Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Այսօր բոլոր եկեղեցիներում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ

Այսօր բոլոր եկեղեցիներում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ
05.01.2020 | 21:01

Այսօր բոլոր եկեղեցիներում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ: Պահոց շրջանը, որ նախորդում է Սուրբ ծննդյանը, ավարտվում է հենց Ճրագալույցի Սուրբ Պատարագին մասնակցությամբ: Սուրբ ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան և շարունակվում կեսգիշերից հետո: Եկեղեցական կյանքում նոր օրը սկսվում է տվյալ օրվա երեկոյից՝ ժամերգությունից հետո: Այս է պատճառը, որ Սուրբ ծննդյան և Սուրբ Զատկին նախորդող օրերի երեկոյան՝ Ճրագալույցի Սուրբ Պատարագի ընթացքում է եկեղեցին ավետում Բարի Լուրը՝ «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ», «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»:


Ըստ Գրիգոր Տաթևացու՝ Սուրբ Պատարագ է մատուցվում երկու անգամ՝ հունվարի 5-ի երեկոյան՝ Ճրագալույցի, և հունվարի 6-ի առավոտյան՝ Տերունական, որովհետև Քրիստոսի Ծնունդը կեսգիշերին եղավ, իսկ Մկրտությունը՝ կեսօրին, ուստի՝ Ճրագալույցի Պատարագը Քրիստոսի Ծննդյան խորհրդով է, իսկ առավոտյանը՝ Մկրտության:


«Ճրագալույց» նշանակում է ճրագ՝ մոմ վառել՝ լուցանել: Ճրագալույցի պատարագի ընթացքում հատուկ արարողակարգով վառվում են տաճարի ջահերն ու կանթեղները: Քահանաները զգեստավորված գալիս են ատյան, ուր խնկարկելով և «Ուրախացի՛ր, սրբուհի» շարականի երգեցողությամբ սկսում են օրհնաբանել Աստվածամայր Կույսին՝ հայտնելով Քրիստոսի գալուստը: Պատարագի ավարտին մարդիկ եկեղեցում վառած ճրագները դուրս են հանում եկեղեցուց և տանում են իրենց տները, այս կերպ տարածելով, Աստծո լույսը, օրհնությունը: Երեկոյան՝ Ճրագալույցին կատարվող ընթերցումները՝ ճրագների ու կանթեղների լույսի ներքո, խորհրդանշում են մարգարեների աղոտ ծագումը Արդարության Արեգակի հայտնվելուց առաջ: Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն Արեգակից առավել էր, քանի որ առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Քրիստոս, Ով ճշմարիտ Լույսն է:


Սուրբ Գրիգոր Աստվածաբանի խոսքով. «Այսօր նախօրեն ու նախատոնակն է վաղվա մեծ լույսի ծագման: Եվ ինչպես թագավորի գալստյան ավետիսը լսելով՝ նրան սիրողներն ուրախանում ու պատրաստություն են տեսնում կամ ջահերով ընդառաջ գնում նրան, նույնպես էլ մենք»:
Սուրբ ծննդին մարդիկ միմյանց ողջունում են՝ ասելով. «Քրիստոս Ծնվեց և Հայտնվեց, Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի»:

Դիտվել է՝ 2786

Մեկնաբանություններ