Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Եվ խոսեց Վենետիկը

Եվ խոսեց Վենետիկը
16.07.2019 | 10:36

Խոսել էր ավելի վաղ, բայց տեղեկացանք երեկ: Եվ բովանդակային քննարկմանը զուգահեռ հնչեցին «դավադրությունը» պարզելու կոչեր ևս: Դավադրությունը
ներքին խորհրդապահական փաստաթղթի հայտնվելն է մամուլում: Արդարադատության նախարարությունից բացի այդ հարցը հետաքրքրել էր նաև Վլադիմիր Կարապետյանին և վարչապետի մամուլի քարտուղարը հայտարարել է. «Մենք կփորձենք Վենետիկի հանձնաժողովում մեր ներկայացուցիչների միջոցով պարզել այդ հանգամանքը և անել համապատասխան հետևություններ»: Մեղմ ասած՝ կարևորի ու անկարևորի փոխատեղություն է:


Իսկ ի՞նչ է ասել Վենետիկը:
«[Վենետիկի Հանձնաժողովի քարտուղար] Պարոն Մարկերտը հիշեցրեց, որ անցյալ տարի Հայաստանում տեղի է ունեցել խաղաղ հեղափոխություն՝ Սահմանադրության դրույթների պահպանմամբ: Այնուամենայնիվ, դատական իշխանությունը շատերի կողմից համարվել է կոռումպացված և նախկին իշխանությանը մոտ կանգնած։
ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին դատարանի որոշումից հետո՝ մայիսի 19-ին, վարչապետ Փաշինյանը խիստ քննադատության է ենթարկել դատարանները, իր աջակիցներին խնդրել է դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակել, ինչպես նաև հայտարարել դատական համակարգի նորացման մասին։ Պարոն վարչապետին ուղղված իր նամակում [Վենետիկի] Հանձնաժողովի նախագահն ընդունել է, որ դատական համակարգի նկատմամբ կա վստահության պակաս, սակայն նաև պնդել է, որ կիրառվող ցանկացած միջոց պետք է ամբողջությամբ համապատասխանի Սահմանադրությանը և միջազգային ստանդարտներին։


Հայաստանի իշխանությունների հրավերով, Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակությունը՝ Իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարցերի գլխավոր տնօրենի գլխավորությամբ և [Վենետիկի] Հանձնաժողովի քարտուղարի մասնակցությամբ, այցելել են Հայաստան՝ քննարկելու դատական համակարգում բարեփոխումները։ Քննարկումների արդյունքում կողմերը եկել են համաձայնության, որ գործող դատավորներին համընդհանուր վեթինգի ենթարկելը չի կարող լինել ո՛չ անհրաժեշտ, ո՛չ էլ օգտակար։ Փոխարենը պետք է ամրապնդել կարգապահական ընթացակարգերը և կապ ստեղծել գույքի հայտարարագրման համակարգի հետ։ Այս նպատակով, ՀՀ դատական օրենսգիրքը պետք է ենթարկվի փոփոխության մինչև հուլիսի վերջն ընկած ժամանակահատվածում։
Հայաստանի իշխանությունները հետաքրքրություն են ցուցաբերել այս բարեփոխումների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի հրատապ կարծիք ստանալու հարցում, սակայն դեռևս պաշտոնական դիմում չի ներկայացվել, քանի որ փոփոխությունների նախագիծը պատրաստ չէ։ Իր նիստում [Վենետիկի Հանձնաժողովի] Ընդլայնված բյուրոն լիազորել է հրատապ կարծիքի մշակումը։


Վենետիկի] Հանձնաժողովը լիազորեց ՀՀ դատական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ հրատապ կարծիքի մշակումը, որը պետք է ուղարկվի հայցող պետությանը մինչև հոկտեմբերի նստաշրջանը։
Հանձնաժողովը նաև տեղեկացվել է, որ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորը կասկածի տակ է առել դատարանի 9 դատավորներից 7-ի լեգիտիմությունը, որոնք ընտրվել էին մինչև 2015թ․փոփոխություններն ուժի մեջ մտնելը։ Նրա հիմնական փաստարկն այն է, որ համաձայն նախկին խմբագրությամբ Սահմանադրության՝ վերոնշյալ դատավորներն ընտրվել են որպես Սահմանադրական դատարանի անդամներ, մինչդեռ Սահմանադրության նոր տեքստում նշված է Սահմանադրական դատարանի դատավորներ։ Այնուհանդերձ, փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը հստակ և աներկբա սահմանում է, որ Սահմանադրական դատարանի՝ մինչև 2015թ. փոփոխություններն ուժի մեջ մտնելն ընտրված նախագահը և անդամները կշարունակեն պաշտոնավարել մինչև իրենց պաշտոնավարման՝ 2005թ․ փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը։ Անհանգստացնող է, որ դատավորի նման հայտարարությունը Ազգային Ժողովում ընդունվել է ծափահարություններով, և կարող է առաջանալ գործող դատավորների մանդատների նկատմամբ միջամտության վտանգ։


[Վենետիկի] Հանձնաժողովը լիազորեց [Հանձնաժողովի] Նախագահին հետևել Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակի զարգացմանը և, նպատակահարմարության դեպքում, հանդես գալ հրապարակային հայտարարությամբ»:
Փաստացի՝ Եվրոպայի պատվիրակների հետ քննարկումներում իշխանություններն ընդունել են, որ գործող դատավորների համընդհանուր վեթինգը ոչ անհրաժեշտ է, ոչ էլ օգտակար և համաձայնության են եկել, որ վեթինգի փոխարեն պետք է ուժեղացնել կարգապահական ընթացակարգերը՝ կապակցելով եկամուտների և գույքի հայտարարագրման համակարգին։ Վենետիկի հանձնաժողովում ողջամիտ չի համարվել Սահմանադրական դատարանի «դատավոր»-«անդամ» բառախաղը։


Սահմանադրական դատարանի դատական կազմի հետագա պաշտոնավարումը նախատեսող դրույթը (ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդված) Վենետիկի հանձնաժողովում համարում են «հստակ» և «աներկբա»։ Նրանց մտահոգել է, որ Վահե Գրիգորյանի պնդումները խորհրդարանը ողջունել է։ Վենետիկի հանձնաժողովում տեսնում են Սահմանադրական դատարանի գործող դատավորների մանդատի նկատմամբ միջամտության վտանգ։
Բնականաբար՝ փաստաթուղթը գնահատվել է Սահմանադրական դատարանի գործող կազմին Վենետիկի հանձնաժողովի աջակցություն, որ դարձել է հստակ բաժանարար՝ ո՞վ ինչպե՞ս է գնահատում: Ո՞վ ի՞նչ է հասկացել: Իրականում Վենետիկի հանձնաժողովը ոչ հների, ոչ նորերի կողմից է, եվրոպացիներն ասել են այն, ինչ կարդացել ու եզրակացրել են ՀՀ Սահմանադրությունից ու Հայաստանում ստեղծված իրավիճակից:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը չափազանց կարևոր է և կարող է վերջ դնել իրավական քաոսին, երբ իրավական միտքը ճկռել էր ու չէր կողմնորոշվում ՍԴ-ն հիմա անդամնե՞ր ունի, թե՞ դատավորներ, այնուամենայնիվ: Երբ Վահե Գրիգորյանի նամակի երեք առաջարկների մեջ չէր կողմնորոշվում ոչ ԱԺ-ն, ոչ կառավարությունը: Փաստացի՝ առաջարկվում է օրենսդրական ճանապարհ՝ առանց դատարաններ շրջափակելու ու հեղափոխական որոշումների, որոնք գնահատվում են քաղաքական ճնշում դատական համակարգի վրա:
Ու սա ոչ սենսացիա է, ոչ սկանդալ: Սա սովորական եվրոպական վերաբերմունք է իրականությանը: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ այս ճանապարհով՝ առանց վեթինգի, օրենսդրական ճանապարհով դատական համակարգում փոփոխություններ հնարավոր են, իսկ Սահմանադրական դատարանում՝ ոչ: Եվ միակ ելքը մնում է Սահմանադրության փոփոխությունը:
Երեկ ամբողջ օրը տեսակետներ էին արտահայտում «հները», «նորերը» կխոսեն միայն չորեքշաբթի օրը վարչապետի խոսքից հետո: Կա վտանգ, որ նրանցից ոմանք կարող են հայտարարել, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը մասնավոր տեսակետ է և պարտադիր կատարման ենթակա չէ:


Երեկ արձագանքեց նաև արդարադատության նախարարությունը առ այն, որ «հաստատակամ է իր մոտեցման մեջ, ըստ որի՝ դատական համակարգի բարեփոխման առանցքում լինելու են դատավորի գույքի, եկամուտների ծախսերի, շահերի հայտարարագրման ինստիտուտի կատարելագործումն ու բարեփոխումը, դատավորների բարեվարքության ու գույքային դրության գնահատման օբյեկտիվ մեխանիզմների արդյունավետ ներդրումն ու կիրառումը» և «այս առումով որևէ խզում նախկինում արված հայտարարությունների և Վենետիկի հանձնաժողովի զեկույցի միջև չկա»: Իսկ ու՞ր մնացին դատավորների քաղաքական կապերը, որոնց մասին խոսում էր Նիկոլ Փաշինյանը: Իվերջո, բոլոր այն քայլերը, որ նախապատրաստում է «Իմ քայլը», հանգեցնելու է դատական համակարգի ոչ թե անկախության, այլ՝ կախյալության: Օրինակ՝ նոր ստեղծվելիք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հանձնարարվելու են դատական իշխանության լրջագույն գործառույթներ, և կառույցը պրոֆեսիոնալից վերածվելու է քաղաքականի: Առավելևս, որ 5 անդամներին ներկայացնելու են խորհրդարանին, որտեղ հաստատվելու է նրանց թեկնածությունը, 3 անդամն էլ լինելու են իշխող ուժից՝ 2-ը մյուս խմբակցություններից, մեկը կառավարությունից:


Ասենք՝ վեթինգի պոպուլիզմն ավարտվեց, բայց մնում է դատական իշխանության ՔՊ-ին ենթարկելու վտանգը: Խոսե՞լ է այդ մասին արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հուլիսի 1-2-ը Ստրասբուրգ իր այցի ու հանդիպումների ժամանակ՝ ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի, ԵԽ Իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսի, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի և ԵԽ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Արդարդատության նախարարությունը վկայում է. «Հանդիպումների ընթացքում նախարարը գործընկերներին ներկայացրել է նաև դատաիրավական ոլորտում Կառավարության մոտեցումները, կարճաժամկետ և երկրաժամկետ առաջնահերթությունները, լուծման հնարավոր ուղիները, որոնք հավանության են արժանացել բոլոր գործընկերների կողմից: Ավելին, գործընկերներին ներկայացվել է, որ Արդարադատության նախարարությունը չի սահմանակվելու միայն կարճաժամկետ փոփոխություններով. ներկայում մշակման փուլում են գտնվում առավել համապարփակ և երկարաժամկետ բարեփոխումներին միտված և տրամաբանական կապի մեջ գտնվող 2 կարևոր ռազմավարական փաստաթղթեր՝ միտված դատաիրավական համակարգի բարեփոխմանն ու կոռուպցիայի դեմ ինստիտուցիոնալ պայքարին: Քաղաքականության այս համապարփակ փաստաթղթերը առաջիկայում կամփոփվեն և կներկայացվեն ավելի լայն հանրային քննարկման»:


Ու՝ ի՞նչ: Ամեն ինչ նոր միայն սկսվում է: Վենետիկի հանձնաժողովը վերադարձրեց իրականություն, որը իրավական դաշտում քաղաքական լուծումներ չի ընդունում:

Դիտվել է՝ 1837

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ