Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Այդ վեպը, կարելի է ասել, իր կյանքի գործն էր»

«Այդ վեպը, կարելի է ասել, իր կյանքի գործն էր»
09.01.2014 | 13:18

Հունվարի 8-ին կյանքից անժամանակ հեռացավ անվանի գրող Լևոն Խեչոյանը:

Տպագրության էր պատրաստվում գրողի «Մհերի դռան գիրքը» վեպը:

«Մեծ բախտավորություն է նման գրողի ժամանակակիցը լինելը,- մեզ հետ զրույցում ասաց «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանը:- Վեպն ավարտել էր մայիսին, առաջինը, անկեղծ ասած, ես եմ կարդացել: «Մհերի դռան գիրքը» «Անտարեսում» պետք է հրատարակվեր: Վատ նախազգացում ունեինք, ես ինքս շատ էի ուզում, որ գիրքը գոնե շոշափի, որովհետև այդ վեպը, կարելի է ասել, իր կյանքի գործն էր»:

Դեկտեմբերի 31-ին Լևոն Խեչոյանը գրքի՝ հենց իր համար տպված օրինակն է տեսնում: Իսկ մահից ժամեր առաջ գրքի խմբագիր Հակոբ Մովսեսը և Արքմենիկ Նիկողոսյանը վերջին ուղղումներն են անցկացնում տեքստում: Հակոբ Մովսեսն առաջաբանն է գրում...

«Երբ խոսում էինք վեպի մասին, ասում էի` պարոն Խեչոյան, Ձեր վեպերում, պատմվածքներում կիսատության զգացողություն կա, ամեն ինչ մինչև վերջ չեք ասում, Ձեր հերոսները գնում են, անհետանում են, չեն գալիս: Ինչ-որ առեղծվածային բան կա միշտ, և առաջին գործն է, որ չորս հերոսի մասին պատմում եք, չորսի մահն էլ նկարագրում եք»,- ասաց Արքմենիկ Նիկողոսյանը` նկատելով, որ կարծես դա էլ է խորհրդանշական:

Ընթերցողը դեռ կկարդա «Մհերի դռան գիրքը», որի միայն ազդօրինակը հասցրեց տեսնել գրողը: Լևոն Խեչոյանը ցանկացել է, որ գրքի շապիկը կարմիր լինի: «Անտարեսի» տնօրեն Արմեն Մարտիրոսյանը հարցրել է. «Քո գրականությունն ի՞նչ գույն է»։ «Կարմիրն է իմ գրականությունը»,- ասել է նա:

Վեպի վրա գրողն աշխատել է 13 տարի:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2275

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ