Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Շրջադարձ Սիրիայում՝ ռուսներն ու թուրքերը վերստին վերաձևում են պատմություն ու տարածքներ

Շրջադարձ Սիրիայում՝ ռուսներն ու թուրքերը վերստին վերաձևում են պատմություն ու տարածքներ
15.10.2019 | 11:37

Թուրքիայի բանակի սիրիացի քրդերի տարածք ներխուժման սկզբից միջազգային վերլուծաբանները բանավիճում էին, թե ո՞րն է Ռուսաստանի դերն ու դիրքորոշումը նոր իրավիճակում և ի՞նչ օգուտներ կամ վտանգներ են ստեղծվում Կրեմլի համար: Երբ քրդերը կիրակի օրը պայմանավորվեցին Բաշար Ասադի կառավարության հետ Հմեյմիմ ռուսական ավիաբազայում, որ Ասադի զորքը կշարժվի թուրքերին ընդառաջ, հարցեր հնչեցին, թե չի՞ հանգեցնի դա թուրքական բանակի ու Ասադի դաշնակից ռուս զինվորականների ուղղակի ռազմական բախմանը: Ռուս պաշտոնյաների հայտարարությունները լակոնիկ են ու զուսպ: ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով Թուրքիայի հետ հնարավոր ռազմական բախման մասին հարցին, ասել է. «Մենք նույնիսկ չենք ցանկանում այդ տարբերակի մասին մտածել»: Նա հիշեցրել է, որ նմանօրինակ բախումները կանխելու համար երկու երկրների զինվորականները մշտական կապի մեջ են: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 12-ին լրագրողներին ասաց, որ «Սիրիայի տարածքը պետք է ազատվի օտարերկրյա ռազմական ներկայությունից և Սիրիական Արաբական Հանրապետության տարածքային ամբողջականությունը պետք է լիովին վերականգնվի»:


Ռուս փորձագետները գտնում են, որ նոր իրավիճակը Սիրիայի հյուսիս-արևելքում որոշակի իմաստով շահեկան է Ռուսաստանի համար, ենթադրվում է, որ Թուրքիայի ու Ռուսաստանի ղեկավարության մեջ կան չբարձրաձայնվող պայմանավորվածություններ:
«Ռուսաստանը գլոբալ աշխարհում» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը գտնում է. «Ռուսաստանի համար իրավիճակը շահեկան ու վտանգավոր է միաժամանակ, ինչպես այն ամենը, ինչ տեղի է ունենում Սիրիայում: Շահեկան է, որովհետև կատարվածը հերթական անգամ փոխում է դասավորությունը, նոր իրավիճակում Ռուսաստանը նախ հաստատում է իր դիրքերը իբրև ամենաազդեցիկ արտատարածշրջանային խաղացող: Հաշվի առնելով, որ Եվրոպան այնտեղ չի էլ եղել, իսկ ԱՄՆ-ը տարօրինակորեն հեռանում է, բնականաբար, միակ արտաքին ուժը, որ մի կողմից կատարում է կայունացնող գործառնություն, մյուս կողմից ուժի, որին բոլորը դիմում են իբրև երաշխիք, մնում է Ռուսաստանը: Դա ամրապնդում է Մոսկվայի դիրքերը: Երկրորդ՝ բուն փաստը, որ քրդերը գնալու տեղ չունեն և դիմում են Ասադի պաշտպանությանը՝ ընդունելով նրա իրավասությունները, բնականաբար, համապատասխանում է Ռուսաստանի խնդիրներին, որովհետև գլխավոր խնդիրը Ասադի իրավասությունների ընդլայնումն է և սիրիական նոր պետության մեջ քաղաքական գործընթացը սկսելը: Այդ առումով, իհարկե, Ռուսաստանն ու Սիրիան զիջումներ պետք է անեն Թուրքիային՝ Թուրքիան կգրավի Սիրիային պատկանող տարածքի որոշակի մասը: Փոխարենը մնացած մասը կանցնի Դամասկոսի վերահսկողության տակ: Երրորդ՝ ես չգիտեմ, թե ինչ պայմանավորվածություններ կան Ռուսաստանի ու Թուրքիայի միջև, անկասկած, ինչ-որ պայմանավորվածություն կա, դատելով Ռուսաստանի շատ զուսպ արձագանքից ամբողջ գործողությանը, Թուրքիային զիջելով անվտանգությունն ապահովելու իրավունքը, Ռուսաստանը, կարծում եմ, Թուրքիային կխնդրի առավել ճկուն լինել Իդլիբի հարցում:

Որովհետև այնտեղ կան Թուրքիայի հետ կապված խմբավորումներ, նրանց հարցը պետք է լուծել, և Թուրքիան, որ պատրաստվում էր դա անել, չի անում: Այստեղ թուրքերը պետք է աչք փակեն սիրիական բանակի առավել ակտիվ գործողությունների վրա՝ Ռուսաստանի աջակցությամբ: Մենք ոչ ամեն ինչ գիտենք, բայց ինձ թվում է, որ Ռուսաստանի ու Թուրքիայի միջև որոշակի փոխըմբռնում կա, համենանայն դեպս այն հարցում՝ ինչ է թույլատրելի, ինչ՝ ոչ: Այդ պատճառով ես կասկածում եմ, որ ուղղակի բախում կլինի թուրքական և սիրիական բանակների միջև, առավել ևս թուրքական ու ռուսական: Ավելի շուտ՝ կլինի ինչ-որ նոր շփման գիծ, որը պետք է պահպանվի»:


Ռազմական փորձագետ Վիկտոր Մուրախովսկին գտնում է.«Ռուսական խմբավորման հրամանատարի և Թուրքիայի գլխավոր շտաբի միջև կա ուղիղ կապ և թուրքերը տեղեկացնում են իրենց մտադրությունների մասին: Համակարգում է կատարվում, որ բացառի որևէ բախում: Ռուսաստանցիները չեն մասնակցելու Ասադի բանակի առաջխաղացմանը սահմանի այդ հատվածում, նրանք ընդհանրապես այնտեղ չեն լինելու: Նոր իրավիճակում Ռուսաստանի համար կան մարտավարական օգուտներ՝ քրդերի վերադարձը Ասադի կառավարության հետ բանակցային գործընթաց: Բայց ռազմավարական տեսակետից իրավիճակը չափազանց վտանգավոր է և անշահեկան, որովհետև թուրքերի գրոհը բոլոր դեպքերում ռազմական ագրեսիա է: Դատելով այն իրավիճակից, որ թուրքերը չեն ձգտում վերադարձնել Սիրիայի նախկինում գրաված տարածքները, օրինակ Աֆրինը, ու այնտեղ վարում են թուրքացման քաղաքականություն՝ թուրքական տարադրամ է գործում, բացվում են թուրքական բուհերի մասնաճյուղեր և այլն, վտանգ կա, որ եթե թուրքերը իրոք գրավեն 30 կիլոմետրանոց շերտը սահմանի երկայնքով, այնտեղ վարելու են նույն քաղաքականությունը, և լինելու է բացարձակ անորոշություն՝ այնտեղից թուրքական զորքերի դուրսբերման վերաբերյալ միջնաժամկետ հեռանկարում»:


Քաղաքագետ Միխայիլ Մագիդի կարծիքով՝ «Խնդիրն այն է, որ Ռուսաստանը ներքաշվել է շատ վտանգավոր կոնֆլիկտի մեջ: Սիրիան բաժանվում է մի քանի պետությունների միջև՝ Թուրքիայի, որ ունի հակաասադական դիրքորոշում, Իրանի, ու Ռուսաստանի, որ աջակցում են Ասադին, քրդերը հիմա փորձում են ստանալ Ասադի աջակցությունը, թուրքերին դա դուր չի գալիս: Կոնֆլիկտի մեջ ռուսական բանակի ներքաշվելու վտանգը կա, բայց պետք չէ գերագնահատել: 2015-ի միջադեպից հետո, երբ խփվեց ռուսական ինքնաթիռը, երկու երկրները հայտնվեցին պատերազմի եզրին, բայց այդպիսի պատերազմը պետք չէ ոչ Թուրքիային ոչ Ռուսաստանին, որովհետև բոլորի համար ունենալու է շատ ծանր հետևանքներ: Կարծում եմ, որ Թուրքիան ու Ռուսաստանը ջանալու են խուսափել ուղղակի կոնֆլիկտից»:
ВВС


Հ.Գ. Տարօրինակ իրավիճակ է, ակնհայտորեն կա ինչ-որ մեծ պայմանավորվածություն, որի ընդամենը մեկ արարին ենք ականատես, այլապես ունենք Էրդողան, որ մի կողմից անընդհատ հայտարարում է, որ աչք չունի սիրիական հողերի վրա, մյուս կողմից՝ մասնատում է Սիրիան՝ սահմանի 120 կիլոմետր երկայնքով ու 30 կիլոմետր խորությամբ: Դա հսկայական տարածք է: Եվ նույն օրը Թուրքիան գրավում է Մ-4 մայրուղին, որ դուրս է գալիս Միջերկրական ծով, Իրաք, Իրան: Այսինքն՝ Թուրքիան ոչ միայն վերցնում է Սիրիայի հացի հարթավայրը, այլև՝ նավթի ճանապարհը՝ շրջափակելով Սիրիան: Միթե՞ որևէ մեկը հավատում է, որ թուրքերը ճանապարհը ձեռքից բաց կթողնեն: Այնքան, ինչքան վերադարձրին Աֆրինը: Բոլորը խոսում էին Դոնալդ Թրամփի քրդերին դավաճանելու մասին, իրականում Էրդողանն է դավաճանել ԻՊ-ին՝ համաձայնելով նրանց հեռացմանը Իդլիբից: Եվ՝ Ռուսաստանը՝ Ասադին, 120 կիլոմետր երկարությամբ ու 30-35 կիլոմետր լայնությամբ հսկայական տարածք նվիրելով Էրդողանին: Փաստացի սա ոչ թե քրդերի հարցն է, այլ՝ Սիրիայի մասնատման: Ռուսները տեղակայվել են Հմեյմիմում՝ վերահսկելով Միջերկրական ծովի մյուս մուտքը և շրջակա տարածքը: Սիրիան բաժանվում է Թուրքիայի, Իրանի ու Ռուսաստանի միջև: ԱՄՆ-ը հեռանում է ու վերատեղակայվում Սաուդյան Արաբիայում, այնտեղ արդեն ուղարկվել է 3000 զինվորական, չի բացառվում, որ ընդհանուր գործողության երկրորդ արարում Իսրայելը հարվածի Իրանին:

Արաբական աշխարհի լուռ համաձայնությամբ ու աջակցությամբ: Ինչու՞ է Պուտինի հարկադրանքով Բաշար Ասադը համաձայնել երկրի տարածքային ամբողջականության խախտմանը: Գուցե ընտրություններից հետո իշխանության ղեկին մնալու համար: Կամ՝ կգնա՞ Ռուսաստանի բարեկամ Թուրքիայի դեմ պատերազմի, թե՞ իրոք կգործի նոր բաժանարար գիծ, որտեղ չեն կրակի: Իբր: Սա է Մոսկվայի հաշտարար դերը: Ռուսաստանը միշտ հավատարիմ է Թուրքիայի հետ փոխշահավետ առևտրի սկզբունքին: Անցյալ դարասկզբին Հայաստանի հաշվին, ու հիմա Էրդողան-Պուտին-Ալիևով մխում են, որ Լեռնահայաստանը չկարողացան պոկել՝ Կարսի, Արդահանի, Սարիղամիշի, Արցախի, Նախիևջանի հետ: Հիմա հերթը Սիրիայինն ու քրդերինն է, որ անցյալ դարասկզբին թուրքերի դրդումով սպանում էին հայերին՝ նրանց գույքին ու ունեցվածքին տիրանալու համար: Ցեղասպանվելու հերթը քրդերինն է ու նրանց, իբր, նորից փրկում է Ռուսաստանը: ԱՄՆ-ի ու Արևմուտքի «դավաճանության» համապատկերում: Իրականում դավաճանությունը շատ տարողունակ հասկացություն է: Ռուսները երբեք ոչ մեկին չեն փրկում, նրանք հաստատում են իրենց կայսերական շահը: Փաստացի Սիրիայի տարածքում բախվում են երկու նախկին կայսրությունների՝ Օսմանյան ու Ռոմանովյան, շահերը, ու նրանք դարձյալ ձևում ու վերաձևում են պատմությունն ու տարածքները: Անպատիժ: Մինչև նոր պատերազմ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3720

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ