Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Երվանդ Ղազանչյանի հիշատակը հավերժ կմնա արվեստասեր հանրության սրտերում Հայ թատերարվեստը ծանր կորուստ կրեց...

Երվանդ Ղազանչյանի հիշատակը հավերժ կմնա արվեստասեր հանրության սրտերում  Հայ թատերարվեստը ծանր կորուստ կրեց...
31.07.2019 | 18:22

2019 թվականի հուլիսի 30-ին, 82 տարեկան հասակում կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Սուրբ Սահակ», «Սուրբ Մեսրոպ» շքանշանակիր, Պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը:

Երվանդ Ղազանչյանը հայ արվեստագետների և մտավորականության ավագանու ամենաերևելի ներկայացուցիչներից էր, ում հագեցած ստեղծագործական կյանքը հայ բեմի տարեգրությունը հարստացրեց նշանակալի էջերով:


Երվանդ Ղազանչյանը ծնվել է 1937 թվականի հունիսի 2-ին, Երևանում: 1953-58 թթ. սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Վարդան Աճեմյանի արվեստանոցում: Ստացել է դրամատիկ թատրոնի դերասանի որակավորում: 1962-65 թթ. սովորել է նույն ինստիտուտի ռեժիսորական բաժնում` դրամատիկ թատրոնի ռեժիսորի որակավորմամբ: 1964-65 թթ. ռեժիսորական բարձրագույն կուրսեր է անցել Սանկտ Պետերբուրգի Մ. Գորկու անվան պետական ակադեմիական թատրոնում՝ Գ. Տովստանոգովի ղեկավարությամբ: 1949-52 թթ. աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում, 1958-62 թթ.` Կապանի Ա. Շիրվանզադեի անվան պետական թատրոնում, 1967-70 թթ.` Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես ռեժիսոր, 1984-86 թթ.` որպես տնօրեն, 1970-76 թթ.` Լենինականի դրամատիկական թատրոնում (այժմ` Գյումրու Վ. Աճեմյանի անվան)` որպես գլխավոր ռեժիսոր, 1976-78 թթ.` Երևանի Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես գեղարվեստական ղեկավար և տնօրեն, 1980-84 թթ. և 1986-93 թթ.` Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում` որպես գլխավոր ռեժիսոր:
1993 թվականից եղել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը:


Իր մեծ ուսուցիչներից՝ Վ. Աճեմյանից, Գ. Տովստոնոգովից ու նաև հայ բեմի վարպետներից առած դասերն են, որ 60 տարուց ավելի իմաստավորել են Երվանդ Ղազանչյանի ստեղծագործական ուղին:
Հայ թատրոնում նա բեմադրել է հայ և արտասահմանյան դասականների մի շարք ստեղծագործություններ` Ժ. Պ. Սարտրի «Անթաղ մեռելներ», Ա. Շիրվանզադեի «Պատվի համար», «Մորգանի խնամին», Ֆ. Դոստոևսկու «Ապուշը», «Ոճիր և պատիժ», «Պարոն Բաբիկը և ուրիշները», Բ. Բրեխտի «Կուրաժ մայրիկը և ուրշները», Ֆ. Լորկայի «Արյունոտ հարսանիք», Ե. Չարենցի «Երկիր Նաիրի», Սոլտիկով-Շչեդրինի «Մի քաղաքի պատմություն», Վ. Շեքսպիրի «Ոչնչից մեծ աղմուկ», «12-րդ գիշեր», Մոլիերի «Քաղքենին ազնվական», Արիստոֆանեսի «Լիսիստրատե», Հ. Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան», Կ. Խոդիկյանի «Լիր արքայի ծաղրածուն» և այլն:


1974 թվականից դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:
1995-2007 թթ. եղել է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահը:
Երվանդ Ղազանչյանի կյանքն ու գործունեությունը անմնացորդ նվիրումի օրինակ է: Նրա ուրույն և անկրկնելի ձեռագիրը դեռ երկար տասնամյակներ բարերար ազդեցություն կունենա Հայաստանի և Սփյուռքի բազմաթիվ թատրոններում ու թատերական խմբերում:
Ականավոր արվեստագետի հիշատակը հավերժ կմնա արվեստասեր հանրության սրտերում:
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Երվանդ Ղազանչյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով:
Երվանդ Ղազանչյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 1-ին՝ ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Վերջին հրաժեշտը` օգոստոսի 2-ին՝ ժամը 12:00-14:00-ն, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:
Հուղարկավորությունը` Կենտրոնական գերեզմանատանը (Թոխմախ 2-րդ մուտք՝ Վարդաշենի կողմից):


Կառավարական հանձնաժողով

Դիտվել է՝ 3721

Մեկնաբանություններ