Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Թարգմանվելու առումով այս վեպը բախտավոր եղավ»

«Թարգմանվելու առումով այս վեպը բախտավոր եղավ»
29.03.2019 | 00:44

Գրող, գրականագետ, թարգմանիչ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆԻ «Բանկ Օտտոման» վեպը թարգմանվել է պարսկերեն: Այս տարի լրանում է անվանի մտավորականի 80-ամյակը: Հոբելյանական տարուն ընդառաջ մի քանի հարց ուղղեցինք անվանի մտավորականին:

-Ինչպե՞ս կբացատրեք Ձեր վեպի հանդեպ ցուցաբերված այս անսպասելի հետաքրքրությունը հարևան երկրում:
-Չեմ կարծում, թե Իրանի մտավորականության, տվյալ դեպքում գրական շրջանակների հետաքրքրությունը մեր մշակույթի հանդեպ անսպասելի է: Իհարկե, չէի ասի, թե մեծ թիվ են կազմում հայ հեղինակների պարսկերեն թարգմանությունները, այնուհանդերձ, անկախությունից հետո մի շարք գործեր և բանաստեղծական ծաղկաքաղեր թարգմանվեցին Թեհրանում և կարծես լավ ընդունելություն գտան: ՈՒրիշ հարց, որ այդ հրապարակումները տարերային բնույթ էին կրում: Հավանաբար պետք է կազմակերպված աշխատանք տանել, քանի որ այնտեղ մենք մտավորական մեծ ներուժ ունենք, և մեր մշակութային ներկայությունն այդ բարեկամ երկրում չափազանց կարևոր է մեզ համար:
-Եթե չեմ սխալվում, պարսկերենը «Բանկ Օտտոմանի» թվով չորրորդ թարգմանություն է:
-Իսկապես, թարգմանվելու առումով այս վեպը բախտավոր եղավ: Նախ` լույս տեսավ Բուխարեստում` 2010 թ., այնուհետև Փարիզում` 2011 թ. և Մոսկվայում` 2012 թ.: Հավանաբար արժե հիշել, որ 2008 թ. Երևանում լույս տեսնելուց հետո, ուղիղ մեկ տարի անց Բեյրութի «Արծիվ» հրատարակչությունը վերահրատարակեց այն դասական ուղղագրությամբ և մեր օրերի համար պատկառելի տպաքանակով` 1000 օրինակ:
-Իսկ նոր թարգմանություններ չե՞ն սպասվում: Եթե այո, ո՞ր լեզուներով:
-Սպասվում են: Ավելին, ընթացքի մեջ են և գուցե արդեն ավարտված: Երկու թարգմանություն: Դրանցից մեկը, ամենայն հավանականությամբ, լույս կտեսնի մինչև տարվա վերջ: Սակայն թույլ տվեք չասել, թե ինչ լեզվով և որտեղ: Կներեք, ես մի քիչ սնահավատ եմ:
-Խնդրում եմ համառոտ ներկայացնեք այս թարգմանության պատմությունը` ինչպե՞ս կատարվեց ընտրությունը, ո՞վ է թարգմանիչը, անձամբ ծանո՞թ եք նրան և այլ մանրամասներ:
-Թարգմանիչը դոկտոր Գավամեդդին Ռազավիզադեհն է, ազնվական նկարագրի տեր մի անձնավորություն, մի զտարյուն մտավորական, որի հետ պատիվ ունեցա ծանոթանալու 2016-ի աշնանը, երբ Երևան էր եկել իր տիկնոջ ուղեկցությամբ և ցանկություն հայտնել տեսնվելու ինձ հետ: Նա բերել էր Վահե Քաչայի «Մի դաշույն այս պարտեզում» վեպի պարսկերեն թարգմանության օրինակը` ընծայագրված ինձ: Ինչպես գիտեք, այդ վեպը ես թարգմանել և հրապարակել եմ 1999-ին: Նա հետաքրքրվեց իմ վեպերով և ցանկություն հայտնեց ունենալու «Բանկ Օտտոմանի» ֆրանսերեն և ռուսերեն հրատարակությունները: Նա թարգմանում է այդ երկու լեզուներից, ի դեպ, Տուրգենևի և ռուս այլ դասականների գործերն է թարգմանել պարսկերեն: Քիչ ավելի ուշ, համացանցով, ցանկություն հայտնեց «Բանկ Օտտոմանը» թարգմանելու պարսկերեն:
-Եթե ճիշտ հասկացա, նա հայերենից չի թարգմանել, այլ…
-Այո, ճիշտ հասկացաք: Նա թարգմանել է ֆրանսերեն և ռուսերեն թարգմանություններից, Սակայն պիտի նշեմ, որ իմ վեպի ռուսերեն տարբերակը լիովին համարժեք է բնագրին, քանի որ Անահիտ Թոփչյանը թարգմանեց, անշուշտ, իմ ստեղծագործական ներկայությամբ, և Մոսկվայում տպագրվեց առանց խմբագրական որևէ միջամտության: Այսինքն, ռուսերենը հեղինակազորված թարգմանություն է և նույնիսկ ինչ-որ առումով առավելություններ ունի բնագրի համեմատ, որովհետև աշխատանքի ընթացքում կարևոր ճշտումներ, կրճատումներ ու լրացումներ արվեցին:
-Այս տարի լրանում է Ձեր ծննդյան 80-ամյակը: Առիթից օգտվելով կուզեի հարցնել` ստեղծագործական ի՞նչ նորություններով եք դիմավորում այդ տարեդարձը:
-Տպագրության եմ պատրաստում պատմվածքների ծավալուն մի ժողովածու, գործեր, որոնց մի մասն անցած տարիներին լույս տեսավ «Իրատեսում»: Կտպագրեմ նաև թարգմանական մի ժողովածու` բելգիացի մեծ արձակագիր և բանաստեղծ Ժորժ Ռոդենբախի նովելները և, ամենայն հավանականությամբ, ծավալուն մի վիպակ` քաղաքական դետեկտիվ, որը նոր եմ սկսել և հույս ունեմ մի երկու ամսից ավարտելու: Այսքանը, հավանաբար, լիուլի բավական է նման տարեդարձն արժանավայել դիմավորելու համար: Կարծում եմ` լիովին տրամաբանական կլինի, եթե այս երեքին գումարենք նաև հարցազրույցի դրդապատճառ դարձած վեպիս պարսկերեն թարգմանությունը:


Զրույցը՝
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 2569

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ