«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Կարոտել էի… հորս

Կարոտել էի… հորս
19.07.2019 | 01:58

Բանակ եմ գնում… Մեր տանն իրարանցում է, քեֆ-ուրախություն: Հավաքվել են հարազատներս, որ ինձ «գնաս բարով» ասեն, ուրախ ու զվարթ տրամադրությամբ զինվորական ծառայության ճանապարհեն: Սրախոսում եմ ընկերներիս հետ, կատակի տալիս, ծիծաղում… Արդեն բաժանման պահն է, և ես մեկ առ մեկ ողջագուրվում եմ ինձ ճանապարհելու եկած բարեկամ-հարազատներիս հետ:


Մնացել է հորս էլ հրաժեշտ տամ ու ճամփա ընկնեմ: Մոտեցավ հայրս` դեմքի լայն ժպիտով, ձեռքերը պարզած ու ինձ գրկի մեջ առավ: Չգիտեմ, թե ինչ կատարվեց այդ պահին ինձ հետ, բայց հորս հպումից մի անսովոր սարսուռ անցավ մարմնովս, սիրտս անասելի լցվեց ու ինձնից անկախ սկսեցի լաց լինել: Անձայն, հուզումնալից… Այդպես ամուր կպել եմ, փաթաթվել հորս և ոչ մի կերպ չեմ ուզում բաց թողնել նրան:
Հայրս, կարծես, մի տեսակ վատ զգաց իրեն ու սկսեց ինձ հանգստացնել.
-Տղա ջան, ես գիտեմ, որ դու լավ զինվոր ես դառնալու, երեք տարին շատ արագ կանցնի, կծառայես, տղամարդ դարձած տուն կգաս…


Բայց դրանից հուզմունքս չի անցնում, և ես շարունակում եմ հեկեկոցս: Հայրս անհարմար է զգում իրեն, իսկ մեր շուրջը հավաքված մարդիկ մի տեսակ շփոթահար վիճակում են: Մտածում են, երևի, որ վախենում եմ բանակ գնալուց, դրա համար էլ կպել եմ հորս` բաց չեմ թողնում: Սա էլ իր հերթին է ինձ ցավ պատճառում, քանի որ այն, ինչ այդ պահին կատարվում էր իմ ներսում, բոլորովին ուրիշ, ուրիշ զգացողություն ու հոգեվիճակ էր։
Ինչպես ասեի կամ բացատրեի, որ ես, պարզապես, իմ գիտակցական կյանքում առիթ չէի ունեցել գրկելու, համբուրելու հորս, այդքան ու այդպես մոտիկ գտնվելու նրան: Առիթը ներկայացել էր, և ես վայելում էի այդ գերագույն վայելքը` ազատություն տալով հոգումս կուտակված ջինջ ու լուսե արցունքներին: Այնպես որ, բացատրելու կամ արդարանալու անհրաժեշտություն բնավ չկար: Ինձ լիովին կբավարարեր, որ հայրս ինձ հասկանար ու ճիշտ ընկալեր։


Մարդ արարածը Աստծու հետ, անշուշտ, կապվում է իր հոր միջոցով: Հայրն է, որ Որդուն ուղարկում է մարդկանց երկիրը, ուղարկում է խաչ ելնելու` հանուն բոլոր մեղավորների։ Հայրը և Որդին, Որդին և Հայրը` մարդկային, թերևս, ամենաթաքուն և խորախորհուրդ հարաբերությունը։


Ճիշտ է, հայրս արտաքուստ խիստ ու խոժոռ էր, չէ՞ որ նրա մեջ հայ կյանքի ծանրությունն ու դառնությունը կար, մահաբեր պատերազմի թոհուբոհով անցած լինելու տառապանքը, բայց չարություն կամ դաժանություն երբևէ չեմ զգացել նրանից: Նա մշտատև տառապանք ապրած հայ մարդն էր, կյանքի հարվածների տակ կորացած, լռակյաց դարձած, ինքն իր մեջ փակված-ամփոփված հայի հավաքական կերպարը: Թվում էր, թե նրա ծանր կյանքը հոգում տեղ չէր թողել ընտանեկան, հայրական ջերմության ու գուրգուրանքի համար: Ընդամենը, այո՛, թվում էր, քանի որ.
Հայրս բարկանում էր
Անարդար ու անտեր
Այս աշխարհի վրա...
Աշխատավոր հայրս,
Հազար փորձության դեմ
Մենակ կանգնած հայրս...
Ես մշտապես հորս կողքին գտնվելով` կարոտել էի. նրան և այդպես իմ տարիների կարոտն էի առնում: Կեցցե՛ս, սովետական բանակ, որ գոնե մի պահ հորս մոռանալ տվիր իր թվացյալ խստությունը և սիրասուն որդուն կրծքին ջերմագին սեղմելու բախտին արժանացրիր:


Գրիգոր ԾԱՏՈՒՐՅԱՆ
Բանաստեղծ

Դիտվել է՝ 1529

Մեկնաբանություններ