Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Արցախի հարցը վերածվում է ներքաղաքական հակամարտության խաղաքարտի»

«Արցախի հարցը վերածվում է ներքաղաքական հակամարտության խաղաքարտի»
15.03.2019 | 02:45

Արցախում անցկացված անվտանգության խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանի ելույթը բուռն քննարկման թեմա է դարձել։ Առաջին անգամ Նիկոլ Փաշինյանը բացառապես խոսեց բուն թեմայից՝ արցախյան հակամարտությունից՝ կես բառ չասելով հեղափոխությունից ու նախկին իշխանություններից։ Ավելին, ելույթում 3 սկզբունքների և 6 տարրերի մասին հիշատակումը նախորդներից ստացած ժառանգություն է, որը Փաշինյանը, փաստորեն, սեփական օրակարգի մաս դարձրեց։ Իսկ 6 տարրերը ոչ այլ ինչ են, եթե ոչ «Մադրիդյան սկզբունքները», որի համար, ի դեպ, նա, որպես ընդդիմադիր, ժամանակին քննադատում էր իշխանություններին։ Որոշ ընդդիմադիրներ ողջունեցին ելույթը, ոմանց դա չբավարարեց։ Սակայն, այսպես ասած, վրիպումներից Նիկոլ Փաշինյանը, այդուամենայնիվ, զերծ չմնաց։ Դա արագ «որսաց» Ադրբեջանի դիվանագիտական կորպուսը։ Ելույթում հնչեցրած «Ղարաբաղի հայություն» արտահայտությունը նկատի ունենալով, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է. «Ամեն ինչ իր տեղն է ընկնում: Հայաստանի վարչապետը, խոսելով «Ղարաբաղի հայության» գաղափարի մասին, վերջ է դրել բառախաղին՝ հայտնելով, որ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերը ոչ թե «ժողովուրդ են, այլ հայկական համայնք»։ Էլ չենք խոսում այս օրերին Հայաստան եկած ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի այն հայտարարության մասին, թե որևէ փոփոխություն Ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցությունների ձևաչափում պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար: Այսուամենայնիվ, շատ բան է կախված առաջիկայում Փաշինյան-Ալիև հանդիպումից, որից հետո գոնե որոշ հարցերում փոքր-ինչ հստակություն կլինի։ Արցախյան հակամարտության շուրջ զրուցում ենք քաղաքագետ ՍՏԵՓԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ։

-Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպմանը զուգահեռ Ադրբեջանը զորավարժություններ է սկսել, ԵԱՀԿ Մինսկի խումբն էլ բավական խնդրահարույց հայտարարություն է տարածել։ Ընդհանուր առմամբ, ի՞նչ է տեղի ունենում։
-Նման հանդիպումներից առաջ Ադրբեջանը միշտ ուժի ցուցադրության քաղաքականություն է վարել։ Նրանց մարտավարությունը հետևյալն է. «Կա՛մ զիջում եք, կա՛մ պատերազմ ենք սկսում»։ Ավելին, հանդիպումներից առաջ սահմանում անհանգիստ վիճակ էին ստեղծում, և հաճախ էր պատահում, որ նշանառուների գնդակից հայկական զինվորներ էին զոհվում։ Մյուս կողմից, Ալիևն իր ժողովրդին ցույց է տալիս, որ պատրաստ են ուժային գործողությունների։ Ինքն իր ագրեսիվ պրոպագանդայի գերին է դարձել։ Հանդիպումներից առաջ զինվորների սպանությունները այլևս չպետք է թույլ տրվեն, դրա մասին Ադրբեջանի ղեկավարությունը պետք է պաշտոնապես զգուշացվի։ Նման գործելակերպը պետք է հիմք դառնա, որ մենք դադարեցնենք բանակցությունները։ Ինչ վերաբերում է Մինսկի խմբի հայտարարությանը, կարծում եմ, քանի որ անցած տարվա ապրիլից Հայաստանում լուրջ փոփոխություններ են կատարվել, փոխվել է ողջ քաղաքական համակարգը, փոխվել է նաև Արցախի խնդրում Հայաստանի վարած քաղաքականությունը, ապա բանակցությունների շարունակման հարցը դարձել է խնդրահարույց։ Մինսկի խումբը թվարկել է բանակցությունների օրակարգը և ասել, որ վերադառնում են նախկին ֆորմատին ու նախկին բանաձևին։ Սա վերադարձ է նախկին գործընթացին։
-Արցախում գումարված անվտանգության խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանը կրկին կարևորել է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու անհրաժեշտությունը և ընդգծել, որ Ադրբեջանի ժողովուրդը նույնքան խաղաղասեր է, որքան Հայաստանի ու Արցախի ժողովուրդը։ ՈՒշագրավ է, որ մեր երկրի վարչապետը խոսում է խաղաղությունից, իսկ Ալիևը շարունակում է Երևանը գրավելու մասին զառանցել։
-Կարծում եմ, այստեղ ամեն ինչ հասկանալի է։ Այդ հայտարարությունն ուղղված է միջազգային հանրությանը, և եթե Ադրբեջանը նույնպես խաղաղություն է ուզում, ապա պետք է պատասխանի առաջարկին։ Հակառակը չի կարող ասել։ Դրան պետք է վերաբերվել որպես դիվանագիտական քայլի։
-Այսօր նախկին իշխանություններն անընդհատ քննադատում են նորերին, թե հակամարտության գործընթացում ձեռք բերված արդյունքները այս ամիսների ընթացքում Նիկոլ Փաշինյանը փոշիացրեց։ Օրվա իշխանությունն էլ հակադարձում է, թե բոլոր պայմանավորվածությունները ձեռք են բերվել նախկին իշխանությունների, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք։ Որտե՞ղ է ճշմարտությունը։
-Ցավալի է, որ Արցախի հարցը վերածվում է ներքաղաքական հակամարտության խաղաքարտի։ Թե՛ ներկա, թե՛ նախկին իշխանությունների սխալներն ու ճիշտ քայլերը բոլորիս սխալներն ու ճիշտ քայլերն են։ Ներքաղաքական ոլորտում կարող է լինել մրցակցություն, սակայն այն հարցերին, որոնք առնչվում են ազգային անվտանգությանը, պետք է շատ զգույշ վերաբերվել։ Կարծում եմ՝ երկու կողմերն էլ այդ հարցը չպետք է շահարկեն։ Դա միավորող, ոչ թե տարանջատող խնդիր է։ Այս մթնոլորտը պետք է փոխվի։ Մնացած հարցերում թող միմյանց մեղադրեն, որքան ցանկանում են։
-Հող հանձնել-չհանձնելու թեման մշտապես քաղաքական օրակարգում է։ Որոշ ուժեր պատերազմին պատրաստվելու կոչեր են անում, մյուսները ցույց՝ «Հող չունենք զիջելու» կարգախոսով, ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունում ևս հողերի վերադարձի մասին խոսք կա։ Ի վերջո, հնարավո՞ր է խնդրի հանգուցալուծում և խաղաղ ճանապարհով, և առանց տարածքների հանձնման։
-Մենք պետք է «հողային» տրամաբանությունից դուրս գանք և խոսենք «իրավունքի» տրամաբանությունից, խոսքը Արցախի ժողովրդի իրավունքի մասին է։ Եթե Ադրբեջանը ստիպված լինի ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այդ դեպքում հողային հարցերը հեշտ կլուծվեն։ Այս տրամաբանությունը միջազգային հանրության համար ավելի հասկանալի և ընդունելի է։ «Հողային» տրամաբանությամբ թող ադրբեջանցիները մտածեն, դա իրենց թույլ կողմն է։


Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3727

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ