Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Երբ եղբայրները կռվում են, օգտվում են թշնամիները

Երբ եղբայրները կռվում են, օգտվում են թշնամիները
08.05.2018 | 00:01

Այս բառը աշխարհի լեզուներում ամենաքիչ գործածվող բառն է, այլ կրոններում բոլորովին չի հիշատակվում, քանի որ բոլոր կրոններն ունեն իրենց հիմնադիրները՝ Կոնֆուցիոս, Բուդդա, Մուհամեդ և այլն: Նրանց հետևորդները, ի նշան հարգանքի, երբեմն-երբեմն երկրպագության են գնում իրենց առաջնորդների շիրիմներին և… կանգ առնում հավիտենական պատնեշի առջև, քանզի մահվան վարագույրը նրանց բաժանում է միմյանցից: Իսկ ոսկորներով լեցուն անկենդան գերեզմանները հաստատում են Արարչի խոսքը` ուղղված ադամորդիներին. «Հող էիր, հողին պիտի վերադառնաս»: Դարերի ընթացքում «իմաստուն» համարվածները ցանկացան խուսափել Աստծու կամքից և զմռսեցին իրենց թանկագին մեռելներին կենդանության հույսով, բայց ի վերջո դարձան թանգարանային նմուշներ, իսկ Պողոս սրբազան առաքյալը դրանք «ծեփած գերեզմաններ» անվանեց: Մահվան անկուլ երախը ծեփո՞վ պիտի փակես, ով խղճուկ արարած:


Բայց գիտցի՜ր, ո՛վ մարդ, որ այդ հզոր մահվան վարագույրը արդեն պատռվել է Կյանքի զորությամբ, խաչյալ և հարուցյալ մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից, որն Իր մահով հաղթեց մահին: Եվ նույն Պողոս առաքյալը հաղթանակած աղաղակել է. «ՈՒ՞ր է, ով մահ, քո խայթոցը, ու՞ր է, ով գերեզման, քո հաղթությունը» (Ա. Կորնթ. 15. 55):


Իսկ եթե ուզում ես այցելել Քրիստոսի գերեզմանին և երկրպագել Նրան, ապա անիմաստ է ցանկությունդ: Այն դատարկ է դեռ այն ժամանակվանից, երբ քեզ նման մի քանի հոգի նույնպես ուզեցին մահվան երրորդ օրը գնալ գերեզման և տեսան. «Քարը գերեզմանից մի կողմ է գլորված: Ներս մտնելով` Հիսուսի մարմինը չգտան: Եվ մինչ նրանք այդ բանի համար տարակուսանքի մեջ էին, ահա երկու մարդիկ, լուսափայլ հանդերձներով երևացին նրանց: Եվ երբ կանայք զարհուրեցին և իրենց երեսները գետնին խոնարհեցին, այդ մարդիկ ասացին նրանց. «Ինչու՞ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ հարյավ» (Ղուկաս 24. 2-5):
Եվ Հիսուսը քառասուն օր բազում ապացույցներով երևաց յուրայիններին, վկայեց Աստծո արքայության մասին և Իր վերջին հորդորները տվեց՝ ասելով. «Ինձ համար վկաներ լինեք Երուսաղեմում և ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում մինչև երկրի ծայրերը»: Երբ այս բաներն ասաց, մինչ նրանք նայում էին, համբարձվեց: Մի ամպ նրանց աչքերից ծածկեց: Երբ աչքերը երկինք հառած նայում էին նրա հետևից, ահա երկու ճերմակ հանդերձներով մարդիկ նրանց մոտ կանգնեցին և ասացին. «Ով գալիլիացիներ, ինչու՞ եք կանգնել և երկինք նայում, այս Հիսուսը որ ձեր միջից երկինք համբարձվեց, պիտի գա նույն ձևով, ինչպես տեսաք նրան երկինք գնալիս» («Գործք Առաքելոց», 1. 8-11):


Այո՛, հիմա մեր Տերը մեզ հետ չէ, Նա փառքով համբարձվեց այս մեղավոր աշխարհից, բայց մեզ որբ չի թողել, ինչպես ոմանք են կարծում, այլ Հոր Աջ կողմում նստած բարեխոսում է Իրեն հավատացողների համար, մինչև այն օրը, երբ երկնքում կհնչի ազդարարության փողի ձայնը, քանզի Նա նորից է գալու երկիր, բայց այս անգամ որպես ահեղ ու անաչառ դատավոր, որպես մաշող կրակ, ինչպես և գրված է. «Բայց այդ օրերին արեգակը պիտի խավարի, ու լուսինը իր լույսը պիտի չտա: Եվ աստղերը երկնքից պիտի թափվեն ու երկնքի մեջ զորությունները պիտի շարժվեն: Այն ժամանակ Մարդու Որդուն պիտի տեսնեն ամպերով եկած, մեծ զորությունով ու փառքով: Այն ժամանակ պիտի ուղարկի իր հրեշտակներին ու պիտի հավաքի իր ընտրյալներին չորս կողմերից, երկրի ծայրերից մինչև երկնքի ծայրերը» (Մարկոս 13. 24-27):
Այս ամենը` ըստ Ավետարանի, իսկ այժմ որպես ականատես Համբարձման տոնի, որ կատարվել է Երուսաղեմում, հենց այն վայրում, որտեղից վերջին անգամ Հիսուս Քրիստոսի սրբասուրբ ոտքերը այս մեղավոր աշխարհի հողին դիպան, որից հետո Նա երկինք համբարձվեց։

ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՎԱՅՐԸ
Մտովի բարձրանանք Երուսաղեմի ամենագեղեցիկ վայրը՝ Ձիթենյաց լեռը, որտեղ, չնայած աչքին հաճելի ոչինչ չենք տեսնի, քանզի այդ վայրում ոչ մի ծառ չկա, բայց և այնպես, դա ճիշտ այն երկրային վայրն է, որտեղ վերջին անգամ կանգնեցին մեր Տիրոջ սուրբ ոտքերը:
Ըստ մարգարեության` Հիսուսի երկրորդ գալուստի ժամանակ նորից Իր ոտքերը համբարձման տեղում պետք է կանգնեն, իսկ այդ տեղը կոչվում էր, «Համբարձման եկեղեցի». գրում եմ անցյալ ժամանակով, որովհետև այն այլևս չկա:

ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Այդ տեղում այժմ արաբներն են տնօրինում, իսկ կողքին մզկիթի աշտարակն է տնկված: Այս նվիրական վայրում մենք նույնպես իրավունքներ ունենք, բայց այն կորցնելու եզրին ենք: Ինչու՞. որովհետև, ինչպես Կայենը նախանձից սպանեց իր Աբել եղբորը, այդպես էլ քրիստոնյա եղբայրները` հույներն ու լատինները, տեսնելով, որ մի ժամանակ Համբարձման լեռան սրբատեղը պատկանում է միայն հայերին, սկսեցին քաղաքական խարդավանքներ և ուժային լծակներ գործադրել: Իսկ պատմությունը այս է: Խաչակիրների տիրապետությունից հետո` 1187 թ. Երուսաղեմի իշխանությունը նորից անցնում է մահմեդականների ձեռքը, և Քրիստոսի Համբարձման եկեղեցին հերթական անգամ ավերվում է, բայց Տիրոջ ոտնատեղերը կրող մատուռ-եկեղեցին, որը մոտ յոթ մետր տրամագծով ութանկյուն մի կառույց է, մնում է:
Այս եկեղեցին հայոց սեփականությունն էր, բայց հայտնի չէ` ո՞ր դարից: Մեզ մոտ մնացել է սուլթանների տված հրամանագիրը, որով արգելվում էր վանքին կից որևէ տուն հիմնել: Բայց մահմեդական իշխանություններն այս անգամ էլ հայոց միաբաններին բռնի արտաքսում են և, վանքը ավերելով, կողքին մզկիթ են սարքում: Սուլթան Ահմեդ Ա-ի օրոք հայերը նորից կարողանում են արտոնագիր ստանալ, բայց ընդամենը պարիսպը վերականգնելու համար:
1833 թվականի երկրաշարժը վնասում է Քրիստոսի ոտնատեղերի եկեղեցին, լատինները ինքնագլուխ որոշում են նորոգել այն, բայց հայերն ու հույները արգելում և դատի են տալիս: Դատավարության ժամանակ հայերը մյուսների հետ ներկայացնում են իրենց արտոնագրերը, և ատյանը, վավերական ճանաչելով մեր փաստաթղթերը, 1836 թ. որոշում է միայն հայերին թույլատրել նորոգություն անել և օժանդակ սենյակներ կառուցել: Իսկույն գործի լծվելով՝ մերոնք սկսում են շինարարությունը, և ավարտից հետո Տիրոջ ոտնատեղերի մատուռում գրեթե ամեն օր պատարագ էին մատուցում: Լատիններն ու հույները չեն համակերպվում, որ սրբատեղը վերջապես անցել է քրիստոնյաների ձեռքը: Սկսում են բողոքել Կ. Պոլիս ու Եգիպտոս և, մարդ ուղարկելով, գերմանացի և ռուս դեսպանների միջոցով գանգատվում իրենց պետությունների ղեկավարներին, թե հայերը, իբր, արգելում են իրենց պաշտամունքը կատարել այդ սրբատեղում: Եվ նույնիսկ թուրք դատավորներին սուտ վկայություններ էին տալիս, որ այդ հողերը մահմեդականների կալվածքներ են եղել ուստի պետք է հայերի ձեռքից խլել: Ի վերջո, երկար ու տհաճ քաշքշուկներից հետո, որոշվում է հայերի կառուցած սենյակները քանդել, իսկ Քրիստոսի ոտնատեղերի վրա կառուցված մատուռի զբաղեցրած հողատարածքը հանձնել մուսուլմաններին: Շինությունները քանդելու ժամանակ լատիններն ու հույները թմբուկներով ու ծնծղաներով, բահ ու բրիչով օգնում էին թուրքերին, որ հայերի քրտինքով երեք տարում շինած սրբատեղերը հողին հավասարեցնեն (շինարարությունը 3150 նապոլեոնդոր ոսկեդրամ էր արժեցել, չհաշված դատավարության ժամանակ ծախսված գումարները): Տերը թող մեր եղբայր քրիստոնյաներին ողորմա, իսկ մեզ էլ համբերություն տա՝ սիրով համբերելու մեր տկար դավանակիցների ոչ քրիստոնեավայել արարքները: Այդ չարաբաստիկ ժամանակներից ի վեր Համբարձման սրբավայրը այդպես էլ մնացել էր, մինչև 1999 թվականը: Մեր ունեցածն ընդամենը փոքրիկ հողակտոր էր, որտեղ ընդամենը մեկ սենյակ ունեինք պատարագին նախապատրաստվելու համար: Այլ խոսքով, քրիստոնեական աշխարհի այս սուրբ վայրում ունեցած այդ միակ տեղը Համբարձման լեռան գագաթին, նույնպես կորսվելու վտանգի տակ է: Արաբներն էլ, օգտվելով առիթից, որ այդ տարածքում միայն իրենք են ապրում, ու ոչ մի հրեա կամ այլազգի չկա, «զոռբայությամբ» ջարդում են մեր սենյակի դռները ու միջի իրերը դուրս նետում: Երբ բողոքեցինք տեղի իշխանություններին, գործը ավելի սուր ընթացք ստացավ, և այդ ընտանիք-ցեղախումբը, որի միայն տղամարդկանց քանակը հարյուրից անցնում է, գիշեր-ցերեկ հերթապահում էին այնտեղ, որ մեզնից մարդ չմոտենա: Եվ երբ մի քանի շաբաթ առաջ այնտեղ էինք գնացել, տեսանք, որ մեր դռան վերևում կիսալուսնի նշանն են տնկել ու առջևի մասում սրբատաշ քարերով շրջանաձև հրապարակ են սարքել:


Ըստ իս՝ վե՛րջ. այլևս Տիրոջ Համբարձման ոտնատեղերի վրա աշխարհի քրիստոնյաներս իսպառ կորցրինք մեր ունեցած իրավունքի վերջին հետքերը ևս, մինչև որ Տերն Իր օրհնյալ ոտքերով նորից կկանգնի այդ տեղում, որտեղից համբարձվեց երկինք, ինչպես մարգարեացել է Զաքարիան. «Այն օրը Նրա ոտքերը պիտի կանգնեն Ձիթենյաց լեռան վրա` Երուսաղեմի դիմաց, արևելյան կողմը» (Զաք. 14.4), և Նա ամեն մեկին իր վարձքը կտա՝ ըստ կատարած գործերի, սկսելով Իր ծառաներից, քանզի գրված է նաև, որ դատաստանը Աստծո տնից պետք է սկսվի: Այս բոլոր եղած տխուր դեպքերի աղբյուրը եղբայրական սիրո բացակայությունն էր, քանզի որտեղ չկա լույս, այնտեղ խավարն է իշխում, նմանապես՝ որտեղ չկա սեր, այնտեղ թշնամությունն է գործում, որից օգտվում են սատանան և իրենները:


Ըստ հին սուլթանական օրենքի, մինչև այսօր էլ մեզ և հույներին տարին երկու անգամ իրավունք է տրված Համբարձման տեղում սուրբ պատարագ մատուցելու, իսկ մնացածներին` միայն մեկ անգամ: Այդ օրը բոլոր եկեղեցիները պարսպապատ բակում, ամեն մեկը իրեն հատկացված բաժնում, բացօթյա վրաններ են կանգնեցնում և առանձին պատարագներ մատուցում: Այստեղ, այդ սուրբ օրը, աշխարհի այլ վայրում չկրկնվող տխուր մի պատկեր է բացվում. բակի ձախ կողմում, պատկառելի մի տարածքում հայերն են «վրանավորվում», կողքի մի փոքրիկ հատվածում՝ ղպտիները, նրանց կողքին նույնաչափ էլ ասորիները, իսկ աջ կողմում, ավելի ընդարձակ տարածքում՝ հույները: Եվ մոտավորապես նույն ժամին չորս տեղում էլ սկսվում են պատարագները՝ ամեն մեկն իր լեզվով, իր ծեսով: Տեսնելով ու լսելով այդ բոլորը՝ հոգիդ տակնուվրա է լինում. եղբայրական եկեղեցիներն այն օրին են հասել, որ Տիրոջ Համբարձման օրը պառակտված ու օտարացած, տարբեր վրանների մեջ, բաց երկնքի տակ են տոնում, դրանով իսկ հայտնապես զանց առնելով զմիմյանս սիրելու Տիրոջ պատվիրանը:
Բայց դուրս գանք այս ճնշող միջավայրից: Բացի այդ օրերից այստեղ արաբներն են տեր ու տնօրինություն անում, որովհետև Տիրոջ ոտնահետքերը տեսնելու և համբուրելու համար բոլոր այցելու և զբոսաշրջիկ քրիստոնյաները պարտավոր են արաբներին վճարել՝ յուրաքանչյուրը մեկական դոլար: Այո՛, այդպես է. երբ եղբայրները կռվում են, օգտվում են թշնամիները:
Հիմա խոսքը քեզ է ուղղվում, սիրելի ընթերցող հայորդի: Հավատա, որ Նա պիտի գա ու պիտի չուշանա: Բա՛ց քո սրտի դռները և ընդունիր նրան որպես ահեղ Դատավոր: Այսօր, քանի դեռ ժամանակը քո ձեռքում է, մի արհամարհիր նրա անչափ քաղցրությունն ու համբերությունը, այլ քննիր քո անձը և տես, ինչպե՞ս ես քո Տեր Աստծուն դիմավորելու, որպես Տեր ու Փրկի՞չ, թե՞ որպես ահեղ ու անաչառ Դատավոր:


Իմաստուն եղիր և կյանքն ընտրիր, որ ապրես: Եվ Աստված քեզ օգնական։

Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 15450

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ