Կոմիտաս վարդապետի ձեռագրերը պահվում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում (ԳԱԹ): Թանգարանի երաժշտական ֆոնդերի ավագ գիտաշխատող ՄԱՐԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆԻ տեղեկացմամբ` ներկայումս Կոմիտասի արխիվը վերամշակվում է. «Նախորդ մշակումը շատ հին էր (1956-1958 թթ.), ոչ լիարժեք, բացի այդ, բավականին նյութ է ավելացել: Մշակելը ենթադրում է դասդասել արխիվը, նյութերը համակարգել ըստ ժանրերի, ըստ ժամանակագրության: Նյութերն առանձին-առանձին ծրարվում են, ստանում են ծածկագիր համար, դրվում են հատուկ տուփերի մեջ և պահոցում գրավում իրենց մշտական տեղը: Անմշակ արխիվի պարագայում դժվար է իմանալ, թե որ տուփի մեջ ինչ նյութ է պահվում: Եթե որևէ նյութ ես ուզում գտնել, պետք է 30 տուփը մեկ-մեկ բացես` գտնես կամ չգտնես այն:
Մշակված արխիվն ունի ցուցակ, իսկ անվանական քարտարանում հեշտությամբ կարելի է գտնել որոնվող նյութը: Կոմիտասի արխիվը թվայնացված է, ուսումնասիրողները հիմնականում օգտվում են թվայնացված տարբերակներից: «Բայց կան նյութեր, որ գրված են մատիտով, թվային տարբերակով հստակ չէ պատկերը: Հատկապես ակադեմիական հրատարակության համար թվային տարբերակով կամ քսերոպատճենով աշխատելը շատ դժվար է»,- նշեց Մարինե Մուշեղյանը: Անտիպ նյութեր գրեթե չկան: Եղածը ժամանակին հրապարակվել է և հրապարակվում է: Հանրությանը հասանելի է ամեն ինչ` վստահեցնում է թանգարանի աշխատակիցը: Ակադեմիական հրատարակությունը լրիվ պատրաստ է, ներառված են Կոմիտասի տարբեր շրջանների ստեղծագործությունները, ազգագրական երգերը, նոտային ժողովածուները, գրականությունը: Նամականին մի քանի անգամ է հրատարակվել, վերջին ժողովածուն, որ ամենալիարժեքն է, 2009-ին է հրատարակվել: Կոմիտասի ուսումնասիրություններն ու հոդվածները հրատարակել ենք երկու հատորով` 2005-ին և 2007-ին: Առայժմ դա ամենալիակատար ժողովածուն է: Կոմիտասի մասին հուշագրությունները նույնպես վերահրատարակվել են, ընդգրկվել է մեկ-երկու նյութ, որ նախորդ ժողովածուներում հրատարակված չի եղել: Բանաստեղծությունները, որ սիրվեցին ու երգերի վերածվեցին, մի քանի անգամ հրատարակվել են առանձին գրքով: Հետաքրքրվեցի նաև` Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտին տրամադրե՞լ են նյութեր: Մարինե Մուշեղյանն ասաց, որ ինստիտուտն ունի նյութերի թվային տարբերակները: Բնօրինակները թանգարանին են պատկանում: Ռոյալն է այնտեղ, որոշ անձնական օգտագործման իրեր: Բոլոր ցուցանմուշները ժամանակավոր ցուցադրության համար են տրամադրվել` վերադարձի պարտադիր պայմանով:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ