Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Որդյա՛կ Իմ, Ես ունեմ քո խնդրի լուծումը. այդ լուծումը Ես եմ»

«Որդյա՛կ Իմ, Ես ունեմ քո խնդրի լուծումը. այդ լուծումը Ես եմ»
30.04.2019 | 00:58

Իսկ ի՞նչ է թմրամոլությունը` իբրև մեղք: Այն միակ ճիշտ ճանապարհը շրջանցելու փորձ է, երբ մարդը, դիմելով թմրանյութի օգնությանը, փորձում է տագնապի զգացումը խլացնել, խղճի ձայնը լռեցնել, ամոթի և մեղքի զգացումը անզգայացնել և մեկ րոպեում դուրս գալ ճնշող լարվածությունից:


Ինչից, որպես հետևանք, առաջանում է թմրանյութից մշտական կախվածության վիճակ, որը թույլ չի տալիս մարդուն զարգանալ, հոգեպես նորոգվել և ինքնակատարելագործվել (իսկ քրիստոնյայի համար կյանքի նպատակը աստվածանմանությունն է):
Սուրբ Գիրքը խստիվ դատապարտում է թմրանյութերի օգտագործումը հետևյալ խոսքերով. «Չգիտե՞ք, թե անիրավներն Աստծու արքայությունը չեն ժառանգում, մի՛ խաբվեք, ո՛չ պոռնիկներ, ո՛չ կռապաշտներ, ո՛չ շնացողներ, ո՛չ իգացողներ, ո՛չ արվամոլներ, ո՛չ գողեր, ո՛չ ագահներ, ո՛չ հարբեցողներ, ո՛չ բամբասողներ, ո՛չ հափշտակողներ Աստծու արքայությունը չպիտի ժառանգեն» (Կորնթ. 6;9): Եթե ուշադրություն դարձնենք «հարբեցողներ» բառին, կհասկանանք, որ բառիս ուղիղ իմաստով հարբեցողությունը թմրամոլության տեսակ է, ընդ որում ալկոհոլը շատ քիչ է զիջում մյուս թմրանյութերին: Ալկոհոլը ազդում է մարդու ուղեղի կամքի կենտրոնի վրա և թուլացնում այն` զրկելով մարդուն իր արարքները վերահսկելու կարողությունից:


Մի ուրիշ տեղ Սուրբ գիրքն ասում է. «Մի արբեք գինով, որի մեջ զեխություն կա, այլ լցվեք Սուրբ Հոգով»: Սովորաբար գինով հարբածները հայտնվում են էյֆորիկ ոգևորվածության մեջ, սակայն դա ոչ իրական, այլ պատրանքային, կարծեցյալ շատ կարճատև «ուրախություն» է, որին հաջորդում է դեպրեսիան: Որից հետո ավելի ուժգին ցանկություն է առաջանում նորից հայտնվելու նույն էյֆորիկ վիճակում, և այսպես շարունակ ավելանում է ալկոհոլի պահանջը և առաջանում կապվածություն` բոլոր խմողներին բնորոշիչ հատկությամբ` նրանք մշտապես առիթ են փնտրում խմելու համար, իսկ եթե առիթ չկա, խմում են առանց առիթի:
Նույն պատկերը կրկնվում է մյուս թմրանյութերի օգտագործման դեպքում: Իսկ ալկոհոլային խմիչքը նաև կոչվում է ոգելից, այսինքն ոգիներով լցնող (ինչպիսի ոգիներով` արդեն հասկանալի է): Իսկ դա ճիշտ հակառակ է Սուրբ Հոգով լցված լինելու ոգևորությանը, որը տալիս է մարդուն իրական երանություն Աստծո ներկայության մեջ, իսկական ուրախություն` խղճի մաքրության և հանգստության պատճառով: «Սուրբ տեղը դատարկ չի մնում» ասացվածքը ուղղակի ակնարկում է այն մասին, որ մեր ներքին դատարկությունը պետք է լցնել աստվածային ներկայությամբ, աղոթքներով, առաքինություններով, որպեսզի տեղ չմնա չար ոգիների մուտք գործելու համար:


Ընդհանրապես, բոլոր թմրանյութերն ունեն մարդկային հոգու վրա մեկ վտանգավոր ներգործություն, որի մասին արդեն ասվել է. կամքի թուլացումը, որը և պատճառ է դառնում չար ոգիների հարձակման` մարդու զգայարաններին իշխելու համար: Ալկոհոլի կամ այլ թմրանյութերի ազդեցության հետևանքներից մեկն էլ այն է, որ բացի մարմնական կախվածությունից, տեղի է ունենում անձի երկվություն: Որովհետև, ալկոհոլային թմրությունից սթափվելուց հետո, մարդը արդեն չի հիշում` ինչ էր խոսում կամ անում, կարծես ինքը չէր: Մարդը սթափ վիճակում միշտ ընդունակ է գիտակցելու իր «եսը», իր իսկական անձը: Իսկ հարբածը արդեն կերպարանափոխված «անձ» է, որը իսկական անձի հետ հակասության մեջ է մտնում` ստեղծելով անձի պառակտում: Մարդը կարծես ուրիշ հատկություններով այլ կերպար է ներկայանում` մեկ շատ ուրախ և ոգևորված, մեկ լացկան, մեկ շատ բարի, մեկ բարկացկոտ: Նա արդեն կորցնում է ուրիշներին ուշադիր լսելու ունակությունը, վերահսկելու սեփական վարքը, խոսքերը, դառնում է շատախոս և պարծենկոտ: Երբեմն նկատվում է ստոր կրքերի և ցանկությունների արթնացում: Ալկոհոլի երկար ժամանակ օգտագործումից բնավորությունը սկսում է ավելի վատթարանալ: Մարդը դառնում է եսակենտրոն, կոպիտ, չափազանց ինքնավստահ, առաջանում է հակում` դատարկ, միատեսակ կատակների, թուլանում են հիշողությունը, ուշադրությունը, սիստեմատիկ մտածողության, լուրջ գնահատանքի և ստեղծագործելու կարողությունը: Անձը փոխվում է: Առաջանում են դեգրադացիայի նշաններ: Եվ եթե մարդը չդադարեցնի խմելը, ապա անձի ամբողջական վերականգնումը հնարավոր չի լինի: Իսկ սատանայի նպատակը մարդուն զգայական հաճույքի պատրանքներով շեղելն է իսկական նպատակից` աստվածային պատկեր և նմանություն լինելուց, պառակտելն ու դիմազրկելը մարդկային անձը` հակասության մեջ դնելով իսկական աստվածանման անձի հետ: Որովհետև ինքը սատանան դիմազրկվեց` լինելով երբեմնի լույսի հրեշտակ, աստվածային պատկեր և նմանություն, հպարտանալով հակառակվեց Աստծուն և չարանալով դարձավ հակապատկեր:


Երբ մարդը հրաժարվում է որևէ թմրանյութից` «թեթև» կամ «ծանր», նա փրկում է իր անձը մեծ մոլորությունից, որը չէր թողնում տեսնել իր իսկական էությունը` սխալներով ու թերություններով: Որովհետև միայն սթափ վիճակում մարդ կարող է գնահատել և վերլուծել իր վարքագիծը, ամաչել, գիտակցել մեղքը և ապաշխարել: Ահա թե ինչպիսի չարիք է և դևերի հնարք թմրանյութը` իր բոլոր տեսակներով ու կործանարար հատկություններով:


Սակայն չարահնար ու մարդատյաց դևը չհագեցավ բազմատեսակ թմրանյութերի միջոցով մարդկանց հոգիների ստրկությամբ ու կործանմամբ, այլ նաև այսօր, մեր ժամանակներում, ավելի մեծ սաստկությամբ հնարելով թմրանյութերի նոր տեսակներ, փորձում է մոլորեցնել ու կործանել նաև ընտրյալներին: Ոչ մեկի համար արդեն գաղտնիք չէ ժամանակակից էլեկտրոնային և համակարգչային հաղորդակցման միջոցների առկայության պայմաններում համատարած ինտերնետային և համակարգչային կամ սմարտֆոնային կախվածության երևույթը և՛ մեծերի, և՛ երեխաների մոտ: Համաշխարհային սարդաստայն կոչվող համացանցը, որը սկսեց գործել շուրջ 30 տարի առաջ, իրապես իր ցանցի մեջ որսալով բազմաթիվ մարդկանց, դարձնում է զոհեր նոր` էլեկտրոնային կախվածության: Այսօր այն արդեն ավելի քիչ է ծառայում բարի և օգտակար նպատակների: Այն գնալով մեծ չարիք է դառնում` բազում կեղծարարությունների, չարաշահումների, խոշոր գողությունների, սև շուկաների, մարդկանց առևտրի և անբարոյականության քարոզի դուռ բացելով: Իսկ այս վերջինի մասին պետք է խոսել, թեև այնքան էլ հաճելի չէ, սակայն փաստ է, որ համայն աշխարհում ախտավոր ու հոգեսպան սեռական այլասերվածությունների, իրենց բոլոր տեսակներով, մեծ արագությամբ տարածման պատճառը հենց համացանցի միջոցով պոռնոգրաֆիկ նյութերի բարձր մատչելիության հնարավորությունն է, որը իրապես և արդարացի կարելի է համեմատել ծանր թմրանյութերի հետ, որոնք առաջացնում են խիստ կախվածություն: Ցավոք, այն դարձել է շատ անփորձ և անհաստատ հոգիներին որսալու համար իսկական ծուղակ` գլորվելու դժոխք տանող ճանապարհներով դեպի կորուստ և տանջանք:


Անշուշտ, շատ ծավալուն նյութ կլինի մեզ համար խոսելու թմրանյութերի բոլոր տեսակների և դրանց կործանարար ազդեցության և ողբերգական հետևանքների մասին, սակայն ամփոփելով կարող ենք գալ մի եզրակացության, որ թմրանյութերը ինչքան էլ տարբեր լինեն, նրանց բոլորի բնորոշիչ հատկությունը մեկն է` անջատել մարդուն իրականությունից, լռեցնել խղճի ձայնը, զրկել սթափ դատողությունից և ինքնաճանաչումից: Այսինքն, զրկել մարդուն ապաշխարության հնարավորությունից: Իսկ դա միակ վստահելի միջոցն է` վերագտնելու կորցրած խաղաղությունը, ապաշխարությամբ և զղջմամբ հաշտվելու իր խղճի և Աստծո հետ` թողնելով մեղքի ճանապարհը և սկսելով նոր, առաքինի կյանք: Մենք պիտի լավ գիտակցենք որ մեր բոլոր խնդիրները գալիս են մեր անհավատությունից, անաստված կյանքից, հոգեզուրկ վիճակից: Իսկ սատանային դիմադրել հնարավոր է միայն հզոր հավատով, աղոթքով և պահեցողությամբ:


Վերն ասվածի իմաստը ավելի պարզ դարձնելու համար կներկայացնեմ հրաշալի մի առակ: Մի մարդ կար, որը ուներ կյանքի բազմաթիվ խնդիրներ, դիմում է Աստծուն հետևյալ խոսքերով. «Տե՛ր, ես ունեմ մեծ խնդիր, և այդ խնդիրը ես եմ»: Իսկ Տերը նրան պատասխանում է. «Որդյա՛կ Իմ, Ես ունեմ քո խնդրի լուծումը. այդ լուծումը Ես եմ»:


Տեր Ընծա քահանա ՄԻՐԶՈՅԱՆ
Դարբասի հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 1392

Մեկնաբանություններ