Պայթյուններ` նոր տարվա շեմին
10.01.2020 | 00:06
Երկու քսանի տարին մեկնարկեց խիստ նշանային. չնայած հանգամանքին, որ Թրամփի ուղերձը խիստ «խաղաղասիրական» ստացվեց, նա պատերազմ «չհայտարարեց» Իրաքում իր ռազմակայանններին հարվածած Իրանին` Սոլեյմանիի սպանության դիմաց, այնուհանդերձ, պետք է հստակորեն արձանագրել.
ա) ԱՄՆ-ը, գրեթե ոսկերչական հաշվարկով, ևս մեկ քայլով մոտեցավ թիրախին` Իրանը ցնցելու իր բաղձալի նպատակին: Պլանավորված էր այդքանը, արվեց այդքանը: Սոլեյմանին չկա, ինչն ինքնին նշանակում է` Մերձավոր Արևելքը զրկվեց նրա հզոր աչքից. նա էր վերահսկողության տակ պահում ողջ Մերձավոր Արևելքը։ Հոգեբանորեն տրորվեց Իրանը, քանզի Ամանորը նա սկսեց սգով, վրեժի «անսահման հրով բորբոքված» ու խելամտորեն չգնաց վաբանկ` ոտնատակ տալու ամերիկյան ռտազմաբազաները «Հզբոլահի» և յուր մնացյալ արբանյակների ձեռքով, ավելին` ռմբակոծելով այն ռազմաբազան, որը սպանել էր Սոլեյմանիին, գիտակցաբար մեծ վնասներ չպատճառեց ԱՄՆ-ին:
բ) Շարունակական քայլով` ԱՄՆ-ը տարածաշրջանում ուժեղացրեց, ավելի ստույգ` թույլ տվեց ուժեղանա Թուրքիան. թեև առաջին հայացքից թվում է, թե Ռուսաստանն է անցկացնում Թուրքիայի հետ մեղրամիս` ի դեմս Պուտինի հետ բացված «Թուրքական հոսքի»։ (Չմոռանանք` Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և Ռուսաստանի հետ Լիբիայում ու Սիրայում ունի լուրջ տարաձայնություններ):
Բոլոր դեպքերում և դասական առումով` գայլերը կուշտ մնացին, ոչխարները` ողջ: Բայց սա ժամանակավոր դադար է: Հիբրիդային և տեղեկատվական պատերազմների ժամանակ դադարներ չկան: Բոլոր դեպքերում, աշխարհը խոր շունչ քաշեց` երրորդ համաշխարհայինի շեմը չտրորելու առնչությամբ` սպասելով հաջորդ ցնցումին, որը հաստատապես չի ուշանա, քանզի համաշխարհային քվանտային ռեզոնանսը անչափ մեծ արագություն է ձեռք բերել, և հիբրիդային պատերազմներում հաղթում են արագաշարժները:
Չանդրադառնանք հայաստանյան այս օրերի անցուդարձին, որպեսզի նաև չարձանագրենք «նոր» իշխանությունների` սարերի գլխից գեոքաղաքականության մասին խոսելու դիլետանտ անկարողությունը, որը, ի դեպ, հենց այնպես չէր` բաք-օֆիսներից հստակ վերահսկվող իշխանությունների մասով, այլ ժպտանք ու ևս մեկ անգամ բարձրաձայնենք` ահա թե ինչու Հայաստանում տեղի ունեցավ հեղափոխություն, ահա թե ինչու էր սորոսյան մեքենան փորձում պլացդարմ սարքել թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը. վերջիններս «պետք» են Իրանի նկատմամբ կիրառվելիք հաջորդ պատժամիջոցների ժամանակ ԱՄՆ-ին և Իսրայելին օժանդակելու համար:
ՈՒ մինչ աշխարհը դիրքավորվում է մեր տարածաշրջանում ընթացող զարգացումների մասով. Հայաստանի «նոր իշխանը» սարից իջել ու «վեքսալագրում» է լրատվամիջոցները, այն է` չորրորդ իշխանության նկատմամբ իր քայլերը, որովհետև բոլոր իշխանություններից ամենաանհնազանդը (դիմակայող պետական ապարատն առ ոչինչ է անհնազանդ լրատվամիջոցների ու լրագրողների համեմատությամբ. իրական դիմակայությունն ու մարտերը նոր են սկսվում), ամենավտանգավորը, բառ ասելու ընդունակը, բերաններում շունչ ունեցողը ԶԼՄ-ներն են, որոնց նկատմամբ պայքարն սկսվեց «էքստեռն»` դեռ դատականի, ՍԴ-ի, Հրայր Թովմասյանի նկատմամբ «լինչը» չավարտված: Սկսվեց Արմեն Թավադյանի կալանավորմամբ, իսկ առաջիկա տարին կհռչակվի լրատվամիջոցները օրենսդրորեն «կարգավորելու» ժամանակահատված, որի ընթացքում չի բացառվում մի շարք հեռուստաընկերությունների լիցենզիաների «օրենքով» դադարեցում:
Ճակատամարտի կենաց-մահու փուլը նոր է սկսվում, և արդեն իսկ ժամանակն է իշխողին իշխանության բերած դրսի ուժերի համար «թիթեռներ» նկարել` Ստամբուլյան կոնվենցիայի նկատմամբ հպատակությամբ, Ամուլսարի ճամփեքի բացմամբ, հանքի գործարկմամբ, Ղարաբաղյան զարգացումներով, այնտեղ տեղի ունենալիք ընտրությունների «նույնականացմամբ», բոլոր ոլորտներում «մեկ կամքի» հաստատմամբ` որևէ բարոյական, մասնագիտական, մարդկային պատնեշի առջև կանգ չառնելով, չխնայելով անգամ յուրայիններին, վաստակ ունեցողներին, իրեն անխոնջ ծառայություն մատուցածներին, ինչպես, ասենք, իր մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանի դեպքում եղավ: Արդ հավաստենք բոլոր դեպքերում. գործադիր իշխանության զավթումը փողոցից տեղի ունեցավ խիստ սահուն, խորհրդարանի զավթումը տեղի ունեցավ որոշ «դանդաղկոտությամբ», սակայն անվերապահ, երրորդ իշխանության զավթման ժամանակ ոչինչ չստացվեց` ոչ ՍԴ-ի, ոչ էլ դատարանները շրջափակելու մասով: Իսկ չորրոդ իշխանությունը չի զավթվելու ու մնալու է կոկորդին: Ինչու՞, այլ թեորիա է:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ