Քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆԸ վստահ է՝ նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության մասին դեռ շատ վերլուծություններ կլինեն, քանի որ շատ բան դեռ հստակեցված չէ: Ավելին՝ Հայաստանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը կարող են քայլեր ձեռնարկել, որոնք գուցե չեն բխում հայտարարության տեքստից, բայց իմպլիցիտ (ներառական) ձևով արտացոլված են հայտարարության տողատակերում: Այնպես որ, հավելում է քաղաքագետը, հնարավոր քայլերի ու գործողությունների մասին դատողություն անելը դեռ վաղ է, առաջիկայում կպարզվի՝ ով ինչպես է օգտվելու այդ փաստաթղթից: Մանասյանի համոզմամբ՝ նմանատիպ հայտարարության յուրաքանչյուր կետի իրագործման համար պետք է հավելյալ փաստաթուղթ լիներ, բայց նմանատիպ փաստաթուղթ կա՛մ չկա, կա՛մ մենք դրա մասին տեղյակ չենք: Եթե նոյեմբերի 10-ի հայտարարությունը մի քանի ժամում է կազմվել՝ եռակողմ հեռախոսազանգերի միջոցով, ապա ըստ տրամաբանության, նման փաստաթղթեր չկան, չեն կազմվել:
Ըստ մեր զրուցակցի՝ հայտարարությունից մի քանի հանգամանքներ են բխում: Առաջինը դրանում առկա անորոշություններն են: Օրինակ, հստակեցված չէ՝ ովքեր են ներքին տեղահանվածներն ու փախստականները: Ճշգրտումները գուցե արդեն ընթացքի մեջ են, բայց չպետք է սպասել, որ հայտարարությունն ադրբեջանցիներն իրենց հարմար ձևով մեկնաբանեն, հետո նոր մենք խոսենք: «Երկրորդ հանգամանքն այն է, որ Նիկոլ Փաշինյանը ո՛չ Հայաստանի, ո՛չ Արցախի անունից ուղղակի իրավունք չուներ ստորագրելու այդ հայտարարության ներքո: Հայաստանի մասով իրավունք չուներ, որովհետև պետք է Ազգային ժողովի համաձայնությունը ստանար, իսկ Արցախի մասով առհասարակ որևէ տեսակի փաստաթղթի տակ ստորագրելու իրավասություն չունի: ՈՒզում եմ հիշեցնել, որ նոյեմբերի 10-ի հայտարարությունը ստորագրվել է դեռևս 1994-ին հայտարարված հրադադարի ռեժիմի խախտումից հետո: 94-ի պայմանագրի տակ եղել է նաև Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչի ստորագրությունը: Հիմա, եթե հրադադարը խախտվել է, ու դրա մասին նոր փաստաթուղթ կա, ապա Արցախի ներկայացուցիչը նույնպես պետք է այդ հայտարարության կողմերից մեկը լիներ: Մյուս հանգամանքն այն է, որ հայտարարության մեջ որևէ ձևով չի հիշատակվում Թուրքիայի մասին, այն դեպքում, երբ Թուրքիան պնդում է, որ հրադադարի պահպանման ռեժիմի համար պատասխանատու կառույցի կամ կազմակերպության մեջ ինքը նույնպես պետք է ներկայացված լինի, չնայած վստահ եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն Արցախյան կոնֆլիկտն իր ձեռքից մեկ ուրիշին չի տա: Եթե այդպիսի բան լինի, կստացվի, որ, Թուրքիան է փոխարինում իրեն: ԱՄՆ-ը, օրինակ, որ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկն է, դեմ չէր լինի, որ Թուրքիան ինչ-որ ձևով ներկայություն ունենար Ադրբեջանում: Այդ սցենարին, իհարկե, դեմ կլինի Ռուսաստանը:
Բացի այդ՝ Միացյալ Նահանգների շահերից չի բխում հայտարարել կամ ակնարկել, որ ԼՂՀ կոնֆլիկտի կարգավորումը կարող է հանկարծ դուրս գալ Մինսկի խմբի համանախագահող երկրների շրջանակներից: Թուրքիան, ընդգծեմ, այս հարցում որևէ մանդատ չունի: Մենք պետք է աշխատենք բոլորի կողմից ընկալելի ու ընդունելի բանաձևերը շրջանառության մեջ դնել: Այնպես անել, որ դրանք տեղ գտնեն երրորդ երկրների հայտարարություններում: Ամփոփելով՝ կարող ենք ասել, որ նոյեմբերի 10-ի հայտարարությունը միայն հրադադարի մասին է: Արցախի կարգավիճակի հարցն այստեղ տեղ չի գտել, չնայած Ռուասաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահեցնում է, որ այն շարունակում է ԵԱՀԿ ՄԽ օրակարգում մնալ: Մի կարևոր հանգամանք էլ կա. Ռուսաստանը պարտավոր է հերքել այն տեսակետը, թե հրադադարը ռուս-թուրքական գործարք էր: Ավելին՝ ինչքան հապաղի այդ մտավախությունները ցրող հերքումը, միջազգային հանրությունն իրավունք է ստանալու ասելու, թե տեղի ունեցածն իսկապես գործարք էր»:
Մանասյանը հայտարարության միակ հայանպաստ կետը համարում է այն, որ Ադրբեջանի կողմից հայության նկատմամբ իրականացվող բռնությունը դադարեցվել է, ինչը Ռուսաստանը կարող է ներկայացնել որպես միջազգային իրավունքի ոգուն ու տառին համահունչ դրական քայլ: Եթե այդպես չներկայացվի, ապա մեկնաբանությունների բաց դաշտ է մնում, ու միջազգային տարբեր կառույցներ, գերտերություններ կարող են հիմնավորել այն թեզը, թե նոյեմբերի 10-ի հայտարարությունը գործարք էր. «Իմքայլականներն այսօր բախտորոշ, ճակատագրական այլընտրանքի առջև են կանգնած՝ մնալ իրենց դիրքերում, պահպանել մանդատներն ու շարունակել կործանե՞լ Հայաստանը, թե՞ քաջություն ունենալ ու մասնակցել իմպիչմենտի գործընթացին: Ես, իհարկե, կոչ եմ անում ունենալ այդ քաջությունը: Ինչ վերաբերում է համախմբվելու մասին իշխանության ու Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, ապա հարց է առաջանում՝ իսկ ու՞մ շուրջը համախմբվել: Գրեթե ամբողջ հասարակությունը, բացի մի փոքր հատվածից, դեմ է գործող վարչապետին: Համախմբվելու առանցք չունենք, իմքայլականները պետք է դա հասկանան: Իհարկե, քանի որ այդ հայտարարության ներքո Փաշինյանի ստորագրությունն է, ռուսական կողմին ձեռք չի տալիս, որ մեզ մոտ նոր ցնցումներ լինեն, սակայն անցնցում իշխանափոխությունը Ռուսաստանը վստահաբար կողջունի»:
Քաղաքագետի համոզմամբ՝ Փաշինյանն ի վիճակի չէ պետություն կառավարելու, ամեն նոր հայտարարությունից հետո հաջորդ օրը հերքում է այն, թե ուրիշ իմաստով է ասել: Ցավով է արձանագրում՝ քաղաքական խոսույթը Փաշինյանն իջեցրել է փողոցային հայհոյանքների մակարդակի, ինչը քաղաքական մշակույթի կորուստ է նշանակում: Իսկ դրա համար վաղ թե ուշ պետք է անպայման պատասխան տա. «Ֆեյսբուքային ոհմակաշների մի ամբոխ է պահում, որն զբաղված է հասարակությունը պառակտելով: Կազմակերպված ձևով ինֆորմացիոն ահաբեկչություն է իրականացնում, ինչի վերջը պետք է տրվի անհապաղ, որովհետև այդ պառակտումը մեր պետականության դեմ է: Պառակտում է, հետո համախմբելու կոչ անում: ՈՒ՞մ շուրջը համախմբվի ժողովուրդը, պառակտողի՞: Իշխանության բերածներն էլ նրան պետք է հեռացնեն պաշտոնից: Ես, օրինակ, իշխանության չեմ բերել, ավելին՝ մայիսի 1-ին ելույթ եմ ունեցել ու ասել՝ քո առջև կանգնած արգելքը ոչ թե «Հանրապետական» խմբակցության պատգամավորներն են, այլ կայացած մի դասակարգ՝ գործարարները, որոնց հետո դու պետք է լեզու գտնես, բերես հարկային սպիտակ դաշտ, ոչ թե հետապնդես: Հիմա, օրինակ, շատ են ասում, թե Փաշինյանն ինքն է շատ տարածքներ զիջել, ու նախապես որոշած է եղել այդ տարածքները տալու հարցը: Բացահայտումները, իհարկե, հետո են լինելու, բայց, անգամ դրանց չհաստատման դեպքում, հասարակությունը, վստահաբար, չի կարող, կրկնում եմ, չի՛ կարող համախմբվել նրա շուրջ: Այլ թեզ էլ են հիմա իշխանությունները շրջանառում, այն է՝ ոչ մի նախկին: Ես ընտրություն եմ կատարելու ոչ թե նախկինների ու նորերի, այլ ծրագրերի միջև: Անկախ այն բանից՝ նախկին է, թե ոչ, ես պետք է քաղաքական գործչի կամ կուսակցության գաղափարն ընտրեմ, ոչ թե նոր կոստյումը»:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ