Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Իշխանության ճգնաժա՞մ Ադրբեջանում, թե՞ դինաստիական իշխանափոխություն

Իշխանության ճգնաժա՞մ Ադրբեջանում, թե՞ դինաստիական իշխանափոխություն
29.11.2019 | 12:41

Ադրբեջանում իշխող «Ենի Ազերբայջանը» նախաձեռնել է խորհրդարանի ինքնալուծարում: Ինչու՞, եթե կուսակցությունն առանց այդ էլ ունի մեծամասնություն ու լիովին վերահսկում է Միլի մեջլիսը: Դիտորդները խոսում են իշխանության ճգնաժամի մասին, ընդդիմությունը՝ նոր հնարավորությունների, սոցցանցերը կատակում ու հեգնում են: Երեկ ԱՊԱ գործակալությունը տեղեկացրեց, որ «Ենի Ազերբայջանի» քաղխորհուրդը իր պատգամավորներին հորդորել է նախաձեռնել Միլի Մեջլիսի ինքնալուծարում: Կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը հաստատեց, որ կուսակցությունը դիմել է նախագահ Իլհամ Ալիևին խնդրելով լուծարել խորհրդարանը: Նրա խոսքով՝ դիմումի նպատակը «բարենորոգումների աշխարհագրության ընդլայնումն է»: «Այդպիսով մենք նոր հնարավորություններ կբացենք մեր երկրի զարգացման համար և նոր ավանդույթ կհաստատենք մեր խորհրդարանի պատմության մեջ»՝ հայտարարել է Ահմեդովը: Նրա տեղակալ Սիյավուշ Նովրուզովը հայտարարել է, որ եթե առաջարկն ընդունվի, ներկա խորհրդարանը կգործի, քանի դեռ նորը չի սկսել աշխատանքները: Հերթական խորհրդարանական ընտրությունները 2021-ի աշնանն էին: Խորհրդարանում Ենի Ազերբայջանն ունի 125 մանդատներից 70-ը: Կուսակցության անդամ է և նախագահ Իլհամ Ալիևը: Ուրբաթ օրը հարցը քննարկվելու է Միլի Մեջլիսում, խորհդարանական «Անա վաթան» (Մայր Հայրենիք) կուսակցությունն արդեն հավանություն է տվել այդ որոշմանը և նույնպես կապել բարեփոխումների համար նոր հնարավորությունների ու երիտասարդ կադրերի իշխանության գալու անհրաժեշտության հետ:


Իրավաբան և ընտրությունների փորձագետ Անար Մամեդլիի կարծիքով՝ խորհրդարանի ինքնալուծարման իրական պատճառը քաղաքական ճգնաժամն է իշխանության ներսում: «Մենք ապրում ենք երկրում, որտեղ չկա թափանցիկություն քաղաքականության մեջ և մենք չգիտենք՝ ինչ է կատարվում իշխանության ներսում»՝ ասում է Անար Մամեդլին: Նրա խոսքով՝ ևս մեկ պատճառ կարող է լինել, որ Ադրբեջանում դժվար ժամանակներ են սկսվում: Օրինակ, չի բացառվում ազգային տարադրամի նոր արժեզրկում: Կան նաև այլ պատճառներ, որ կարող են ակտիվացնել բողոքական տրամադրությունները: Մամեդլին գտնում է, որ գործող խորհրդարանը լիովին իշխանության վերահսկողության տակ է, և իշխանությունը ջանալու է հետագայում էլ թույլ չտալ ընդդիմադիր թեկնածուների ընտրությունը: Քաղաքական վերլուծաբան Ռաշիդ Շիրինը հնարավոր է համարում, որ խորհրդարանի լուծարումը փոփոխությունների հանգեցնի: «Դժվար էասել՝ ընդդիմությունը խորհրդարան կմտնի՞: Մենք ունենք մաժորիտար համակարգ, բայց գուցե այս ընտրությունները այլ լինեն, մարդիկ ավելի շատ են տրամադրված երկրում փոփոխությունների: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են համախմբել և մարդկանց, և կուսակցություններին: Դժվար է ասել՝ ինչո՞վ այս ամենը կավարտվի»:


Ֆեյսբուքի ուղիղ եթերում «Հանրապետական այլընտրանք» ընդդիմադիր կուսակցության նախագահ Իլգար Մամեդովը խորհրդարանի ինքնալուծարումն անվանել է ընդդիմության ու ժողովրդի համար պատմական շանս: «Մենք բոլոր քաղաքական կուսակցություններին կոչ ենք անում մասնակցել ընտրություններին և ինքներս էլ մասնակցելու ենք» հայտարարել է Իլգար Մամեդովը: Նրա կարծիքով՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունները, կախված մարդկանց կամքից, կամ երկիրը վերջնականապես կդարձնեն դինաստիական, կամ՝ դեմոկրատական: Ադրբեջանի Ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակցության նախագահ Ալի Քերիմլին հայտարարել է, որ իշխանությունը փորձում է ներկայացնել, որ խորհրդարանի լուծարումը բարեփոխումների մաս է, բայց իշխանությունների հակաարևմտյան հռետորաբանությունը ցույց է տալիս, որ ոչ մի բարեփոխում չկա: Քերիմլին հայտարարել է, որ իր կուսակցությունը դեռ որոշում չունի ընտրություններին մասնակցության վերաբերյալ:
Սոցիալական ցանցերում խորհրդարանի ինքնալուծարումը ընդունեցին հումորով ու սկեպսիսով, որ ոչ բոլորը կհասկանան, եթե մշտապես չեն հետևոըմ Ադրբեջանի քաղաքական անցուդարձին: Ոմանք գրում են, որ եթե ամեն անգան նույն մարդիկ են գնում խորհրդարան, ինչու՞ են այդքան փող ծախսում, թող 20 տարով նշանակեն, վերջանա-գնա:
BBC


Հ.Գ. Իրականում Ադրբեջանում իշխանության են գալիս Փաշաևները՝ Իլհամ Ալիևի կնոջ՝ Մեհրիբան Փաշաևա-Ալիևայի գլխավորությամբ: Նվազագույնը ծիծաղելի կարող է թվալ, որ խորհրդարանն է խանգարում նախագահի բարեփոխումներին: Մի խորհրդարան, որ լիովին նրա վերահսկողության տակ է, ինչպե՞ս կարող է նրան խանգարել: Նոր խորհրդարանում կլինեն արդեն ոչ թե Իլհամ Ալիևի, այլ՝ Մեհրիբան Փաշաևա-Ալիևայի կողմնակիցները, իշխանությունը դառնում է դինաստիական ու անցնում է մյուս՝ Փաշաևների դինաստիային: Իբրև պետության ղեկավար Մեհրիբան Ալիևան առաջին քննությունը հանձնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և նույնիսկ նրանից շքանշան ստացավ: Փաստորեն՝ ամեն ինչ լավ է անցել, որ Մոսկվա այցից հետո «Ենի Ազերբայջանը» խորհրդարանը լուծարելու որոշում է կայացնում: Ինչո՞վ է տարբերվելու Ալիևան Ալիևից, եթե Ալիևն արդեն հայտարարում է, որ Արևմուտքից սպասելիքներ չկան՝ նոյեմբերի 26-ին նա Բաքվի պետական համալսարանում կտրականապես մերժեց Ադրբեջանի եվրաինտեգրման հեռանկարները և կոշտ քննադատեց ընդդիմությանը:


Միլի Մեջլիսի ինքնալուծարումը անցումային շրջանի վերջին գործողությունն է: Արտահերթ ընտրություններում Իլհամ Ալիևը լուծում է նաև այլ խնդիրներ՝ նա ժամանակ չի թողնում ընդդիմությանը պատրաստվել հերթական ընտրություններին, ժամանակ չի թողնում ընտրողներին: Ադրբեջանցի քաղաքագետ, նախկին քաղբանտարկյալ, այժմ Նիդերլանդներում բնակվող Արիֆ Յունուսովի համոզմամբ՝ խորհրդարանի լուծարումը վկայում է իշխանության ներսում լուրջ վերադասավորումների մասին: «Մեհրիբան Ալիևայի իշխանության գալու գործընթացի մեկնարկը տրված է», - Ֆեյսբուքում գրել է Յունուսովը:

«Թուրան» գործակալության գլխավոր խմբագիր Մեհման Ալիևի գնահատմամբ՝ 2015-ի նոյեմբերին ընտրված խորհրդարանի լուծարումը վկայում է Մեհրիբան Ալիևայի ձեռքում վարչական լծակների նոր չափաբաժնի կուտակման մասին: «Այժմ ընթացքի մեջ են կառավարության լիակատար կառուցվածքային փոփոխությունները, և այսօր կայացված որոշումը այդ գործընթացի բաղկացուցիչ մասն է», - նշում է «Թուրան»-ի խմբագիրը: Ադրեբեջանի օրենսդրությամնբ՝ խորհրդարանի լուծարման դեպքում արտահերթ ընտրությունները նշանակվում են ոչ շուտ քան 60 օրվա ընթացքում: Վեցերորդ գումարման խորհրդարանի ընտրությունները Ադրբեջանում տեղի կունենան հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին: Հուսանք, որ այդ ընթացքում Իլհամ Ալիևը «հաղթական» բլից կրիգի նոր փորձ չի ձեռնարկի՝ յուրայինների հաղթանակն ապահովելու համար: Երեկ Բիշկեկում ՀԱՊԿ-ի գագաթաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պահանջում էր Արցախի ուղղությամբ պատերազմական ռիսկը չեզոքացնելու պատասխանատվություն դնել ՀԱՊԿ-ի վրա ու նախազգուշացնում էր, որ Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշումը վտանգավոր է ոչ միայն Հարավային Կովկասի, այլ նաև ՀԱՊԿ երկրների անվտանգության համար:

«Կարծում եմ՝ նոր էսկալացիան աղետալի հետևանքներ կթողնի ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանում, այլ նրանից դուրս: Ադրբեջանը, գտնվելով պատերազմական իրավիճակում, կարող է դառնալ հարմար ցատկահարթակ իսլամական ծայրահեղականների համար, ովքեր կորցնելով ազդեցությունը Սիրիայում փնտրում են նոր տարածքներ իրենց գործունեության համար: Ընդ որում՝ Ադրբեջանն աշխարհագրական առումով շատ հարմար հարթակ է, որի միջոցով ծայրահեղականները կարող են ծավալել իրենց գործունեությունը բոլոր ուղղություններով», - ասել է Հայաստանի վարչապետը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀԱՊԿ-ն ունի անհրաժեշտ միջոցներ Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր էսկալացիան կանխելու համար: Նրա խոսքով՝ հնարավոր էսկալացիան կանխելու համար ՀԱՊԿ երկրները, ելնելով անվտանգության պահպանման շահերից, պետք է թողնեն անպատասխան Ադրբեջանի կողմից նոր զենք ձեռք բերելու դիմումները:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4253

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ