Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

«Ի վերջո, ուզո՞ւմ ենք մեր երկրում ունենալ որակյալ մանկապատանեկան մամուլ, թե՞ չենք ուզում»

«Ի վերջո, ուզո՞ւմ ենք մեր երկրում ունենալ որակյալ մանկապատանեկան մամուլ, թե՞ չենք ուզում»
02.04.2019 | 03:11

1990 թվականից պետական հատուկ կարգավիճակ ունեցող «Ծիծեռնակ», «Աղբյուր» ու «Կանչ» պարբերականները կրթության և գիտության նախարարության հայտարարած մանկապատանեկան մամուլի մրցույթից դուրս են մնացել: Նշված երեք մամուլի ներկայացուցիչները պահանջում են չեղյալ համարել մրցույթն ու տրամադրել իրենց հասանելիք գումարը՝ 40 միլիոն դրամը: Ինչպես նշվում է ԱԺ նախագահին ուղղված նամակում՝ 90 թվականին Գերագույն խորհրդի նախագահության հատուկ որոշմամբ՝ այս երեք պարբերականները առնվել են պետության հովանու ներքո: Մինչ այսօր պարբերականները տպագրվել են առանց դադարի: Այս տարի կառավարությունը՝ ի դեմս կրթության և գիտության նախարարության, հրաժարվել է մեր երկրի բարձրագույն մարմնի որոշումը կատարելուց:
«Ծիծեռնակ» ամսագրի գլխավոր խմբագիր ԱՆՈՒՇ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ծիծաղելի է թվում այն, որ իրենց առաջարկել են մասնակցել մրցույթի: Ըստ նրա՝ երեխաների դաստիարակության այս ոլորտը թափանցելու հնարավորություն է ստեղծվում պատահական հրատարակիչների համար: Մե՛կ խոհարարական, մե՛կ նորաձևության, մե՛կ ժամանցային թերթեր տպագրողները մրցութային նման առիթների հանդիպելիս, պատրաստ են նաև մանկական մամուլ տպագրելու:


-Հնարավո՞ր է ամեն տարի մրցույթ անցկացնել, առնչվել տարբեր շահողների ու միաժամանակ ունենալ համակարգված ռազմավարություն երեխաների դաստիարակության ասպարեզում»,- տարակուսում է «Ծիծեռնակի» խմբագիրը, մատնանշում նաև մրցույթի այն կետը, ըստ որի՝ մասնակցելու համար պետք է ունենալ 10 տարվա տպագրական փորձ։
-Ես, լինելով գրողների միության մանկական բաժնի վարիչ, երբևէ չեմ տեսել, թե ինչ են հրապարակում տենդեր շահած ամսագրերը: Եվ ինչպե՞ս կարելի է դրանք մեր տպագրած մամուլի կողքին դնել: Արդյունքում՝ ստեղծագործական աշխատանքներ անելու փոխարեն, ստիպված ենք ապացուցել, որ մածունը սպիտակ է:


«Կանչ» թերթի գլխավոր խմբագիր ՎԱՐՈՒԺԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆՆ իրենց հետ կատարվածը վիրավորանք է համարում: Նկատում է, որ այս պարբերականները մոտ 100 տարի եղել են դպրոցի կողքին, եղել են դպրոցի, ուսուցչի օգնականը.
-ժամանակին «Պիոներ կանչում» (նախկին անվանումը) աշխատելը համարվել է ուսուցչական աշխատանք, անգամ վաստակավոր ուսուցչի կոչումներ են շնորհվել: Ավելի քան 50 տարի առաջ՝ Վարդգես Պետրոսյանի ժամանակ, ստեղծվել է «Շավիղ», որը խմբագրություն էր խմբագրության մեջ, և այնտեղից այնպիսի անուններ են դուրս եկել՝ Աննա Իսրայելյան, Սուսաննա Հարությունյան, Սաթիկ Սեյրանյան: Այսօր նույն ավանդույթները շարունակվում են: Հրաշալի երեխաներ կան, որ սիրում են գրել, ստեղծագործել, և այստեղ նրանք սովորում են լրագրության այբուբենը:


-Խնդիրն այստեղ համակարգային է, ի վերջո, ուզու՞մ ենք մեր երկրում ունենալ որակյալ մանկապատանեկան մամուլ, թե՞ չենք ուզում: Մանկապատանեկան մամուլը արտադրպոցական օժանդակ, ինչ-որ տեղ նաև մեթոդական գրականություն է: Այս ռազմավարությունը մեր խմբագրություններում մշակվել է տասնամյակներ շարունակ: Ստեղծվել Պերճ Զեյթունցյանով, Անահիտ Սահինյանով, Սաղաթել Հարությունյանով, էլ չեմ ասում, որ «Աղբյուրի» հիմնադիրներից են Չարենցը, Ստեփան Զորյանը: Էլի անուններ կան, բայց սա հարցի բարոյական կողմն է: Ամեն տարի մրցույթ ենք հայտարարելու, ով շատ է ուզում խնայել երեխաներից, մենք դրան փող ենք տալու: Սա՞ է սկզբունքը,- ասաց «Աղբյուր» հանդեսի գլխավոր խմբագիր ԹԱԴԵՎՈՍ ՏՈՆՈՅԱՆԸ:


Նրա համոզմամբ՝ մանկապատանեկան մամուլը պետք է լինի կրթության և գիտության նախարարության դաստիարակչական գործիքներից մեկը, հանձնարարություն պետք է տրվի, ռազմավարություն մշակվի, և ոչ թե մրցույթներով պետք է հրատարակվի, այլ երկարատև պայմանագրերով: Ի դեպ, թե ինչպիսի տեխնիկական բնութագիր պետք է ունենա մանկական մամուլը, այս հարցում նախարարությանը մեծապես օգնել են «Աղբյուրը», «Մանանան», բայց մրցույթը շահել են այս գործում պատահական մարդիկ: Թադևոս Տոնոյանը վստահ է, որ վերջիններս ինչ արել են միշտ, նույնը հիմա են անելու. համացանցից են նյութերը քաշելու: Մինչդեռ իրենց նյութերը ծայրից ծայր հեղինակային են: Անուշ Վարդանյանը հավելեց, որ եթե գոյություն ունի ամսագիր, ապա պետք է ունենա խմբագրատուն, աշխատակիցներ. «Երկու մլն դրամով ամսագիր են տպագրում, աբսուրդի թատրոն է, մեր խմբագրատների վարձն է 2000 դոլար, աշխատակիցները ստանում են 60, 100 հազար դրամ աշխատավարձ, 2 միլիոնն ի՞նչ թիվ է»: «Ծիծեռնակի» խմբագիրը նկատում է, որ չի կարելի գրական մրցույթը վերածել կարտոֆիլի մրցույթի: Նրա տեղեկացմամբ՝ մրցութային հանձնաժողովում չեն եղել ոչ կրթության և գիտության մասնագետ, ոչ մշակույթի ոլորտի մասնագետ, ոչ էլ գրողների միությունից մեկը, ստորագրել են ֆինանսիստները. նրանց հետաքրքրել է՝ որքա՞ն քիչ գումարով կարելի է մանկական ամսագիր տպագրել: Թադևոս Տոնոյանն էլ եզրահանգեց՝ հանճարեղ հանձնաժողով է, որոշում է՝ 7 միլիոնն է ավելի շատ, թե 8 միլիոնը:
«Իրատեսը» հետաքրքրվեց՝ ունե՞ն արդյոք կենսագրություն ունեցող այս պարբերականները պահանջարկ մեր օրերում, ի՞նչ է արվում մանուկ, պատանի ընթերցողի հետ կապը ամրացնելու համար:


Անուշ Վարդանյանն ասաց, որ խորհրդային տարիներին «Ծիծեռնակը» 100 հազար տպաքանակ ուներ, այժմ՝ երկու հազար։ ԿԳՆ-ն ուզում է 1500 օրինակ տպագրել ու բաժանել դպրոցներին, ինչի համար իրենք ուրախ էին: Նշեց նաև, որ ինչ մատուցում ես, այն էլ պահանջարկ է ունենում:


Ի դեպ, պետական գումարներով տպագրվող ամսագրերը դպրոցներին նվիրելու առաջարկը Թադևոս Տոնոյանինն է: Նա այդ հարցը բարձրացրել է ԿԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ: Ինչ վերաբերում է պահանջարկին, Թադևոս Տոնոյանը փաստեց, որ երեք ամիս է իրեն զանգում են տարբեր դպրոցներից ու հարցնում՝ չեղա՞վ համարը: Նրա խոսքով՝ որտեղ լավ դպրոց, լավ տնօրեն կա, այնտեղ շատ լավ պահանջարկ կա գրքերի, ամսագրերի, թերթերի:


Նշենք, որ մրցույթի սկզբնական փուլը հաղթահարել են «Մարի», «Ոսկե խատուտիկ», «Լուսապսակ» խմբագրությունները: ԿԳՆ-ն չի ժխտել, որ առաջնությունը ավելի ցածր գնային առաջարկ ներկայացրած ամսագրերինն է. դա ՀՀ գնումների մասին օրենքի հստակ պահանջն է:
Բովանդակային չափանիշները մնում են սարերի հետևում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2413

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ