Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ճաշակին ընկեր չկա, իսկ անճաշակությա՞նը

Ճաշակին ընկեր չկա, իսկ անճաշակությա՞նը
11.07.2012 | 15:16

Ոչինչ չես կարող անել. ճաշակին ո՛չ ընկեր կա, ո՛չ խնամի ու ո՛չ էլ ընկերուհի։ Սա փաստենք և քայլենք առաջ։ Զի մինչ մենք առաջ ենք քայլում, աննահանջ շարունակվում է մայրաքաղաք Երևանի արձանագործական նկարագրի խեղաթյուրումը։ Առաջատարը «կերպարվեստային ռմբակոծիչ», ժողովրդական նկարիչ և քանդակագործական դիպուկահար տիար Լևոն Թոքմաջյանն է։ Թե ինչու է նա անլուծելի հանելուկ, բացատրում եմ մեծագույն սիրով։ Բանն այն է, որ բավականին ուրույն ձեռագիր և շնորհք ունեցող սույն վարպետը, ով մի քանի տաղանդավոր աշխատանք կերտեց մայրաքաղաքոմ (զորօրինակ, «Անուշն ու Սարոն»` Թումանյանի անվան զբոսայգում, Լև Տոլստոյի կիսանդրին` համանուն դպրոցի դիմաց, Մարտիրոս Սարյանի արձանը Վերնիսաժում և այլն), անկախացումից հետո շրջադարձվեց և սկսեց Երևանի (հնարավորության դեպքում էլ հանրապետության, մերձակա և հեռակա սփյուռքի) կերպարի նենգափոխումը, ընդ որում, բավականին ուշագրավ պատճառահետևանքային մեթոդով։ Այսինքն, էսքիզային վիճակում կերտում է մի ընտիր նմուշ, հետո փոշմանում է, չգիտես ինչու, և վերջնարդյունքում քաղաքը (հանրապետությունն ու սփյուռքն էլ վրադիր) պճնում քանդակագործական հերթական «փորձանմուշով»` ցածրարվեստ և ժամանակավրեպ։ Նման ճակատագրի արժանացան ազգային շատ երևելիներ (այսինքն, նրանց արձաններն ու կիսանդրիները)։ Յուրօրինակ Սողոմոն Թեհլերյանն ու Գևորգ Չավուշը։ Նմանապես Արամ Մանուկյանն ու Շահամիր Շահամիրյանը։ Ոչ պակաս նրանցից` Վահագն Դավթյանը։ Նրանց էապես գերազանցող Վահրամ Փափազյանը։ (Նաև Նոյը, Տիգրան Մեծը, Արգիշտի արքան)։ Ինչո՞ւ է այսպես, անհայտ է, անմեկնելի և ահասարսուռ։ Բայց և այնպես քաղաքապետ տիար Տարոն Մարգարյանն օրեր առաջ «վարպետին» պարգևատրեց ոսկե մեդալով։ Ինչո՞ւ։ Նման «քյալլագյոզությունների՞» համար։ Հավանաբար։ Իր հերթին տիար Թոքմաջյանը դա համարեց լուրջ խթան` իր հետագա ստեղծագործական թռիչքների համար։ Այնպես որ, պատրաստ լինենք նորանոր փորձությունների։

Սակայն գուցե թե լրջախոհ և հեռանկարային մի ծրագիր է իրականացվում։ Այսինքն, եթե Երևանի թամանյանական նկարագիրը պարզապես բռնախեղվել է, իմաստ ունի՞ գեղագիտական տեսանկյունից բարձրարվեստ արձաններ ու կոթողներ կերտելը։ Վստահաբար` ոչ։
Այնպես որ, տիար Թոքմաջյանն ու նրա վաղեմի ու նորահայտ հովանավորներն ազգային-պետական նշանակության լրջախոհ խնդիր են լուծում։
Չխանգարենք։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 5010

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ