Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Ավրորա»-ն դարձել է մեր՝ «Խաղաղության համար շնորհվող Նոբելյան մրցանակը»

«Ավրորա»-ն դարձել է մեր՝ «Խաղաղության համար շնորհվող Նոբելյան մրցանակը»
20.10.2019 | 13:38

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Երևանի Ազատության հրապարակում մասնակցել են «Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությանը։ Վարչապետը կարևորել է «Ավրորա» նախաձեռնությունը և նշել.
«Ինձ համար մեծ պատիվ է այս ամբիոնից դիմել ձեզ և ողջունել «Ավրորա» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության բոլոր մասնակիցներին: «Ավրորա» նախաձեռնությունը մեծ ու կարևոր աշխատանք է կատարում, և ես ուրախ եմ ձեզ բոլորիդ տեսնել Երևանի Ազատության հրապարակում և մեր հյուրերին ասել ՝ բարի գալուստ Հայաստան:


Նաև ցանկանում եմ մեզ բոլորիս շնորհավորել Հայաստանում «Ավրորա» Ֆորումի շաբաթ անցկացնելու կապակցությամբ և ողջունել այդ հիասքանչ միջոցառման բոլոր մասնակիցներին ու կազմակերպիչներին։ Քաջատեղյակ եմ, որ Ֆորումի շրջանակներում Հայաստանում անցկացվել են և մի քանի օր դեռևս անցկացվելու են բազմաթիվ հետաքրքիր քննարկումներ, որոնք վերաբերում են արհեստական բանականությունից մինչև մշակութային ժառանգության պահպանման, կրթության զարգացման ու մարդասիրական գործողություններին առնչվող զանազան հարցերի:


Մենք երախտապարտ ենք «Ավրորային» այդ քննարկումներն անցկացնելու և այդ միջոցով Հայաստանի մտավոր ու մշակութային կյանքը հարստացնելու, ապագայի մեր տեսլականի ձևավորմանը նպաստելու համար: «Ավրորա» նախաձեռնությունն այլևս կայուն տեղ է զբաղեցնում մեր կյանքում։ Հպարտությամբ նաև կարող ենք ասել, որ «Ավրորա»-ն այսօր համաշխարհային լայն ճանաչում է ստացել և լավագույնս նպաստում է աշխարհում հայ ժողովրդի հեղինակության բարձրացմանն ու ճանաչելիության ընդլայնմանը։
Ստեղծվելով որպես Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակն անմահացնելու միջոց՝ «Ավրորա» մրցանակաբաշխությունը փառաբանում է մարդասիրությունը, քաջալերում խաղաղությունը և մարդկության առաջընթացին ծառայելու անմնացորդ նվիրումը։
«Ավրորա»-ն դարձել է մեր ժողովրդի յուրատեսակ ներդրումը մարդու իրավունքների և հումանիզմի գաղափարների տարածման ու ամրապնդման համար աշխարհում: Այն, եթե թույլ տաք ասել, դարձել է մեր՝ «Խաղաղության համար շնորհվող Նոբելյան մրցանակը»։ Ցավոք, ժամանակակից աշխարհում հակամարտություններն ու պատերազմներն ամենուրեք են՝ երկրագնդի գրեթե բոլոր անկյուններում: Եվ «Ավրորայի» մրցանակաբաշխությունն այն գործիքներից է, որը հիրավի կարևոր ներդրում է կատարում մարդկային ողբերգությունների կանխարգելման և խաղաղության հաստատման համար:


«Ավրորա»-ն սատարում ու մեծարում է այն անհատներին, ովքեր անտեսելով բոլոր դժվարություններն ու վտանգները գործում են հանուն մարդկային կյանքի, առողջության, արժանապատվության, իրավունքների պաշտպանության, հանուն խաղաղության։
Եվ սա յուրօրինակ մի արտահայտումն է Աստվածաշնչյան ասվածքի՝ երանի խաղաղարարներին, քանզի նրանք Աստծո որդիներ պետք է կոչվեն:
Ինձ համար պատիվ է ողջունել և շնորհավորել «Ավրորայի» մրցանակի երեք մարդասերներին՝ 2019 թվականի «Ավրորայի» հերոսներին, որոնց կատարած բացառիկ աշխատանքը և իրականացրած առաքելությունը մենք հավաքվել ենք այստեղ մեծարելու։
Շնորհավորում եմ և իմ երախտագիտությունն եմ հայտնում փաստաբան, ակտիվիստ և մարդու իրավունքների պաշտպան Հուդա ալ-Սարարիին: Եմենցի այս խիզախ կինը, վտանգելով իր կյանքը, բացահայտել է իր երկրում գոյություն ունեցող գաղտնի բանտերի ցանց, ուր անազատության մեջ էին պահվում հազարավոր մարդիկ։


Շնորհավորում եմ և իմ երախտագիտությունն եմ հայտնում «Ֆյուչըր փրաուիս» իսլամական հիմնադրամի (Future Prowess Islamic Foundation) հիմնադիր տնօրեն Զանա Բուկար Մուստաֆային, ով իր անձնուրաց գործունեությամբ կրթության հնարավորություն է ընձեռում Նիգերիայի Մայդուգուրի քաղաքի ընչազուրկ երեխաներին և պաշտպանում նրանց: Նա, անտեսելով բոլոր վտանգները, հերոսաբար կարողացել է փրկել իսլամ ծայրահեղականների մոտ գերության մեջ գտնվող ավելի քան հարյուր երեխայի կյանք։


Եվ վերջապես շնորհավորում և իմ երախտագիտությունն եմ հայտնում այսօրվա գլխավոր հերոս, «Ավրորա» մրցանակաբաշխության դափնեկիր՝ պարոն Միրզա Դինայինին: Լինելով «Օդային կամուրջ» կազմակերպության համահիմնադիր և տնօրեն՝ նա օգնել է Իրաքից Գերմանիա տեղափոխել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բարբարոսություններից տուժած եզդիներին և ցուցաբերել նրանց բժշկական օգնություն: Միրզա Դինայինն օգնել է հարյուրավոր կանանց փախչել «Իսլամական պետության» կողմից վերահսկվող տարածքներից, անձամբ ներգրավվել նրանց անվտանգ վայր տեղափոխելու աշխատանքներում և ջուր ու սնունդ հասցրել մեկուսացման մեջ գտնվող ազգությամբ եզդի մարդկանց:


Պարոն Դինայինի, մենք երախտապարտ ենք ձեզ: Այն ինչ դուք անում եք Իրաքում մեր բարեկամ եզդի ժողովրդի համար մեզ հիրավի հիշեցնում է մեկ դար առաջ, Հայոց ցեղասպանության տարիներին, արևմտյան միսիոներների և առանձին անհատների գործունեությունը, որի շնորհիվ հնարավոր եղավ հազարավոր հայերի կյանք փրկել: Հայաստանի եզդի համայնքի անունից ևս մեր երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ: Դժբախտաբար, Մերձավոր Արևելքի շատ ժողովուրդներ վերջին տարիներին անցնում են մեծ դժվարությունների միջով՝ հաճախ հայտնվելով ողբերգական իրադարձությունների հորձանուտում: Ցավոք, մինչ այսօր խաղաղությունն ու կայունությունը վերջնական չեն հաղթանակել այդ տարածաշրջանում:


Սակայն Ձեր և Ձեզ նման անձնուրաց մարդկանց գործունեությունը լավատեսության և տարածաշրջանում կայուն ապագայի հույս է ներշնչում: Մաղթում եմ Ձեզ ուժ և եռանդ՝ Ձեր կարևոր մարդասիրական առաքելությունը շարունակելու համար:
Սիրելի բարեկամներ,
Ավարտելով խոսքս՝ ցանկանում եմ վերստին շնորհակալություն հայտնել այսօրվա միջոցառման և «Ավրորա» մրցանակաբաշխության բոլոր կազմակերպիչներին։ Բոլոր նրանց, ովքեր կանգնած են այս գաղափարի ու նախաձեռնության հետևում։
Մաղթում եմ ձեզ հաջողություն և նորանոր ձեռքբերումներ։ Եվ շնորհակալություն ուշադրության համար»:

Դիտվել է՝ 738

Մեկնաբանություններ