Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Խոսրովի արգելոցին իրական տեր է պետք

Խոսրովի արգելոցին իրական տեր է պետք
22.02.2013 | 12:48

«Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի շուրջ կրքերը դարձյալ թեժանում են։ Նշենք, որ արդեն հայտարարվել է արգելոցի տնօրենի թափուր տեղի համար մրցույթը, որը կանցկացվի մարտի 15-ին։ Տնօրենի պաշտոնի մրցույթին մասնակցելու համար ցանկացողները կարող են դիմել մինչև փետրվարի 27-ը։
Իսկ մինչ այդ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի մի խումբ աշխատակիցներ փետրվարի 5-ին դիմել էին մարդու իրավունքների պաշտպանին՝ հայտնելով, որ արգելոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը ոտնահարում է իրենց աշխատանքային իրավունքները՝ պահանջելով ազատման դիմում ներկայացնել։ Աշխատակիցների խոսքով՝ տնօրենն իրենց հետ նպատակահարմար չի համարում աշխատել և ստիպում է ազատման դիմում ներկայացնել՝ առանց հաշվի առնելու աշխատանքային փորձը, կրթությունը, տարիքը։ Բացի այդ, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը լարվածություն է մտցրել աշխատակիցների միջև և կոլեկտիվի ներսում ստեղծել բարոյահոգեբանական ծանր մթնոլորտ։ Բողոքի հիման վրա փետրվարի 7-ին վարույթ է հարուցվել, և համապատասխան գրություններ են ուղարկվել ՀՀ բնապահպանության և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններ։
Հիշեցնենք, որ 2012 թ. վերջին Խոսրովի արգելոցի տնօրենի պաշտոնում հաղթող էր ճանաչվել Գաբրիել Պողոսյանը, սակայն հասարակական կազմակերպությունների ճնշման պատճառով նա չնշանակվեց տնօրենի պաշտոնում, փոխարենը հայտարարվեց նոր մրցույթ։ Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները պահանջում են արգելոցի տնօրենի պաշտոնում նշանակել մարդու, ով կունենա համապատասխան մասնագիտական կրթություն։ «Խոսրովի արգելոցը ոչ միայն հատուկ պահպանվող տարածք է, այլև գիտական կենտրոն, որի ղեկավարը պետք է ունենա այդ բնագավառի բարձրագույն մասնագիտական կրթություն, տեսլական, հրապարակված հոդվածներ և համապատասխանի մի շարք այլ չափանիշների»,- նշում էին բնապահպանները։
«Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրենի մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի քիմիայի բաժնի պետ, տեխնիկական գիտությունների թեկնածու ՎԱՀԱՆ ԴԱՎԹՅԱՆԸ, ով մասնագիտությամբ ճարտարագետ-էկոլոգ է, բազմաթիվ գիտական հոդվածների, երկու գյուտի հեղինակ։ Մեզ հետ զրույցում Վահան Դավթյանը նշեց, որ մշակել է հայեցակարգ, որը մրցույթում հաղթելու դեպքում պատրաստվում է կիրառելու արգելոցում։ Մասնավորապես, ըստ Վ. Դավթյանի, հաշվի առնելով արգելոցի անփոխարինելի դերը Հայաստանի բուսական և կենդանական աշխարհի էնդեմիկ, հազվագյուտ ու անհետացող տեսակների պահպանության տեսանկյունից՝ անհրաժեշտ է էկոհամակարգի ամբողջականության պահպանության ու որսագողության կանխարգելման խնդիրների նկատմամբ սկզբունքային մոտեցում։ Տարածքի զարգացման, պահպանության համար հարկավոր են նաև մշտական գիտական ուսումնասիրություններ՝ անտառային ծածկույթի, կենսառեսուրսների պահպանման, կենսոլորտի լուրջ հետազոտության, վարակների կանխարգելման, կայուն կառավարման և այլ հիմնախնդիրների վերաբերյալ, ինչպես նաև կենդանիների ու անտառային մշտական մոնիթորինգ։ «Արգելոցում լուծում պահանջող ծրագրերից են՝ ձևավորել կառավարման այնպիսի համակարգ, որն արդյունավետորեն կպաշտպանի անտառները հրդեհներից և անտառային խախտումներից։ Անհրաժեշտ են հակահրդեհային նշանակության ճանապարհների վերանորոգում և կառուցում, հրդեհների օպերատիվ հայտնաբերման մակարդակի բարձրացում՝ ավելացնելով հակահրդեհային դիտարկումները։ Պետք է մշակվեն որսագողության դեմ պայքարի գործիքներ՝ մոբիլիզացնելով արգելոցին հարակից համայնքների աջակցությունը, իրականացվեն Էկոտուրիզմի զարգացման միջոցառումներ։ Արգելոցը վնասատուներից և հիվանդություններից պաշտպանելու համար անհրաժեշտ է գործուն համակարգ։ Մշտական վերապատրաստումներ պետք է անցնեն աշխատակիցները»,- նշում է Վ. Դավթյանը։ Նա կարևորում է նաև արգելոցի պատմաճարտարապետական հուշարձանների վերականգնման ծրագրերը, որոնց իրականացումը հնարավորություն կստեղծի ներդաշնակ պահպանելու տարածքի բնական միջավայրն ու մշակութային ժառանգությունը։ Վ. Դավթյանն ընդգծում է նաև սերտ համագործակցության անհրաժեշտությունը համապատասխան մասնագիտական կազմակերպությունների, բոլոր շահագրգիռ կողմերի, ինքնակառավարման մարմինների, բնապահպանական և այլ կազմակերպությունների հետ։ Ըստ մեր զրուցակցի՝ հարցերի լուծման ճանապարհին կկիրառվի առաջավոր միջազգային փորձը՝ խթանելով միջազգային համագործակցությունը։
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետի քիմիական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԳԱԳԻԿ ԹՈՐՈՍՅԱՆԸ մեզ հետ զրույցում նկատեց, որ Խոսրովի անտառն այսօր գտնվում է խիստ անբարեկարգ վիճակում, և պատճառներից մեկն էլ այն է, որ այն չունի իրական տեր, որն իսկապես մտահոգ լինի անտառի պահպանության խնդիրներով։ «Խոսրով Գ Կոտակը 4-րդ դարում հիմնել է անտառը, որ հետագա սերունդներն իրենց լավ զգան, այսօր այն մարդիկ, ովքեր կոչված են անտառը պահելուն, փչացնում են բնական այդ հարստությունը։ Բնապահպանության խնդիրը միայն այն չէ, որ մենք աղմկենք։ Ես կողմ եմ աղմուկին, քանի որ այն ստիպում է նաև մտածել, իսկ այդ ժամանակ ես սկսում եմ մտածել՝ ինչ անենք, որ փրկենք։ Բայց ինչու անպայման հարցը լուծել աղմուկով։ Այդ կտրվածքով, կարծում եմ, Վահան Դավթյանն այն մարդն է, որ ունի ճարտարագիտական կրթություն, անտառը փրկելու ծրագրեր, որոշակի հակում դեպի գյուղատնտեսություն, էկոլոգ է և կարող է համապատասխանել արգելոցի տնօրենի պաշտոնին։ Եվ ընդհանրապես անտառի տերը պետք է երիտասարդ լինի՝ իր թարմ, գործուն գաղափարներով ու ծրագրերով»,- նշեց Գագիկ Թորոսյանը։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3866

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ