«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց մինչև 2050-ի ռազմավարությունը

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց մինչև 2050-ի ռազմավարությունը
22.09.2020 | 00:22

Մինչև 2050-ը Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոնի, մինչև 2050-ը ստեղծել 1.5 միլիոն նոր աշխատատեղ, հաղթահարել աղքատությունը աշխատանքով, յոթնապատկել միջին աշխատավարձը, առողջ ապրելակերպը դարձնել ազգային հատկանիշ և կյանքի տևողությունը հասցնել 90 տարեկանի։ Սրանք մինչև 2050-ը Հայաստանի վերափոխման ռազմավարության տեսլականի կարևոր բաղադրիչներն են, որոնք այսօր Մատենադարանում կառավարության, ուսանողների և աշակերտների առջև ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետն ընդգծեց՝ այդ ռազմավարությամբ առաջին անգամ ձևակերպվում են մեր հավակնությունները կամ գուցե երազանքը, որի օգնությամբ պետք է հասկանանք, թե ինչ ենք ուզում, ուր ենք գնում և ինչպես ենք պատկերացնում Հայաստանը 2050-ին։ «Մենք հույս ունենք, որ այս երազանքի և այս մտավոր փոփոխությունների արդյունքում մենք կկարողանանք հասնել թռիչքաձև զարգացման», - ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ այսուհետև կառավարության ցանկացած գործողություն, որոշում պետք է միտված լինի այս ռազմավարության մեջ ներառված գաղափարների իրականացմանը։ Քաղաքական շահարկումներից խուսափելու համար նա պարզաբանեց` Հայաստանի մինչև 2050-ը վերափոխման ռազմավարության ներկայացումը չի նշանակում, թե այս կառավարությունը մտադիր է գոյություն ունենալ մինչև 2050-ը, պաշտոնավարել ևս 30 տարի. «Որովհետև մենք ընկալում ենք Հայաստանի վերափոխման ռազմավարությունը ոչ միայն կառավարության, որևէ կառավարության գործողություն, այլ մենք ընկալում ենք, Հայաստանի վերափոխման ռազմավարության մշակումն ու իրագործումը պատկերացնում ենք որպես համազգային շարժում: Այս ռազմավարությունն այնպես չէ, որ ինքը մինչև 2050-ը պետք է ճշգրիտ նույն կերպ մնա, այստեղ պետք է տեղի ունենա այս ամեն ինչի շուրջ քննարկում, որը կարող է ժողովրդի որոշմամբ, այդ թվում` ընտրությունների արդյունքների արտահայտմամբ որոշակի վերափոխումներ ապրի»: Ներկայացնելով Հայաստանի վերափոխման ռազմավարությունը` վարչապետը նշեց, որ դրանք հիմնված են ազգային արժեքների և ազգային նպատակների վրա։ Իսկ ազգային արժեքները, որոնք առաջին անգամ ներառվել են Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության մեջ, հետևյալն են՝ հայոց պետականություն, կրթություն, անհատ և աշխատանք։


Խոսելով արդեն առաջիկա 30 տարիներին արձանագրվելիք ցուցանիշների, Հայաստանի բնակչությունը մինչև 2050-ը առնվազն 5 միլիոնի հասցնելու, ՀՆԱ-ն քսանապատկելու և աղքատությունը հաղթահարելու մասին` Փաշինյանն ընդգծեց, որ մինչև 2050-ը պետք է ունենանք ամենամարտունակ բանակը։ Իսկ դա նշանակում է, որ մեր մեկ զինվորը պետք է կարողանա դիմակայել պոտենցիալ հակառակորդի 7 կամ 10 զինվորի. «Բնականաբար, խոսքը մերկ ձեռքերով դիմակայելու մասին չէ, սա ենթադրում է, որ սպառազինության, տեխնիկայի և ընդհանրապես զինված ուժերի զարգացման մեր տրամաբանությունը պետք է լինի այնպես, որ մենք պետք է մեր մի զինվորի դիմակայությունն ուժեղացնենք: Կարող է պարզվել, որ այդ զինվորը ոչ թե մարտադաշտում է, այլ օպերատորի սենյակում նստած անում է ինչ-որ գործողություն»:


Հայաստանի վերափոխման ռազմավարությունը նախատեսում է, որ մինչև 2050-ը պետք է ունենանք աշխարհի ամենաարդյունավետ10 հետախուզական ծառայություններից մեկը: Սա նույնպես շատ կարևոր կետ է, որ նշանակում է ունենալ այն անհրաժեշտ ինֆորմացիան, որը կարևոր է աշխարհի հետ հարաբերվելու համար. «Հասկանալ, թե ինչու և որտեղ է աշխարհը մեզ սխալ հասկանում, և որտեղ է, որ մենք պետք է ուղղենք մեր մասին պատկերացումներն աշխարհին»:


Հայաստանի վերափոխման ռազմավարության մեգանպատակների շարքում վարչապետը խոսեց իրավական Հայաստանի մասին` ընդգծելով, որ դա նշանակում է բացառել ընտրությունների կեղծումը և ընտրակաշառքի բաժանումը, նախկինում տեղի ունեցած դեպքերը պետք է արժանանան համարժեք արձագանքի։ Ընտրությունների կեղծումը ըստ Փաշինյանի` հնարավոր է բացառել, անհրաժեշտ է ուղղակի մի փոքր չարչարվել: «Բոլոր քաղաքացիները նույնականացման քարտով մտնում են տեղամաս, համակարգը ճանաչում է իրեն ավտոմատ, և բոլոր տեղամասերն առանց բացառության օնլայն միացված են իրար: Եթե մարդը մի տեղ քվեարկեց, հանրապետության բոլոր ընտրական տեղամասերը իրենք արդեն գիտեն, որ այդ մարդը քվեարկել է, և բացառվում է` երբ ինքը մտնի երկրորդ տեղամաս քվեարկելու, համակարգը կասի, որ դու էս ինչ ժամին քվեարկել ես էս ինչ տեղամասում»:
Վարչապետը խոսեց կրթության, սովորելու, ինքնակրթվելու կարևորության մասին` ընդգծելով, որ Հայաստանի վերափոխման ռազմավարությունը նախատեսում է նաև սովորելը դարձնել ազգային ապրելակերպ։ Հետևաբար մինչև 2050-ը հայաստանյան 3 բուհ պետք է աշխարհի լավագույն 200 բուհերի ցանկում ընդգրկված լինի։


Նախատեսվում է Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր, մինչև 2050-ը 10 000 աշխատող ստարտապ ունենալ։ Սպորտի ոլորտում նույնպես պետք է ձեռքբերումներ լինեն, մինչև 2050-ը պետք է նվաճել 25 օլիմպիական մեդալ, ֆուտբոլի ազգային հավաքականը դարձնել Աշխարհի առաջնության կամ Եվրոպայի մեդալակիր։ Հայաստանի վերափոխման ռազմավարության մեջ անդրադարձ է կատարվում բնապահպանական խնդիրներին, ծրագրվում է կրկնապատկել Հայաստանի անտառածածկ տարածքները, ունենալ մաքուր ու կանաչ Հայաստան։ Դա չի նշանակում, որ Հայաստանում հանքարդյունաբերություն չի լինելու։ Ամփոփելով ելույթը` Նիկոլ Փաշինյանն ասաց, թե Հայաստանի վերափոխման ռազմավարությունը չպետք է ընկալվի որպես իր կառավարության անելիքը կամ գաղափարը, սա պետք է վերածել համազգային շարժման։ Հետևաբար այս թեմայով ամեն շաբաթ կամ ամիս կկազմակերպվեն քնարկումներ, ներկայացված տեսլականները քննարկելի են, կարծրացած չեն։ Այդ նպատակով առաջիկայում կստեղծվի «Հայաստան 2050» կայք, որը կդառնա աշխատանքային հարթակ առաջարկությունների և քննադատությունների համար։

Դիտվել է՝ 926

Մեկնաբանություններ