Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

«Քանի դեռ մարդ արարածը շնչում է, թատրոն-հանդիսատես կապը մշտապես լինելու է»

«Քանի դեռ մարդ արարածը շնչում է, թատրոն-հանդիսատես կապը մշտապես լինելու է»
29.03.2019 | 00:19

Թատերասեր հանրությունը մարտի 27-ին նշեց թատրոնի միջազգային օրը: Առիթ էր՝ թատրոնն ու թատերական գործիչներին արժևորելու, եղած խնդիրներն ու բացթողումները ևս մեկ անգամ բարձրաձայնելու: Հայաստանյան թատերական կյանքի անցուդարձի մասին զրուցել ենք թատերագետ, հրապարակախոս ՏԻԳՐԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ:


-Թատրոնի միջազգային օրն ամբողջ աշխարհում նշվում է «Թատրոնը՝ որպես ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման և փոխըմբռնման միջոց» կարգախոսով: Մեզ մոտ այն նշվում է 1999 թվականից: Տիգրան, ի՞նչ է մեզ ասում այս կարգախոսը, կա՞ երկխոսություն աշխարհի թատրոնների միջև:
-Թեև խաղաղության կարգախոս և թատերական միջազգային հարաբերություններ հասկացությունները հարցիդ քաղաքական նրբերանգ են հաղորդում, կփորձեմ քաղաքական մշակույթ և մշակութային քաղաքականություն ձևակերպումների արանքում մասնագիտական բնազդիս հավատարիմ մնալ և կողմնապահությանը տուրք չտալ: Քաղաքական զարգացումներում արվեստի դերակատարման տեսանկյունից՝ այո՛, հատկապես թատրոնի պես այսրոպեական էմոցիոնալ ինֆորմացիայով արտահայտվող արվեստն ի զորու է խաղաղություն սերմանելու կամ էլ եղած հակապատերազմական կապիտալը բազմապատկելու: Ահավասիկ, Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանի ինքնապատումային մոնոներկայացումն ասածիս հավաստիքն է: Չէ՞ որ այս ներկայացման մրցանակային հավաքածուի հարստացման մեջ, մենախաղացի օժտվածությունից զատ, կա նաև կնճռոտ թեմայի համամարդկային մեկնաբանման գործոնը: Պատերազմական կորստի ցավն անտակ ատելությամբ լիցքավորելու փոխարեն ինքնահեգնանքի բուժամիջոցն օգտագործելու հումանիստական մոտեցումը: Իսկ մեր երկրի և աշխարհի թատերական փոխառնչությունների կտրվածքով հարցը դիտարկելիս՝ պետք է ասեմ, որ մեծ մասամբ այն անուղղակի-մակերեսային է` Յութուբյան կամ էլ միջազգային փառատոնների դրսեկ ներկայացումները տեսնելու, հյուրախաղերում մեր բեմադրություններն իրենց ներկայացնելու մակարդակում: Իսկ խորքային՝ ըստ մասնագիտական բաղադրիչների տևական վաարպետության դասերի, աշխատանքային մեթոդների համակողմանի քննարկումների միջոցով փորձի փոխանակումը գրեթե բացակայում է: Գիտեմ, որ ի դեմս Վահան Բադալյանի Փոքր թատրոնն է իտալացիների հետ սերտ համագործակցության մեջ, մնացյալը գրեթե հպանցիկ մասնավոր դեպքեր են:
-Իսկ ներսում (Հայաստանում) կա՞ թատրոն-հանդիսատես կապ, կարո՞ղ ենք ասել, որ ամեն թատրոն ունի իր հանդիսատեսը: Կամ այսպես ասեմ՝ ինչու՞ պետք է գնալ-նայել այս կամ այն ներկայացումը:
-Որքան էլ որ թատերաձևերը փոխակերպումների ենթարկվեն, միևնույն է, քանի դեռ մարդ արարածը շնչում է, թատրոն-հանդիսատես կապը մշտապես լինելու է: Մի պարզ պատճառով. թատրոնի նախաձև թամաշան հետաքրքրասեր մարդու բնահոգեկան պահանջն է: Բերեմ նշածս երևույթին հատուկ տեսարանների օրինակները, որ խոսակցությունն առավել առարկայական դառնա: Թաղում, հարսանիք, անթաքույց կռիվ, խոշոր ավտովթար, սրանք բոլորն անմիջապես, այսպես ասած, հանդիսատես ձևավորող իրողություններ են: ՈՒ առհասարակ, ճաշակը մարդու խառնվածքով ու հոգեկան միջավայրով պայմանավորված որակ է, բնականաբար, այն մեծ ցանկության դեպքում անգամ չի կարող միասեռ լինել: Մեզանում էլ հասարակական շերտերն իրենց մշակութային պատրաստվածությանը համապատասխան բեմական ներկայություն են փնտրում ու գտնում: Պարզապես տողային տարածքը չի ների, որ մեկ առ մեկ մանրամասնեմ, թե որ թատրոն ինչ տեսակ մարդիկ են հաճախում: Իսկ թե ինչու է անհրաժեշտ այս կամ այն ներկայացումը նայել, որովհետև դիտումը ևս համախմբող կոլեկտիվ ակտ է` մոտավորապես խնջույքի թունդ պահերին խմբային երգեցողության հուզական վարակի խաղաղավետ ներազդեցությանը համարժեք:
-Մենք ունենք մնջախաղի թատրոն, երաժշտական կոմեդիայի, մյուզիքլի, դրամատիկական, կամերային, տիկնիկային, խամաճիկների և այլ թատրոններ: Ի՞նչ չունենք:
-Թատերական ժանրի առումով այս պահին կդժվարանամ մտաբերել, թե մենք հատկապես ո՛ր թատերատեսակի սուր անհրաժեշտությունն ունենք: Բայց որ մենք, օրինակ, «Ազգերի թատրոն» կոչված ձևաչափը չունենք, և դրա առկայությունը միայն ու միայն մեր թատերարվեստի զարգացման շահերից է բխում, անհերքելի է:
-Ասում են` թատերագետները մեծ դեր պետք է ունենային թատերական կյանքի աշխուժացման գործում, բայց ոչինչ, կամ գրեթե ոչինչ չի արվում: Համաձա՞յն եք: Ի դեպ նույնը ասում են գրականագետների, արվեստաբանների, երաժշտագետների մասին:
-Թատերագետներին մոնումենտալ պահանջներ ներկայացնելուց առաջ ասողներն ու ոլորտի պատասխանատուները թող բարի լինեն նվազագույն աշխատանքային պայմաններ ստեղծել: Մինչ պահանջելը նախ պետք է դրա բարոյական իրավունքը վաստակես, որ նկրտումներդ ծաղրարժան չդառնան: Երբ ոլորտի կենսագոյության տարրական նորմերը կապահովեն, այդ ժամանակ էլ առարկայնորեն կզգան, թե ինչ ասել է թատերագիտության լիաթոք շնչառություն:
-Հնարավո՞ր է օբյեկտիվ լինել այս կամ այն թատերական իրադարձությանն անդրադառնալիս: Երկիրը փոքր է, ծանոթ-բարեկամը՝ շատ:
-Համացանցային զարգացումների համածիրում ոչ միայն երկիրը, այլև ողջ աշխարհն է փոքրացել` դրանում եղած ամեն ինչի արագությունը կրկնապատկելով: Ինչևիցե, նույնիսկ այս անբարենպաստ միջավայրում հնարավոր է օբյեկտիվ լինել, եթե ի բնե կամ էլ ընտանեկան և կադրային դաստիարակաությամբ ինքնավաճառ ու արվեստի հաշվին ընկերություն անող չես:
-Իբրև թատերագետ` Ձեր գործառույթը ո՞րն է: Քննադատե՞լ, ուղղորդե՞լ, գնահատե՞լ, կա՞պ ստեղծել թատերական գործիչների և թատերասերներ միջև։
-Առաքելությանս գործառույթը քննել-դատողություններ անելով գնահատականներ տալն է, որն էլ թատերասեր հանդիսատեստի համար ինչ-որ չափով ուղղորդող է: Բացատրեմ` ինչու. եթե վերջինս, դիտած ներկայացումից միառժամանակ հետո իր զգացածի մասին թատերախոսի մասնագիտական հիմնավորումները կարդալով սեփական կռահումների օբյեկտիվության ապացույցներն է գտնում, ակամայից հոդվածի հեղինակը նրա ենթագիտակցականում գեղարվեստաէսթետիկական գիդի է վերածվում: Թե չէ ոմանք թյուրըմբռնմամբ ծայրահեղ պատկերացումներ են կազմում թատերաց փորձագետներիս մասին, մեզ ընկալելով կա՛մ որպես մեղադրող դատախազ, կա՛մ իբրև դատապաշտպան: Այնինչ մենք դատավորներ ենք։
-Մեր թատրոններն ավելի շատ ներքի՞ն, թե՞ արտաքին «փոփոխությունների» կարիք ունեն:
-Ե՛վ այն, և այն, սակայն սա առանձին ծավալուն հարցազրուցի թեմա է:
-Համաձա՞յն եք, որ թատրոնը պիտի կարողանա ինքն իրեն պահել, շահույթ հետապնդել: Կարճ ասած՝ դահլիճ լցնել:
-Առհասարակ, եղած համադերասանական գունապնակում կերպարի լավագույն դերակատարին ընտրելու դիտանկյունից վարձահրավիրման մոտեցումը շահեկան է: Նույնիսկ պետական թատրոններին օգնող գործելաոճ: Եվ տվյալ պարագայում որակյալ անտրեպրիզը գուցե թե կարողանա ֆինանսական ինքնաբավության հասնել: ՈՒղղակի անասելի մեծ է վտանգը, որ գումարի հայթայթման թելադրանքով արտահայտչական ներքին ձևը ելակետ դարձնող գեղարվեստը տեղը զիջի լոկ արտաքին տպավորությունը թիրախավորող զվարճահանդեսին, ինչի ցցուն օրինակները թատերական էստրադայում և էստրադային թատրոններում քիչ չեն:
-ՊՈԱԿ-ների հնարավոր վերաձևումին ինչպե՞ս եք վերաբերվում:
-Անկեղծ` գերեզմանածաղկի տարանշանակություն ունի այդ նախաձեռնությունը, հետևապես դիվանագետի անսեռ կերպարանքն էլ չի փրկի այն ներկայացնողին, առավել ևս՝ պաշտոնացավից դրդված պաշտպանողներին:
-Թատրոնի նոր շենքի կառուցման մասին ի՞նչ կասեք:
-Իհարկե Համազգային թատրոնի շենքի հիմնարկեքի մասին ամենադրական կարծիքն ունեմ և լիահույս եմ, որ այդ համատեքստում մնջախաղի 45-ամյա թատրոնին պետության կողմից խոստացված շենքն էլ մոտ ապագայում նյութեղեն եղելության կվերածվի: Եվ բնավ էլ հարյուրբառանոց լեզվամթերքի հույսին մնացած դատարկամիտի չափազանցում չէ գերադրական խոսքս, որովհետև, ի գիտություն որոշ մանրամիտ միջակությունների, յուրաքանչյուր ներկայացում նաև թատերագետի աշխատավայրն է:
-Ասում են, որ Ժամանակակից դրամատուրգիան պետք է առաջնային լինի յուրաքանչյուր թատրոնի խաղացանկում, հակառակ դեպքում մենք չենք ունենա ժամանակակից թատրոն: Համաձա՞յն եք, կա՞ն հաջողված փորձեր:
-Կուրսղեկիս՝ կինոգետ Սուրեն Հասմիկյանի հետ երբեմն ներկայացումից տուն վերադառնալիս, ճանապարհին որպես կանոն քննարկում ենք արվեստի խնդիրները: Դերասանների կերպարային մեկնաբանությունների կամ ռեժիսորական նշանային համակարգերի հետ կապված տարընթերցումներ ունենալով հանդերձ, մենք մշտապես համակարծիք ենք մի հարցում. արվեստում քիչ առ քիչ վերանում է (չի բացառվում նաև միտումնավոր ոչնչացումը) վերջինի բազմադարյա առանցքակենտրոն ՄԱՐԴԸ: Դրամատուրգիան բացառություն չէ, այլապես փաստագրական թատրոնը լայն քայլերով առաջ չէր գնա:
-«Թատրոնի մասին օրենքը» ի՞նչ կտա մեզ։
-Եթե «մենք` մերոնցով» մոտեցմամբ չգրեն այդ բազմաչարչար օրենքը, ապա այն մեզ իրավունքների և պարտականությունների բազմակողմանի հստակում կտա, որպեսզի թատերական դաշտի շնաձկներն ու վայ չինովնիկները միջին վիճակագրական թատերական գործիչների հետ ինչպես կամենան, այնպես չվարվեն:
-Կա՞ն ներկայացում, դերասան, բեմադրիչ, որ կառանձնացնեիք:
-Կառանձնացնեի Բաբկեն Չոբանյանի և Սենիկ Բարսեղյանի նրբակիրթ զուգախաղը «Սև արկղ» ներկայացման մեջ, գաղափարաձև ասեղնագործող Վահան Բադալյանի բեմադրական մտածողությունը «ՈՒրիշ պարեր» բեմավորման համապատկերում և իբրև ներկայացում մեր սերնդի անհետ կորած զգացմունքները վերծանող «Հաղթանակի գենեզիս» դոկուդրամատիկ հայտնությունը, որում անուրանալի է Սառա Նալբանդյանի դրամատուրգիական հոտառությունը:


Զրուցեց
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 2952

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ