Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Փրկարարական ուժերը չեն կարող 30-40 մասի բաժանվել ու առավոտից-երեկո զբաղվել ջրագծեր փակելով»

«Փրկարարական ուժերը չեն կարող 30-40 մասի բաժանվել ու առավոտից-երեկո զբաղվել ջրագծեր փակելով»
07.05.2019 | 03:13

Վերջին երկու տարիներին ԱԻՆ Ճգնաժամային կենտրոնի «911» ահազանգերի սպասարկման ծառայությունը տարեկան ստանում է 2 միլիոնից ավելի հեռախոսազանգ, ինչը, սակայն, պայմանավորված չէ արտակարգ դեպքերի կտրուկ աճով, պարզապես մարդիկ իրենց անհանգստացնող շատ հարցերով նախընտրում են զանգել 911: ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԽԱՆԳԵԼԴՅԱՆԻ հետ մեր զրույցը նշված թեմայի շուրջ է:

-Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը քաղաքացիներին հորդորել էր քմահաճությունների համար փրկարարական ծառայություն չզանգահարել: Հաճա՞խ են լինում կեղծ ահազանգեր:
-Ահազանգի բնույթին վերաբերող գործընթացները ենթադրում են վիճակագրական կամ իմաստաբովանդակային հետևյալ բաշխվածությունը. առաջին՝ լինում են ահազանգեր, որոնք պարունակում են արտակարգ գործոն, երկրորդ՝ առկա է արտակարգ պատահարի սպառնալիք կամ ռիսկայնություն, և երրորդ՝ չկան արտակարգ պատահարի ռիսկեր, սպառնալիքներ: Մնացած բոլոր ահազանգերն ընդամենը ենթադրում են, որ քաղաքացիները այս կամ այն հարցից տուժել են, սրտնեղում են, օրինակ, բնակարանում ջրատար խողովակներն են վնասվում, զանգում են 911 ծառայություն՝ ակնկալելով փրկարարի արձագանքը: Նման զանգերը սոցիալ-կենցաղային հարթակում են և վերաբերում են կոմունալ ծառայություններին, համատիրություններին, համապատասխան մասնագետներին: Ի՞նչն է խնդիրը: Գիտեք, որ խոշոր քաղաքներում օրվա ընթացքում նմանատիպ անթիվ-անհամար խնդիրներ են ծագում, իսկ տվյալ տարածքը սպասարկող փրկարարական ուժերը չեն կարող 30-40 մասի բաժանվել ու առավոտից-երեկո զբաղվել ջրագծերը փակելով, վերականգնելով: Նախ, մարտական պատրաստվածության աստիճանի կտրուկ անկում տեղի կունենա: Պատկերացրեք, որ իրոք արտակարգ պատահար լինի, այդ ուժերը, որ սփռվել են քաղաքում կենցաղային հարցերի լուծման համար, մի փոքր ուշանան դեպքի վայրից, մեր քաղաքացիները արդարացի գանգատներ կներկայացնեն թե՛ մեզ, թե՛ իրավապահ մարմիններին: Կա նաև մեկ այլ կարևոր հանգամանք. փրկարարական ստորաբաժանումները հագեցած չեն ջրագծի վթարը կանխելու տեխնիկական միջոցներով ու կարողություններով:
-Դուք մեկ օրինակ եք բերում, իրականում տարբեր բնույթի՞ են անհարկի զանգերը:
-Այո, շատ տարբեր զանգեր են լինում, կոնկրետ մի օրինակ բերեցի, որովհետև սեզոնային առումով դրանք են գերակայում: Այլ խնդիր. մարդիկ որևէ արտակարգ գործոն չունեն բնակարանում, սակայն դուռը փակվել է, դիմում են փրկարարին, այն պարագայում, որ ցերեկվա ժամ է, որևէ խոչընդոտ չկա, տան տերը կարող է փականագործի կանչել, բայց ուզում է մեր ծառայություններից օգտվել, որովհետև դրանք անվճար են մատուցվում: Սա էլ է առաջացնում լրացուցիչ զբաղվածություն՝ փրկարարին կտրելով իր մշտական տեղակայման վայրից և ուղղելով այնպիսի աշխատանքի, որը արտակարգ գործոն չունի:
-Բոլոր դեպքերում, ահազանգը որքան էլ «անտեղի», «քմահաճ» լինի, փրկարարները պարտավորվում են «օգնությա՞ն» հասնել:
-Նման պարտավորվածություն չունեն մեր փրկարարները: Հարկ եմ համարում նշել, որ արձագանքման գործընթացն ամբողջությամբ, սկսած ահազանգի սպասարկման պահից, վերջացրած օգնության ցուցաբերման առանձնահատկություններով, կարգավորված է համապատասխան իրավական ակտերով, նախարարի հրամաններով, կառավարության որոշումներով, և հստակ ընդգծված են այն դեպքերը, որոնք ենթակա են անմիջական արձագանքման: Այո, լինում են դեպքեր, երբ մեր քաղաքացիները ստանում են փրկարարի օգնությունը, որը չի մտնում մեր պարտականությունների շրջանակի մեջ: Օրինակ, միայնակ, տարեց կինը ձմռանը, բացասական ջերմաստիճանի պարագայում, զանգել է, ասել, որ պատուհաններից փչում է, ինքը սառչում է: Մենք անհատական մոտեցում ենք ցուցաբերել, կպչուն ժապավենով, բամբակով գնացել ենք օգնելու: Այսինքն, անգամ այն դեպքերը, որ ըստ կարգի չեն պարտավորեցնում փրկարարներին արձագանքել, եթե մեր ուժերը զբաղվածության առումով ավելի թեթև են լինում, փորձում ենք օգնել: Իհարկե, աբսուրդային ահազանգերն անցնում են նույնիսկ այդ տրամաբանության շրջանակը: Մնում են մայրուղիներին, խնդրում են, որ փրկարարն իրենց վառելիք բերի, սեփական տան մոտակայքում մեքենան արգելափակվում է ձայն մեջ, կանչում են, որ հանեն և այլն:
-Կենցաղային կանչերի սպասարկումը վճարովի դառնալու միտում ունի՞: Արտերկրում, որքան գիտեմ, գործում է վճարովի համակարգ: Հնարավո՞ր է այս քայլով քաղաքացիների «քմահաճ» զանգերի քանակը կրճատել:
-Մի շարք երկրներում գործում են վճարովի ծառայությունների մատուցման մեխանիզմներ: Մարդիկ կարող են առանձին համարներով զանգել՝ ակնկալելով օգնություն բավականին լայն տիրույթի խնդիրների համար: Ընդհանուր առմամբ, մենք փորձել ենք այդ գաղափարներին իրավական ընթացք տալ, սակայն պետական մոտեցումը, որ փրկարարը պետք է վճարովի ծառայություն մատուցի, չընդունվեց մեր իրականությունում: Ինչու՞ չընդունվեց, որովհետև կան մասնավոր ընկերություններ, անհատներ, որոնք իրականացնում են նման վճարովի ծառայություններ: Հարց է՝ մեր քաղաքացիները պահանջկո՞տ են իրենց վճարած գումարների դիմաց, օրինակ՝ կոմունալ կենցաղային բնագավառում: Մենք շատ զանգեր ենք ստանում, որ եկեք, ջրի փականը փակեք: Այսինքն՝ մեր քաղաքացին ակնկալում է, որ մարտական հաշվարկը, մի քանի տոննա ջրով, մի քանի փրկարարով, պետք է անցնի ամբողջ սպասարկման տարածքով, հասնի շենքի մոտ, փականը փակի, որ ինքն իրեն պաշտպանված զգա: Սրանք համատիրության խնդիրներ են: Բացի այդ, շատերը հայտնվում են իրավիճակներում, որը նրանց մեղավորությունն է. վերանորոգումների, շինարարական գործունեության ժամանակ զգալի նախագծային խախտումներ են իրականացնում, ու դրանք վաղ թե ուշ դառնում են խնդրահարույց տարր և 911 զանգելու պատճառ:
-Երևանի քաղաքապետարանում գործում է արտակարգ իրավիճակների կենտրոնի թեժ գիծը` 108 ծառայությունը: Ի՞նչ է այն ենթադրում, քաղաքացիները տեղեկացվա՞ծ են, ի՞նչ չափով են համագործակցում ԱԻ նախարարությունը և քաղաքապետարանը:
-108 համարը հիմնվել է դեռևս 2000 թվականի սկզբին՝ քաղաքապետարանի ծառայություններին վերաբերող ահազանգերի կենտրոնացված արձանագրում ու սպասարկում իրականացնելու համար: Այն երբեք արտակարգ բնույթի գործոնի հետ առնչություն չի ունեցել, ահազանգերի սպասարկման գործընթացը իրականացվել է բացառապես կոմունալ-կենցաղային ոլորտում, այն էլ՝ քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում: Քաղաքապետարանն ու ԱԻՆ-ը համագործակցում են տարբեր հարցերի շրջանակներում, ինչ վերաբերում է 108 ծառայությանը, վերջինիս գործառույթները շատ սահմանափակ են, ինչպես արդեն նշեցի, կազմակերպել պատասխանատու վարչությունների, քաղաքապետարանի սուբյեկտների իրազեկում ու արաձագանքում նշված հարցին: 108 համարը 911-ին չի փոխարինում, օպերատիվ գործառույթ չի իրականացնում, բայց բավականին բեռնաթափում է 911 ծառայությունն այլ զանգերից: Չեմ բացառում, որ մեծ թվով քաղաքացիներ չիմանան դրա առկայության մասին, Աստված տա, դրա անհրաժեշտությունը երբևիցե չլինի:
-Հոգեբանական գործոնին ի՞նչ տեղ է տրվում այս ոլորտում՝ թե՛ տուժողներին, թե՛ փրկարարներին աջակցելու առումով: ԱԻՆ-ում գործու՞մ է հոգեբանական ծառայություն:
-Երկրում մեր ոլորտին առնչվող հոգեբանական ծառայության ստեղծման գործում առաջին ջանքերը գործադրվեցին 2012-13 թվականներին՝ երջանկահիշատակ Արմեն Երիցյանի ղեկավարության ժամանակ: Ստորաբաժանումը ձևավորվեց նրա մահից անմիջապես հետո: Մենք ունենք դիագնոստիկ, վերականգնման և օպերատիվ արձագանքման հոգեբանական ուղղություններ: Պատահում է՝ ինքնասպանության ուղին բռնած մարդիկ ահազանգում են և, մեր հոգեբանի հետ խոսելուց հետո, հետ են կանգնում այդ քայլից: Եթե սպառնալիքները շարունակվում են, այլ բնույթի՝ ելքային արձագանքում ենք իրականացնում: Առանձին դեպքերում, հատկապես ճանապարհատրանսպորտային պատահարների, խոշոր բնակարանային հրդեհների ժամանակ, դեպքի վայրում հոգեբանի լինելը պարտադիր է:
Անդրադառնամ հարցի երկրորդ մասին: Այո, փրկարարի աշխատանքը պարբերաբար առնչվում է այնպիսի տեսարանների՝ մարդկային խեղված մարմիններ, փոքրիկ երեխաների մահ, որ չի բացառվում բացասական ազդեցությունը հոգեկան վիճակի վրա: Մենք ունենք միջազգային ստանդարտներին համապատասխան հոգեբանական կենտրոն, որտեղ փրկարարները, ըստ անհրաժեշտության, պարբերաբար վերականգնողական մասնագիտական օգնություն են ստանում:
-Ինչպե՞ս է այդ հարցը կարգավորվում մարզերում: Իրատեսական չէ, որ, ասենք, հոգեբանները գործուղվեն Սյունիքի մարզ՝ ինքնասպանության փորձը կանխելու:
-Նպատակ ունենք յուրաքանչյուր մարզում վերապատրաստելու և ուսուցանելու առավել մոտ մասնագիտություն ստացող որևէ սուբյեկտի կամ բացելու լրացուցիչ հաստիքներ՝ հոգեբանի աշխատանքի համար: Անցյալ տարի պետք է կյանքի կոչեինք այս ծրագիրը, սակայն հեղափոխությունը մի փոքր փոփոխություն մտցրեց մեր ծրագրերի ու գրաֆիկի մեջ: Սա փորձարարական ծրագիր է, աստիճանաբար է արվում: Մենք ուսումնասիրում ենք մարզային վիճակագրությունը, և պետք է ասեմ, որ մարզերում այդ ֆոնայնությունը մայրաքաղաքի համեմատ քիչ է: Եթե նույնիսկ պատահում են նման դեպքեր, կանխվում են տեղի ուժերով, մեր փրկարարները անգամ չեն հասցնում արձագանքել:
-Ի՞նչ թիվ են կազմում փրկարարների մեջ կանայք:
-Փրկարարի հագուստ կրող կանանց թիվը մեծ է, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 70 տոկոսը կանայք են՝ 911 ծառայության հաշվին: Կառուցվածքային ստորաբաժանումներում՝ հավասար են: Հրշեջ-փրկարարական ստորաբաժանումներում, որտեղ ծառայությունն առավել դժվար է, կանայք մեկ տոկոս էլ չեն կազմում: Թեև փրկարարի մասնագիտությունը ծանր է, աստիճանաբար այն պահանջված է դառնում նաև կանանց շրջանում:


Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 5625

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ