Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ի՞նչ է կատարվում ուղղափառ աշխարհում

Ի՞նչ է կատարվում ուղղափառ աշխարհում
04.11.2019 | 11:05


Ռուս ուղղափառ եկեղեցին խզել է հարաբերությունները Էլլադայի՝ Հունաստանի եկեղեցու հովվապետի հետ՝ ասել է Ռուս ուղղափառ եկեղեցու Սինոդի արտաքին հարաբերությունների բաժնի պետ միտրոպալիտ Իլարիոնը Россия-24-ի եթերում: Խզման պատճառ է դարձել, որ Էլլադայի եկեղեցին ընդունել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու ավտոկեֆալիան: «Դա նշանակում է, որ, երբ Համայն Ռուսիո պատրիարքը պատարագ մատուցի, չի հիշատակելու Աթենքի արքեպիսկոպոսությունը, ինչպես արդեն չի հիշատակում Կոստանդնուպոլսինը: Դա նշանակում է, որ մենք դադարեցնում ենք մեր շփումն Աթենքի արքեպիսկոպոսության հետ»՝ հայտարարել է միտրոպոլիտ Իլարիոնը: Նա հավելել է, որ ՌՈՒՓ-ը դադարեցնում է հարաբերությունները Հունաստանի ոչ ամբողջական եկեղեցու հետ:

«Մենք շարունակելու ենք հարաբերությունները այն թեմերի հետ, որ չեն ճանաչում ուկրաինական անջատողականությունը, իսկ այդպիսի եկեղեցիներ Էլլադայում կան»: Ուրբաթ օրը ՌՈՒՓ-ը հրապարակեց Էլլադայի եկեղեցիների «սև ցուցակը»: Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին ստեղծվեց Կիևում միավորված հավաքում, 2018-ի դեկտեմբերին: Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու ավտոկեֆալիայի թոմոսը ստորագրեց Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը 2019-ի հունվարին և հանձնեց ուկրաինական եկեղեցու հովվապետ միտրոպոլիտ Եպիֆանեսին: Դրան նախորդել էին ոչ հրապարակային բանակցությունների մի քանի տարիներ, որոնց մասնակցում էին Տիեզերական պատրիարքության և ուկրաինացի հոգևորականներ, նաև Ուկրաինայի աշխարհիկ իշխանությունը՝ նախագահ Պյոտր Պորոշենկոյի գլխավորությամբ: Այդ ամբողջ ընթացքում ՌՈՒՓ-ի ներկայացուցիչները խստիվ քննադատում էին Ուկրաինայի եկեղեցուն ավտոկեֆալիա տալու Կոստանդնուպոլսի պատրիարքի մտադրությունը: Հոկտեմբերի 12-ին Էլլադայի ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոսական ժողովը ճանաչեց Կոստանդնուպոլսի պատրիարքի՝ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցուն ավտոկեֆալիա տալու իրավունքը: Աթենքի ու համայն Հունաստանի արքեպիսկոպոս Իերոնիմը հոկտեմբերի 21-ին Ուկրաինայի ուղղափառ եկեղեցուն ուղարկեց եկեղեցու պաշտոնական ճանաչման հավաստագիրը: «Մենք ցավում ենք, որ Էլլադայի եկեղեցին այդպիսի որոշում ընդունեց: Մենք հույս ունենք, որ ոչ մի ուրիշ ուղղափառ եկեղեցի չի հետևի այդ տխուր օրինակին»՝ ասաց միտրոպոլիտ Իլարիոնը՝ մեկնաբանելով փաստը:
BBC


Հ.Գ. Մոսկվայի ու համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը միտրոպոլիտի աստիճան է շնորհել Կոստանդնուպոլսի պատրիարքության «ռուսական էքզարխատի» նախկին առաջնորդ Իոան Դուբնինսկուն (Ռենետո): Միտրոպոլիտի աստիճանի շնորհման կոնդակը նոյեմբերի 3-ին ընթերցվեց Մոսկվայի Քրիստոս Ամենափրկիչ եկեղեցում պատարագի ժամանակ: Կոնդակում ասվում է, որ միտրոպոլիտի աստիճանն Իոանին տրվում է «ի նշան կանոնոնիկ ճշմարտության հավատարմության ու հովվապետական աշխատանքների, որ հանգեցրին եկեղեցական միասնության վերականգնման Ռուս ուղղափառ մայր եկեղեցու և արևմտաեվրոպական եկեղեցու թեմերի միջև»:


Միտրոպոլիտի աստիճան ունեն նաև արտասահմանում ՌՈՒՓ-ի հովվապետ Իլարիոնը (Կապրալ) և Արևմտյան Եվրոպայում էքզարխ Անտոնիոսը (Սևրյուկ): Նոյեմբերի 2-4-ը Մոսկվայում հանդիսություններ էին ՌՈՒՓ-ին Արևմտյան Եվրոպայի մի քանի ռուսական թեմերի միացման պատվին, որոնց մասնակցում էին պատվիրակություններ Իոան Դուբնինսկու գլխավորությամբ: Ռուսական լրատվամիջոցները այցը որակում են պատմական իրադարձություն, «վերադարձ տուն»: Նոյեմբերի 2-ին պատվիրակությունը մեկնեց Դոնի մենաստան և Սվյատո-Տրոիցկի Սերգիև լավրա: Նոյեմբերի 3-ին նրանք մասնակցեցին պատարագին Քրիստոս Ամենափրկիչ եկեղեցում: Այդ պատարագի ժամանակ առաջին անգամ պատրիարք Կիրիլը չտվեց Էլլադայի եկեղեցու հովվապետի անունը՝ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու ավտոկեֆալիան ճանաչելու պատճառով:


2019-ի փետրվարին արևմտաեվրոպական արքեպիսկոպոսների մեծ մասը (93%) դեմ քվեարկեց հունալեզու թեմերում «տարրալուծվելու» մեջ, ինչպես հորդորում էր Տիեզերական պատրիարքությունը, որ լուծարել էր իր «ռուսական էքզարխատը» 2018-ի նոյեմբերին: Բայց Փարիզի թեմը պաշտոնապես չհաստատեց ՌՈՒՓ-ին անցումը: Սեպտեմբերի 7-ին արտահերթ գլխավոր ասամբլեայում ՌՈՒՓ-ի օգտին քվեարակեց հոգևորականների և աշխարհիկ անդամների 58%-ը՝ անհրաժեշտ նվազագույնը ձայների 2/3-րդն էր՝ 67%-ը: Այդ նվազագույնը գրված է արքեպիսկոպոսության կանոնադրության մեջ, որ նաև ասոցիացիա է՝ ֆրանսիական իրավունքի համաձայն: Չնայած քվեարկության արդյունքներին, արքեպիսկոպոս Իոանը վճռեց միանալ ՌՈՒՓ-ին: Սեպտեմբերի սկզբին Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսն արտոնեց անցումը:


Իոան արքեպիսկոպոսը հոկտեմբերի 2-ի իր հովվապետական ուղերձում գրում է, որ «60 թեմեր հստակ արտահայտել են իրենց ցանկությունը միացնել մեր արքեպիսկոպոսությումը Մոսկվայի արքեպիսկոպոսությանը»: 2018-ի նոյեբերին արքեպիսկոպոսությունն ուներ 115 թեմ: Իոան Դուբնինսկին հույս հայտնեց, որ առաջիկայում կհաջողվի համոզել այն թեմերին, որ հրաժարվել են ՌՈՒՓ-ին միանալ: Թեմերի մի մասը ցանկանում է միանալ Ռումինիայի եկեղեցուն, մի մասը՝ Սերբիայի պատրիարքությանը, կան նաև Կոստանդնուպոլսի հետ մնալ ցանկացողներ:
Փաստացի՝ ՌՈՒՓ-ը կորցրեց Ուկրաինան, փոխարենը ստացավ Արևմտյան Եվրոպայի մի մասը, և՝ տրոհում ուղղափառ աշխարհում: Ազդեցության ոլորտների վերաբաժանումը շարունակվում է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3235

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ