Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Հաշմանդամ մարդկանց համար հասարակական վայրեր մուտք գործելն առայժմ խնդիր է»

«Հաշմանդամ մարդկանց համար հասարակական վայրեր մուտք գործելն առայժմ խնդիր է»
22.03.2019 | 02:56

Երևանում հաշվառված է ավելի քան 2540 թեքահարթակ, որոնք հիմնականում կառուցված են փողոցներում, հասարակական վայրերում, վարչական շենքերի մուտքերին կից: Առևտրի կենտրոններում թեքահարթակները կառուցված են սեփականատերերի կողմից, ովքեր համագործակցել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հետ: Մայրաքաղաքը հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար առավել հարմարավետ դարձնելու նպատակով մինչ այսօր կառուցված թեքահարթակների քանակը կավելանա: Երևանի քաղաքապետարանի 2019 թ. գործունեության ծրագրով ընթացիկ տարում մայրաքաղաքի փողոցների խաչմերուկներում, բանուկ հատվածներում, հասարակական վայրերում ու հանգստի գոտիներում կկառուցվի 175 թեքահարթակ:
Նախկինում կառուցված թեքահարթակների արդյունավետությունն ու հարմարավետությունը հաշմանդամություն ունեցող մարդկանց կարծիքով, այնուհանդերձ, լիարժեք չէ: Որոշ գետնանցումներում կան թեքահարթակներ, սակայն դրանցից օգտվելն անհնար է: Այս թեմայի շուրջ «Իրատես-ը զրուցում է «ՈՒնիսոն» ՀԿ-ի նախագահ, Երևանի քաղաքապետարանի հաշմանդամության խնդիրներ ունեցող մարդկանց հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամ ԱՐՄԵՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ հետ:

-Թեքահարթակներին վերաբերող քննարկմանը ես նույնպես մասնակցել եմ, ավելին, առաջարկել եմ, որ մասնակցեն նաև շահառու կազմակերպությունները, հանդես գան առաջարկություններով, թե քաղաքի որ հատվածներում է նպատակահարմար կառուցել թեքահարթակներ: Մեր ՀԿ-ն մշտապես համագործակցել է քաղաքապետարանի հետ: Այսօր քննարկումներն ընթանում են կոնկրետ վայրերի, տեղանքների շուրջ, հետագա թերություններից խուսափելու համար:
-Իսկ ինչպիսի՞ թերություններ եք նկատել:
-Վերջին տարիներին մայթերին, փողոցների խաչմերուկներում, գետնանցումներում կառուցված թեքահարթակների շահագործման նպատակով նախապես մոնիտորինգ ենք անցկացրել, մեր բացահայտած որոշ թերություններ քաղաքապետարանը շտկել է։ Չեմ խոսում ճիշտ կամ սխալ վայրերում կառուցված թեքահարթակների մասին, քանի որ իմ համոզմամբ քաղաքն ամբողջովին պետք է լինի հարմար, նպատակը դա է, որ սայլակ օգտագործող մարդը ունենա ազատ տեղաշարժվելու հնարավորություն, որևէ տեղ խոչընդոտի չհանդիպի: Բայց քանի որ այդ քանակությամբ թեքահարթակների կառուցումը ժամանակատար և ծախսատար գործընթաց է, սկզբում ընտրվում են ավելի բանուկ տեղեր, օրինակ` Կենտրոն վարչական շրջանում հաշմանդամ մարդիկ տեղաշարժի խնդիր գրեթե չունեն, մայրաքաղաքի ծայրամասային թաղամասերում նույնպես թեքահարթակներ կան:
-Կա՞ն փողոցներ, որտեղ հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց տեղաշարժը թեև ակտիվ է, սակայն թեքահարթակ չկա:
-Մայրաքաղաքը իրական մատչելիություն պետք է ունենա հաշմանդամություն ունեցող անձանց համար: Վերջերս սայլակով քաղաքապետարանից գնում էի դեպի Արշակունյաց պողոտա, որտեղից թեքվելով աջ գնալու էի դեպի Կոմիտասի թանգարան: Այդ ճանապարհին ստիպված էի մի քանի անգամ դուրս գալ երթևեկելի հատված, քանի որ մայթերին ընդամենը մեկ թեքահարթակ կա, երբեմն հարկադրված ես լինում վտանգել քո կյանքն ու նաև խախտել երթևեկության կանոները: Մինչդեռ երթևեկության առումով մարդաշատ է, աշխույժ, այնտեղ կարելի է թեքահարթակների քանակն ավելացնել:
-Իսկ որոշ անցումներում կառուցված թեքահարթակները որքանո՞վ են հարմար տեղաշարժվելու համար:
-Թեքահարթակների կառուցումը ծախսատար է, ուստի հաշվարկն ու չափագրումները պետք է հստակ արվեն: Ծրագրով նախատեսված թեքահարթակներ կառուցվել են նաև Երևանի ծայրամասերում, սակայն դրանք շատ հազվադեպ են կամ գրեթե չեն օգտագործվում: Թեքահարթակների արդյունավետությունն ու հարմարավետությունը այնուհանդերձ լիարժեք չէ մասնավորապես որոշ գետնանցումներում, որտեղ կտրուկ թեքությամբ կառուցված թեքահարթակը ռիսկային է հաշմանադամ մարդկանց համար: Սակայն ճիշտ և հարմարավետ է, օրինակ, մետրոյի «Երիտասարդական» կայարանի՝ դեպի Ավ. Իսահակյանի արձան տանող գետնանցումի հատվածում աստիճաններին կից կառուցված թեքահարթակը, որին ժամանակակից լուծում է տրվել: Հաշմանդամ մարդիկ ինքնուրույն, առանց կողմնակի օգնության, ավտոմատ սարքավորմամբ՝ վերելակի միջոցով կարող են հաղթահարել աստիճաններն ու օգտվել գետնանցումից: Ես այն կարծիքին եմ, որ թեքահարթակների խնդիրը պետք է լուծել համապարփակ թե գետնանցումներում, թե փողոցներում, խոսքս քաղաքում ազատ ու հարմարավետ զբոսնելու մասին է: Ես խնդիրը լուծված կհամարեմ, եթե կտրականապես դրվի մշակութային կամ հանրային այլ կենտրոնների շենքերում թեքահարթակների մատչելիության, տեղադրման հարցը: Պատկերացրեք, պոլիկլինիկա հաճախելը շատերի համար խնդիր է, շատ տեղերում վերելակ չկա: Բնակելի շենքերում թեև կան թեքահարթակներ, սակայն դրանք շահագործման տեսակետից պիտանի չեն, պարզապես անիմաստ շինարարական աշխատանք է կատարված: Այստեղ նույնպես խնդիրը համապարփակ լուծման կարիք ունի: Եթե կառույցը բնակելի շենք է, որտեղ ապրում են նաև հաշմանդամ մարդիկ, ապա կառուցապատողի հետ մեկտեղ բնակիչներն իրենք պետք է որոշեն, թե ինչպես ավելի հարմար կլինի, իսկ եթե մշակութային կամ հասարակական կենտրոն է, խնդիրը պետք է քննարկվի քաղաքապետարանի, մշակույթի ներկայացուցչի ու քաղաքաշինության կոմիտեի հետ:
-Իսկ ավտոբուսները որքա՞ն են մատչելի հաշմանդամների համար:
-Նախ քանակը չի գոհացնում, շուրջ 25 ավտոբուս կա, որտեղ տեղադրված են վերելակներ: Ես նույնպես օգտվել եմ դրանցից: Մի քանի ավտոբուսներից վերելակները հանվել են, քանի որ պահանջարկ չկա: Մեր ավտոբուսները շատ բարձր են և կիրառման առումով անհարմար, արդյունավետ չէ նաև այլ առումով. ավտոբուսը հինգ րոպե պետք է կանգնի մինչև մեկ ուղևոր բարձրանա ավտոբուս, հաճախ մարդիկ չեն համբերում, վարորդն էլ ուշանում է ժամանակացույցից, նյարդային վիճակ է ստեղծվում, և այդպես շարունակ: Մայրաքաղաք պետք է ներկրվեն ավտոբուսներ, որոնք հարմարեցված են բոլորի համար, այդ թվում` հաշմանդամների: Այս նախագիծը վերանայվում է, և հուսով եմ, որ այն կյանքի կկոչվի: Հույս ունենք, որ կգտնվեն բարենպաստ լուծումներ: Հաշմանդամներից շատերը հարկադրված օգտվում են տաքսիներից: Երբեմն դիմում են «ՈՒնիսոն» ՀԿ-ի տրանսպորտային միջոցից օգտվելու խնդրանքով, բայց քանի որ մեր ունեցած փոխադրամիջոցը մեկն է, հնարավոր չէ բոլորին գոհացնել իրենց անհրաժեշտ պահին:
-Հայտնի է, որ ճանապարհային ոստիկանության կողմից մի շարք խաչմերուկներում կտեղադրվեն հետիոտնային ձայնային ազդանշաններով նոր լուսացույցներ:
-Ձայնային լուսացույցներ այսօր էլ կան, պարզապես դրանք դանդաղ են գործում, և լիարժեք հնարավոր չէ օգտվել: Օրինակ, մարդն անցնում է մի խաչմերուկով, որտեղ հինգ լուսացույց կա, դրանցից չորսը չունեն ձայնային ազդանշան, պարզ է, որ նա միայնակ չի կարող հատել խաչմերուկը: Ի դեպ, այդ հարցը նույնպես քննարկվում է քաղաքապետարանում:
-Ինչպիսի՞ն կուզեիք տեսնել Երևանը:
-Կուզեյի, որ անկախ առողջական խնդիրներից երևանցիներն ունենային հավասար հնարավորություններ, և մայրաքաղաքը լիներ բոլորի համար հավասար հնարավորություններով քաղաք, որտեղ կարելի է այցելել ցանկացած մշակութային կենտրոն, մասնակցել ցանկացած իրադարձության, տոնակատարության, թեև ուրախ եմ, որ հաշմանդամների համար բազմաթիվ հարցեր այնուամենայնիվ լուծված են:


Զրույցը` Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 4231

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ