Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Այսօրվա մամուլը սահմանափակվում է «ինչ, որտեղ, երբ» հարցերի պատասխաններով»

«Այսօրվա մամուլը սահմանափակվում է  «ինչ, որտեղ, երբ» հարցերի պատասխաններով»
30.04.2019 | 03:09

Թարգմանական գրականության աշխուժացում, հայ գրականության հանրահռչակում միջազգային հարթակներում, գրադարանները արժեքավոր գրքերով համալրելու մեխանիզմներ, որակյալ գրական-մշակութային մամուլ ունենալու նախադրյալներ: Նշված թեմաներին առնչվող հարցերին պատասխանում է մշակույթի նախարարության մամուլի, գրական ծրագրերի համակարգող ՏԱԹԵՎ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ:

-Տաթև, դուք նշել եք, որ նախարարությունը տարեկան մոտ 5 գրքի ցուցահանդեսի է մասնակցում, ինչո՞վ են առանձնանում Լայպցիգի և Բոլոնիայի գրքի միջազգային ցուցահանդեսները, որոնց վերջերս մասնակցեցիք: Եվ ինչու՞ հինգ ցուցահանդես, այս թիվն ինչո՞վ է պայմանավորված, աշխարհագրությունը չե՞ք ուզում մեծացնել:
-Գրքի միջազգային ցուցահանդեսների մասնակցությունը մշակույթի նախարարության գրի և գրչության ոլորտի բաղկացուցիչ, կարևոր մասն է: Այսօրինակ ցուցահանդեսների մասնակցությունը հնարավորություն է տալիս պետական մակարդակով ներկայացնելու, հանրահռչակելու հայաստանյան գրական արտադրանքը: Կարևոր են հատկապես Հայաստանի և արտերկրի հրատարակչությունների, գրական գործակալների, թարգմանիչների համագործակցությունն ու դրանցից բխող արդյունքները:
Մշակույթի նախարարությունը վերջին տարիներին գրքի միջազգային ցուցահանդեսներին ունենում է հինգից ոչ պակաս մասնակցություն: Այս տարի արդեն տեղի են ունեցել Լայպցիգի, Բոլոնիայի գրքի միջազգային ցուցահանդեսները, օրերս տեղի ունեցավ նաև Թեհրանի գրքի ցուցահանդեսը: Հնարավոր է մասնակցությունների թիվը հինգից անցնի: Սպասվում է Մոկվայի, Ֆրանկֆուրտի ցուցահանդեսների մասնակցությունը: Այլ հրավերների պարագայում կքննարկվեն առաջարկները, և հնարավոր է ընդլայնվի աշխարհագրությունը:
Լայպցիգի ցուցահանդեսի մասնակցությունը տեղի ունեցավ «Գյոթե» կենտրոնի երևանյան ներկայացուցչության և Գերմանիայում ՀՀ դեսպանության հետ համատեղ: Լայպցիգի ցուցահանդեսի շեշտադրումը արտասահմանյան և հայաստանյան գրահրատարակչական դաշտերի համագործակցությունն էր, ժամանակակից գրականության հանրահռչակումը, «Հայ գրականությունը թարգմանություններում» ծրագրի լուսաբանումն ու տարածումը: Ցուցահանդեսի օրերին տեղի ունեցավ գերմանացի հեղինակ Թորսթեն Ֆլայգի «Հայաստան. ճանաչողական ճամփորդություն խաչքարերի երկրում» գերմաներեն գրքի շնորհանդեսը: Հեղինակը լսարանին ներկայացրեց Հայաստանի պատմությունից դրվագներ, անդրադարձավ հայ մշակույթին, պատմամշակութային նշանակություն ունեցող վայրերին և հուշարձաններին, ինչպե նաև երբեմնի «Ծովից ծով Հայաստանին» և Եղեռնի թեմաներին: Տեղի ունեցան նաև Զառա Սաֆարյանի «Հայկական խոհանոց» գերմաներեն գրքի շնորհանդեսը, Գրիգի «Հիսուսի կատուն» և Հովհաննես Երանյանի «Ողորմություն Ֆրոսյային» գրքերի գերմաներեն հատվածական թարգմանությունների ընթերցանություն-քննարկումները հեղինակների մասնակցությամբ:
Բոլոնիայի գրքի միջազգային ցուցահանդեսն իր ուղղվածությամբ այլ էր: Այն աշխարհում մանկական գրքի ամենամեծ ցուցահանդեսն է: Սա առիթ էր մշակույթի նախարարության համար՝ ներկայացնելու օտար լեզուներով հրատարակված մանկական հայ գրականություն, կապեր հաստատելու օտարերկրյա հրատարակչությունների և գրական գործակալների հետ: Բոլոնիայի մանկական ցուցահանդեսին հայաստանյան պատվիրակության կազմում էին «Անտարես», «Արևիկ», «Զանգակ», «Ջի Էս Էմ» հրատարակչությունները և Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը:
Այս ցուցահանդեսն առանձնանում էր գրքերի նկարազարդումների բազմազանությամբ, որով պայմանավորված՝ մշակույթի նախարարությունը նախատեսում է 2020 թվականին պատվիրակության կազմում ընդգրկել նկարազարդողների, որոնք ցուցահանդեսի ընթացքում կմասնակցեն վարպետության դասերի:
-Ցուցահանդեսում ներկայացվող գրքերի ընտրությունն ինչպե՞ս է կատարվում:
-Ցուցահանդեսներին ներկայացվում է հիմնականում վերջին երկու տարում հրատարակված գրականություն: Գեղարվեստական գրականություն` դասական, ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ, ալբոմային գրականություն` Հայաստանի պատմության, մշակույթի վերաբերյալ, հայ գեղանկարիչների, քանդակագործների ալբոմներ և այլն:
-Ցեղասպանության 100-րդ տարելիցը նշելուց հետո կարծես մենք առանձնապես չենք ջանում հանրահռչկել այս թեման:
-Բոլոր ցուցահանդեսների ժամանակ ներկայացվում են Ցեղասպանության թեմայով գրքեր, ալբոմներ, գիտահանրամատչելի գրականություն, և այս առումով բավականին մեծ հետաքրքրություն կա:
-«Գրքերի գնում» ծրագրի շրջանակում մշակույթի նախարարությունը ձեռք է բերում և գրադարաններին բաշխում նոր լույս տեսած, արժեքավոր գրականություն: Գրադարանները արժեքավոր գրքերով համալրելու խնդիրն ի՞նչ չափով է լուծում այս ծրագիրը, և, գրքերի ցանկը որոշում է հանձնախու՞մբը, թե՞ մոնթորինգ է արվում պարզելու համար՝ ինչ գրքերի կարիք ունեն մեր գրադարանները:
-Այս պահին ընթացքի մեջ է 2020-ին ձեռք բերվող գրականության ցանկի ձևավորման գործընթացը: Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 1-ն է: Այս ծրագիրը միտված է գրադարանները թարմ, արժեքավոր գրականությամբ համալրելուն: Նախարարության ենթակայության տակ գործում է 12 գրադարան, որոնք պարբերաբար ներկայացնում են պահանջված գրականության ցանկերը, նախարարությանը կից մասնագիտական խորհուրդը ևս առաջարկում է գրականության ցանկ. այս երկու բաղկացուցիչների արդյունքում ձևավորվում է «Գրքերի գնում» ծրագիրը:
-Թարգմանական գրականությունը վերջին տարիներին նկատելիորեն ակտիվացել է: Պետությունը որքանո՞վ է մասնակցել դրան:
-Մշակույթի նախարարության «Հայ գրականությունը թարգմանություններում» ծրագիրը գնալով ընդլայնվում, նոր թափ է ստանում: Ծրագրի նպատակը հայ գրականությունը սեփական տարածքներից հանելն է և արտաքին գրական աշխարհին ներկայացնելը: Ծրագրով աջակցություն է տրվում արտասահմանյան այն հրատարակչություններին, որոնք ցանկություն են հայտնում իրենց երկրում օտար լեզվով հրատարակելու հայ դասական կամ ժամանակակից գրականություն: Նախորդ տարի 15 գրքի օտարալեզու հրատարակությունների համար արդեն կնքվել են պայմանագրեր, իսկ այս տարի ընթացքում են 5 գրքի հրատարակման պայմանագրի կնքման աշխատանքները, այդ թվում՝ Ա. Պաչյանի «Ռոբինզոնը», «Հայ ժամանակակից արձակի անթոլոգիա» (շվեդերեն), Հ. Թումանյանի «Հեքիաթները» (գերմաներեն, հոլանդերեն), Կոմիտասի «Նամակները» (անգլերեն): Այսպիսին է պետության մասնակցությունը հայ դասական և ժամանակակից գրականության հանրահռչակմանն ուղղված քաղաքականությանը:
-Պետական աջակցությամբ հրատարակվող գրքերի քանակը պակասե՞լ է, թե՞ ավելացել:
-Պետական պատվերով և աջակցությամբ նախկինում հրատարակվող ծրագրերին այսօր փոխարինում են «Ստեղծագործողների և հետազոտողների աշխատանքներին տրվող աջակցություն» և «Գրքերի գնում» ծրագրերը: Գրականության հրատարակման ծրագիր այսօր չունենք: «Ստեղծագործողների և հետազոտողների աշխատանքներին տրվող աջակցություն» ծրագիրը ստեղծվել է մշակութաբանական հետազոտությունների, գրականության և գրաքննադատության նախագծերին աջակցելու համար:
-ՈՒնե՞նք մրցունակ, պահանջարկ ունեցող, որակյալ գրական-մշակութային մամուլ, պետական աջակցությունն ի՞նչ խնդիր է լուծում այս դեպքում:
-Մամուլը, ինչպես առհասարակ ցանկացած այլ ոլորտ, որպեսզի դիմակայի մրցակցությանը, պիտի կարողանա լավագույնս դրսևորվել: Որոշ պարբերականներ իրապես ընդունել են այս «մարտահրավերները» և հաջողությամբ գործում են: Նախկինում մշակույթի նախարարության «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրով աջակցություն էր տրվում առհասարակ պարբերականների գործունեության համար: 2019-ից փոխվել է նաև այս ծրագրի շեշտադրումը. նախատեսված հատկացումներն ուղղվում են միայն գրական, մշակութային տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներին: Այս մոտեցումը հնարավորություն է տալիս ձևավորելու հարթակ, որտեղ հանդես կգան գրողներ, գրաքննադատներ, արվեստի քննադատներ, մշակութաբաններ և այլն: Կարևոր է նշել նաև, որ այս տարվանից աջակցության պարտադիր պայման է հեղինակներին հոնորարների տրամադրումը: Այսօրվա մամուլը գուցե ժամանակի արագ ընթացքը հաղթահարելու խնդիր ունի և սահմանափակվում է լուրի` «ինչ, որտեղ, երբ» հարցերի պատասխաններով, իրական ասելիքը մնում է լուսանցքում: Արվեստի, մշակույթի ոլորտի իրական լուսաբանումը ներառում, բայց չի սպառվում և ամբողջանում այս հարցերի պատասխանների մեջ: Մշակույթի նախարարության «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագիրը նպատակ ունի այսուհետ ինչ-որ տեղ լրացնելու այս բացը: Հավելեմ, որ ծրագրի շնորհիվ աջակցություն է տրվում նաև ազգային փոքրամասնությունների պարբերականներին, որով համայնքները կարողանում են պահպանել իրենց լեզուն, մշակույթը, ավանդույթները:
-Աջակցություն տրամադրելիս հաշվի առնվու՞մ են պատմությունը, ավանդույթները, անունը. տվյալ մամուլի որոշ պարբերականներ գոյատևում են հենց անունի շնորհիվ: Մենք չե՞նք հաշտվում դրանց կորստի հետ:
-Ամեն ինչ հաշվի է առնվում, բայց, միայն «շահարկելով» երբեմնի անունը, առաջ ընթանալ հնարավոր չէ: ժամանակը պտտվում է, ամեն ինչ ենթադրում է զարգացում:
-Մարզային մամուլը ի՞նչ խնդիր է լուծում, և արդյո՞ք որակապես գոհացնում է:
-Մարզային մամուլը, որ նախկինում ուներ մշակութային հավելված կամ բաժին, ֆինանսավորվում էր այս ծրագրի շրջանակում: Արդեն նշեցի, որ այսօր քաղաքականությունը փոխվել է, և մշակույթի նախարարությունը ֆինանսավորում է միայն զուտ մշակութային, գրական ուղղվածություն ունեցող պարբերականները:
ՈՒրախ կլինենք, եթե մեր մարզերի մասնագետները նախաձեռնեն գրական, մշակութային պարբերականների հրատարակում, և համաչափ մոտեցում լինի մայրաքաղաքում ու մարզերում հրատարակվող մամուլի հանդեպ: Մարզերում ևս կան թատրոն, թանգարան, գրադարան, գրող, նկարիչ, քանդակագործ, կան բազմաթիվ հարցեր ու խնդիրներ, որոնք ենթակա են լուսաբանման:
-Կարելի՞ է ասել, որ էլեկտրոնային մամուլը հետին պլան է մղում տպագիր մամուլը:
-Էլեկտրոնային մամուլի առկայությունը պայմանավորված է ժամանակի պահանջով, այն առավել օպերատիվ է, իրացման առավել մեծ աշխարհագրություն ունի, բայց քանի որ այս ծրագրի շեշտադրումը ոչ այնքան օպերատիվության, որքան մասնագիտական խոսքի միջոցով երևույթի, նյութի բազմակողմանի ուսումնասիրությունն է, հետևաբար տպագիր մամուլը ևս առայժմ մնում է անսասան:
-Թատերագետները, արվեստաբանները, գրականագետները նշում են, որ իրենց աշխատանքը չի վարձատրվում, չեն ստեղծվում հարթակներ իրենց համար, մինչդեռ պետական աջակցությունը, թվում է, պետք է լուծեր այս խնդիրը: Գուցե աջակցելուց զատ պետք նաև վերահսկվե՞ն գործընթացները: Թեև այս դեպքում էլ կասեն՝ սահմանափակում են մամուլի ազատությունը:
-Կրկին ասեմ, որ հոնորարների տրամադրման հարցը նախարարությունը բարձրացրել է 2019 թվականից, այն դեռ նոր է, եթե այսուհետ կլինեն դժգոհություններ, հեղինակները կարող են բարձրաձայնել: Բացի այդ, աջակցություն ստացող մամուլի գործունեության վերաբերյալ ամեն եռամսյակի ավարտին ստանում ենք կատարված աշխատանքի դրական և բացասական կողմերին առնչվող հաշվետվությունը: Սա ոչ թե «գրաքննություն» է, այլ մեխանիզմ, որի ճիշտ գործարկման պայմաններում ունենալու ենք և՛ որակյալ գրական, մշակութային մամուլ, և՛ ինֆորմացված հասարակություն, և՛ իրենց գործով աշխատող ու ապրող գրողներ, մշակութաբան-արվեստագետներ։ Միայն այսպես կկարողանանք ոլորտում ամեն տարի մեկ քայլ առաջ անցնել նախորդից:


Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 2815

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ