Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թե ինչպես ես անզգուշաբար կործանեցի ԽՍՀՄ-ը

Թե ինչպես ես անզգուշաբար կործանեցի ԽՍՀՄ-ը
24.05.2019 | 02:29

(Նախորդ մասը)

Դժվարանում եմ բացատրել, թե ինչու են մեր ընթերցողները սրտին այդքան մոտ ընդունում իմ պատմությունները, զանգահարում են, բազմաթիվ ուղղորդող ու օգտակար խորհուրդներ են տալիս, փորձում են մոռացված ինչ-որ ելքեր ցույց տալ, որոնց պարագայում ԽՍՀՄ-ը կարող էր չտրոհվել ու չկործանվել, բոլորը «happy end»-ի սպասում են, միգուցե Խորհրդային Միությունը վերադառնա, հարություն առնի ու արդեն գնա ճիշտ ճանապարհով, միգուցե: Հնարավոր եմ համարում, որ կայսրությունը քանդելու ծրագիրը միայն քանդելու համար չէր, հնարավոր է, որ դրան հետևելու էր ԽՍՀՄ-ի վերականգնման, տարածքների վերամիավորման ծրագիրը, ինչի մասին վերջերս հստակորեն արտահայտվեց Պուտինը, երբ խոսում էր ուկրաինացիներին ռուսական անձնագրեր տրամադրելու թեմայով:


-Թող ՈՒկրաինան էլ, իր հերթին, Ռուսաստանի քաղաքացիներին անձնագրեր տա, նույնը անեն նաև Բելառուսն ու մյուսները, կլինի այն, ինչը պետք է:
Պուտինի «ինչը պետք է»-ի տողի տակ կարելի է կարդալ հետխորհրդային երկրների քաղաքացիներին մեկ երկրի, մի նոր կայսրության միասնական անձնագրեր տրամադրելու առաջարկը, այնպես, ինչպես դա կար Խորհրդային Միությունում:
Տնտեսական ու քաղաքական միասնությունը ռացիոնալիստական գաղափար է, որը շահավետ է հետխորհրդային բոլոր երկրների տնտեսությունների համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանը եղել ու համաշխարհային տնտեսության համար մնալու է հիմնական հումքային բազան:
-Ողջ աշխարհն է գալու մեզ մոտ, «ու՞ր են կորչելու»,- սա Ցարական Ռուսաստանի մինիստրների խորհրդի նախագահ Պյոտր Ստոլիպինի խոսքերն են:
Ղարաբաղի, Մերձդնեստրի ու նմանատիպ այլ խնդիրներն էլ ձեռքի հետ կլուծվեն, ժամանակը կգա ու մենք կտեսնենք, թե իրականում ինչեր կային թաքնված ռեգիոնալ կոնֆլիկտներ ստեղծելու Խթը-ական ծրագրերի տակ, ում էին պետք ու ինչ ռազմավարական նպատակներ էին դրանք հետապնդում, կապրենք, կտեսնենք: Իհարկե, այս գաղափարն ընդամենը գաղափար է, և ես մտադիր չեմ ահ ու սարսափ տարածելու անկախության քողի տակ իշխանության եկած ու երկիրը թալանած մեր «ազատատենչ» գործիչների շրջանում, թող արագացնեն իրենց գործերը, թալանի հնարավորությունները դեռևս չեն սպառվել:
Դատարանների մուտքերը փակելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի վերջին որոշումը մի նոր գաղափար էլ տվեց: Իմ կարծիքով՝ սա Քոչարյանին քաղաքական դաշտ վերադարձնելու ու, չեմ բացառում, ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակելու համար էր արված: Մի քանի օր առաջ այդ գաղափարը կարող էր համարվել հիվանդ երևակայության արդյունք, մարդիկ համոզված են, որ Քոչարյանին, ԼՏՊ-ին ու Սարգսյանին այլևս չի կարելի իշխանությանը մոտ թողնել, որ նրանք են երկրի տնտեսությունը քայքայելու հիմնական կազմակերպիչներն ու իրականացնողները, նրանց օրոք էր, որ զարգացած արդյունաբերական Հայաստանը առնվազն 30 տարով հետ շպրտվեց ու հայտնվեց կայուն տնտեսական ճգնաժամի մեջ, որ մեր քաղաքական դաշտում նրանք այլևս տեղ չեն ունենալու։ Այժմ համեմատենք վերջին օրերին Փաշինյանին ու Քոչարյանին սատարողների թիվը: Տարբերությունը մեծ չէր, մարդկանց նախկին ոգևորությունը այլևս չկա, անցել է պատմության գիրկը, մարդիկ ոչ մի իշխանավորի չեն հավատում՝ լինի հինը, թե նորը:


Մայիսի 21-ին լրացավ արևային գործերով մեր զբաղվելու 26 տարին, շատ բան է արվել ու լիովին պատրաստ ենք իրականացնելու Հայաստանի ու Արցախի հելիոֆիկացիան ու այդ ճանապարհով հաղթահարելու առկա տնտեսական ճգնաժամը, բայց այդ նույն օրը Փաշինյանը ՀՀ գիտությունների ակադեմիայում հատուկ նիստ էր հրավիրել, թե ինչպես իրականացնել տնտեսական հեղափոխությունը, մեր թիմից մարդ չէին հրավիրել, Աստված իրենց հետ: ՈՒզում եմ երկրի իշխանություններին կրկին հիշեցնել, որ տնտեսական գործերը տեղից տեղ թռչելով կամ թռչկոտելով չեն արվում, յուրայիններով կարելի է տասնյակ անգամ «թավշյա» հեղափոխություններ իրականացնել, բայց տնտեսականը չի ստացվի, այստեղ խելք ու պրոֆեսիոնալիզմ է պետք, որոնք «քայլողների» մոտ իսկապես բացակայում են, իրենց ժողովներով ու նիստերով թող մեր ժողովրդին չխաբեն, չմոլորեցնեն, օտարամետ ճանապարհներով չտանեն, բայց վերադառնանք մեր բուն թեմային:


«Իրատեսի» մշտական ընթերցող Արշալույս Սիմոնյանը հարցնում է, թե ինչ էին անում «ՉՏպվտՐպՊ»-ները, երբ իրենց արտադրանքի որակի ու հուսալիության հաշվին Աբովյանի «Սիրիուսում» տեխնոլոգիական ոսկիներն ու ճապոնական պլաստմասսան էին գողանում, ինչու՞ դեմը չէին առնում, կարո՞ղ է իրենք էլ էին օգտվում: Սա արտադրության մեջ թրծված ինժեների հարց է, որին պետք է պատասխանել հիմնավոր ձևով՝ ինժեներական կոնկրետությամբ: Բացատրեմ, թե ովքեր էին «ՉՏպվտՐպՊ»-ներն ու ինչ դերակատարում ունեին ռազմական արդյունաբերության գործերում: ԽՍՀՄ ՌԱՀ-ի մեջ մտնում էին պաշտպանական արդյունաբերության 9 նախարարություններ, որոնցից վեցը ներկայացված էին Հայաստանում գործող գիտաարտադրական միավորումների ու գործարանների տեսքով: Հայաստանի ՀՆԱ-ի 67 տոկոսը տալիս էին այդ գործարանները՝ ապահովելով աշխատեղերի մոտ 60 տոկոսը: Բոլոր գործարաններում, համաձայն ճյուղային ստանդարտների, գործում էին որակի կառավարման և հսկման լաբորատորիաներն ու փորձարկման բաժինները:

Էլեկտրոնային արդյունաբերության մեջ ներդրված էր արտադրանքի որակի ստուգման քառաստիճան համակարգ (ամերիկացիների մոտ դրանք հինգն էին, ճապոնացիների մոտ մեկ կամ, որոշ դեպքերում, զրո), որի վերջին աստիճանը տրված էր Խորհրդային բանակի ներկայացուցչություններին (представительство «заказчика» կամ «военные представители», ավելի կարճ՝ «военпреды»), որոնք համալրված էին բարձրաստիճան ու գրագետ սպաներով ու սպասարկող ինժեներական անձնակազմով, այս կառույցներում հիմնականում աշխատանքի էին վերցնում ռուսներին: Կենտրոնը գտնվում էր Մերձմոսկովյան Միտիշչի քաղաքում՝ ЦНИИ 22 կամ в/ч 67947, որն այն թվերին գլխավորում էր գեներալ-գնդապետ ՈՒսոլցևը: Ստավրապոլի ու Կրասնոդարի երկրամասերում, Հյուսիսային Կովկասի ու Անդրկովկասի հանրապետություններում գործող գործարանների ներկայացուցչությունները ենթարկվում էին «շրջանային ինժեներին»՝ նստավայրը Աբովյանի «Սիրիուս» գործարան, որը ղեկավարում էր գնդապետ Ինոզեմցևը: Ստացվեց այնպես, որ իմ առաջին գիտական ելույթը տեղի ունեցավ Չ/փ 67947-ում, բարձրաստիճան սպայական լսարանի առաջ՝ հուսալիության հարցերով կազմակերպված սիմպոզիումում։ Այդ ելույթը Գորյունովի նախաձեռնությունն էր, թեման այսպիսին էր. «Կիսահաղորդչային սարքերն ունե՞ն արդյոք ռեսուրս»: Դա իմ գիտական կարիերիայի միակ ձախողված ելույթն էր, որը, կարելի է ասել, ամբողջությամբ տապալեցի: Ամբիոն բարձրացա ու մի պահ հայացք գցեցի դահլիճին ու շփոթմունքից քարացա, իմ ելույթին էին սպասում հազարավոր սպայական աչքեր, միայն զգացի, որ դահլիճի աջ մասում նստած սպաների համազգեստները մոխրագույն էին, իսկ ձախ կողմինը՝ սև, դրանք ծովային սպաներն էին, որոնց քանակն ինձ ուղղակի զարմացրեց։ Չէի պատկերացնում, որ Մոսկվա քաղաքում այդքան ծովային սպաներ են լինում, զգաստ նստել ու սպասում էին, թե այս երիտասարդն ինչ նոր բան է ասելու մի խնդրում, որտեղ փակուղային վիճակ է առաջացել: Մի քիչ կմկմացի, ինչ-որ բաներ կարդացի ու իջա: Ընդմիջմանն ինձ մոտեցավ մի տարեց գեներալ-լեյտենանտ.
-Դե երիտասարդ, ամեն դեպքում, կիսահաղորդչային սարքերն ունե՞ն արդյոք ռեսուրս:


Սկսեցի բացատրել ու նկատեցի, թե ինչպես էին իմ շուրջբոլորը հավաքվում ցամաքային ու ծովային սպաները, գնդապետներն ու գեներալները, առաջին ռանգի կապիտաններն ու կոնտր-ադմիրալները: Միջավայրն այնքան բարյացակամ ու տրամադրող դարձավ, որ ներքին լարվածությունս անմիջապես անցավ ու ես ոտքի վրա հաջողված ելույթ ունեցա: - Կիսահաղորդչային սարքերը չեն կարող ռեսուրս ունենալ, չեն կարող անվերջ աշխատել՝ մեկ պարզ պատճառով. նրանց աշխատանքի հիմքում դրված է իդեալական բյուրեղի լոկալ հատվածներում տարբեր տիպի խառնուրդների ( B, Al, As, P) բարձր կոնցենտրացիայի ձևավորումը՝ ջերմաստիճանային դիֆուզիայի միջոցով: Բյուրեղների մեջ խառնուրդների մեծ գրադիենտ է առաջանում, որոնցով պայմանավորված են p-n անցումների վոլտ-ամպերային բնութագրերը: Դիֆուզիոն պրոցեսները շարունակվում են նաև ցածր ջերմաստիճաններում՝ կիսահաղորդչային սարքերի աշխատանքի ժամանակ, ջերմաստիճանից բացի այստեղ մեծ նշանակություն ունի նաև էլեկտրական հոսանքը, որի անհամասեռ լինելը կարող է պատճառ դառնալ դիֆուզիայի արագացման, խառնուրդների հանդիպակաց տարածման, փոխադարձ չեզոքացման կամ գեներացիայի համար: Մաթեմատիկական հաշվարկներով կարելի է գնահատել տարբեր տիպի կիսահաղորդչային սարքերի աշխատունակության մոտավոր ժամկետները կամ ռեսուրսը: Ֆիզիկական չափումներով հնարավոր է որոշել կոնկրետ նմուշների ծառայության ժամկետը կամ կատարել հուսալիության հստակ գուշակում: Այնպես որ՝ պետք է հաշվել ու չափել, չափել ու հաշվել՝ նախագծման ու փորձարկումների տարբեր էտապներում:


-Հիմա ամեն ինչ հասկանալի է, Ձեզ հրավիրում եմ Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիա, որ մեր կուրսանտներին բացատրեք Ձեր տեսությունը, թե ինչն ինչոց է:
Իմ ելույթն ավարտվեց ծափահարություններով, Գորյունովը շատ գոհ մնաց.
-Հաջորդ անգամ զինվորականների հետ հանդիպումներին միայն քեզ եմ ուղարկելու, անվախ հայ ես:
Իսկապես իմ վախն այդտեղ անցավ, ու մի բան հասկացա, որ գիտության ու տեխնիկայի հարցերում պրոբլեմներ չես ունենա, եթե տիրապետում ես առարկային ու հանրությանը խաբելու կամ թյուրիմացության մեջ գցելու նպատակ չես հետապնդում՝ ձգտելով ամեն ինչ լուծել գիտական բանավեճերի շրջանակներում, բացատրել քո տեսակետը, լսել ու սովորել ուրիշներից: Քաղաքական գործիչների գործն ավելի դժվար է, նրանք ուրիշ մոտեցում ունեն, թե ինչպես հանրությանը խաբեն ու բոլորին ակնհայտ փակուղային վիճակը ներկայացնեն, որպես իրենց համար տեսանելի, «դուզ ու դուրան», նույնիսկ լուսավորված կամ լուսավոր ճանապարհ: Գորյունովը միշտ խուսափում էր մասնակցելուց այն ժողովներին կամ խորհրդակցություններին, որտեղ դժվարամարս հարցեր էին քննարկելու, ինձ էր ուղարկում: Այդպիսի մի հիշարժան հանդիպում տեղի ունեցավ 1971 թվականին՝ մինիստր Շոկինի մոտ: Շոկինին, որը բոլոր ենթակաների ահ ու սարսափն էր, ես այդքան հուսալքված ու հուզված երբեք չէի տեսել, ափերով բռնել էր գլուխն ու խոսել չէր կարողանում, միայն հարցրեց.
-Ի՞նչ ենք անելու:
-Մի մտածեք, Ալեքսանդր Իվանովիչ, մենք կհասցնենք,- ինձնից անկախ տեղից վեր թռա ես:
-Այո, երիտասարդ, այդպե՞ս եք կարծում:
-Անպայման կհասցնենք:
Խոսքը Մոսկվայի Կալինինի պողոտայում գտնվող ծննդատան շենքի պատի վրա աշխարհի ամենամեծ հեռուստաէկրանը դնելու աշխատանքների մասին էր, որը, քաղբյուրոյի հանձնարարությունն էր, արվելու էր ԱՄՆ-ի նախագահ Ռիչարդ Նիքսոնի այցի կապակցությամբ։ Համայն աշխարհին պետք էր ցույց տալ ու զարմացնել խորհրդային արդյունաբերության հզորությամբ:


Նիքսոնը Մոսկվա եկավ 1972 թվականի մայիսին՝ իր տիկնոջ հետ, Բրեժնևի հետ կնքեցին ստրատեգիական զենքի սահմանափակման առաջին ԿհԹ-1 պայմանագիրը: Հետաքրքիր է, որ Նիքսոնի այցի կապակցությամբ Շոկինը երկրորդ, ավելի կարևոր, հանձնարարությունն էր ստացել. պետք էր նրա տիկնոջը հարիր մի նվեր պատրաստել: Հանձնարարությունը տրված էր բոլոր նախարարություններին, բայց ընդունվեց միայն Շոկինի առաջարկած տարբերակը, որը եկել էր Աբովյանի «Սիրիուսից», դա Սարգիս Հակոբովիչի գաղափարն էր, որն էլ նա իրականացրել էր մեծ վարպետությամբ: Նվերի վերաբերյալ բոլոր առաջարկությունները ներկայացվել էին քաղբյուրոյի քննարկմանը, Նիքսոնի տիկնոջը հիմնականում առաջարկել էին նվիրել հայտնի նկարիչների գործերը, բայց հավանության արժանացավ մեր առաջարկը՝ մելքիորից կուլոնն ու ականջօղերը՝ զարդարված օբսիդիանի քարերով: Իմ նվերը հասավ Նիքսոնին, բայց ես կրակն ընկա, քաղբյուրոյի բոլոր անդամների կանանց ու աղջիկների համար ստիպված եղա դրանցից սարքել: Հեռուստաէկրանի խնդիրը դժվարությամբ լուծվեց, պետք էր հատուկ ծրագրով միացնել ու անջատել 12-վոլտանոց մեքենայի լամպերը, երեք ներկված լամպեր՝ յուրաքանչյուր կետի համար, միացնելու համար պետք է օգտագործվեին Վորոնեժի արտադրության 2Տ-801 տրանզիստորները: Պրոբլեմը կայանում էր նրանում, որ այդ տրանզիստորները չէին դիմանում, տաքանում ու ծակվում էին: Ծակվելու պատճառները հասկանալու համար սկսեցինք ուսումնասիրել տրանզիստորի բյուրեղի հոսանքի ու ջերմաստիճանային դաշտերը՝ ռեկոմբինացիոն ճառագայթները գրանցելու միջոցով, որը և դարձավ իմ հետազոտությունների առարկան: Փորձեցինք օգտագործել ինֆրակարմիր դիապազոնում աշխատող էլեկտրաօպտիկական ձևափոխիչները, նույն այն ձևափոխիչները, որոնք այսօր օգտագործվում են բանակում՝ գիշերային տեսանելիության սարքերում: Եղած ձևափոխիչների զգայունությունը բավարար չէր այդ ճառագայթները գրանցելու համար, պետք էր կասկադների թիվը ավելացնել: Իմ տեխնիկական առաջադրանքով Մոսկվայի էլեկտրալամպերի գործարանում պատրաստեցին երեքկասկադանոց ՈՒ-72 տիպի էլեկտրաօպտիկական ձևափոխիչները, որոնց միջոցով, աշխարհում առաջին անգամ հաջողվեց գրանցել տրանզիստորների ռեկոմբինացիոն ճառագայթներն ու հասկանալ, թե ինչ է կատարվում սիլիցիումային բյուրեղի ներսում: 8x8-միլիմետրանոց բյուրեղից տրանզիստորի աշխատանքին մասնակցում են միայն եզրային հատվածները, որտեղ և տեղի են ունենում հոսանքի կուտակումներ, ջերմաստիճանի լոկալ բարձրացում մինչև հալման աստիճանի, ու ծակման ֆիզիկական պրոցեսը: Բրեժնևի խնդրի լուծման համար ստիպված եղանք փոխել 2Տ-801 տրանզիստորի տոպոլոգիան, ստեղծել երկու բազա ունեցող 2Տ-802 տիպի տրանզիստորը, ապա սեղանաձև մեանդր ունեցող 2Տ-805 տիպի տրանզիստորները: Կարճ ժամանակում տեղավորվեցինք աշխատանքային ռեժիմներում ու աշխարհի ամենամեծ հեռուստաէկրանի խնդիրը լուծեցինք: Նիքսոնին ու իր տիկնոջը տարել էին գիշերային զբոսանքի ու ցույց տվել մեր ստեղծած հեռուստաէկրանը, հետագայում Շոկինը կպատմի, թե ինչ ազդեցություն էր թողել այդ էկրանը նրանց վրա: Հիմա նման էկրանները ստեղծվում են LED լամպերի, հեղուկ բյուրեղների կամ լույսը անդրադարձնող միկրոհայելիների միջոցով, դրանք արդեն այնքան տարածված են, որ մարդկանց վրա առանձնակի տպավորություն չեն թողնում, բայց այն ժամանակ ուրիշ էր:


ԽՍՀՄ էլեկտրոնային արդյունաբերությունն այն բարձրությանն էր հասել, որ ինձ նման մի երիտասարդ ասպիրանտ կարող էր նախագծել ու մի քանի ամսում կազմակերպել երեք տիպի տրանզիստորի արտադրությունը, մաթեմատիկորեն լուծել էլեկտրական ու ջերմային դաշտերի խնդիրը, ստեղծել դրանք չափելու օրիգինալ տեխնիկան ու համապատասխան մեթոդները: Հիշելով այս պատմությունները, գնահատելով իմ անհավատալի հնարամտությունը, ես, անկեղծ ասած, ափսոսում եմ ինձ ու չարանում եմ մեր իշխանությունների վրա: Տո ոչխարներ, ձեր կիսագրագետ հալով իշխանավոր եք դարձել, մարդկանց ու երկիր եք կառավարում, ինչո՞ւ եք օրակարգից հանել հելիոֆիկացիայի երկրաստեղծ ծրագիրը, սա՞ է տնտեսական հեղափոխության ճանապարհը, ինչու՞ եք խանգարում, ինչու՞ թույլ չեք տալիս, որ իմ ստեղծած գիտությունն ու տեխնիկան աշխատեն իմ հայրենիքում, իմ ժողովրդի համար, չէ՞ որ ինձ նման գիտնականների կատարած աշխատանքները բավարար կլինեին, որ մեր երկիրը ծաղկի ու բարգավաճի, որ անճարների երկրի համբավը մեզնից թոթափվի։ Ամոթ է։ Այսպես շարունակել չի կարելի, երբ վարչապետն իրեն կարող է թույլ տալ նիստերի ժամանակ իմանալ իրեն անծանոթ խնդիրների մասին, տեղում որոշումներ կայացնել ու համապատասխան հանձնարարականներ տալ: Այդպես չի լինում, հացը տուր հացթուխին, մի հատ էլ ավելի:
(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 4389

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ