Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Մեր Օձունի եկեղեցին ինչո՞վ ա պակաս, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում չեն վեր առնում»

«Մեր Օձունի եկեղեցին ինչո՞վ ա պակաս, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում չեն վեր առնում»
27.11.2018 | 02:38

Եթե ուզում ես որևէ բնակավայրի, գյուղի մասին տեղեկանալ, հարցրու առաջին պատահած մարդուն, լինի տարեց, թե երեխա: Լոռու մարզի Օձուն գյուղում ինձ պատահած առաջին մարդը Օձունի գմբեթավոր բազիլիկ եկեղեցուն (6-րդ դար) կից կրպակի վաճառողուհի տիկին Անուշն էր, ժրաջան ու զրուցասեր մի կին, որ պատրաստակամ սուրճ ու թեյ էր եփում եկեղեցու հատուկենտ այցելուների համար: Որոշեցի հարցուփորձ անել գյուղի մասին, բայց խոսքս կտրեց, ասելով. «Ինձ հարցեր մի տուր, թող հերթով պատմեմ»:


60-ամյա տիկին Անուշը ծնվել և ապրում է Օձուն գյուղում: 1975 -1990 թթ. եղել է գյուղի մանկապարտեզի վարիչ: Խորհրդային կարգերի փլուզումից հետո, տարիքային անհամապատասխանության պատճառով, մնում է առանց աշխատանքի: Հետագա աշխատատեղերում պատմությունը կրկնվում է, և տիկին Անուշը որոշում է զբաղվել իր ձեռագործ աշխատանքների վաճառքով: «Բիզնեսի» համար ընտրել էր ամենահարմար վայրը՝ եկեղեցու դիմաց. գյուղամեջ մտնողներն անպայման իր կողքով էին անցնելու և գուցե մի բան կգնեին:
«Բայց, դե, էդքան տուրիստ չի գալիս, որ գոնե իմ գործած գուլպա-գլխարկներից մի քանիսը ծախվի, հացի փող վաստակեմ, առավոտից իրիկուն նստած եմ: Տանը վեց շունչ ենք՝ ամուսինս, տղաս, հարսս, երկու թոռս: Ոչ ոք աշխատանք չունի, տղաս ու հարսս երիտասարդ են, համա չեն աշխատում, իմ ձեռքին են նայում, ես էլ էդքան հնարավորություն չունեմ, 26 հազար դրամ թոշակ եմ ստանում, բայց ուզում եմ մի բանով օգնած լինեմ ընտանիքիս»,- ասում է տիկին Անուշն ու ներկայացնում գյուղի կյանքը:


Կյանքը Օձունում դժվար է, 1650 տնտեսություն ունեցող Օձունում աշխատատեղ չկա: 5500 բնակչի համար երկու մանկապարտեզը, երկու դպրոցն ու մի գյուղապետարանը, որպես աշխատատեղ, շատ քիչ են: Մինչդեռ նախկինում կային կարի ֆաբրիկա, պահածոների ու հացի գործարաններ, հինգ մանկապարտեզ, գիշերօթիկ դպրոց, փոստային բաժանմունք ու մի քանի մեծ խանութներ, բայց փլուզումից հետո բոլոր աշխատատեղերը «ոնց որ դանակով կտրես, ամեն ինչ կորավ գնաց»:
-Տարեցների թոշակը հազիվ օգնում ա շնչելու, դե պատկերացրու նրա վիճակը, ով մենակ է ապրում: Չգիտի՝ կոմունալի ծախսերն անի՞, թե՞ հաց ու պանրի: Եթե տղամարդ ա ու ծխող, էդ հեչ չի բավականացնի ամսվա համար: Ահավոր վիճակում են, մեծ մասամբ զբաղվում են հողագործությամբ, անասնապահությամբ, գյուղում երկու ֆերմեր կան, ասենք թող մի երկուսին գործ տան աշխատեն, բա մնացածներն ի՞նչ անեն: Մարդ կա, որ մի կերպ մի կով ա պահում, էն էլ հազիվ ա բավարարում, էլ ուր մնաց թե պանիր սարքի ու ծախի»:
Տիկին Անուշին հարցնում եմ՝ երբևէ մտածե՞լ է գյուղից հեռանալու մասին, զարմանում է, հետո կիսաբարկացած ասում. «ՈՒ՞ր գնամ, ուր էլ գնամ էստեղից, լավ տեղ չի լինի, իմ հողն ու ջուրը ու՞մ թողնեմ գնամ, ինչի ըսենց հող ու ջուր ուրիշ տեղ կգտնե՞մ: Երեք տարի առաջ, երբ եկեղեցում վերանորոգման աշխատանքներ էին արվում, ես աշխատող բանվորների համար խոհարարություն էի անում, 30 հազար դրամ գումար էին տալիս, էլի գոհ էի, իմ թոշակի հետ բավական էր: Մի օր եկեղեցու հովանավորի քույրն ասաց, թե արի տանեմ քեզ Մոսկվա, էնտեղ դու միայն նստի գործի, ես քեզ լավ կվարձատրեմ: Հետո ընտանիքդ էլ կբերես: Բայց ես իմ Հայաստանը ո՞նց թողնեմ էս տարիքում, բա որ հետո ինձ դուրս հանեն, ես օտար հողում ի՞նչ անեմ: Ես հույսս չեմ կորցրել, որ լավ ա լինելու ու չեմ էլ կորցնելու»:


Հարցնում եմ գյուղի ջահելներից՝ գյուղից հեռացածները շա՞տ են: «Հա, գյուղում ջահելներ կան, աշխատում են Ալավերդի քաղաքում: Հենց, ասենք, 50000 դրամ աշխատավարձ են տալիս, գնալ գալը՝ 200-ական դրամ, էդ եղավ, որ մի 12 հազար դրամ տալիս են մենակ տրանսպորտին, մի 8-10 հազար դրամ՝ իրանց ստից պերերիվը, եթե ծխող էլ են, էլ տակին ի՞նչ ա մնում, Էլ ո՞նց ընտանիք պահեն: Եթե գյուղում առաջվա նման մի գործարան բացեն, մի կարի ֆաբրիկա, մի հովանավոր լինի, լավ կըլնի, համա մի հովանավորն ի՞նչ ա, էդ էլ ա կտրվել վրաներս: Ես պառավ կնիկ եմ, տո ինչի՞ եմ պառավ, բոլորից լավ կաշխատեմ, բայց երիտասարդները մեղք են, աշխատանք չկա, ստաժ չեն ունենա, բա վաղը թոշակի անցնելիս ի՞նչ են անելու, դեռ ջահել են, չեն հասկանում: Կամ թե ամուսինը գնում է դրսում աշխատելու, կինը մնում ա տանը, ով բարոյապես մաքուր ա, կարողանում ա ընտանիքի հիմքը պահել, ով էլ չէ, բաժանում ա լինում, քայքայվում ա ընտանիքը»:


Տիկին Անուշը ձեռագործի հետ մեկտեղ աշխատում էր «Օձուն» սրճարանում, սակայն երկու տարի է, ինչ հարկային մարմինները սրճարանը փակել են: «Կաֆեն ուրիշինն էր, ես էի աշխատացնում, բայց հարկայինը խեղդեց, էնքան շատ էր ուզում, ամիսը 30 հազար դրամ, քաղաքի չափ փող էր ուզում, է, ես կոֆե եփելով ինչքա՞ն պիտի աշխատեի, որ համ հարկը տայի, համ ՀԴՄ-ն, էլ չեմ ասում հոսանքին, աշխատողին, մի բան էլ ես վաստակեի: Գյուղում առևտուր անելը դժվար ա, սաղ նիսյայով են ուզում, տանելիս ուրախանում են, բայց հենց փողն ուզում ես, վեճ ա լինում, դառնում ես թշնամի: Դրա համար էլ դժվար թե բացվի»:

«ՄԵՐ ԵԿԵՂԵՑԻՆ ԻՆՉՈ՞Վ Ա ՊԱԿԱՍ»


Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կառույցների (Հաղպատավանք, Սանահինի վանք, Զվարթնոց, Էջմիածնի Մայր տաճար, Գեղարդի վանք, Ազատ գետ) ցանկում Օձունի գմբեթավոր բազիլիկ եկեղեցին ընդգրկված չէ, ինչը շատ է մտահոգում տիկին Անուշին: Նրա համոզմամբ, դա է պատճառը, որ, ի տարբերություն Հաղպատ-Սանահինի, զբոսաշրջիկների հոսքն իրենց եկեղեցի շատ քիչ է: Եկեղեցու մասին իր գիտելիքներով տիկին Անուշը լիովին կարող է փոխարինել զբոսաշրջիկներին ուղեկցող ցանկացած գիդի:
«Մեր բնակավայրը շատ հին ա: Առաջին մարդիկ էստեղ բնակվել են մոտավորապես չորս հազար տարի առաջ։ Դեռ սովետի ժամանակ գերեզմանաքարեր են գտել: Պատմություն կա, որ 1-ին դարում Թովմաս առաքյալը Օձուն է հասել ու մեր եկեղեցու տեղում երկու եպիսկոպոսի ու հինգ քահանայի է օծել։ Հենց «օծել» բառից էլ առաջացել է եկեղեցու անվանումը: Հայտնի ա, որ Թովմաս առաքյալն իր հետ բերել է Քրիստոսի բարուրաշորը, որը թաղված ա Սուրբ Աստվածածնի մայր խորանի տակ։ 4-րդ դարում հնագույն վանքի տեղում Գրիգոր Լուսավորիչը եկեղեցի ա կառուցել: Հետագայում Հովհաննես Օձնեցին վերակառուցել է այն, հենց այդ ժամանակ է վանքը ներկայիս տեսքը ստացել։ Հիմա ասածս ի՞նչ ա, որ մեր էս եկեղեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում վեր առնեն, թե մերն ինչի չեն գցում, չգիտեմ: Վերադասներին, գիդերին հարցնում եմ, ասում են՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեջ չի: Այ մարդ, եթե սա 4-րդ դարի կոթող ա, 6-րդ դարում եկեղեցին ա կառուցվել, ինչի՞ էդ ցանկում չի, հետո՞ ինչ, որ զանգակատունը վերանորոգեցին, բա հո չէին թողնելու հնությունը փլվի: Մի բան պիտի անեին, չէ՞, որ կանգուն մնար»,- նեղսրտում է տիկին Անուշն ու հրաժեշտից առաջ խնդրում «վերևներին» տեղեկացնել իր խնդրանքի մասին:


«Այ, որ մեզ մոտ զբոսաշրջությունը զարգանա, տուրիստներ շատ գան, լավ կլինի: Փառք Աստծո, գյուղում լավ հարմարություններով մի չորս հյուրատուն կա, բայց մենակ մեկն է գործում քչից-շատից: Տուրիստներն ասում են՝ ձեր եկեղեցին մեր ծրագրում չկա, մտնում են հյուրատանը հաց են ուտում ու գնում: Բայց ես կխնդրեմ, որ մեր եկեղեցին գցեն էդ ցանկի մեջ, որ զբոսաշրջիկները մենակ Հաղպատ-Սանահին չգնան, մեզ մոտ էլ գան: Դա է խնդրանքս»:


Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 5157

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ