Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Էրդողանը սկսել է հող գողանալ

Էրդողանը սկսել է հող գողանալ
23.10.2019 | 12:33

Հոկտեմբերի 22-ին ակնկալվում են երկու շրջադարձային իրադարձություններ սիրիական հարցում: Առաջին՝ լրանում է «Խաղաղության ակունք» գործողության հրադադարը, որ հաստատվել էր Թուրքիայի ու ԱՄՆ-ի պայմանավորվածությամբ անցյալ շաբաթ: Եթե ամեն ինչ լավ գնա մինչև վերջին րոպեն, գիշերը Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները պետք է ամբողջությամբ հեռանան նշված տարածքից: Այդպիսով կարևոր քայլ կարվի անվտանգությա գոտու ստեղծման համար՝ Թուրքիայի վերահսկողությամբ, ինչպես ծրագրել էր Անկարան: Երկրորդ որոշիչ իրադարձությունը Էրդողանի ու Պուտինի հանդիպումն է Սոչիում: Նախագահների հանդիպումը այն օրը, երբ լրանում է թուրք-ամերիկյան պայմանավորվածությունների կատարման ժամկետը, շատ կարևոր պահ է: Եթե Սոչիում Թուրքիան ու Ռուսաստանը հասնեն որոշակի համաձայնության, դա կշարունակի ու կլրացնի թուրք-ամերիկյան պայմանավորվածությունները: Չպետք է մոռանալ, որ մինչև Թուրքիան ու ԱՄՆ-ը համաձայնություն կնքեցին, ռուս զինվորականները և սիրիական վարչակարգի ուժերը անմիջապես մտան շրջանները, որտեղից հեռացել էին ամերիկյան զորքերը: Մանբիջում, Քոբանիում, Ղամիշլիում Դեմոկրատական միություն կուսակցությունը պահպանեց իր ներկայությունը: Հետևաբար՝ Թուրքիայի համար կարևոր հարց է՝ կապահովի՞ Ռուսաստանը YPG-ի հեռանալն այդ տարածքներից: Կընդունի՞ Պուտինը նման որոշում, կհամաձայնի՞ Բաշար Ասադը, կենթարկվե՞ն քրդերը:


Մինչև այս հարցերի պատասխաններն ստանալը՝ հակիրճ քննարկենք կողմերի հիմնական դիրքորոշումները:
Թուրքիա: Գլխավոր նպատակը, ինչպես քանիցս ասել է նախագահը՝ ամբողջությամբ մաքրել YPG-ի ահաբեկիչների 440 կիլոմետր երկարությամբ և 32 կիլոմետր լայնությամբ անվտանգության գոտին: Հետևաբար՝ պարտադիր պայման է, որ YPG-ը դուրս գա շրջաններից, որ վերահսկում են Ասադի ուժերը՝ Ռուսաստանի աջակցությամբ: Իրականում Էրդողանը դեմ չէ Մանբիջում ռուս ու սիրացի զինվորականների ներկայությանը: Եվ դա առավել ճկուն դիրքորոշում է, քան նախկինում առաջադրված պահանջը, որ այդ շրջանը ամբողջությամբ պետք է լինի Թուրքիայի զինուժի վերահսկողության տակ: Անկարայի համար գլխավորն է, որ YPG-ը դուրս բերվի այդ տարածքներից:


Ռուսաստան: Զորքերը դուրս բերելու Թրամփի որոշումը Պուտինին հնարավորություն տվեց իր ազդեցությունը տարածել այդ շրջանում: Բայց YPG-ի ներկայությունը դժվարություններ է ստեղծում Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերություններում: Մոսկվան YPG-ին ահաբեկչական կազմակերպություն չի համարում, բայց և չի ցանկանում այդ պատճառով խնդիրներ ունենալ Անկարայի հետ: Պուտինը, որ հիանալի կարողանում է հավասարակշռություն պահել, հիմա որոնում է այնպիսի բանաձև, որը կբավարարի և Անկարային, և Ասադին, և կընդունեն քրդերը: Այդ բանաձևի հնարավոր տարրեր կարող են դառնալ առավել սերտ հարաբերությունները Անկարայի ու Դամասկոսի միջև, նաև՝ YPG-ի ինտեգրումը Սիրիայի վարչակարգի ուժերի հետ:
Սիրիա: Ամերիկացի զինվորականների հեռանալը երկրի հյուսիսից իսկական պարգև էր Ասադի վարչակազմի համար: Հիմա նրա բանակը վերահսկում է այդ շրջանների մի մասը: Ավելին՝ YPG-ը նույնպես ստիպված էր Ասադի պաշտպանությունը որոնել: Ի՞նչ համաձայնություն է նրանց միջև կայացել, հայտնի չէ, բայց Ասադը կհամաձայնի այն բանաձևին, որ որոնում է Պուտինը:


YPG: Թեպետ իրենց ներկայությունը երկրի հյուսիսի որոշ շրջաններում պահպանող ահաբեկիչները ձգտում են մնալ իրենց դիրքերում, նրանք չեն կարող իրենց թույլ տալ հակադրվել Պուտինին: Կլինի՞ համաձայնություն: Այս պատկերը վկայում է, որ Էրդողանի ու Պուտինի բանակցությունների արդյունքներով ինչ-որ համաձայնության շանսերը ամենևին էլ փոքր չեն: Այս փուլում կարող է լինել համաձայնագիր՝ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, երկխոսության, խաղաղ քայլերի սկզբունքներով: Բոլոր դեպքերում մենք լավ լուրերի ենք սպասում Սոչիից:
Սամի Կոեն, Milliyet (Թուրքիա)


Հ.Գ. Հոդվածը գրվել է երեկ՝ Պուտինի ու Էրդողանի հանդիպումից առաջ: Չափազանց հետաքրքիր է, թե Թուրքիան ինչ շահեր է վերագրում իրեն, Ռուսաստանին, Սիրիային ու YPG-ին, որ իրականության մեջ շատ հեռու են իրական շահերից: Չափազանց հետաքրքիր է նաև, որ Անկարայի համար Սիրիայի շահերի մեջ չի մտնում իր տարածքային ամբողջականության վերականգնումը, փոխարենը՝ այնպես է սահմանագծվում՝ կարծես խոսքը սեփական երկրի տարածքների մասին է:
Մինչդեռ երեկ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մեկնել է Իդլիբ և հանդիպելով՝ զինվորականներին` ասել. «Իդլիբի ռազմաճակատը նույնքան կարևոր է, որքան մարտական գործողությունների մյուս հատվածները»: Սիրիայի նախագահը անդրադարձել է թուրքական բանակի հարձակմանը. «Մեր տեսանկյունից Էրդողանը գող է: Նա գործարաններ է թալանել, «Իսլամական պետության» հետ համագործակցելով ցորեն ու նավթ էր գողանում, այժմ էլ սկսել է հող գողանալ»: Սա էլ Ասադի պատասխանն Էրդողանին՝ նախքան Պուտինի հետ բանակցելը:


Նույնքան օրինաչափ է, որ Անկարան ընդհանրապես խաղից դուրս է թողնում Իրանին, չընդունելով, որ Իրանը կարող է անգամ մոտ գալ Միջերկրական տանող ճանապարհներին, իմա՝ բնական ռեսուրսների՝ նավթի ու գազի մայրուղիներին, որ ներառել է իր «անվտանգության գոտում»: Ավելին՝ Սոչի մեկնելուց առաջ Էրդողանը հայտարարել է. «Ես անհանգստացած եմ Իրանի մի քանի հայտարարությունների առնչությամբ: Եթե Իրանը վերանայի իր ոչ վաղ անցյալը, կտեսնի, թե Էրդողանն ինչ դիրքորոշում ուներ իրենց միջուկային զենքի վերաբերյալ: Ամբողջ աշխարհը գիտի իմ տեսակետը: Ցավոք, Իրանից մեր «Խաղաղության ակունք» գործողության վերաբերյալ տարբեր արձագանքներ ստացվեցին: Մենք Սոչիի համաձայնագրի երեք կողմերից երկուսն ենք: Ինչպե՞ս կարող է կողմերից մեկը մյուսին այսպես դավաճանել: Ինչպե՞ս մենք պետք է շարունակենք համագործակցությունը համաձայնագրի շրջանակում»: Նույնպես երեկ Պեկինում անվտանգության հարցերին նվիրված Սյանշանի համաժողովում Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, բրիգադի գեներալ Մեհդի Ռաբանին ТАСС-ին ասել է. «Անվտանգության ոլորտում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունն ազդում է Մերձավոր Արևելքում իրադրության վրա և թույլ կտա կայունացնել տարածաշրջանն ապագայում՝: Ցավոք, այժմ Մերձավոր Արևելքում անվտանգության ոլորտի իրադրությունն այնքան էլ լավ չէ: Սակայն այնպիսի երկրների համագործակցության շնորհիվ, ինչպիսին են Իրանն ու Ռուսաստանը, այդ ոլորտի իրադրությունը կբարելավվի: Մենք վստահ ենք դրանում»: Սա էլ Իրանի պատասխանը Էրդողանին:


Էրդողանը Սոչի գնալուց առաջ բողոքել է նաև Էմանուել Մակրոնից: Լրագրողներն օդանավակայանում խնդրել են մեկնաբանել Ֆրանսիայի նախագահի խոսքերը, որ Սիրիայում հրադադարը կարող է երկարաձգվել: Էրդողանը ասել է, որ Թուրքիան բանակցություններ է վարել ԱՄՆ-ի հետ, իսկ Մակրոնի հետ զրույց չի ունեցել: «Մակրոնն այդ թեմայով պայմանավորվածություններն ահաբեկիչների հետ է ձեռք բերում: Այդպիսի քայլերը տանում են դեպի Սիրիայի մասնատում: Սիրիայի ապագա կյանքում «Քրդական աշխատավորական կուսակցություն»-ը տեղ չունի: Մենք կփրկենք տարածաշրջանն անջատողական ահաբեկիչներից՝ Ռուսաստանի հետ միասին»,- ասել է Էրդողանը:
Սոչիում 7 -ժամյա քննարկումից հետո Պուտինն ու Էրդողանը լրագրողների համար արել են հայտարարություններ, որից հետո հրապարակվել է ՌԴ-ի ու Թուրքիայի Հանրապետության միջև ստորագրված փոխըմռնման հուշագիրը, որի տեքստը հրապարակել է Kremlin.ru կայքը:


«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանը համաձայնել են.
1. Երկու կողմերը հաստատում են իրենց հակվածությունը Սիրիայի քաղաքական միասնությանը ու տարածքային ամբողջականությանը, նաև Թուրքիայի ազգային անվտանգության ապահովմանը:
2. Նրանք ընդգծում են իրենց վճռականությունը՝ պայքարելու ահաբեկչության դեմ՝ իր բոլոր ձևերով ու դրսևորումներով և դիմակայել սիրիական տարածքում անջատողական ձգտումներին:
3. Այդ ենթատեքստում գոյություն ունեցող ստատուս քվոն «Խաղաղության ակունք» գործողության ներկա շրջանում Թել Աբյադի ու Ռաս Ալ Այնի միջև 32 կիլոմետր խորությամբ կպահպանվի:
4. Երկու կողմերն էլ հաստատում են Ադանայի համաձայնագրի կարևոր նշանակությունը, ՌԴ-ն նպաստելու է Ադանայի համաձայնագրի կենսագործմանը ներկա պայմաններում:
5. 2019-ի հոկտեմբերի 23-ի 12.00-ից սիրիաթուրքական սահմանի սիրիական կողմում՝ «Խաղաղության ակունք» գործողության գոտուց դուրս տեղակայվում են ռուսական ռազմական ոստիկանության և սիրիական սահմանապահ ստորաբաժանումները: Նրանք նպաստելու են Քրդերի ազատագրական ուժերի ստորաբաժանումների ու զենքի դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կիլոմետր հեռու՝ 150 ժամում՝ 2019-ի հոկտեմբերի 23-ի12.00-ից հետո: Այդ պահից կսկսվի ռուս-թուրքական համատեղ պարեկումը սահմանից արևմուտք ու արևելք 10 կիլոմետր խորությամբ «Խաղաղության աղբյուր» գործողության շրջանից, բացի Կամիշլիից:
6. Քրդական ազատագրական ուժերի բոլոր ստորաբաժանումները և նրանց զենքերը պետք է դուրս բերվեն Մանբիջից ու Թալ Ռիֆատից:
7. Երկու կողմերն էլ անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկեն ահաբեկչական տարրերի ինֆիլտրացիան կանխելու համար:
8. Համատեղ ջանքեր կգործադրվեն փախստականների անվտանգ ու կամավոր վերադարձին նպաստելու համար:.
9. Կստեղծվի համատեղ մեխանիզմ՝՝ Հուշագրի իրականացման համակարգման ու վերուծության վերահսկողության համար:
10. Երկու կողմերը շարունակում են աշխատել սիրիական կոնֆլիկտի քաղաքական լուծման որոնման վրա Աստանայի մեխանիզմի շրջանակներում և աջակցելու են սահմանադրական հանձնաժողովի գործունեությանը»:


Հիշեցնեմ, որ Ադանայի համաձայնագրի մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խոսել է դեռ 2019-ի հունվարի 28-ին. «Մոսկվան հնարավոր է համարում, որ Անկարան ու Դամասկոսն օգտագործեն Ադանայի համաձայնագիրը՝ ապահովելու իրենց ընդհանուր սահմանի անվտանգությունը»: 1998-ի սեպտեմբերին Ադանայում կնքվել է թուրք-սիրիական համաձայնագիր, որի համաձայն՝ Սիրիան դադարեցրել է աջակցությունը Քուրդիստանի աշխատավորական կազմակերպությանը և իր տարածքից արտաքսել է Աբդուլա Օջալանին: Սիրիայի նախկին դեսպանի գնահատականով՝ սիրիաթուրքական սահմանին անվտանգության խնդիրներն առաջացել են ԱՄՆ-ի՝ իր խորհրդականներին դուրս բերելու որոշումից հետո և իբրև հետևանք՝ ԱՄՆ-ի նկատմամբ չեզոք ստորաբաժանումների: Լավրովն ասել է, որ այդ պայմաններում չի կարելի թույլ տալ, որ վակուում առաջանա: «Մենք լիովին հնարավոր ենք համարում, որ Թուրքան ու Սիրիան այդ նպատակով օգտագործեն 1998-ի Ադանայի համաձայնագիրը: Ինչքան ես եմ հասկանում՝ Սիրիայի կառավարությունը ևս օրերս հայտարարել է, որ պատրաստ է աշխատել այդ համաձայնագրի հիման վրա՝ ապահովելու սահմանների անվտանգությունը»՝ ասել է Լավրովը Ղազախստանի ԱԳ նախարարի հետ համատեղ մամլո ասուլիսում: Սիրիայի ԱԳՆ-ն մեղադրում է Թուրքիային՝ Ադանայի համաձայնագիրը խախտելու մեջ՝ ահաբեկչության դեմ պայքարում, քանի որ Անկարան աջակցում է ահաբեկիչներին ու օկուպացրել է Սիրիայի տարածքը: Դամասկոսն Անկարային կոչ է անում ակտիվացնել Ադանայի համաձայնագիրը՝ դադարեցնելով ահաբեկիչներին աջակցությունը և Սիրիայի օկուպացիան, վերականգնել մինչև ճգնաժամը եղած սահմանային իրավիճակը: Էրդողանը հայտարարել է, որ Ադանայի համաձայնագիրը թույլ է տալիս Անկարային անդրսահմանային գործողությունների դիմել սիրիական տարածքից վտանգի սպառնալիքի դեպքում:


Փաստացի՝ Սոչիի հանդիպումից Էրդողանը ստացել է իր ցանկացածը, հուշագրից հասկանալի չէ՝ ի՞նչ է ստացել Պուտինը, իսկ դա նշանակում է, որ բազմաժամ քննարկման ընթացքում եղել են չհրապարակվող պայմանավորվածություններ: Հուշագրի տեքստից բազում հարցականներ են մնում: Օրինակ՝ ի՞նչ կարգավիճակ է ունենալու Կամիշլին: Թերևս կողմերը կհայտարարեն, որ այդ հարցերը պետք է լուծվեն Աստանայի խաղաղ բանակցությունների ընթացքում, բայց հազիվ թե այդ բանակցությունները պատասխանեն հարցին՝ ե՞րբ է Թուրքիան դուրս գալու Սիրիայի տարածքից ընդհանրապես: Համենայն դեպս՝ հավելեմ, որ երեկ նաև ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն էր ասել, որ Դոնալդ Թրամփը պատրաստ է Թուրքիայի դեմ ռազմական գործողությունների, բայց Վաշինգտոնը նախընտրում է «խաղաղություն պատերազմին»: «Բայց եթե ռազմական գործողությունն անհրաժեշտ լինի, դուք պետք է իմանաք, որ նախագահ Թրամփը լիովին պատրաստ է նման գործողություններ ձեռնարկելուն»,- ասել էր Պոմպեոն CNBC- ին հարցազրույցում:


Երեկ Ռուսաստանի և Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Բաշար Ասադը հեռախոսազրույց են ունեցել, Պուտինը ներկայացրել է Էրդողանի հետ բանակցությունների արդյունքները: Ասադը ասել է, որ Դամասկոսը դեմ է իր տարածքների բռնագրավմանը՝ ցանկացած պատրվակով, և նրանք, ովքեր հետապնդում են անջատողական նպատակներ, պատասխանատու են ստեղծված իրավիճակի համար: Սիրիայի նախագահը նաև հայտարարել է փախստականներին Սիրիա վերադարձնելու անհրաժեշտության մասին: Նրա խոսքով՝ Դամասկոսը կշարունակի պայքարը ահաբեկչության և օկուպացիայի դեմ Սիրիայի ամբողջ տարածքում ՝ իրավական բոլոր եղանակներով: ԱՄՆ ՊՆ նախարար Մարկ Էսպերը ասել է, որ Պենտագոնը ակտիվորեն զբաղվում է Սիրիայում Թուրքիայի կողմից ռազմական հանցագործություններին մասնակից լինելու հարցի հետաքննությամբ, հաղորդում է CNN-ը: Նրա խոսքերով՝ հետաքննության պատճառ են դարձել ԶԼՄ-ներում հաղորդագրությունները, որ նկարագրում են Թուրքիայի կողմից իրականացված իբր «սարսափելի գործողությունները»: Նա չի մանրամասնել, թե հատկապես որ հանցագործությունների մասին է խոսքը, սակայն հավելել է, որ եթե դա հաստատվի, Վաշինգտոնը Անկարային պաշտոնական մեղադրանք կներկայացնի: Ահա այսպիսի օր:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3274

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ