Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Բրիտանիայի հնագետները վերծանում են Հռոմի լեգիոներների գրաֆիտիները

Բրիտանիայի հնագետները վերծանում են Հռոմի լեգիոներների գրաֆիտիները
02.03.2019 | 16:11

Բրիտանիայի հնագետները պատճենում ու վերծանում են Հռոմեական կայսրության ժամանակներում Ադրիանոսի պարսպի վրա զինվորների գրաֆիտիները: Բրեմպտոնի կիրճում (Կամբրիայի կոմսություն) գրությունները թողել են հռոմեացի լեգիոներները, որ վերականգնել են Ադրիանոս կայսեր պարիսպը: Գրաֆիտիները գտնվել են դեռ 18-րդ դարում և հանրությանը հասանելի էին մինչև 1980-ականները, երբ հողը փլուզվեց ու անհետացավ դեպի անձավ տանող արահետը: Նյուկասլի համալսարանի հնագետները գրությունների 3D պատճենահանում են անում, որից հետո պատկերները նորից հանրությանը հասանելի կդառնան: Հնագետներն աշխատում են ալպինիստների ու լեռնագնացների հետ, որ նրանց օգնում են 9 մետր իջնել անձավի պատով: Բերեմպտոնի մերձակա այդ վայրը հայտնի է իբրև Գելտ Վուդսի ժայռ: Գրաֆիտիները հայտնի են նաև հրամանատարի ծաղրանկարներով:
Պատմաբանները նշում են, որ այդ գրառումներով կարելի է պատկերացում կազմել Ադրիանոսի պարսպի վերականգնման կազմակերպման ու ընթացքի մասին: Գրառումներում կան և մի քանի զինվորականների անուններ` իրենց կոչումներով, ու այն լեգիոնների տվյալները, որ վերականգնել են պարիսպը: Մի հատվածում գրված է APRO ET MAXIMO CONSVLIBVS OFICINA MERCATI` Ապրոյի ու Մաքսիմուսի կոնսուլության ժամանակ: Ապրոն ու Մաքսիմուսը Հռոմեական կայսրության կոնսուլներ են եղել 3-րդ դարի սկզբին: Հնագետների կարծիքով` գրառումները պատմում են մի դժբախտ դեպքի մասին: Նրանք գտել են Գայ անունով մի տղամարդու լավ պահպանված պատկեր, ում կողքին պատկերված է ներքև ուղղված նետ: Բացառված չէ, որ պատմություն է զինվորի մասին, որ ընկել է ցած ու զոհվել: Կամ` վարկած է` ինչպես քարերը ներքևից վերև բարձրացնել: Հնագետները ստիպված են աշխատել պատից կախված` 9 մետր ցած իջնելով` անվտանգության փորձագետների ղեկավարությամբ: Դա բարդ գործ է:


Historic England կազմակերպության անդամ Մայք Քոլինզը պատմում է. «Գելտ Վուդսի գրությունները գուցե ամենակարևորն են Ադրիանոսի պարսպի հետ կապված և պատկերացում են տալիս մասշատաբային շինարարական նախագծի մասին: Որոշ գրառումներ շատ անձնական բնույթ ունեն, օրինակ, սպայի ծաղրանկարը»: Նյու Կասլի համալսարանի պրոֆեսոր Յեն Հեյնսը ասում է, որ գրառումները կարող են որոշ ժամանակից անհետանալ ավերվելու բնական գործընթացով. «Հիմա մեզ հիանալի հնարավորություն է տրված պատկերները պատճենել` ինչպես պահպանվել են 2019-ին` օգտագործելով ժամանակակից տեխոնոլոգիաները, որպեսզի հնարավորություն ունենանք ապագայում ուսումնասիրել»: Ադրիանոսի պարիսպը քարից ու տորֆից պաշտպանական ամրություն է, որ կառուցել են հռոմեացիները Ադրիանոս կայսեր օրոք 2-րդ դարի սկզբին` պաշտպանվելու պիկտերի ու բրիգանտների հարձակումներից: Պարիսպը հատում է հյուսիսային Անգլիան` Իռլանդականից մինչև Հյուսիսային ծով` Շոտլանդիայի սահմանի մոտ և ունի 117 կիլոմետր երկարություն:
BBC


Հ.Գ. Ինչքա՞ն գրություններ ու պատեր ու պարիսպներ են անհետանում Հայաստանում, որ վկայում են դարերի պատմությունը: Ինչու՞ բրիտանացիները կարող են հռոմեացիների ինչ-որ գրաֆիտիների համար կյանքը վտանգել` ժայռեր մագլցել, պատճենել, ուսումնասիրել, մենք ասֆալտի տակ ենք պահում հենց Երևանի կենտրոնում գետնի տակ հայտնված մեր պատմությունը ու քանդում ենք գետնի վրա եղածը: Մտածողությա՞ն տարբերություն է, տգիտությու՞ն, տհասությու՞ն, թե՞ պետականություն չենք ունեցել` այսպիսին ենք դարձել: Լրիվ հակառակը`այսպիսին ենք եղել, որ պետականություն չենք ունեցել: Ոմանք կասեն` բիզնես է, զբոսաշրջիկներ գրավելու նպատակ ունի: Իսկ մեզ զբոսաշրջիկներ պետք չե՞ն: Թե՞ կարծում ենք` աշխարհը այնքան չտես է, որ Գառնի-Գեղարդ-Սևանը բավական է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3177

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ