Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Հայտնի չէ՝ եկեղեցիների վերականգնումը օգու՞տ է բերում որմնանկարներին, թե՞ վնաս»

«Հայտնի չէ՝ եկեղեցիների վերականգնումը օգու՞տ է բերում որմնանկարներին, թե՞ վնաս»
26.03.2019 | 01:24

Եկեղեցական որմնանկարչության, սրբապատկերների գեղագիտական ու հոգևոր նշանակության մասին է մեր զրույցը արվեստագիտության թեկնածու, ԵՊՀ դասախոս ՍԱԹԵՆԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ:

-Հայաստանում քրիստոնեության հաստատումից ի վեր զարկ է տրվել եկեղեցական որմնանկարչությանը, սակայն, ինչպես ասում են, ժամանակն աշխատում է որմնանկարների դեմ: Ի՞նչ է արվում, որ դրանք չվնասվեն, ամրակայվեն, վերականգնվեն: ՈՒնե՞նք վերականգնման համար անհրաժեշտ տեխնիկա, նյութեր, միջոցներ, ի վերջո, մասնագետներ, թե՞ անհրաժեշտ է դրսի մասնագետների միջամտությունը:
-Հայաստանյան եկեղեցիները հարուստ են ոչ միայն որմնանկարներով: Կա մի կարևոր հանգամանք. ինչպես վկայում են պատմական աղբյուրները, արձանագրությունները, առաջին սրբապատկերները պատկանում են հայ եկեղեցուն: Խորենացին գրում է Հիսուսի անձեռակերտ պատկերի, Աբգար արքայի մասին, հիշատակում է նաև Վասպուրականի Անձևացյաց գավառի Հոգեաց վանք Բարդուղիմեոս առաքյալի բերած Աստվածամոր նկարը: Ըստ ավանդույթի՝ Տիրամոր կենդանագիր պատկերի հեղինակը Հովհաննես առաքյալն է: Այսինքն, մենք ունենք և՛ սրբապատկերների, և՛ որմնանկարների ավանդույթ, բայց այդ ամենը բավարար չափով ուսումնասիրված, լուսաբանված, հանրահռչակված չէ: Որմնանկարների մասին առանձին աշխատություն մինչ օրս չի գրվել: ՈՒրախությամբ պետք է փաստեմ, որ Մատենադարանը հրատարակության է պատրաստում ամբողջական ժողովածու` նվիրված հայկական որմնանկարչությանը` սկսած չորրորդ դարից (քրիստոնեության ընդունումից) մինչև մեր օրերը:
Ինչ վերաբերում է վերականգնման-ամրակայման խնդրին, պատմությունը, այո, շատ դաժան է վարվել որմնանկարների հետ: Արուճի, Թալինի, Լմբատավանքի եկեղեցիների որմնանկարները կարիք ունեն ամրակայման, վերականգնման, սակայն Հայաստանում չունենք որմնանկարչության վերականգնման դպրոց, և հայտնի չէ՝ եկեղեցիներում արվող վերականգնման աշխատանքներն օգու՞տ են բերում որմնանկարներին, թե՞ վնաս: Իրականում մենք ունենք արհեստավարժ վերականգնող մասնագետներ, կարող եմ նշել Հայկ Ազարյանի անունը, ով երկար տարիներ ուսանել է Ռումինիայում, պրոֆեսիոնալ նկարիչ-վերականգնող է, հոգևորական: Բայց, չգիտես ինչու, մշակույթի նախարարությունը նման մասնագետների չի դիմում:
-Կարելի՞ է ասել, որ համաշխարհային նշանակության որմնանկարներով հարուստ է հատկապես Ախթալայի վանական համալիրը:
-Հայկական եկեղեցիների զգալի մասը հարուստ է արժեքավոր որմնանկարներով, որոնցում մարմնավորված են տվյալ դարաշրջանի արվեստը, ձեռքբերումները, ոճը: Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքի որմնանկարները հայկական քաղկեդոնական որմնանկարչության բացառիկ նմուշներ են: Վրացիները շարունակ փորձում են վիճարկել Լոռու մարզի հայ քաղկեդոնական եկեղեցիների, այդ թվում՝ Ախթալայի վանքի պատկանելության հարցը: Մենք շատ գործ ունենք անելու՝ մեր հուշարձանները և՛ պահպանելու, և՛ ներկայացնելու առումով:
-Հայկական կողմում էլ կան մարդիկ, որոնք պնդում են, թե այդ եկեղեցիները վրացական են, բյուզանդական մշակույթի տարրեր ունեն և ճիշտ չէ դրանք որպես ազգային ժառանգություն ներկայացնելը:
-Դա մեծ մոլորություն է, մենք չգիտենք մեր եկեղեցական արվեստի պատմությունը և պատկերագրության իսկությունը: Հաճախ թվում է, թե եկեղեցական սրբապատկերները լոկ և զուտ հովնաթանյանական պատկերներ են, իրականում այդպես չէ: Եկեղեցական որմնանկարչությունը մտնում է արևելաքրիստոնեական միջնադարյան համակարգի մեջ: Ասում են՝ բյուզանդականը մերը չէ, դա կոպիտ, անընդունելի սխալ է: Նախ, չմոռանանք, որ Բյուզանդիայում ապրել ու գործել են հայ մտավորականներ, հոգևորականներ, վաճառականներ, արհեստավորներ, զորավարներ: Այդ երկրի կյանքում մեծ դեր են ունեցել հայերը, վերջապես երկու արքայական դինաստիաները հայկական են եղել: Բյուզանդական արվեստի ազդեցությունը տարածվել է ամբողջ տարածաշրջանում և հասել մերձակա երկրներ: Այսինքն, արևելաքրիստոնեական աշխարհը սնվում էր հենց Բյուզանդիայից, սրբապատկերների, պատկերագրության տեսությունը սահմանել է Բյուզանդիան, և դա տարածվել է ամբողջ քրիստոնեական աշխարհում: Բնականաբար հայկական որմնանկարները նույնպես պետք է ունենային նմանություն, առնչություններ բուզանդական արվեստի հետ: Ասեմ ավելին. հայ վարպետները կարողացել են նոր լուծումներ տալ այդ պատկերագրությանը, բայց ընդհանուր առմամբ կոչվում էր արևելաքրիստոնեական արվեստ, որի մայրաքաղաքը Կոստանդնուպոլիսն էր՝ Բյուզանդիան: Մինչ օրս ուղղափառ եկեղեցիներում օգտագործվում է եկեղեցական միջնադարյան պատկերագրությունը: Այսօր, երբ սրբապատկերների, որմնանկարների, պատկերագրության մեջ տեսնում ենք զանազան նորարարություններ, երբ պատկերը դառնում է նկար, դա եվրոպական ազդեցությունն է: Վերածննդից սկսած Եվրոպայում արդեն այլ մոտեցում կար. սրբապատկերը, նկարը պատմողական, վավերագրական նշանակություն էին ստանում: Այդպիսի միտումներ տեսնում ենք նաև 17-րդ դարի հայկական եկեղեցական արվեստում:
2013-ին տեղի ունեցավ Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու բացման արարողությունը: Գմբեթում Քրիստոս Ամենակալի, եկեղեցու ներսում սրբերի պատկերներն են՝ արված բյուզանդական, այսինքն, արևելաքրիստոնեական գեղանկարչության ոճով: Հեղինակը Հայկ Ազարյանն է, սակայն ոմանց կարծիքով, դա օտար է հայկական արվեստին: Պիտի պնդեմ, որ դա հենց այն է, ինչ մեզ պետք է այսօր: Եկեղեցական արվեստն ունի իր խորհրդապաշտությունը, իր գույները, ամեն գիծ, ամեն ծալք պիտի համապատասխան լինի օրենքին և ծիսակարգին: Մենք հեռանում ենք այդ օրենքներից, շատ անգամ խախտելով իմաստաբանությունը, և ստանում ենք եկեղեցական արվեստին ոչ հարիր ստեղծագործություն: Հավելեմ նաև, որ որոշ ժամանակակից եկեղեցիներում մանրանկարչական պատկերները կրկնօրինակվում են որմերի վրա, ինչը կրկին անընդունելի է:
-Դրսի հետազոտողներին, արվեստասերներին հետաքրքրու՞մ է այն, ինչ ունենք:
-Հանրահռչակման կարիք կա և՛ ներսում, և՛ դրսում: Մենք տասնամյակներ շարունակ հեռու ենք եղել եկեղեցական արվեստից, խորհրդային տարիներին դա արգելված թեմա էր: Հիմա ժամանակն է բարձրաձայնելու, բայց եթե ինքներս (բացառությամբ նեղ մասնագետների՝ միջնադարյան արվեստի գիտակներ, արվեստաբաններ, գիտնականներ) չգիտենք մեր արվեստի մասին, որտեղի՞ց իմանա աշխարհը: Պետական հոգածություն է պետք, որ գրքեր հրատարակվեն, ցուցահանդեսներ կազմակերպվեն, հանրահռչակում լինի՝ բոլոր ուղղություններով:
-Կան լուսանկարչական փաստաթղթեր, որոնցում արձանագրված են մեր որմնանկարները, այն, ինչ պահպանվել է, և այն, ինչ արդեն կորցրել ենք:
-Դեռևս առաջին հանրապետության շրջանում՝ 1918-19 թվականներին, Թամանյանն էր ղեկավարում հնությունների հաշվառման, կրկնօրինակման և պահպանման գործը: Հասկանում ե՞ք՝ ինչ պրոֆեսիոնալ մոտեցմամբ էին իրականացվում այդ գործընթացները: Դրանից հետո, խոհրդային շրջանում, ինչ-որ հաշվառումներ, գծագրումներ և լուսանկարներ եղել են: Լիդիա Դուռնովոն կրկնօրինակումների հիմքը դրեց, և հիմա ազգային պատկերասրահում ունենք մի քանի որմնանկարների կրկնօրինակներ: Բայց այդ գործը, իհարկե, պետք է շարունակել:
Օրինակ, Տաթևի վանքում վերանորոգման աշխատանքների, ոչ պրոֆեսիոնալ մոտեցման արդյունքում մենք կորցրինք եզակի մի որմնանկար: Բարեբախտաբար, ժամանակին Դուռնովոն կրկնօրինակել էր այդ որմնանկարը, պատկերասրահում ունենք դրա կրկնօրինակը:
-Հիսուսի կերպարը տարբեր մշակույթներում տարբեր է, իրական կերպարից ինչքա՞ն ենք հեռացել, ինչքա՞ն ենք մոտ:
-Ասեմ, որ հրատարակության եմ պատրաստում իմ գիտական աշխատանքը, որը կոչվում է «Հիսուս Քրիստոսի կերպարը հայ արվեստում»: Իհարկե ես ուսումնասիրել եմ Հիսուսի նկարը ոչ միայն հայ արվեստում, այլև ընդհանրապես պատմության համատեքստում՝ սկսած 1-ին դարից մինչև մեր օրերը: Սա շատ ծավալուն թեմա է: 2000 տարի այդ կերպարը անփոփոխ է իր կատարելության մեջ, սակայն Մարդ-Աստծո կերպարը յուրաքանչյուր դարաշրջան, յուրաքանչյուր քաղաքակրթություն յուրովի է պատկերել: Ամեն ազգ, ամեն հասարակություն առաջարկում է իր Հիսուսին, ընդ որում, այդ ազգին նման: Այսինքն, ռուսների մոտ Հիսուսը ռուս է, հայերի մոտ՝ հայ, ֆրանսիացիների մոտ՝ ֆրանսիացի, սևամորթների մոտ՝ սևամորթ, չինացիների մոտ՝ չինացի: Այս առանձնահատկությունը բխում է նկարչի պատկերացումներից, որոնք չեն կարող տվյալ հասարակությունից, միջավայրից հեռու լինել:
-Բայց նաև որոշակի նմանություն կա:
-Բոլորն էլ իրար և՛ նման են, և՛ տարբերվում են, որովհետև Հիսուսը պետք է լինի երկար վարսերով, պիտի ունենա մորուս, արտահայտիչ աչքեր, լինի բարության, կամքի ուժի, իմաստության մարմնավորում: Բյուզանդական կայսրության ժամանակ հաստատվեցին պատկերագրության տիպերը, թե ինչպես պետք է պատկերվի մարդակերպ Հիսուսը, այն պետք է ունենար հատուկ մեկնաբանում, հատուկ դիրք: Արդեն Վերածննդի շրջանում փոխվեց մոտեցումը, Քրիստոսին պատկերում էին հասարակության մեջ, ժամանակակից կյանքում ապրող էություն, ասեմ ավելին՝ գալիս է մի շրջան, երբ Հիսուսի կերպարում տեսնում ենք նկարչի ինքնադիմանկարը, օրինակ՝ Կարավաջոյի գործերում: 19-րդ դարում Էռնեստ Ռենանը գրեց գիտական աշխատություն, փորձեց ազատել Հիսուսի կերպարը աստվածային էությունից, ասելով, որ նա քարոզիչ է եղել, հասարակ մահկանացու: Այս մոտեցումը արտացոլվեց նաև նկարչության մեջ: Հիսուսին սկսեցին ներկայացնել որպես հասարակ մարդու, շատ բարի անձնավորության, որ պատրաստ է օգնելու, կարեկցելու, համախմբելու մարդկանց: Հայկական արվեստում՝ Գևորգ Բաշինջաղյանի, Եղիշե Թադևոսյանի, Վարդգես Սուրենյանցի աշխատանքներում նույնպես նկատելի է այդ գաղափարը: Ինչպես տեսնում եք, հեռանում ենք բուն միջնադարյան սրբապատկերի գաղափարից, որը պետք է պատմի մեզ ոչ թե Հիսուսի մասին, այլ որի միջոցով մենք պետք է հաղորդակցվենք այդ կերպարի հետ:
-Իսկ պատկերագրության մեջ Հիսուսի իրական կերպարից շա՞տ ենք հեռացել: Ի վերջո, եղել են ականատեսներ, կա դաստառակի վարկածը:
-Դաստառակը կորել է: Դա անձեռակերտ պատկեր է: Կան հազարավոր կրկնօրինակներ, բայց բնօրինակը չկա: Առաջին մարդակերպ կերպարը հանդիպում է 3-րդ դարում՝ կատակոմբների արվեստում: Հռոմում կատակոմբներ կային (ստորգետնյա սրահներ), որտեղ քրիստոնյաները գաղտնի անցկացնում էին իրենց ծեսերը, նկարում էին գաղտնագրային նկարներ՝ ձուկ, խաղողի ողկույզ, հովիվը՝ գառնուկի հետ: Այդ պատկերների մեջ տեսնում ենք միջին տարիքի մի կերպար՝ ալֆա և օմեգա գրությամբ: Դա նույնպես սիմվոլ է, բայց կա նաև պատկեր: Խնդիրն այն է, որ առաջին քրիստոնյաները տեսել են Քրիստոսին, բայց երբեք նրան չեն պատկերել, առաջին դարերում արգելված էր պատկերել նրան: Հետագայում Հիսուսին նկարել են ըստ նկարագրությունների:
-Եզրափակելով` ի՞նչ կասեք:
-Մենք առաջին քրիստոնյա երկիրն ենք, ունենք սփյուռք, գտնվում ենք տարբեր քաղաքակրթությունների խաչմերուկում և կարևոր դեր կարող ենք խաղալ պատմության մեջ՝ կամրջելով բոլոր բևեռները՝ Հյուսիս, Հարավ, Արևելք, Արևմուտք: Վստահ եմ, որ հետևողական լինելու, ճիշտ ռազմավարություն մշակելու դեպքում կարող ենք իրականացնել մշակութային հեղափոխություն:

Զրուցեց
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Լուսանկարներ

. .
  • 2.Քոբայր, XIII դ.
  • Հիսուս Քրիստոս Ալֆա և Օմեգա, Կոմմոդիլայի կատակոմբներ, IV դ., Հռոմ
  • Նկարիչ-վերականգնող  Հայկ Ազարյանն աշխատելիս
  • Սբ. Հովհաննես եկեղեցու որմնանկարը Հայկ Ազարյան
  • Վաղ բյուզանդական սրբապատկեր, Վենետիկ, Սբ. Մարկոսի տաճար
Դիտվել է՝ 5301

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ