Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ներիր նրանց, Գարեգին Նժդեհ

Ներիր նրանց, Գարեգին Նժդեհ
19.01.2013 | 14:58

«Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնությունը հայտարարությամբ է հանդես եկել` դատապարտելով համացանցում տարածված տեսանյութերը, որոնք պախարակում են «Գարեգին Նժդեհ» ֆիլմը: Հայտարարությունը դատապարտում է, այն էլ` խստորեն, «ապազգային տարրերի կողմից «Գարեգին Նժդեհ» ֆիլմի դեմ ուղղված էժանագին արշավանքը»: Նախաձեռնության հեղինակները ապշում են, որ մի խումբ հայ երիտասարդներ հրճվում ու հաճույք են ստանում ֆիլմի հերոսի կերպարը ծաղրելուց` «հրաշալի նվեր մատուցելով մեր թշնամիներին» և ակնհայտ են համարում, որ «առողջ միտք ու հոգի ունեցող հայ մարդն այսպիսի այլանդակություններ իրեն թույլ չի տա»: Հայտարարությունն ավարտվում է Գարեգին Նժդեհին ուղղված սրտաճմլիկ «ներիր մեզ»-երով, որ բավականին անտրամաբանական է` ինչու՞ ների «մեզ», եթե ծաղրողը բնավ էլ «մենք» չենք: Առավել ևս, «որ քեզ չի ծաղրում թշնամին»: Այլ` «քո անունը ոտնակոխ է անում Հայը, քո արյունակիցը, ով քո արյունով վերածնվեց»: Հայտարարության ընդամենը մի քանի տողի համար չափից շատ չե՞ն թյուրիմացությունները: Սկսենք նրանից, որ ոչ ֆիլմը, ոչ համացանցի տեսաֆիլմերը Գարեգին Նժդեհը չեն, ոչ էլ այն մեկնակետը, որով Նժդեհին ճանաչել ու հասկանալ է հնարավոր ու անհրաժեշտ: Սա մեկ, երկրորդ` ֆիլմի հեղինակները այդպիսի խնդիր հազիվ թե իրենց առաջ դրած լինեին` մեկ և ընդմիշտ բացատրել ու հասկանալի դարձնել, թե ո՞վ է Գարեգին Հարությունյանը ու ի՞նչ է արել իր ժողովրդի համար: Եվ երրորդ` Գարեգին Նժդեհ գոնե մեկ անգամ կարդացած հայը պետք է հաստատ համոզված լիներ, որ ինչ անում է, չի անում, «թշնամու» կարծիքի համար չէ: Եվ արդեն շատ վիճելի է, թե ում արյունով է հայը վերածնվել: Կուռքեր կերտելու ու կուռքերի անունից հանդես գալու միտումը նոր չէ, հայկական չէ ու հեռանկարային էլ չէ: Գարեգին Նժդեհը Հայաստանի առաջին հանրապետության համար փրկեց Լեռնահայաստանը, բայց դա բնավ չի նշանակում, որ Հայաստանը կա ու գոյություն ունի միայն ու միայն շնորհիվ մեկ մարդու` ով էլ այդ մարդը լինի: Այնպես որ` գրել-հրապարակելուց, առավելևս` հայտարարելուց առաջ իմաստ ունի մտածել արժեքների ու արժեքների գնահատման մասին, այն մասին, թե ուրիշինը հերքելով` ի՞նչ ես հաստատում: Ցավալի է պարզապես` թե ֆիլմի, թե ֆիլմը հասկացողների ու չհասկացողների, թե ընկալման այն մակարդակի համար, որ դրսևորում ենք հընթացս` առանց իրողությունների խորքը նայելու: Իսկապես` ներիր քո հետնորդներին, Գարեգին Նժդեհ, քեզ չիմանալով` քեզ բացատրելու ինքնամեծարանքի համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3752

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ