Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նավթային լոբբին գնում է մոլորակի ապագան

Նավթային լոբբին գնում է մոլորակի ապագան
04.05.2019 | 12:41

Երբ 2015-ի դեկտեմբերի 12-ին 195 երկրների կառավարություններ հավանություն տվեցին Փարիզի համաձայնագրին, միջազգային հանրությունը շատ քիչ քայլեր ձեռնարկեց՝ կոնկրետացնելու և ամրակայելու մթնոլորտ արտանետումների կրճատումը: Այդ ոչնչով չարդարացվող հապաղումը որոշում գտնելու անկարողության հետևանք էր, որը կհամատեղեր զարգացած ու զարգացող երկրների պահանջները: Կլիմայի փոփոխությունների շուրջ բանակցությունները, փաստացի, արգելակվում են արդեն 3 տարի՝ նաև մշտական լոբբինգի պատճառով, որ ծրագրված վարում են ամենատարբեր ոլորտներ ներթափանցելու կարողություն ունեցող բազմազգ հումքային մեծ ընկերությունները: Ինստիտուցիոնալ մակարդակում ճնշում գործադրելու հագեցած գործունեության ապացույցները ներկայացված են բրիտանական Influence Map ընկերության զեկույցում, որ հետևել է այդ արդյունաբերության դրամական հոսքերին ու բացահայտել հասցեատերերին: Խոսքը միլիարդ եվրոյի մասին է, որ 2015-ից մինչև այսօր ծախսել են նավթային խոշոր 5 ընկերություններ՝ BP-ն, Shell-ը, ExxonMobil-ը, Chevron-ը, Total-ը, որ արգելափակեն կամ թուլացնեն կլիմայի փոփոխություններին վերաբերող օրենսդրությունը: Զուգահեռ այդ ընկերությունների մամլո քարտուղարները հրապարակավ հայտարարել են, որ ընկերությունները դրական են վերաբերվում էներգիայի այլընտրանքային աղբյուրներին աստիճանական անցմանը՝ պատասխանատվության դիմակով քողարկելով խարդավանքը: Influence Map զեկույցի ղեկավար Էդվարդ Կոլինզի խոսքով՝ «Նավթային հսկաները իրենց ներկայացնում են առանցքային գործող անձինք էներգիայի այլընտրանքային աղբյուրներին անցման մեջ և ճնշում են գործադրում, որ դանդաղեցնեն, թուլացնեն կամ արգելափակեն կլիմայի ոլորտում գործնական քաղաքականության անցկացումը»:


Նույնիսկ առաջարկությունների ճակատում նավթային մեծ ընկերությունները առանձնակի պատասխանատվություն չեն դրսևորում: Նրանք աջակցում են միայն կլիմայի պաշտպանության մասնակի միջոցների կիրառումը, ընդորում միայն շուկայի ու նոր տեխնոլոգիաների հիմքի վրա, մինչդեռ կլիմայի փոփոխության ՄԱԿ-ի փորձագետների միջկառավարական խմբի վերջին զեկույցը ցույց է տալիս, որ մենք այսօր արդեն առանցքային փոփոխությունների շեմին ենք: Բավական չէ վստահել շուկային, պետք է արագ միջոցներ ձեռնարկել և կտրուկ կրճատել հանույթով ստացված վառելիքի կիրառումը՝ խուսափելու կլիմայի վտանգավոր փոփոխություններից: Գլոբալ տաքացման ամենալուրջ հետևանքները՝ երաշտը, ջրհեղեղները, ատիպիկ շոգը, վերաբերում են միլիոնավոր մարդկանց, միլիարդավոր դոլարների վնաս են պատճառելու, եթե իշխանությունները չկարողանան արագորեն արմատական քայլեր անել կլիմայի ոլորտում: Այդ մարտավարության շրջանակներում արմատապես պիտի վերանայվեն և ներդրումները, ամենից շատ աղտոտող հատվածները կանոնակարգվեն: Հիմա հակառակն է կատարվում՝ Influence Map-ի տեսադաշտում հայտնված 5 մեծ ընկերությունները 2019-ին ստացել են 55 միլիաարդ դոլարի շահույթ, որ համարյա ամբողջությամբ կապված է նավթի և գազի հետ: 2019-ին ծրագրվում է ներդնել 115 միլիարդ էնեգետիկ հատվածում, որի ընդամենը 3% են ածխածնի արտանետման նվազեցման նախագծերում ներդրումները: Իրենց առանցքային բիզնեսի հետ իդեալական համապատասխանությամբ լոբբինգը կոնկրետ նպատակներ ունի՝ նավթի ու գազի հանույթը մեծացնել ծովում ու ցամաքում, իմաստազրկել մեթանի արտանետման նորմերի սահմանումը, խուսափել արտանետումների հարկերից ու արգելակել էլեկտրաշարժիչներին անցման խթանման քաղաքականությունը: Ամեն ինչ հաշվի է առնված՝ հիանալի իմանալով, որ այսօր սոցիալական ցանցերը ամենուղղակի ճանապարհն են դեպի հանրություն ու այս կամ այն գաղափարի շուրջ կրիտիկական զանգվածի ստեղծման գործիք, Exxon-ը մեկ ամսում 400 000 դոլար է ծախսել միայն ԱՄՆ-ում՝ վճարելու 360 հրապարակումների համար, որտեղ ընդգծվել են հանածո վառելիքի արտադրության առավելությունները: «Նրանք հրապարակավ աջակցում են կլիմայի պաշտպանության շարժումը՝ ճնշում գործադրելով քաղաքականության փոփոխություն որոշողների վրա,-նշում է Կոլինզը:-Նրանք աջակցում են ածխածնային արտանետումների նվազեցման որոշումները, բայց դրան ուղղված ներդրումները նվազեցրել են, որ ընդլայնեն գործունեությունը վառելիքի հատվածում»: Այդ երեսպաշտությունը շատ թանկ գին կարող է ունենալ միլիարդավոր մարդկանց համար:
Ֆրանչեսկո Պանիե, La Stampa, Իտալիա


Հ.Գ. 400 000 դոլար՝ 360 հրապարակումների համար, ինչքան են, ուրեմն, շահույթները:
Նավթն ու գազը աշխարհում միայն էներգակիրներ չեն, մեծ քաղաքականության շարժիչներն են, պատերազմների պատճառ, պատճառ՝՝ թե գերհարստության, թե գերաղքատության: 2015-ին Փարիզում կնքված Կլիմայի մասին համաձայնագրին առաջին ու ծանր հարվածը տվեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ դուրս գալով համաձայնագրից ու դարձնելով զուտ եվրոպական խնդիր: Նա և նրա նման մտածողները համարում են, որ բնապահպանական խնդիրները մեծ չափազանցություն են և կապ չունեն կլիմայի փոփոխության ու գլոբալ տաքացման հետ: Բայց մեծ ջրհեղեղը միայն Եվրոպան չի ջնջի, կանցնի նաև Ամերիկայի մայրցամաքի վրայով ու այդ դեպքում ով ինչքան դոլար ունի ու չունի՝ կդառնա անկարևոր:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5368

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ