ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

8. ՄԻ՛ ԳՈՂԱՑԻՐ

8. ՄԻ՛ ԳՈՂԱՑԻՐ
11.05.2010 | 00:00

Այս պատվիրանն աշխարհի բոլոր պետությունների և ազգերի օրենսդրության մեջ կա և գործում է ամենայն խստությամբ, որովհետև այն հիմքն է բոլոր տեսակի մարդկային համակեցության, այսինքն` սեփականության, լինի թե՛ անձնական, թե՛ հանրային:
Ամենազազրելի ոճրագործությունները մեծ մասամբ կատարվում են գողության հիմքի վրա: Նույնիսկ եղել են դեպքեր, երբ որդին մահամերձ պառկած մոր զարդերն է գողացել, համարելով, որ, միևնույն է, դրանք այլևս պետք չեն գալու նրան: Կամ, ի ցավ բոլորիս, լսեցինք, թե ինչպես էին հոգին կորցրած մարդիկ երկրաշարժի ժամանակ դիակներ թալանում, երբեմն էլ անդամահատելով նրանց: Ի՞նչ ծանր ապաշխարություն ու մեծ զղջում պիտի ապրեն նմանները, մինչև իրենց մեղքերին քավություն գտնեն Աստծո կողմից: Գող էր նաև Հուդան, որի մոտ էր գտնվում գանձանակը, ու նա այդպես էլ մինչև վերջ չհրաժարվելով իր քստմնելի արարքից, ի վերջո, պարտվեց այդ մեղքից ու վերջում էլ երեսուն արծաթով ծախեց՝ մատնելով նրան իրեն փնտրողների ձեռքը: Գողությունը մինչ այսօր աշխարհի համար այդպես էլ չլուծված գերխնդիր մնաց:
Երբ Արարիչը Մովսես մարգարեի միջոցով տվեց «Մի՛ գողացիր» պատվիրանը, դրա հետ տվեց հետևյալ օրենքները. «Եթե գողին մահացու հարված հասցնես տան պատին անցք բացելիս, թող դա սպանություն չդիտվի» (Ելք ԻԲ. 2): Այսինքն` գողությունը Տիրոջ աչքում այնքան չար արարք է, որ այդ պահին գողին սպանողը Աստծո առջև անպարտ էր մնում:
Իսկ Սողոմոն Իմաստունը զգուշացնում է. «Ով բաժնեկից է դառնում գողերին, նա ատում է իր հոգին» (Առակներ ԻԹ. 24):
Մեր քրիստոնյա նախնիները Աստծո այս պատվիրանը երկյուղով ու սրբությամբ են գործադրել և աշխարհին հայտնի առևտրականներ են տվել: Նրանք սիրել են կրկնել իրենց որդիներին. «Ինչպես կաշխատես, այնպես էլ կծախսես», որը նշանակում է՝ ազնվությամբ, առանց գողանալու ձեռք բերեցիր ունեցվածքդ, ազնվությամբ էլ կծախսես և չես մսխի մեղավոր ցանկություններդ բավարարելու համար: Իրենք լավ են իմացել, թե գողացած ապրանքն ինչ դժբախտություն ու անեծք կբերի իր ընտանիքին, միշտ զգուշություն են արել այս բանի համար:
Մի մարդ պատմում է, թե ինչպես էր իր հայրը «հարամ» բանից վախենում, և մի անգամ նա Աստծով օրհնված իր լիառատ տան նկուղում մեղրի կարասն էր ուզում տեղափոխել, հանկարծ, ի զարմանս նրա, բռնակները մնացին ձեռքում, իսկ կարասն ընկավ և կոտրվեց հողե հատակին: Նա լուռ նայել է թափվող մեղրին, հետո ընտանիքի անդամներին և խստորեն ասել. «Տանս մեջ հարամ բան է մտել»: Այն ժամանակ մեծ որդին գլխիկոր ու վախեցած խոստովանել է, որ իսկապես գողացված իր է բերել տուն ու թաքցրել: Հայրը, խրատելով նրան, հորդորել է տանել և տեղը դնել, քանզի դրանով ապականություն է մուտք գործել իրենց ընտանիք: Եվ ավելացրել է. «Հարամը հալալն էլ է տանում»:
Թող յուրաքանչյուր անձ քննի, թե ինչ ճանապարհով է ձեռք բերել ունեցվածքը, արդյոք անեծքի ու դժբախտության ճանապարհ չի՞ բացել իր ընտանիքի համար: Քանզի մենք լավ գիտենք դրա հետևանքները, որովհետև մի համակարգում ապրեցինք, որն ասում էր. «Մի՛ գողացիր», բայց ինքն էր առաջին ու ամենամեծ գողը, սկսելով նրանից, որ նախ` Տիրոջ եկեղեցին ու նրա ունեցվածքը գողացավ ու թալանեց, սեփականացնելով անգամ աղոթքի տներն ու վանքերը, հետո անցավ մարդկանց ստացվածքին, համարելով այն հանրային սեփականություն: Եվ վերածվեցինք շատերս գողերի ու կաշառակերների, ու այն աստիճանի, որ ժողովուրդն իրեն արդարացնող խոսք էր հնարել. «Պետությունից գողանալը մեղք չէ»: Եվ նման դաստիարակության հետևանքն այժմ էլ արտահայտվում է. «լևի լույսեր» տներ բերելով, մոռանում ենք, որ դրանով այժմ արդեն ինքներս մեզ ենք կողոպտում: Ժամանակն է մաքրվելու այդ ախտից. սովորենք ազնվությամբ ու ճշմարտությամբ աշխատել, ինչպես և Տերը հրամայեց Ադամին. «Երեսիդ քրտինքով ուտես քո հացը» (Ծննդոց Գ. 19):
Իսկ այժմ գողության մեղքը նայենք մի ուրիշ տեսանկյունից, երբ դու անձամբ չես գողանում, բայց երբ գողացած իր են բերում, և դու, իմանալով հանդերձ, այն վերցնում կամ գնում ես նրանից: Արդյոք անպա՞րտ ես մնում այդ արարքով, թե՞ նույնպես մեղսակից ես դառնում գողին: Մեզ նորից Աստծո խոսքը կօգնի լուսաբանելու, բայց մինչ այդ մի փոքրիկ իրական պատմություն լսեք:
Աստծո ողորմությամբ մի նախկին գողաբարո և կաշառակեր երիտասարդ, լսելով Տիրոջ խոսքը, որ այդպիսի արարքներ գործողը պետք է Աստծո դատաստանի առջև պատասխան տա, իր մեղքը ճանաչելով զղջացել և ապաշխարելով դարձի է եկել` հրաժարվելով թե՛ նախկին «փողոտ» գործերից և թե՛ այդ մեղքի հետ կապված եկամտաբեր պաշտոնից: Հարազատներից և ծանոթներից շատերն այդ քայլը համարել են, մեղմ ասած, «խելագարություն»: Նրանցից մեկը, որ թոշակի անցնելուց առաջ մեծ պաշտոն էր ունեցել և արդար մարդու անուն էր հանել՝ իր ազնվության շնորհիվ, ձեռք չմեկնելով պետական ունեցվածքին, երբ իմացավ այդ մասին, նույնպես զարմացավ այդ անմիտ քայլի համար, և հանդիմանեց նրան՝ նման արարքը սխալ համարելով: Բայց երբ երիտասարդը զարմացած հարցրեց, թե՝ «Չէ՞ որ դու նույնպես ուզել ես նախկին քո պաշտոնում արդարությամբ և ազնվությամբ աշխատել և այդ պատճառով էլ նույնիսկ «միամիտ» մականունն ես վաստակել, ի վերջո, ինքդ էլ թողել ես այդ պաշտոնը»: Բայց պատասխանն անսպասելիորեն մերկացուցիչ էր, քանզի տարեց պաշտոնյա բարեկամը, խոստովանության կարգով, ասաց.
-Ես չէի գողանում և կաշառք չէի վերցնում, որովհետև վախենում էի, քանի որ Ստալինի ժամանակներն էին, և եթե բռնեին` տեղնուտեղը կգնդակահարեին: Ա՛յ, եթե հիմա լիներ, լավ էլ կգողանայի ու տունս կլցնեի, ինչպես մեր հարևան խանութի վարիչն է անում:
Փա՜ռք Աստծու, որ մարդկանց սրտի գաղտնիքներն ու բոլոր խորհուրդները գիտի և իր դատաստանն արդարությամբ պետք է լինի, և գրված էլ է. «Նրանք գիտեին Աստծո արդար դատաստանը, թե այդպիսի բաներ գործողները մահվան են արժանի. և ոչ միայն նրանք, որ անում են այդ բաները, այլ նաև նրանք, որ գործողներին հավանություն են տալիս» (Հռոմ. Ա. 32):
Երբեմն մարդն իրեն հանդիմանող խիղճն ուզում է հանգստացնել սեփական կեղծ համոզմունքներով, բայց չէ՞ որ ասացինք` Աստված մեր սրտերն է քննում և գիտի մեր բոլոր գաղտնի մտքերը նույնիսկ: Օրինակ, երբ մարդը թերակշռում է, մի՞թե դա նույնը չէ, որ այդ րոպեին նա դիմացինի գրպանն է մտնում, քանզի գրված է. «Խարդախ կշեռքը պիղծ է Տիրոջ առջև, բայց արդար կշեռքը հաճելի է նրան» (Առակներ ԺԱ. 1):
Իսկ գողացված հարստությունը երբեք օրհնություն չի բերի, այլ հակառակը. «Գանձերը չեն օգնի անօրեններին, մինչդեռ արդարությունը փրկում է մահից» (Առակներ Ժ. 2):
Իսկ Դավիթ թագավորը հիշեցնում է արդար քրտինքով աշխատողի օրհնությունը. «Մանուկ էի ես և ծերացա, բայց արդարին արհամարհված չտեսա, կամ նրա զավակին՝ հաց մուրալիս» (Սաղմոս ԼԶ. 25):
Եթե լավ քննենք, ապա կտեսնենք, որ գողության արարքի ակն ու աղբյուրը գալիս է մարդու ագահությունից, ինչպես և հաստատում է Տիրոջ խոսքը. «Ամեն չարիքի արմատը փողասիրությունն է» (Ա Տիմ. Զ. 10): Իսկ Երզնկացին ավելացնում է. «Գողություն է համարվում նաև այն, որ երբ մեկը մի բան գտնի և չվերադարձնի տիրոջը, երբ նա հայտնվի, ուստի նույն գողի պատիժը պիտի կրի»:
Կարդալով այս պատվիրանի մասին` նաև օգտակար է իմանալ Պողոս առաքյալի հետևյալ խոսքերը. «Ով գողանում էր, այլևս թող չգողանա, այլ մանավանդ թող աշխատի իր ձեռքերով բարիք արտադրել, որպեսզի կարո՛ղ լինի տալու նրան, ով կարիքի մեջ է» (Եփես. Դ. 28): «Քանզի ով որ գիտի բարին անել և չի անում, այդ մեղք է նրա համար» (Հակ. Դ. 17):
Այսպիսով, Հին ՈՒխտի պատվիրանը հրամայում է չգողանալ, իսկ Նոր ՈՒխտով Տերը մեզ հորդորում է ունեցվածքից բաժին հանել կարիքավորներին և աղքատներին, քանզի գրված է նաև. «Ավելի երանելի է տալը, քան թե վերցնելը» (Գործք Ի. 35): ՈՒրեմն, այսուհետև ոչ միայն չգողանանք, այլև տանք, որպեսզի Տիրոջ խոստացած երանությանը արժանի լինենք:
Այս պատվիրանի վերաբերյալ կարելի է ավելացնել հետևյալը. բոլոր մնացած պատվիրաններում մեղանչելիս մարդը զղջումով կարող է արդարանալ, իսկ այս մի պատվիրանը, բացի դրանից, գործնական քայլ է պահանջում, այսինքն, եթե գողացված իրը քեզ մոտ է, և ումից գողացել ես ու ճանաչում ես, առանց ափսոսելու և առանց ամաչելու տար ու խոստովանությամբ հետ վերադարձրու, ներում խնդրելով արարքիդ համար: ՈՒ գիտեմ, որ շատ դժվար բան է ասածս, բայց Տերը պիտի տեսնի և ինքն էլ քեզ ների ու օրհնի՝ ազատելով այդ գողության մեղքից ու անեծքից:
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4148

Մեկնաբանություններ

¸â‚¬/1349339141">Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո
Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո