Մեր այս թե՛ հերոսական, թե՛ օրհասական օրերի ընթացքում, երբ ողջ հայությունը փորձում է լուծել իր գոյապահպանության խնդիրը, հայկական առանձին հեռուստաընկերություններ շարունակում են ապրել նախկին, խաղաղ օրերի կյանքով։ Ամենևին նկատի չունեմ, որ այսօր օրնիբուն պետք է թմբուկ զարկել և շեփոր փչել վասն հայրենիքի հաղթանակի, քանի որ այս ամենը ուռա-հայրենասիրության դրսևորում է։
Բայց և այնպես կարելի է ինչ-որ չափով զգաստ լինել, գնահատելով ներկա, առանց որևէ չափազանցության` պատմական պահի կարևորությունը։ Մի՞թե կասկած կարող է լինել, որ մի նոր Ավարայր է բախել հայության դուռը, ինչը ենթադրում է հավուր պատշաճի լրջություն։ Այս ամենը գրում եմ զարմացած հեռուստագովազդի առանձին ցնցակաթվածներից, երբ օրնիբուն գովազդվում է խաղատունը։ Ըստ իս, նման պատերազմական ժամանակաշրջանում առհասարակ պետք է արգելել խաղատների գործունեությունը։ Հուսամ, որ առաջարկս տեղ կհասնի։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ