Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Քաղաքը մեր դիմաց է, կենդանի ու շոշափելի է, թե ինչ է արել Թամանյանը»

«Քաղաքը մեր դիմաց է, կենդանի ու շոշափելի է, թե ինչ է արել Թամանյանը»
04.06.2019 | 02:56

Մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանին առնչվող բազմաթիվ արժեքավոր նմուշներ այսօր որևէ թանգարանում չեն ցուցադրվում: Թամանյանի կյանքին ու գործունեությանը վերաբերող, 1000-ից ավելի արխիվային ցուցանմուշ (լուսանկարներ, գծագրեր, անձնական իրեր) պահվում է տնային պայմաններում:


2002 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտը, 2016 թվականին վերակազմավորվել է` միանալով ճարտարապետության ազգային թանգարանին: Թանգարանի լրիվ անվանումն է «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն:


Մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի թոռը՝ Գագիկ Թամանյանը, փաստում է, որ Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտը փակվել է 2016 թվականին. «Ալեքսանդր Թամանյանին առնչվող 1000-ից ավելի ցուցանմուշներ կային այնտեղ, իսկ այժմ ոչ մի ցուցանմուշ չկա: Խոստացել էին, որ վերակազմավորվելիք կառույցը կրելու է Ալեքսանդր Թամանյանի անունը, սակայն այդպես չեղավ»: 2016 թվականից սպասել են, որ ինչ-որ բան կլինի, բայց քանի որ սայլը տեղից չի շարժվել, ճարտարապետի լոնդոնաբնակ թոռը Հայաստան է ժամանել Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտը վերաբացելու խնդրով: Դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Կարծում է, որ Հայաստանում բազմաթիվ շենքեր կան, որոնք կարելի է օգտագործել որպես թանգարան. Թամանյանի մեծությամբ մարդը պե՛տք է ունենա իր թանգարանը, և Հայաստանում չի գտնվի մեկը, որ ասի, թե Թամանյանն արժանի չէ դրան:


«Ճիշտ է, քաղաքը մեր դիմաց է, կենդանի ու շոշափելի է, թե ինչ է արել Թամանյանը, բայց թանգարանը նույնպես շատ կարևոր է և՛ մեզ համար, և՛ դրսի, որ ցույց տանք` ինչ մեծ ճարտարապետ ենք ունեցել, ներկայացնենք նրա գործերը»,- «Իրատեսի» հետ զրույցում ասաց ճարտարապետների միության նախագահ ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆԸ: Նրա կարծիքով` թանգարան հիմնելու համար կառավարությունը պետք է տրամադրի Երևանի հին շենքերից մեկը, որ չի օգտագործվում կամ ինչ-որ մեկի ձեռքում է ու երկար ժամանակ չի շահագործվել: Թանգարանը պետք է լինի Երևանի կենտրոնում, և դա քննարկման ենթակա չէ։


Հետաքրքրվեցի, թե ինչու չկան 1000 անուն նմուշները, ի՞նչ տեղեկություններ կան այս մասին: Մեր զրուցակիցն ասաց, որ հավանաբար ժառանգները դրանց տեղը գիտեն, որովհետև, ինչ-որ ժամանակ, որոշ բաներ բերվել են ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ, բայց դրանք չեն ամրագրվել որպես ֆոնդային ցուցանմուշներ:
Դեռևս 1934-ին որոշվել էր առանձնատներ կառուցել Ալեքսանդր Թամանյանի, Ավետիք Իսահակյանի և Մարտիրոս Սարյանի համար, սակայն Թամանյանը հրաժարվել է` խնդրելով գումարն ուղղել Օպերայի Ժողտան կառուցմանը: Թամանյանի թոռը նկատում է, որ եթե իր տունն ունենար, այսօր նման խնդրի առջև կանգնած չէին լինի:


Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտն իրականացնում էր Ալեքսանդր Թամանյանի ստեղծագործական ժառանգության պատշաճ պահպանումն ու մասսայականացումը, ճարտարապետի կյանքին ու գործունեությանը վերաբերող արխիվային, լուսանկարչական, գծագրական, պատմատնտեսական, անձնական և ցուցադրական այլ նյութերի հավաքումը, հաշվառումը, վերականգնումը, համակարգումը և դրանց հիման վրա գիտահետազոտական աշխատանքների իրականացումը, Ալեքսանդր Թամանյանի գործունեության ազդեցության ուսումնասիրումն արվեստի, տնտեսության, Հայաստանի միջազգային ճանաչման, հնագիտության և այլ ասպարեզներում։


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3562

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ