Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Մի պադեզդ ժողովուրդ ենք, ո՞րն է դրա հանրապետականն ու դաշնակցականը»

«Մի պադեզդ ժողովուրդ ենք, ո՞րն է դրա հանրապետականն ու դաշնակցականը»
15.08.2008 | 00:00

…և ոչ միայն մշակույթի մասին
«ՄԵԶ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ, ՈՐՊԵՍԶԻ ԴԱԴԱՐԻ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԵԹԵՐԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԱՂԲԸ»
ՌՈՒԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ, երգիչ, երգահան, քաղաքային երգի անթագակիր արքա։ Անհանգիստ խառնվածքի, դիպուկ խոսքի և հաստատուն համոզմունքների տեր մարդ, ում կարծիքն ու մեկնաբանությունը երբեք անտարբեր չեն թողնում ընթերցողին։

«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՎԵՐԱԳՐՈՒՄ ԵՆ ՄԵՂՔԵՐ, ՈՐ ԻՐԵՆԸ ՉԵՆ»
-Քաղաքական և հասարակական ակտիվության աճը, կարծես, մարելու միտումներ չի արձանագրում։ Ինչո՞ւ։
-Հավանաբար այն պատճառով, որ քաղաքական գնահատական չտրվեց առաջին և երկրորդ նախագահների գլխավորած վարչախմբերի գործունեությանը, խոր, լիարժեք, ամբողջական գնահատական։ Իրենց հերթին, լրատվամիջոցները չեն ապահովել և չեն ապահովում անկողմնակալ տեղեկատվություն, հատկապես՝ հեռուստաեթերը։ Շարքային քաղաքացուց կարծես ծածուկ են պահում՝ ինչ լավ ու վատ բաներ են արվել իշխանությունների կողմից։ Անհրաժեշտ են անկախ սոցիոլոգիական-վերլուծական խմբեր, որոնք չեն լինի Լևոնի կամ Սերժի կցորդը։ Անհրաժեշտ է առանձին հաղորդաշարերով անկողմնակալ ու հավաստի տեղեկություններ հասցնել մարդկանց։ Սա մի փոքր կոպիտ է հնչում, բայց հասարակությունը բաժանվել է երկու մասի՝ Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի կողմնակիցների։ Եթե առաջին խմբում պաշտոնաթողներն են, ովքեր այսօր չեն էլ թաքցնում իրենց ռևանշիստական նկրտումները, նրանց այլ կերպ բնութագրում են «վիրավորվածներ», երկրորդ խումբը նույնքան մոլեռանդ պաշտպանում է Սերժ Սարգսյանին, քանզի կորցնելու բան ունի և շատ բան։ Խոսքը, երկու դեպքում էլ, իհարկե, վերաբերում է իշխանական վերնակույտին։ Այսօր ես կցանկանայի անկախ վերլուծաբաններից հրապարակավ տեղեկանալ և թանկացումների իրական պատճառների, և արտաքին քաղաքականության ձեռքբերումների, և թերացումների մասին։ Այս ամենի փոխարեն կամ վիրավորում են Սերժ Սարգսյանին, ով բավականին նրբանկատ մարդ է և բնավ քինախնդիր չէ, կամ էլ վիրավորում են Լևոն Տեր-Պետրոսյանին, ում մեղքերը գուցեև շատ են, բայց նրան վերագրում են նաև մեղքեր, որ իրենը չեն։
-Դուք ինչ-որ չափով հարում եք ՀՅԴ-ին, սակայն նրանց էլ ոչ պակաս մեղքեր են վերագրում։
-Ես համակրում եմ դաշնակցությանը, քանզի նրա շարքային անդամները ճշմարիտ հավատավորներ են, բայց, հավատացեք, կախում չունեմ ՀՅԴ-ից։ Ես ազատ եմ իմ խոսքում ու գործում։ Իսկ չէ՞ որ ամենահարուստ մարդը հենց ազատ մարդն է։
-Ասում են՝ արվեստագետի անկախությունը, նախ և առաջ, նրա անկախությունն է իշխանություններից։
-Առհասարակ, արվեստի մարդը չպետք է թույլ տա, որ, կոպիտ ասած, իշխանություններն իրեն լավություն անեն։ Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք կազմակերպվեց իմ բուժումը Ֆրանսիայում, որպես Ֆրանսիայի քաղաքացի, մի հանրահայտ ՀՀՇ-ական էլ վերջերս երեսովս տվեց դա։ Չորս անգամ բացատրել եմ եղելությունը, բացատրում եմ հինգերորդ ու վերջին անգամ. իմ բուժումն անվճար է եղել` Քրիստիան Տեր-Ստեփանյանի միջամտությամբ։ Այդ տարիներին Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունները պայմանագիր ունեին ճանաչված հայ արվեստագետների անվճար վիրահատության մասին։ Իր հերթին, ի՜նչ լավություն արեց ինձ Ռոբերտ Քոչարյանը՝ երկու սենյականոց բնակարանի փոխարեն չորս սենյականոց բնակարան հատկացնելով (ընտանիքս մեծ է, և աշխատանքային պայմաններն անբավարար էին)։
-Լավությունը` լավություն, բայց, ըստ իս, նաև առկա է մարդկային վերաբերմունքը։
-Դեմ չեմ, բայց ոչ այն նախապայմանով, որ աչք պիտի փակեմ նրանց ղեկավարած վարչախմբերի ու հենց իրենց թերացումների վրա։
«ՄԵՐ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԻՆՔՆԻՆ ՄԱՖԻՈԶԱՏԻՊ Է»
-Արդեն քսան տարի` բոլոր թերացումները, վրիպումներն ու հանցանքները կապվում են չարաբաստիկ «անցումային փուլի» հետ։ Այդ փուլը հավե՞րժ է։
-Անցումային շրջանում ոչ առաջին, ոչ երկրորդ, ոչ էլ երրորդ նախագահները չէին կարող և չեն կարող բացարձակապես մաքուր աշխատել։ Մեր իշխանական համակարգն ինքնին մաֆիոզատիպ է։ Դա մտածողություն է, որը միանգամից անհնար է արմատախիլ անել։ Դա կոմունիստական վարչակարգի սերնդի մտածողությունն է։ Սա զգալի է նաև մամուլում և հեռուստաեթերում, ուր վախի ախտանիշն է գործում, սովետական վախի։ Հանկարծ վատ չխոսեն այսինչ կառավարչի կամ այնինչ օլիգարխի մասին։ Իր հերթին «բեսպրեդելն» է իշխում, այսպես կոչված, դեղին մամուլում։
-Վերջերս Ձեզ հետ կապված ինչ-որ պատմություն շրջանառվեց մամուլում։ Դա՞ նկատի ունեք։
-Օգոստոսի 1-ի հանրահավաքին պետք է հանդիպեի Տիգրան Խզմալյանին։ Ժամադրվել էինք հարթակում։ Ես և Արթուր ՈՒմրոյանը։
-Տարօրինակ չէ՞ հանդիպավայր ընտրել Մատենադարանի հարթակը և հենց հանրահավաքի ժամին։
-Բոլորովին։ Ես, ի վերջո, ակտիվ մարդ եմ, և ինձ հետաքրքիր էր՝ ինչ են խոսելու հանրահավաքում։ Բայց ինչ-որ մի տղա մոտեցավ և ասաց, որ իրավունք չունի թույլ տալու հարթակին մոտենալ, թեև մենք միկրոֆոն վերցնելու նպատակ չունեինք, ընդամենը ցանկանում էինք պարզել՝ բանն ինչ է։
-Խզմալյանին հանդիպեցի՞ք։
-Ո՛չ, նրան առաջարկություն էր արվել Արարատ լեռը բարձրանալու, և նա մեկնել էր։ Մի խոսքով, ներքև իջանք, դարձյալ մոտեցան և առաջարկեցին հարթակ բարձրանալ։ Նույն մարդն էր, կարծես թե, Տեր-Պետրոսյանի անվտանգության ծառայության ներկայացուցիչը։ Եվ ի՞նչ, մամուլում գրում են, թե Ռուբեն Հախվերդյանն այնքան հարբած էր, որ ոտքի վրա չէր կարողանում կանգնել։ Ինձ տասնյակ մարդիկ են տեսել և կարող են վկայել, որ միանգամայն սթափ վիճակում էի։ Հաջորդ օրն այցելեցի նարկոդիսպանսեր, արյունս ստուգեցին և հաստատեցին, որ մեկ ամիս առհասարակ ալկոհոլ չեմ օգտագործել։ Եվ եթե իմ անձը վարկաբեկելու համար հրապարակավ ներողություն չխնդրեն, դատի եմ տալու։ Ինչևէ, հանրահավաքից հեռացանք, քանզի սկսել էին վանկարկել՝ «Լևո՛ն, նախագահ»։ Իսկ դա ինձ համար անհեթեթություն է։
-Ձեզ համար՝ գուցե, սակայն` ոչ հազարավոր վանկարկողների։ Նրանք, ըստ Ձեզ, վանկարկում են լիցքաթափվելո՞ւ համար...
-Մարդիկ, առհասարակ, առաջնորդ են փնտրում, ինչպես այծերի հոտն է առջևից գնացողների փնտրում։ Այնինչ, առաջնորդին քո մեջ պիտի փնտրես։ Ի՞նչ ասեմ` ճորտի, ստրուկի հոգեբանություն է։
-Մարդիկ առաջնորդ են փնտրում նաև անելանելի վիճակից ելք գտնելու համար։ Համաձայն չե՞ք։
-Դա էլ է անցումային շրջանի վերապրուկ, շրջան, որն իր հետ բերեց ամբարտավան ու մեծամիտ կառավարիչների և քսակատերերի։ Նույնպիսին են, ցավոք, նրանց զավակները, այդ զարմանալի ջիպազգիները։
«ՀԱՄԱԿԱՐԳԸ, ՈՐ ՉԻ ԿԱՄԵՆՈՒՄ ԶԻՋԵԼ ԴԻՐՔԵՐԸ, ՀՀՇ-Ի ՕՐՈՔ Է ՁԵՎԱՎՈՐՎԵԼ»
-Այսօր ասպարեզում բարեփոխումներն են և համազգային կոնգրեսի ծնունդը։ Ինչպե՞ս եք վերաբերվում դրանց։
-Կոնգրեսը դրական երևույթ է, առհասարակ։ Եվ եթե մարտի 1-ին սպանություններ չլինեին, կասեի, որ այն դրական իր դերը կատարեց, քանզի ապտակ էր ներկա կառավարությանը։ Ցավն այն է, որ ապտակ հասցնողներն իրենց կառավարման տարիներին շատ ավելի վատթար էին։ Այս ամենի արդյունքում օրենսդիր մարմնում շատ են խուժանները։ Ես և Դուք, շատերը նաև՝ չեն ցանկանում նման խորհրդարան ունենալ։ Այն կիրթ ու բանիմաց մարդկանց տեղն է։
-Կարծիք կա, որը բորբոքում են առանձին քաղաքական վերլուծաբաններ, թե Ռոբերտ Քոչարյանն իշխանությունը հանձնել է միայն դե յուրե և բարեփոխումների դեմ հենց նա է պատերազմ հայտարարել։
-Համակարգը, որը չի կամենում զիջել դիրքերը, դեռ ՀՀՇ-ի ժամանակներում է ձևավորվել։ Այն վատ ժառանգություն էր, ինչը փոխանցվեց Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։ Սերժ Սարգսյանին ծանոթ եմ անձամբ։ Նա չի տառապում իշխանական փառասիրությամբ, բավականին նրբանկատ է մարդկային փոխհարաբերություններում, բայց կպատի՞ ուժն այս ավգյան ախոռները մաքրելու։ Նրա շրջապատն է կարևորվում այսօր, և վարչապետի ընտրությունը, կարծում եմ, ճիշտ էր։ Գոհ եմ նաև արտգործնախարարի ընտրությունից։ Անձամբ չեմ ճանաչում նրան, սակայն, ակներևաբար, կիրթ ու խելացի մարդ է և խոսում է հասկանալի հայերենով։
«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԻՐ ՀԻՏԼԵՐՅՈՒԳԵՆԴՆԵՐԸ»
-Իսկ մեր քաղաքական այրերն ու կուսակցական լիդերները, ըստ Ձեզ, հասկանալի՞ հայերենով են շփվում հանրության հետ։
-Յուրաքանչյուր կուսակցություն ունի իր հիտլերյուգենդները։ Նրանք առաջին շարքերում են, չափազանց ակտիվ, խոսում են շարունակ... ոչինչ չասելով։ Ֆրանսիացիք այս դեպքում ասում են, որ խոսում են պաշտոնական փայտե լեզվով։ Նոր սերունդը պիտի շտկվի, խոսի հասկանալի հայերենով։ Իսկ «բազեներն ու արծիվները», կարծում եմ, ժամանակավրեպ երևույթներ են, թեև առայժմ «ճախրում են»։
-«Բազեների», «արծիվների» և քաղաքական հացկատակների միջավայրում նախագահն ի՞նչ պետք է անի ու ինչպե՞ս։
-Կարծում եմ՝ երկրի նախագահը պետք է Սուրբ գիրքն իր համար «այբբենարան» դարձնի, հետո՝ «Ռանչպարների կանչն» ու Սահմանադրությունը։ «Ռանչպարների կանչը» համարում եմ հայ պատմության և գրականության ամենափայլուն վավերագիրը։ Վեպում կարևոր մի բան է ասվում. այս մի բուռ հայոց հողը մեզ շատ մեծ դժվարությամբ է տրվել, և այն իրավունք չունենք հենց էնպես հանձնելու, ինչպես ջրի գնով հանձնեցինք գործարաններն ու տնտեսությունները դեռ ՀՀՇ-ի օրոք, ինչը շարունակվեց և շարունակվում է։
-Ըստ Ձեզ` քաղաքական վերնախավի ո՞ր տոկոսն է կարդացել «Ռանչպարների կանչը»։
-Վստահաբար` 90 տոկոսը չի ընթերցել։ Իսկ կարդացողները թող վերընթերցեն և ըմբռնեն, որ մեզ հարկավոր է իսկապես ազգանվեր կառավարություն, որը, Ստանիսլավսկու խոսքերով, սիրի ժողովրդին իր մեջ, ոչ թե իրեն՝ ժողովրդի մեջ։
-Կառավարությունն անցել է բարեփոխումների, որևէ բան Ձեր մաշկի վրա զգացե՞լ եք մինչ օրս։
-Խոսեմ ինձ քաջ ծանոթ մշակույթի ոլորտից։ Օրերս անսպասելի հյուր ունեցա, ճանաչված ու սիրված երգիչ Հարություն Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը, ով որևէ կոչում չունի, բայց ժողովրդական է բառիս լայն իմաստով։ Ինչևէ, մշակույթի նախարարությունն ինձ համար ոչ դրական, ոչ էլ բացասական իմաստով գոյություն չունի։ Մեզ անհրաժեշտ է մշակութային դիկտատուրա, որպեսզի դադարի հեռուստառադիոեթերից մատուցվող աղբը։ Որպեսզի վերանա այն այլանդակ հայերենը, որ հնչում է անթիվ աստղիկների ու աստղյակների շուրթերից։ Գրական հայերենը դուրս է մղվել հեռուստաեթերից՝ իր տեղը զիջելով «գալիսա», «գնումա» և այլ անտաշությունների։ Իսկ հեռուստահումոր կոչվածի մասին ավելի լավ է` չխոսենք։ Էլ ի՞նչ բարեփոխման մասին է խոսքը։
-Վերադառնանք խորագրի բուն թեմային՝ քաղաքականությանը։ Այնքան էլ շատ ջրեր չեն հոսել նախագահական ընտրություններից, երբ Դուք սատարում էիք Վահան Հովհաննիսյանին։ Ի՞նչն է տպավորվել այդ թոհ ու բոհից։
-Լավ չհասկացա` ինչ կատարվեց, բայց որ շատ բան արվում էր ուժային մեթոդներով, գաղտնիք չէ։ Օձունում գյուղապետի կարգադրությամբ ժողովուրդն առհասարակ տնից դուրս չեկավ, իսկ գյուղապետը հանրապետական էր։ Լևոն Մալխասյանի խոսքով ասած՝ «մի պադեզդ ժողովուրդ ենք, ո՞րն է դրա հանրապետականն ու դաշնակցականը»։ Երիցս տանջված մեր ժողովուրդն է երկու քարի արանքում հայտնվել։ Մյասնիկ Մալխասյանն ինձ մոտ մարդ է և ահա հայտնվել է ճաղերի հետևում։
-Մյասնիկ Մալխասյանը, Սասուն Միքայելյանը, Հակոբ Հակոբյանը, մարտական ուղի անցած մյուս գործիչները քաղբանտարկյալնե՞ր են։
-Ավելի ճշգրիտ՝ զոհեր։ Նրանք զոհն են իշխանության համար մղվող պայքարի և զոհն են երկու վարչախմբերի։ Նրանց պատժեց Ռոբերտը։
«ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՓԵՂԿԵԼԸ ՁԵՌՆՏՈՒ Է ՆԱԽԿԻՆ ԵՐԿՈՒ ՎԱՐՉԱԽՄԲԵՐԻՆ»
-Մեկ այլ տարածված կարծիքի համաձայն՝ Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժումը նպաստում է հիմնարար բարեփոխումների ընթացքին։
-Կարծում եմ՝ այո։ Չնայած կտրականապես դեմ եմ, որ նա իշխանության գա, քանզի իր գալով կվերականգնվի նախկինը։ Սարգսյանը բավականին լուրջ է տրամադրված, և ես բարձր եմ գնահատում նրա աշխատասիրությունը։ Ռուսները նման մարդկանց կոչում են ՑՐցՊՏչՏսՌՍ։ Ինչևէ, հասարակությունը երկփեղկելը ձեռնտու է նախկին երկու վարչախմբերին, սակայն ամենևին ո՛չ Սերժ Սարգսյանին։
-Մեր ավանդական հարցը՝ ինչո՞վ եք զբաղված։
-Ամսի 25-ին նոր երգիս պրեմիերան է։ Մի հետաքրքիր բան ևս. վերջերս զարմանքով «հայտնաբերեցի», որ բավականին հանրաճանաչ եմ։ Եվ ձանձրացուցիչ է, և շոյող։
Հարցազրույցը՝ Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 3220

Մեկնաբանություններ