեն օգտվեցի և, հնարավորության սահմաններում, երկրի առջև կանգնած խնդիրները փորձեցի ներկայացնել մեր հանրությանը։ Հընթացս ասեմ` ընտրությունների տեխնոլոգիական նրբությունների վերաբերյալ որոշ պարզաբանումներ, ամեն դեպքում, մենք ստացանք Ավանի «Կյաժից», որն ընտրությունների ամենաթեժ պահին հայտարարեց, որ հանրապետականներն արդեն հաղթել են:
-Ի՞նչ գիտեք, ժամը 16-ն է, ընտրությունները դեռ չեն ավարտվել:
-15 տարի էս գործին եմ, չգիտե՞մ...
Իհարկե գիտեր, եղավ ճիշտ այնպես, ինչպես հայտարարել էր 15 տարվա փորձառություն ունեցող ընտրակեղծարարը. նա ամեն ինչ գիտեր վաղօրոք, որովհետև ընտրությունների գործը Հայաստանում դրված է մասնագիտական բարձր հիմքերի վրա, վրիպումներ լինել չեն կարող, դրանք բացառված են, որովհետև ճշգրիտ հաշվարկված են ու, առավել ևս, գտնվում էին իրավապահների հսկողության ու անմիջական պաշտպանության ներքո:
Հայաստանի ընտրությունները դարձել են ոչինչ չտվող, ոչինչ չարտահայտող, ժողովրդավարության պատրանք ստեղծող անիմաստ միջոցառումների մի շարք, որից սպասելիքներ չկան: Մինչև հաջորդ համապետական ընտրությունները հինգ տարի ժամանակ կա, գործող իշխանությունների համար դա բավարար է, որ կարողանան իրենց ցույց տալ, ծանր ու թեթև անել, հասկանալ երկրում ստեղծված իրավիճակը և իշխանական էլիտային հղել հերթական հռետորական հարցը՝ ի՞նչ անել... Հնարավոր է, որ ընտրություններում տարած իրենց հերթական հաղթանակը հանրապետականներին գցել է հերթական էյֆորիայի մեջ ու հավատ ներշնչել, որ այս գործելաոճով կարելի է հաջողությամբ աշխատել մինչև 2040 թվականը: Եթե հավատալու լինենք ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած կանխատեսումներին, ապա պետք է վստահ լինենք, որ մոտ ապագայում հայ ժողովրդին ոսկե դար է սպասելու. Հայաստանի տնտեսությունը կաճի՝ 5,5-տոկոսանոց տեմպերով (շատ լավ կլինի), ՀՆԱ-ի ծավալները կհասնեն 57-60 միլիարդ դոլարի (դարձյալ շատ լավ է), բնակչությունը կհասնի 4 միլիոնի (հրաշալի է, բայց պարզ չէ, թե ինչպես. ծնունդնե՞րն են կրկնապատկվելու, թե՞ ներգաղթն է ակտիվանալու կամ երկու գործոնները միասին են աշխատելու, լուծումները դեռևս հայտնի չեն), մեկ շնչին բաժին հասնող ՀՆԱ-ի ծավալները կգերազանցեն 15 հազար դոլարի շեմը, կամաց-կամաց, մեկը մյուսի հետևից մեր քաղաքացիները կսկսեն լավ ապրել՝ ամեն օր լողալով յուղ ու մեղրի մեջ:


Իհարկե, ես չեմ հավատում թղթի վրա գրված այդ թվերին ու խոստումներին, որովհետև կյանքն այլ բան է ապացուցել, 25 տարի շարունակ մեր երկրի տնտեսությունը շարժվում է ճիշտ հակառակ ուղղությամբ՝ «ատկատային» տնտեսության ճանապարհով՝ մի կողմ թողնելով տնտեսավարման թե՛ պլանային, թե՛ շուկայական ձևերը, որի պատճառով մեր կյանքի անբաժանելի մասն ու մեր մշտական ուղեկիցներն են դարձել կաշառակերությունը, համատարած կոռուպցիան: Այնպես որ, մեր քաղաքացիները պատրաստ չեն հավատալու և հալած յուղի տեղ ընդունելու ՀՀ ԱԺ բարձր ամբիոնից ՀՀ նախագահի բարձրաձայնած թվերը, որովհետև դրանք ընդամենը թվեր են, դեռ եղանով ջրի վրա են գրված, դրանք այնքան անհավատալի ու անհնարին բաներ են թվում իշխանությունների նկատմամբ հավատը վերջնականապես կորցրած հայ հանրության համար, որ կարող են կասկածելու առիթ տալ անգամ հանրապետության նախագահի թիմակիցներին: 2008-ից ի վեր նախագահ Սերժ Սարգսյանը տարբեր հանձնարարականներ ու ոգևորիչ հորդորներ էր իջեցնում իր կուսակից ընկերներին ու ենթականերին և հուսադրում, որ տարբեր կոչերի ձևով մատուցվող նշանաբանները կօգնեն դրությունը շտկելու: Օրինակ, «Փոխվենք, որ փոխենք» նշանաբանը իշխանական այրերին կոչ էր անում, որ փոխեն իրենց մտածելակերպը, որ պետք է փոխվել ներսից, որ հնարավոր լինի երկրում ինչ-որ բան փոխել, դրական արդյունքներ գրանցել: Նշանաբանն այդպես էլ չգործեց ու չէր էլ կարող գործել, որովհետև այն հեշտությամբ իրականացվող հարց էր միայն առաջին հայացքից: Պարզ չէր, թե բարձրաստիճան պետական պաշտոնյան ինչպե՞ս կարող էր փոխվել, փոխել իր ներքին էությունն ու համոզմունքները, իր առօրյա կյանքում, օրինակ, մոռանար կաշառք վերցնելը, հրաժարվեր ապօրինաբար հարստանալու և երկիրը թալանելու, գրպանը լցնելու ռեֆլեքսից, եթե մինչ այդ եղած բոլոր անձնական հաջողությունները միայն զարտուղի և անօրինական ճանապարհներով են եկել ու շարունակելու են գալ, եթե տվյալ պաշտոնյան դեռևս իշխանության մաս է կազմելու:
Երկրի համար էական փոփոխությունների հասնելու միակ ճանապարհը, իհարկե, ազատ ու արդար ընտրությունների միջոցով մեր չինովնիկներին փոխելն է։ Այդ ճանապարհով ասպարեզից պետք է հեռացվեն քաղաքական ու տնտեսական այն գործիչները, ովքեր պատրաստ չեն աշխատելու շուկայական հարաբերությունների հստակ կանոններով, ի վիճակի չեն զբաղվելու երկրաստեղծ գործունեությամբ:
2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններն ու մայիսի 14-ի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ երկրի ներքին կյանքը նորովի կազմակերպելու այս սահմանադրական ճանապարհը դեռևս փակ է պահվում, որ այս կարևոր ճակատում շարունակում են աշխատել և քաղաքականության մեջ ու տնտեսական հարցերում եղանակ ստեղծել ընտրակեղծարարներ «Կյաժն» ու նրա բազում «զինակիցները»:


Ժամանակն է, որ ՀՀ նախագահը վճռական կամք դրսևորի, իր մեջ բավարար ուժ գտնի ու պահանջի պատժել նման ծառայություններ մատուցողներին, որ կարողանա շահել մեր քաղաքացիների վստահությունը պետական ապարատի նկատմամբ, ապահովել նրանց իրական սերն ու հարգանքը դեպի սեփական երկիրը:
Այդ դեպքում ամեն ինչ կստացվի և, իրատեսական եմ համարում, որ հաջորդ համապետական ընտրություններում հանրապետական կուսակցությունը նույնիսկ կկարողանա հաղթանակներ տանել՝ առանց ավանցի «կյաժերի», իսկ ՀՀ վարչապետն առանց ամաչելու իրեն թույլ կտա սրտանց ու բաց ճակատով շնորհավորել մայրաքաղաքի ընտրված քաղաքապետին և ստիպված չի լինի կառավարության հերթական նիստի վերջնամասում հիշել ավագանու ավարտված ընտրությունները՝ շնորհավորական խոսքը սկսելով հետևյալ բառերով.
-Ի միջի այլոց, եկեք շնորհավորենք Տարոն Մարգարյանին։


Չէ՛, ինչո՞ւ ի միջի այլոց... Եթե նման կարևոր պաշտոնների դեպքում բանը հասել է «ի միջի այլոց»-ներին, ապա մենք էլ փորձենք շնորհավորել ու, ի միջի այլոց, հիշենք և ականջներիս լավ օղ անենք, որ այդպես հեռու գնալ չենք կարող, մեր իշխանավորներին պետք է «փոխենք, որ փոխվենք», սա արդեն կարող է իրական փրկություն դառնալ մեր անկախ երկրի համար:
Իսկ ես, ի միջի այլոց, ասեմ, որ Հայաստանի տնտեսությունը շարունակում է իր համընթաց շարժումը դեպի անդունդ։ Ժողովուրդը շարունակում է դժգոհել, բայց ճիշտ ժամանակին հանդես է գալիս «Կյաժն» ու...
Այս ամենը նպաստում է, որ Հայաստանում հետզհետե ձևավորվեն ճղճիմ կաշառակերների ու ապագա դավաճանների կոնգլոմերատ, մարդկանց խմբեր, որոնք պատրաստ են իրենց ձայները, ավելի ճիշտ` իրենց խիղճը կամ անձը, վաճառել 10 հազար դրամով։ Կասկած չկա` վաղը նրանք վաճառքի են հանելու իրենց հայրենիքի շահերը, դառնալով ազգի դավաճաններ, եթե, իհարկե, լավ փող տվող գտնվի:


Եթե ստեղծված իրավիճակը փորձենք գնահատել միջազգային չափանիշներով, ապա կարող ենք փաստել, որ հայ ժողովրդի նկատմամբ երկակի գործընթաց է սկսվել: Առաջինը. որոշ երկրներում, իրենց պրակտիկայում օգտագործելու համար, պետական մակարդակով ուսումնասիրվում է հայկական փորձը, հատկապես, թե ինչպես է մեր ժողովուրդը, բազմիցս հայտնվելով ոչնչացման վտանգի առաջ պահպանել իր ինքնությունը, մարդկային արժանապատվությունն ու ազգային նկարագիրը: Այդ նպատակներով, Ամերիկայում, օրինակ, պետական միջոցներով հայկական դպրոցներ են բացվում, որտեղ սովորում են նաև ոչ հայ երեխաները: Հայ մարդու ու հայ ընտանիքի փորձը շատ գրավիչ է գլոբալիզացիայի պատճառով տուժած ժողովուրդների համար։ Դարերի ընթացքում հայերը պահել ու պահպանել են իրենց ազգային ավանդույթները, իրենց ինքնությունը այն դեպքում, երբ աշխարհի բազմաթիվ ժողովուրդների մեջ այդ ուղղությամբ անհաղթահարելի խնդիրներ են առաջացել՝ աղանդավորության, միասեռականության ու ժամանակակից այլ այլասերությունների զանգվածային տարածման պատճառով:
Հայ ժողովրդի նկատմամբ երկրորդ մոտեցումը. ենթադրվում է ստեղծել մի այնպիսի իրավիճակ, որի պայմաններում հնարավոր լինի հիմնովին արժեզրկել-ձևախեղել հայաստանյան իրականությունը. ինչին պետք է նպաստեն միասեռականության պրոպագանդան ու դրա օրինականացումը, կրոնական աղանդների տարածումը, կաշառակերության և կոռուպցիայի արմատավորումը և այլն, և այլն:


Ո՞րն է այն ճանապարհը, որով երկիրը կկարողանա դուրս գալ ստեղծված ծանր իրավիճակից, լուծել մեր առջև ծառացած դժվարին խնդիրները, դուրս գալ տնտեսական ճգնաժամից, կասեցնել արտագաղթը: ՀՀ նախագահը կոչ է անում վճռական պայքար մղել անարդարությունների դեմ՝ դրանք համարելով մեր գլխավոր ներքին թշնամին: Շատ լավ է, պետք է պայքարել, հաջողությունների հասնել այդ ճակատում։ Արդարությունը, գուցե և, անհրաժեշտ է վերականգնել անարդարությունների պատճառով տուժած քաղաքացիների հոգեկան անդորրն ապահովելու համար, բայց այնպիսի վճռորոշ պայման չէ, որ թույլ տա կարգավորել երկրի ներքին գործերը՝ վերագործարկել արդյունաբերությունը, բարձրացնել գյուղատնտեսության արդյունավետությունը, վերականգնելով մարդկանց հավատն ու սերը դեպի հայրենի երկիրը:


Արդարությունը ի հայտ կգա երկրի տնտեսական հաջողությունների հետ՝ որպես տնտեսական հաջողությունների հետևանք: Մյուս կողմից, մեր հասարակությունը գտնվում է բևեռացման այնպիսի ծանր վիճակում, որ առաջ են գալիս արդարության տարբեր ընկալումներ։
(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 7012

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ